[newmusic] 50 Cent-ի վերադարձը, նոր հարդքոր Ленинград-ից, ճաշակով Imagine Dragons ու մի հրեա և իրանցի

[newmusic] 50 Cent-ի վերադարձը, նոր հարդքոր Ленинград-ից, ճաշակով Imagine Dragons ու մի հրեա և իրանցի

Այս շաբաթվա թարմ-թարմ երգերը: Ի դեպ, պարզվում է՝ որոշ ընթերցողները կարծում են, թե Մհերը ուղղակի իր սիրելի երգերն է առանձնացնում: newmusic-ում ներկայացնում ենք ՆՈՐ թողարկված կատարումներն ու տեսահոլովակները:

Վերջերս բացահայտեցի, որ ծանոթներիս մեջ կան մարդիկ, ովքեր կարծում էին, թե իմ` շաբաթվա լավագույնների ցանկը ոչ թե նոր երգեր են, այլ ես պարզապես ամեն շաբաթ ներկայացնում եմ իմ ճաշակով կազմած փլեյլիստ` անկախ երգերի թարմությունից: Ենթադրում եմ, որ նման տպավորություն կարող է լինել նաև ինձ անծանոթ ընթերցողների որոշ մասի մոտ, այդ պատճառով շտապեմ շեշտել, որ NewMusic բաժնում ներկայացված են միմիայն այդ շաբաթ լույս տեսած երգերը: Այսինքն` բոլորը նոր են, թարմ ու ուշադրության արժանի` անկախ այն փաստից` «ճաշակակիցներ» ենք, թե ոչ:  

Այս անգամ սկսեմ բավականին «պոպսա» նորությունով` Charlie Puth – Attention: Յութուբի միջոցով ծագող աստղ դարձած երգիչը իր նոր գործով արդեն իսկ հավակնում է զբաղեցնել Ed Sheeran-ի Shape Of You-ի բարձունքները: Ինքս այս մրցակցությունում հավանությունս տալիս եմ «Attention»-ին` կպչուն բիթի ու ճաշակի համար:

Իսկ հիմա անցնենք ավելի «լուրջ» երաժշտության: Ռեգգի ոճում հանդես եկող հրեական ծագումով Matisyahu-ն, արմատներից ելնելով, միշտ ինչ-որ խորհրդավոր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր ու ինքնատիպ կերպար է: Այս շաբաթ նա ներկայացրեց իր նոր` «Step out into the Light» երգը, որն, ըստ իս, այնքան էլ ռեգգի չէ: Այստեղ կա և՛ հիփ հոփ, և՛ մի փոքր ռոք, և և և… Մի խոսքով` «թույն գործ», որի բաս կիթառի գիծը արժանի է առանձին գովասանքի:

Նոր անուն` նոր երգով: Jessi Reyez«Gatekeeper»-ը առաջին իսկ նոտաներից ու կադրերից կարծես ասում է «հիմա մի բան կկատարվի»: Երգն ու տեսահոլովակը, ըստ յութուբյան հղումի նկարագրության, իրական պատմություն են հենց Reyez-ի կյանքից: Դասական «պրոդյուսեր-սկսնակ երգչուհի» պատմություններից, որոնք տեսել ենք ֆիլմերում և լսել հարևաններից: Սակայն այս ամենը ուղեկցվում է շատ որակյալ երաժշտությամբ` պինդ ու մի փոքր փշաքաղեցնող բիթով:

Բավականին երկար ժամանակ 50 Cent-ը հայտնվում էր միայն սկանդալային նորությունների կոնտեքստում: Վերջապես այդ անունը օգտագործվեց ըստ իր բուն նշանակության և ակնկալիքների` նոր երգով, որտեղ նա դուետով է հանդես գալիս Uncle Murda-ի հետ: Չէի ասի, որ ֆանտաստիկ կամ թարմ գործ է ստացվել, բայց ինչ-որ նոստալգիկ, 50 Cent-ական բան կա այս ամենի մեջ:

Արդեն նշել եմ, որ ինքս Ленинград-ի մեծ երկրպագու չեմ, սակայն երբեմն շատ դժվար է լինում անտեսել նրանց նոր երգերն ու հատկապես տեսահոլովակները: Այս առումով բացառություն չէ «Экстаз»-ը: Ավելի երկար, ավելի հարդքոր ու ավելի 18+, քան նախորդները: Ստացվել է մինի ֆիլմ, որը կրկին ծաղրում է ռուսական և ոչ միայն ռուսական իրականության որոշ դրսևորումներ:

Երկրաչափական պրոգրեսիայով պոպուլյարություն ձեռք բերող SEVDALIZA-ն վերջապես թողարկեց իր առաջին ալբոմը, ինչի մասին իրանական ծագումով երգչուհին մեծ ուրախությամբ հայտնեց ֆեյսբուքյան իր էջում: Ամբողջ ալբոմը, որն, ի դեպ, շատ հավանել եմ, կարող եք լսել այս հղումով, իսկ այս ցուցակի համար ուզում եմ առանձնացնել առավել հավանածս երգերից մեկը:

«Believer»-ի մեծ հաջողությունից հետո (Դոլֆ Լունդգրենով տեսահոլովակը) Imagine Dragons-ը շարունակում է տեմպը պահել` թողարկելով ևս մեկ նոր երգ: Չէի ասի, որ «Thunder»-ն ունի «Believer»-ի դրայվն ու էներգետիկան, բայց երգն, այնուամենայնիվ պոզիտիվ է ու, իհարկե, որակյալ:  

Դե իսկ վերջում, եթե հոգնեցիք նախորդ 7 երգերի բավականին ծանր բիթերից, առաջարկում եմ դանդաղ-արտասահմանյան շարքից լսել ինձ համար վերջերս բացահայտած Marc DeMarco-ի (նրա «This Old Dog»-ը արդեն տեղ է գտել նախորդ ցուցակներիցս մեկում) «One More Love Song»-ը: Երգի հենց անունն արդեն հուշում է, որ սա հերթական սիրային երգն է, որը չունի գլուխգործոց դառնալու նկրտումներ, բայց և շատ հաճելի ու փափուկ, ինչպես ասում են` «ականջին նստող»:

 

Գրել կարծիք