[newmusic] John Legend-ն ու Океан Ельзи-ի «Сонце»-ն, Youtube-ն ու Elton John-ը, և Նարինե Դովլաթայնը Համասյանի հետ

[newmusic] John Legend-ն ու Океан Ельзи-ի «Сонце»-ն, Youtube-ն ու Elton John-ը, և Նարինե Դովլաթայնը Համասյանի հետ

Շաբաթվա երաժշտական ամփոփում. Մհեր Խաչատրյանը ներկայացնում է սուբյեկտիվ փլեյլիսթ newmag-ի ընթերցողների համար:

Մի քանի օր առաջ Twitter-ում հանդիպեցի մի շատ սարկաստիկ գրառման, որի հիմնկանա միտքն այն էր, թե ես ինձ համարում եմ շատ լուրջ երաժշտական քննադատ: Իրականում ոչ, նման բան չկա: Ես ֆանտաստիկ կոմպոզիտոր եմ, այո, բայց քննադատ` երբեք:

Իսկ այստեղ պարզապես կիսվում եմ իմ հավանած երաժշտական նորույթներով` ոչ մեկին ոչ մի բան չպարտադրելով: Ի դեպ` այս անգամ նորույթների պակաս, մեղմ ասած, չկա:

Սկսեմ շաբաթվա ամենապրիմիտիվ (ոչ վատ իմաստով) տեսահոլովակից` մի շատ հայտնի երգչի կողմից: John Legend-ի «Surefire»-ի մասին է խոսքը: Տեսահոլովակը բանալ պատմության միջոցով, որն ինչ-որ չափով հիշեցնում է ժամանակակից «Ռոմեո և Ջուլիետ»-ին, արծարծում է էմիգրանտների խնդիրները: 

Океан Ельзи-ի «Сонце» երգն, իհարկե, նոր չէ, բայց նոր է տեսահոլովակը: Այն չի փայլում իր օրիգինալ լուծումներով և ժամանակակից կլիպմեյքերական նորություններով, սակայն ևս մեկ լավ առիթ է` վերլսելու տարածաշրջանի ամենաինքնաբավ ու իմ ամենասիրելի խմբերից մեկին: 

Ամերիկյան CHROMATICS խումբը, որպես երաժշտական ուղղություն ընտրելով Synthpop-ը, կարծես նախապես որոշել է, որ երբեք չի հասնելու լայնամասշտաբ լսարանի: Սակայն այդ փաստը չի խանգարում խմբին ոչ միայն լսելի լինել, այլև թողարկել նոր տեսահոլովակներ: Դրանցից ամենաթարմը կոչվում է «Shadow», որը նվիրված է David Lynch-ի «Blue Velvet» ֆիլմին:  

BROCKHAMPTON-ի մասին շատ քիչ տեղեկություններ կարողացա գտնել: Այդ փաստը, սակայն, ոչ մի բացասական ազդեցություն չթողեց նրանց «GOLD»-ը լսելու հարցում: Այստեղ հատկապես ուրախացրեց այն, որ որպես sample է օգտագործվել James Blake-ի «Life Round Here» երգը:

Ամիսներ առաջ Youtube-ը և Elton John-ը հայտարարեցին համատեղ մրցույթ: Մրցույթի պայմաններն էին` Elton John-ի 3 հիթերից մեկի հիման վրա նկարահանել տեսահոլովակ: Յուրաքանչյուր երգի տեսահոլովակը պետք է ունենար յուրահատուկ մոտեցում (պարային, անիմացիոն և այլն), ինչի մասին մանրամասն նկարագրված էր մրցույթի պայմաններում:

Ինչևէ, այս շաբաթ 3-ն էլ լույս տեսան: «Tiny Dancer»-ի և «Bennie And The Jets»-ի տեսահոլովակներին կարող եք ծանոթանալ այս հղումով, իսկ իմ ֆավորիտն է «Rocket Man»-ի անիմացիոն տեսահոլովակը, որի հեղինակն է իրանցի ռեժիսոր Մաջիդ Ադինը:

Անտանելի պոզիտիվ ու թարմեցնող վայբերի սիրահարները չեն կարող անտարբեր գտնվել FKJ-ի երաժշտության նկատմամբ: Շատ պարզ, բայց և ինչ-որ հարազատ բան կա նրա արած գործի մեջ: Բացառություն չէ նաև «Tadow»-ն, որտեղ նրան միացել է դեռևս անհայտ կամ քիչ հայտնի Masego-ն: 

Կրկին պետք է «alt-J-ախեղդ» անեմ ընթերցողին, բայց դե, ինչպես ասում են, ես մեղք չունեմ, որ այս խումբը մեկը մեկից հրաշալի ու մեկը մեկից տարբեր գործեր է ներկայացնում: Այս անգամ նորույթը կոչվում է «Adeline», որն իր հնչողությամբ հիշեցնում է radiohead խմբին, սակայն խիստ alt-J-ական ձեռագրով:

Եվ վերջում` հրաշալի նորություն հայկական երաժշտության համար: Երգչուհի Նարինե Դովլաթյանը բավականին երկար դադարից հետո ներկայացրեց նոր երգ, որտեղ նա համագործակցել է ոչ ավել, ոչ պակաս, Տիգրան Համասյանի հետ: Արդյունքում ստացվել է «Feeding the Bright (Over and Over)»-ը: Հուսանք, որ սա նրանց վերջին համագործակցությունը չէ, քանի որ Նարինեի վոկալն ու երաժշտությունը և Տիգրանի գործիքավորումը տալիս են հրաշալի արդյունք:

Գրել կարծիք