[newmusic] Քարդաշյանը` ռեփերների մուսա, Պոլ Պոգբան` Desiigner-ի հերոս, Ցոյը նորից կուլտային է, իսկ Radiohead-ը նոր շեդևր ունի

[newmusic] Քարդաշյանը` ռեփերների մուսա, Պոլ Պոգբան` Desiigner-ի հերոս, Ցոյը նորից կուլտային է, իսկ Radiohead-ը նոր շեդևր ունի

Երաժշտական շաբաթ newmag-ում: Մհեր Խաչատրյանի palylist-ն այս անգամ ռեփային է, թեպետ ռոքի սիրահարներն էլ դժգոհ չեն լինի:

Երաժշտական շաբաթը, ցավոք, նշանավորվեց ոչ դրական իրադարձությամբ, որը, սակայն, ևս մեկ անգամ ստիպեց իմ ամենասիրելի ու այսօր ամենազարգացող ժանրերից մեկի` հիփ հոփի վրա ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել ու մի քիչ ավելի լուրջ վերաբերվել: Սակայն այդ մասին կխոսեմ վերջում, իսկ հիմա առաջարկում եմ լսել ու դիտել հունիսի 17-ից մինչ այսօր հայտնված լավագույններին:

New Politics-ի տեսահոլովակը դիտելիս մեկնաբանություններում կարծիք գրեցի, որ այն իր մեջ ներառում է հղումներ` ամենահայտնիներին նվիրված: Մի պահ, նույնիսկ, թվաց, որ կա՛մ ակնհայտ գրագողություն է, կա՛մ ակնհայտ հեգնանք: Պարզվեց, որ այդ ամենը հատուկ է արված` որպես հարգանքի տուրք Քանյե Ուեսթից մինչև Քենդրիք Լամար` իրենց հայտնի տեսահոլովակներով:

Համաձայնեք, որ վաղուց նորություններ չունենք Քիմ Քարդաշյանից: Կարծես` դա նկատել ենք ոչ միայն մենք, այլև ռեփերներ T.I.-ը, Translee-ն ու B.o.B-ը: Տեսահոլովակի առաջին կադրերում տեսնում ենք ոչ միայն Քարդաշյանի նմանակին, այլև նրան նվիրված տեքստ: Ընդհանուր առմամբ` գործը կպչում ու հիշվող է ստացվել, սակայն ինքս անձամբ կուզեի տեսնել Քանյեի կարծիքը այս ամենի մասին:

Երբ օգտագործում ես «պոպսա» բառը, շատերի մոտ այն բացասական ասոցիացիաներ է առաջացնում: Իրականում լավ «պոպսա»-ն հազար վատ դասական գործ արժե: Հենց այդպիսինն է, ըստ իս, Jaymes Young-ի «Tied Down»-ը, որն ընթացքում, կարծես, ուզում է շատ ծեծված dubstep-ի վերածվել, բայց` ՈՉ: Ամեն ինչ նորմալ է ու լսվող:

Մեծ աղմուկ հանած Desiigner-ը իր «Panda»-ով ինձ համար այդպես էլ մնաց` «էն պանդայի երգողը» պրիմիտիվ, բայց, ցավոք, իրականությանը մոտ անվան տակ: Նա իր նոր «Outlet» տեսահոլովակով չէր հայտնվի այս ցանկում, եթե չլիներ Manchester United-ի ֆուտբոլիստ Paul Pogba-ն: Համարենք, որ սա անում եմ Հենրիխ Մխիթարյանին հաջորդում տեսնելու հույսով, քանի որ միտքն ինքն իրենով լավն է, չնայած որ խիստ կոմերցիոն բնույթ է կրում:

Վաղուց չէինք տեսել կամ լսել UNKLE-ին` բրիտանական ամենահետաքրքիր պրոյեկտներից մեկին: Եվ ահա նրանք հայտնվում են նոր տեսահոլովակով, որը, ինչպես իրենք են պնդում, նկարահանված է բնության տարբեր երևույթները տարբեր փուլերով լուսանկարելու արդյունքում: Անկեղծ ասեմ` երգը շատ ավելի լավն է, քան բուն «յուրահատուկ» տեսահոլովակը, որն այսօր կարելի է ստանալ տան պայմաններում, ու ոչ ոք ոչինչ չի կռահի:

