Մովսես Հակոբյան. Ինձ սպանելը կամ վիրավորելը դժվար է

Մովսես Հակոբյան. Ինձ սպանելը կամ վիրավորելը դժվար է

newmag-ը գրի է առել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի մոնոլոգը մանկական երազանքների, Մոնթեի զինվորը լինելու պատիվն ունենալու և ընկերներին հողին հանձնելու մասին:

իմ ուսուցիչը

Իմ առաջին ուսուցիչը հայրս է: Մեծատառով մարդ, հայ տղամարդու իրական տիպար: Նրա կողքին ապրելով՝ հարգել ու սիրել եմ սովորել: Ուսուցիչներ շատ եմ ունեցել դպրոցից մինչև բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն. նրանք ինձ ոչ միայն գիտելիք, այլ նաև կյանքի դասեր են տվել: Սակայն, խոշոր հաշվով, ամեն մարդու մեծագույն ուսուցիչը իր ապրածն է, փորձը: Ամեն քայլափոխի մեզ դաս տվողը կյանքն է՝ երբեմն դաժան, սովորաբար առանց մեր կարծիքը հարցնելու, մեկ-մեկ էլ նախորդ դասիդ մեջ թույլ տված սխալդ հաջորդում ուղղելու եզակի հնարավորությամբ: Փորձը. ահա մեր ամենահանճարեղ ուսուցիչը:

կարևոր որոշումը

6-րդ դասարանում էի, երբ դպրոցի տնօրինությունը մեզ տարավ էքսկուրսիա հարևան Չարդախլու գյուղ: Չարդախլուն մեր ազգի մեծագույն զավակների՝ Խորհրդային միության մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի ծննդավայրն է: Հովհաննես Բաղրամյանի տուն-թանգարանում ինձ միանգամից գրավեց նրա համազգեստը: Ընկերներս սենյակից սենյակ էին շրջում, իսկ ես կանգնել, համազգեստին էի նայում: Այն փաստը, որ իմ հարևան գյուղում ծնվել ու մեծացել են իսկական հերոսներ, ոգևորել էր ինձ: Եկա տուն ու ագահորեն սկսեցի փորփրել դասագրքերս. ուզում էի ամեն ինչ իմանալ Հովհաննես Բաղրամյանի կյանքի մանրամասների մասին: Այդ օրվա վառ տպավորությունների պատճառով ամբողջ գիշեր աչք չփակեցի: Լույսը բացվելուն պես հորս ասացի, որ զինվորական եմ դառնալու:


[ monologue ]


պատվի մարդ

Միանգամից Մոնթեին եմ մտաբերում: Ինձ համար ամենահայրենասեր, ամենաազնիվ մարդն էր Մոնթեն։ Ազնիվ էր ու անկոտրում։ Պրոֆեսիոնալ էր իր անցած ճանապարհով որպես կորցրած հայրենիքի, Հայ դատի զինվոր, նաև ռազմական գործի իմացությամբ։ Մեծ հայ էր։ Մարտունիում ի՜նչ դժվարություններ հաղթահարեց, բայց ոչ մի անգամ չասաց՝ կթողնեմ, կգնամ։ Ինքն իրեն հստակ խնդիրներ էր առաջադրում, այնպիսի խնդիրներ, որ այդ օրերին այդ իրավիճակում մեզ թվում էին անիրագործելի։ Շատ լավ էր տիրապետում բանակային կարգ ու կանոնին։ «Արտոնյալներին» (կային այդպիսիք) շարք կանգնեցնելու կարիք հաճախ էր լինում։ Ասում էին. «Մենք կռված ջոկատ ենք»։ Մոնթեն հրամայում էր. «Ինձ կռված տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք. շա՛րք կանգնեք»։ Արդյունավետ արված գործը միշտ վերագրում էր իր ենթականերին, իսկ ենթակաների չարածը՝ իրեն։ Ճարտարից մի անգամ մեկնում էինք դեպի Մարտունի: Ճանապարհին աղվես տեսա, վարորդին խնդրեցի արգելակել, որ խփեմ աղվեսին: Հաջորդեց Մոնթեի խոսքը. «Փամփուշտ պիտի ծախսես այս գեղեցիկ կենդանուն խփելու համա՞ր»։ Բնությունը շատ էր սիրում, միայն չէր սիրում խավարասերներին, ասում էր՝ այն, ինչը մարդուց շատ է, վերացնել է պետք: Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ նրան ճանաչելու, նրա զինվորը լինելու, նրա հետ ընկեր լինելու և նրա գործը շարունակելու պատիվն եմ ունեցել: Պատվախնդրության ու արժանապատվության օրինակ. ահա թե ով էր Մոնթեն:

մահ

Ինձ սպանելը կամ վիրավորելը դժվար է, որովհետև ես երկար տարիների զինվորական եմ և ամբողջ ծառայությունս եղել եմ պատերազմի գոտում, գիտեմ՝ մահն ինչ է, և նրանից պաշտպանվելը գիտեմ: Երբեք չեմ մտածում սեփական մահվան մասին, այս թեման ինձ չի հուզում: Գուցե այն պատճառով, որ արդեն մի քանի անգամ առճակատվել եմ նրա հետ ու իրավիճակից դուրս եկել ծանր վիրավորումներով, բայց ողջ: Ցավոք, շատ եմ տեսել նաև նրա հաղթանակը, երբ ընկերներ եմ կորցրել: Ամեն անգամ՝ ընկեր կորցնելով, դու հողին ես հանձնում նաև քեզ, մեռնում ես նրա հետ, բայց հետո վերադառնում ես՝ ավելի ամրացած: Դու նաև ընկերոջդ կիսատ թողածը շարունակելու պարտավորությունը ունես: Եվ դա անում ես ոչ թե որ ուժեղ ես, անպարտելի ես, այլ որովհետև այլ կերպ վարվելու իրավունք չունես, որովհետև քեզնից դա՛ են սպասում, որովհետև դու հրամանատար ես՝ զորքի մարտական ոգին: Իսկ ոգին երբեք չպիտի կոտրվի, որովհետև ոգին է ամենազորեղ զենքը բոլոր բանակների: Ու հատկապես մեր:

newmag #75

Հեղինակ՝ Արմինե Հայրապետյան

Գրել կարծիք