[newmusic] Ու նորից Gorillaz, SZA-ի դուետը Kendrick Lamar-ի հետ, մի շոտլանդացի և մեր լեգենդար Չիկոն

[newmusic] Ու նորից Gorillaz, SZA-ի դուետը Kendrick Lamar-ի հետ, մի շոտլանդացի և մեր լեգենդար Չիկոն

Շաբաթ է ու newmag-ում երաժշտություն է հնչում: Մհեր Խաչատրյանի անհատական փլեյլիսթն այս անգամ «ուրախ ու տխուր», բայց շատ ճաշակով երգերից է բաղկացած:

Ամեն անգամ շաբաթվա լավագույն երգերը հավաքելուց ու համացանցում տեղադրելուց հետո մոտս մի փոքր տխրություն է առաջանում` կապված դիտումների քանակի հետ: Նմանատիպ նյութերը, բնականաբար, չեն կարող և չպիտի լինեն ամենապոպուլյարները, այդպես է ամբող աշխարհում: Բայց չեմ էլ ուզում հավատալ, որ երաժշտությամբ հետաքրքրվողներն ԱՅԴՔԱՆ քիչ են մեր երկրում կամ նույնիսկ իմ ֆեյսբուքյան ընկերների շարքում:

Այնպես որ, առանց հույսս կորցնելու և մշտական ընթերցողներիս անչափ մեծ շնորհակալությունս հայտնելով` շարունակում եմ իմ փոքրիկ գործը` փորձելով նաև ապացուցել, որ հայկական համացանցի քոնթենթը միայն կարմիր քառակուսիներով փակված դեմքերն ու «նոր, անկեղծ ֆոտոշարքերը» չեն:

Այս շաբաթ երգերը ստացվել են ծայրահեղ ուրախից մինչև բավականին տխուր, այնպես որ կփորձեմ ճիշտ բալանսավորված ներկայացնել դրանք: Խախտելով ավանդույթը` կսկսեմ լավից (այս դեպքում պոզիտիվից): Gorillaz-ի 2D-ն ներկայացրել է նոր տեսահոլովակ` «Sleeping Powder»:

Trip-Hop ժանրի հիմնադիրներից Tricky-ին միշտ հետաքրքիր է լսել` անկախ նրանից հավանում ես, թե` ոչ: Ինքս ոչ միշտ եմ հավանում նրա գործերը, բայց «The Only Way»-ը այդ դեպքը չէ: Առաջինը, որ եկավ մտքիս այս երգը լսելիս այն էր, որ հիմա իմ բարձրախոսներից հնչում է իսկական երաժշտություն:

Վերոհիշյալ Gorillaz-ի երկրպագուները պետք է որ իմանան, որ խմբի հիմնադիր Damon Albarn-ը մինչ այդ մեկ այլ խումբ ուներ` Blur անունով: Royal Blood-ի «I Only Lie When I Love You»-ն ինձ հիշեցրեց հենց Blur-ի ու ընդհանրապես` 90-ականների ռոքի մասին, թեպետ դուետը պաշտոնապես համարվում է 60-ականներում ստեղծված Garage Rock-ի շրջանակներում ստեղծագործող:

SZA-ի մասին նախորդ շաբաթ արդեն գրել եմ: Այն անգամ գրել էի, որ թեև երգչուհու նոր գործը շեդևրալ չէ, բայց լավ առիթ է նրա հետ ծանոթանալու համար: Այս անգամ այդպես չեմ ասի, քանի որ մեծն Kendrick Lamar-ի հետ դուետը` «Doves In The Wind»-ը ստացվել է այնպես, ինչպես սիրում են ժանրի երկրպագուները, իսկ պրովոկատիվ տեքստը այս երգի հանդեպ հավելյալ ուշադրության է արժանացնում:

Շոտլանդական Mogwai խմբին ծանոթացա այս շաբաթ (թող ներեն ինձ խմբի երկրպագուները)` «Coolverine»-ի միջոցով: Ծանոթությունն ավելի, քան հաճելի էր: Իհարկե չարժե առաջին իսկ ծանոթության դեպքում միանգամից ընկերանալ, բայց, կարծում եմ, Mogwai-ն ու ես (հուսամ նաև դուք) հետագայում կարող ենք իսկապես լավ ընկերներ դառնալ, քանի որ դրա բոլոր նախադրյալները կան:

Վերջերս Snoop Dogg-ը հարցազրույց տվեց Jimmy Kimmel-ին, որի ընթացքում անվանեց իր ամենասիրելի ռեփերին: Երեկ Snoop-ի ամենասիրելի ռեփ արտիստը թողարկեց նոր տեսահոլովակ` վատ և լավ ոստիկանների մասին: Թե՛ տեսահոլովակից, թե՛ կատարումից երևում է, որ չնայած տարիքին (47տ.)` Ice Cube-ը գտնվում է երաժշտական հրաշալի մարզավիճակում:

Կանադացի Mac DeMarco-ն` իր պարզ երաժշտությամբ ու տեսահոլովակներով կարող է պոզիտիվ ներարկել նույնիսկ ամենահոռետես մարդուն: «One Another»-ը դրա վառ ապացույցն է, որտեղ երգիչն իր բենդով ուզում է ցույց տալ, որ պետք է թեթև ապրել, ոչ միշտ հավատալ այն ամենին, ինչ տեսնում ես ու, ամենակարևորը` սիրել իրար: Այո, ստացվեց բանալ, բայց երգը դրանից չի տուժում:

Բրիտանացի հեղինակ-կատարող (իրականում տանել չեմ կարողանում այս բառակապակցությունը) Plan B-ին շատերը գիտեն «She Said» երգով, որը ժամանակին բավականին հիթային էր: Անկեղծ ասած, այդ գործից հետո նրանով չէի հետաքրքրվել: «In The Name of Man»-ից հետո որոշեցի փոխել դիրքորոշումս, քանի որ իսկապես հրաշալի և ազդեցիկ երգ է ստացվել` արժանի տեսահոլովակով:

BONUS

Երբեք չեմ սիրել երաժշտական մրցույթները` իրենց երբմն «հուզիչ» և «էպիկական» դրվագներով: Ինքս էլ զարմացա ու այդպես զարմացած էլ մնացի, թե ինչու ինձ հանկարծակիորեն հուզեց այս դրվագը` America’s Got Talent-ի նոր սեզոնից: Չէի ցանկանա պարզել, որ հուզմունքի պատճառը երգչուհու խուլ լինելն է: Պարզապես ամեն ինչ արված է շատ գեղեցիկ, ճիշտ ու չափի մեջ, իսկ երգն ինքն իրենով վատը չէ:

P.S. Այս շաբաթ կյանքից հեռացավ հայկական ջազի կոլորիտային դեմքերից մեկը` Արմեն Թութունջյանը, նույն ինքը` Չիկոն: Նրա հիշատակին առաջարկում եմ լսել այս գործը:

Գրել կարծիք