Պատկերացրեք Depeche Mode-ին` չափազանց բարի երգ կատարելիս: Նման փորձ արել էին Hurts-ի տղաները, բայց այդ դեպքում երաժշտական ոճը խիստ նման էր 80-ականների ձայնին: Այս դեպքում` նմանությունը միայն վիզուալ է:

Վերջերս մեծ էկրաններ բարձրացավ Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանած «Խոստումը» ֆիլմը, որը պետք է, այսպես ասած, հայկական անոլոգիան լիներ «Շինդլերի ցուցակը» ֆիլմին (համենայն դեպս ակնկալիքներն այդպիսինն էին): Անկեղծ ասած ֆիլմը չեմ տեսել, բայց փաստացի կարելի է արձանագրել, որ այս ֆիլմը չկարողացավ այն մասշտաբի ուշադրություն սևեռել Հայոց Ցեղասպանության վրա, ինչպես «Շինդլերի ցուցակը»` Հոլոքոստի: Ինչևէ, ֆիլմի սաունդթրեքի հեղինակը վաղամեռիկ Chris Cornell-ն էր, իսկ համանուն տեսահոլովակը լույս տեսավ այս շաբաթ: Չնայած հեղհեղուկ ակնարկներին, որ երգն ու ֆիլմը, այնուամենայնիվ, հենց Հայոց Ցեղասպանության մասին են, այլ ոչ թե համաշխարհային անարդարության, պետք է բավարարվենք եղածով ու համարենք սա առաջին քայլերից` դեպի ավելի մասշտաբային ու որակյալ գործեր:

Վիկտոր Ցոյի մասին, կարծես, բոլորը ամեն ինչ գիտեն, իսկ «փաբային» երևանցիները նրա երգերից գոնե մեկը կարող են անգիր կատարել: Ինձ համար ֆենոմենալ է այն փաստը, որ Ցոյն այսօր կուլտային է դարձել նույնիսկ ռուսական Первый Канал-ի շրջանակներում, այնինչ պետք է ընդդիմադիր տրամադրությունների թիվ 1 սերմանողը համարվեր: Ինչևէ, հայտնի Яндекс-ը ռուսական ռոքի լեգենդի ծննդյան օրվա կապակցությամբ օրեր առաջ թողարկեց տեսահոլովակ, որն, անշուշտ, արժանի է դիտման, իսկ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղման նկարագրությունում:

Ու ընդհանրապես` յութուբյան հղումների նկարագրությունները կարդալը շատ օգտակար և ինֆորմատիվ գործ է: Որպես ապացույց` համաշխարհային լավագույն ռոք խմբերից մեկի` Radiohead-ի «Man Of War»-ն է: Բացի այն, որ երգն ինքն իրենով ֆանտաստիկ լավն է, այն ունի նաև պատմություն, որը կապված է խմբի լեգենդար ալբոմի` «OK Computer»-ի հետ: Ինչպես ասում են` մանրամասների համար անցե՛ք հղումով: 

Հ.Գ.

Հունիսի 20-ին 42 տարեկանում կյանքից հեռացավ հիփ հոփի պատմության` ինձ համար լավագույն դուետներից մեկի` Mobb Deep-ի Prodigy-ն (չշփոթել բրիտանական The Prodigy խմբի հետ): Ցավոք, նման դեպքերում հաճախ սկսում է գործել «գնա մեռի, արի սիրեմ» սկզբունքը, սակայն ինձ պես հիփ հոփ սիրողների համար սա իսկապես ցավալի կորուստ էր, ինչի առթիվ ուզում եմ կիսվել, եթե իհարկե դեռ չեք լսել, Mobb Deep-ի ամենահայտնի, բայց և ամենազդեցիկ գործով:

Գրել կարծիք