[newmusic] The Beatles-ի նոր տեսահոլովակը, տարվա հիթը, Beyonce-ի նոր մրցակիցը և անչափ զգացմունքային OQJAV-ը

[newmusic] The Beatles-ի նոր տեսահոլովակը, տարվա հիթը, Beyonce-ի նոր մրցակիցը և անչափ զգացմունքային OQJAV-ը

Ինչպես ասում են՝ Նոր տարուն բան չմնաց, այդ իսկ պատճառով սա կլինի 2017-ի՝ նյումեգյան վերջին երգացանկը, քանի որ հաջորդ շաբաթ բոլորիս սպասվում է նախատոնական եռուզեռը:

Այս տարվա վերջին երաժշտական ակկորդները բավականին հաջող ու դրական են ստացվել, իսկ այդ ամենը քաղցրացնում է The Beatles-ի նոր տեսահոլովակը (այո, այո, նոր տեսահոլովակը)՝ խմբի լավագույն երգերից մեկի հիման վրա նկարահանած:Այնպես որ, նախապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս սյունակն ընթերցելու համար, կհանդիպենք հաջորդ տարի:

Այս տարվա հիթերից մեկի՝ «Bad And Boujee»-ի հեղինակ Migos-ը, բնականաբար, չի ուզում մնալ մեկ երգի արտիստ և շարունակում է նորություններ թողարկել, որոնցից մեկը՝ «Stir Fry»-ը բավականին հաջող է ստացվել:

Եթե սիրում եք R&B և ինձ պես առաջին անգամ եք լսում Ravyn Lenae անունը, ուրեմն ձեզ սպասվում են չհիասթափեցնող պահեր՝ «Sticky» երգի հետ միասին: Փափուկի ու կոպիտի արանքում գտնվող բիթն ու երգչուհու զրնգուն ձայնը ծանրակշիռ պատճառներ են այս երգը փլեյլիստում ներառելու համար:

Շաբաթը ստացվեց բացահայտումներով լի: Պարզվում է՝ հիփ հոփն ունի ենթաճյուղ, որը կոչվում է Քրիստոնեական: Այստեղ տեքստերը հիմնված են քրիստոնեական աշխարհայացքի վրա: Հենց այս ճյուղի ներկայացուցիչներից է Tedashii-ին: Գնահատեք:

Կարծես թե Beyonce-ն նոր մրցակից է ձեռք բերում՝ SZA անունով: Համենայն դեպս արտաքնապես այս երգչուհին հանգիստ կարող է պայքարել «թագուհու» դեմ: Երաժշտական առումով SZA-ն բավականին հետաքրքիր է, իսկ նրա նոր «The Weekend» տեսահոլովակի ռեժիսորն է Solange-ը՝ հենց նույն Beyonce-ի հարազատ քույրը:

Եվս մեկ բացահայտում՝ Maliibu Miitch: Կարդալու ոճով Lil Kim-ին հիշեցնող այս արտիստի «The Count»-ը դիտելիս մտքումս պտտվում էր միայն մեկ արտահայտություն՝ «Այստեղ ամեն ինչ չափազանց լավ է»:

Ռուսական ամենափախած խմբերից մեկը՝ OQJAV-ը (եթե ծանոթ չեք նրանց, անպայման դիտեք «Джек» տեսահոլովակը) վերջապես նոր երգ թողարկեց՝ անչափ զգացմունքային ու գեղեցիկ՝ համապատասխան տեսահոլովակով:

Եվ, ինչպես խոսատցել էի՝ The Beatles-ի նոր տեսահոլովակը՝ «Something» երգի հիման վրա նկարահանած: տեսահոլովակում խմբի անդամներն են՝ երիտասարդ ու կենսուրախ: Նրանց հետ են նաև երկրորդ կեսերը, այդ թվում՝ այս ֆանտաստիկ երգի հեղինակ Ջորջ Հարիսոնի նախկին կին Փաթթի Բոյդը, որին հետագայում Հարիսոնի «ձեռքից տարավ» լավագույն ընկերը՝ Էրիկ Քլեպտոնը:

 

 

Գրել կարծիք