Անիտա Հախվերդյան. Իմ տեսած ամենասիրուն տղամարդուն հանդիպել եմ Երևան-Գավառ ավտոբուսում

Անիտա Հախվերդյան. Իմ տեսած ամենասիրուն տղամարդուն հանդիպել եմ Երևան-Գավառ ավտոբուսում

newmag_ը գրի է առել հաղորդավար, երգահան Անիտա Հախվերդյանի մոնոլոգը միամիտ մարդկանց, նոր սերնդի, քաղաքավարության և գիրք չկարդալու վնասակարության մասին:

միամիտ մարդ

Միամի՞տ մարդ: Հեղինե Տեր-Մելիքսեթյանն է: Նրա մասին «10 միլիոն» երգում գրել էի «Ղարսեցի մեծ տատն իմ դժոխք էր տեսել» տողը: Հրաշքով եղեռնից մազապուրծ եղած իմ բարի փերի մեծ տատիկը պաշտում էր Լենինին՝ չհամակերպվելով, որ հենց Լենինի նվիրած ռուսական զենքով են թուրքերը Կարսը ավերել: Կոմպարտիայի անդամ էր, չնայած որ բոլշևիկների պատճառով էր Կարսի հանձնման մսաղացում հորը կորցրել: Մամին (այդպես էինք դիմում մեծ տատիկին) խոսում էր միմիայն ռուսերեն՝ տեղ-տեղ ֆրանսերեն բառեր խցկելով: Ֆրանսիական գիմնազիան նրան սովորեցրել էր լինել գրագետ, ազատամիտ և հեղափոխական: Մի խոսքով, միամիտ մարդ էր իմ մամին:

ինչո՞ւ ենք գիրք կարդում

Անցյալ օրը ինձ հարց տվեցին՝ կարելի՞ է կայանալ առանց գիրք կարդալու: Հեշտությամբ կարելի է: Առանց գիրք կարդալու էլ կարող ես փող աշխատել, երեխաներ ունենալ, տուն-տեղ դնել: Բայց առանց գիրք հոգիդ բանի պետք չէ: Կարդում ենք, որ դիմակայենք: Գրականության գերնպատակը մահի դեմ պայքարն է: Ժամանակի ջրերը հոսում, անցնում են՝ անհետացնելով մարդկային գործերն ու ազգերը, իսկ գրականությունը գետի հոսանքի դեմ է շարժվում: Գիրք կարդալու մեջ մեծ ազարտ կա. դու ճշտում ես քո ներաշխարհի բարոմետրը, փոխում ես սլաքներն ու թելադրում: Մեծ հաշվով ընդլայնում ես տեսանկյունդ, ինքդ քեզ սարքում ավելի պիտանի ու դիմացկուն:

ես նրան տեսել եմ մեկ անգամ

Իմ տեսած ամենասիրուն տղամարդուն հանդիպել եմ Երևան-Գավառ ավտոբուսում: Ես 20 տարեկան էի, գնում էի Մոխանոց (առագաստանավորդների ակումբ)՝ մրցումների: Նա գյուղի տղա էր, որը եկել էր Երևան՝ ձուկ վաճառելու: Խարտյաշ աժդահա էր՝ օգոստոսյան Սևանի կապուտակ աչքերով, Միքելանջելոյի քանդակների դիմագծերով: Մնացածը դուրեկան չէր՝ Քյավառի բարբառը, պայուսակից հասնող ձկան հոտը ու տոնական սպիտակ կոշիկները: Բնությունը ստեղծել էր մարդու կատարյալ մոդել: Մի բառ անգամ չենք փոխանակել. աստվածների հետ սովորաբար չեն խոսում:


[ monologue ]


նոր սերունդը

Բախտավոր ես, եթե գործ ունես երիտասարդների հետ: Շաբաթը 3 օր դասավանդանում եմ 13-18 տարեկաններին, ու այդ օրերը մնացածից ավելի լավն են: Միլիոն մեգաբայթ հիշողությամբ ֆայլերի տեր են, արագ կլանող և ինֆորմացիայի ծովում վարժ լողալ ու կողմնորոշվել կարողացող: Պատանին պետք է չվախենա: Սա ազատության ամենակարևոր նախապայմանն է: Գիտելիք ու թև տալն էլ՝ մեզ վրա:

եթե շտապ է, չի կարող լինել կարևոր

Կարող է, բայց երբ շտապը կարևոր է, դառնում է սթրես: Հայերս արևելյան, դանդաղ ժողովուրդ ենք: Արևմտյան ապրելաձևը ենթադրում է, որ մարդն ունակ է փոխել արտաքին աշխարհը (ինչն ապահովում է տեխնոլոգիաների հավերժական առաջևթացը), մինչդեռ արևելյան աշխարհընկալումը կենտրոնացած է հենց մարդու էության, հոգևոր ինքնակատարելագործման վրա: Աշխարհի փոխարեն քեզ ես փոխում: Ես հայ եմ:

քաղաքավարությունը սկսվում է

Այն կա՛մ կա, կա՛մ ոչ: Քեզ ուրիշի մաշկի մեջ տեղավորելու, պատասխանատու լինելու կարողություն է: Եթե դեմ չես հսկայական մեխանիզմում փոքր մեխ լինելուն, ուրեմն հենց դու ես շարժում այդ մեխանիզմը: Քաղաքավարությունը դանակ-պատառաքաղի, «Դուք»-ով դիմելու հետ առանձնապես կապ չունի: Դա ներքին առանցք է, որը միշտ պետք է զգոն և ամուր լինի:

ամաչում եմ

Իրոք, ամաչում եմ, որ չեմ կարողանում սիրել Իոսիֆ Բրոդսկուն: Իրավիճակային գերտաղանդավոր պոետ է, որի համար կարծես պիտի խենթանամ, բայց չի ստացվում: Անընդհատ փորձում եմ նորից մոտենալ, բայց վանում է: Նույն, բայց ավելի մեղմ հակադարձումն ունեմ Նաբոկովի ու Դովլաթովի գրածներին: Ամաչելով ասում եմ՝ ռուս էմիգրանտ գրողներին շատ չեմ սիրում:

 

Գրել կարծիք