[ newmusic ] Тимати-ի ու GUF-ի հաշտության կլիպը, 2 հիթ 74-ամյա Mick Jagger-ից և «Գարուն» Dоgma-ից ու Արտո Թունջբոյաջյանից

[ newmusic ] Тимати-ի ու GUF-ի հաշտության կլիպը, 2 հիթ 74-ամյա Mick Jagger-ից և «Գարուն» Dоgma-ից ու Արտո Թունջբոյաջյանից

newmag-ի այլընտրանքային երաժշտական հիթ-շքերթը թայմ աութ է վերցնում: Մհերի նախաարձակուրդային վերջին փլեյլիսթը աչքի անցկացրեք նոր շտապեք ծով: Թարմ ու ճաշակով երգերով կհանդիպենք սեպտեմբերից:

Քանի որ սա շաբաթվա լավագույնների` նախաարձակուրդային վերջին ցուցակն է, նախ և առաջ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել newmag-ի և հատկապես այս սյունակի բոլոր ընթերցողներին: Միասին մենք ապացուցում ենք, որ հայկական համացանցային շուկայում բացի կարմիր քառակուսիներով փակված դեմքերից կա նաև ժամանցային քոնթենթի այլընտրանք, որը մատչելի է, նախատեսված է իսկապես բոլորի համար, բայց միևնույն ժամանակ «անորակից» բավականին հեռու է գտնվում:Այս պարագայում գրող-ընթերցող համագործակցությունն ունի, երևի թե, մեկ պայման` բացի սպառելուց նաև տարածել: Հուսամ սեպտեմբերին, երբ վերադառնանք, ակտիվությունն էլ ավելի կմեծանա:

Իսկ հիմա` անցնենք շաբաթվա 1 վատագույնին և լավագույններից լավագույններին:

Վերոհիշյալ վատագույնը տեղի ունեցավ ռուսական ռեփում: Այդ ոլորտի երկու ներկայացուցիչներ, որոնք մեղմ ասած ատում էին իրար, համատեղ երգ ու տեսահոլովակ են թողարկել: Тимати-ն ու GUF-ը իրենց հանգերում կարծես թե և՛ բացատրում, և՛ արդարանում են այս դուետի համար:

Ինքս GUF-ին բավականին հավանում եմ (այս պահից գուցե ԷԻ), և դեմ չեմ, երբ մարդիկ իրար ատելուց հետո կարող են հաշտվել և համագործակցել, բայց այս դեպքում պետք է գոնե երգը աննկարագրելի լավը լիներ, էլ չեմ ասում տեսահոլովակի մասին: Սակայն ստացվել է շատ, շատ վատ: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Скриптонит-ը, ով իր խոսքերով, դա արել է առանց երգը լսելու, իսկ լսելուց հետո, բառեր չգտնելով, գրել է, որ այս ամենը «******» է: Կարծում եմ` հասկացաք, թե ինչ նկատի ուներ Սկրիպը: 

Իսկ հիմա` լավի ու որակյալի մասին:

Վերջերս լեգենդար Mick Jagger-ը դարձավ 74 (!!!) տարեկան: Այնպիսի տպավորություն է, որ նա սպասում էր այդ տարիքին, որպեսզի կրկին ակտիվանա: Այս շաբաթ հայտնվեցին նրա` միանգամից 2 նոր երգերը, իրենց տեսահոլովակներով: Մեկը «England Lost»-ն է, բառացի` «Անգլիան կորել է»: Քաղաքական ենթատեքստ ունեցող այս երգի տեսահոլովակում նկարահանվել է հայտնի դերասան Luke Evans-ը: Երգի աուդիոտարբերակում Ջագերին ընկերակցել է բրիտանացի ռեփեր Skepta-ն, սակայն տեսահոլովակում նրա հատվածը, չգիտես ինչու, չկա: 

Մյուսը «Gotta Get A Grip»-ն է, որտեղ տեսնում ենք ավելի դասական` ջագերական կադրեր. Սեքսուալ ու մի փոքր քրտնած աղջիկներ, ակումբ ու թեթև բռնություն: Տեմպի ու դրայվի առումով ինձ համար ավելի ազդեցիկ է «England Lost»-ը, սակայն երկու երգն էլ չեն կարող չուրախացնել լեգենդի երկրպագուներին իրենց ռոլինգսթոունզյան հնչողությամբ, որը համալրվել է ժամանակակից ձայներով ու բիթերով: 

«Beverly»-ն Ուկրաինայի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկի` Ivan Dorn-ի` միջազգային ասպարեզ դուրս գալու հերթական ու երևի թե ամենահաջող փորձն է: Ձայնագրությունը կատարվել է ԱՄՆ-ում, ինչը զգացվում է հենց առաջին հնչյուններից: Առանձին է տեսահոլովակի հարցը, որտեղ շատերը քաղաքական ենթատեքստ տեսան` կապված աղջիկների հագուստի գույների (դեղին և կապույտ, ինչպես Ուկրաինայի դրոշն է) հետ: Եթե դիտարկենք այդ տեսանկյունից, ապա իրոք տպավորություն է, որ Դորնը ուզում է ցույց տալ Ուկրաինայի պառակտվածությունը` որպես անիմաստ և ցավալի:

Arcade Fire «Everything Now» ալբոմն արդեն ամբողջությամբ հասանելի է Յութուբում: Անկեղծ ասած` այն այնքան էլ չհավանեցի: Բացառություններից է «Put Your Money On Me»-ն: Լինելով «Reflektor» երգի մեծ սիրահար` այստեղ ծանոթ զգացողություններ ունեցա: Հիմնական մոտիվը երգի հենց սկզբից ձեռքիցդ բռնում ու տանում է կանադական դուետի կիսաէլեկտրոնային ձայների ու խոսքերի միջով:

Ամերիկյան ռեփի երևի թե միակ` բայքերի արտաքինով ներկայացուցիչ Action Bronson-ի նկատմամբ դժվար է անտարբեր լինել, հատկապես նրա տեսահոլովակները դիտելուց հետո: Սկզբում դժվար է հասկանալ` սա թրոլինգ է թե լուրջ է արված, սակայն ուսումնասիրելով հասկանում ես, որ Bronson-ը ժանրի ամենաինքնատիպ ու որակյալներից է: «The Chairman’s Intent»-ի տեսահոլովակից հետո, կարծում եմ, Bronsonin կկասկածեն ծանր թմրամիջոցներ օգտագործելու մեջ, սակայն դրանից երգը չի տուժում:

Շատ ուրախ եմ, որ արձակուրդ եմ գնալու ևս մեկ հայկական որակյալ պրոդուկտ ներկայացնելով: Խոսքը «Dogma» հայկական ռոք խմբի, որից բավական ժամանկ է` նորություն չկար, և Արտո Թունջբոյաջյանի համատեղ երգի մասին է: «Գարունը» հայկական մոտիվների, հայոց լեզվի և մետալ ռոքի լավագույն համադրություններից է: Հուսամ սա այն դեպքերից է, երբ ռոքն ատողները հանուն հայկականության իրենց ստիպելով սկսում են լսել նմանատիպ երաժշտություն, որից հաստատ վնաս չկա: 

Գրել կարծիք