[newstory] Աշնան արևը կորցրել էր ժպիտը․․․ (ՄԱՍ 2)

[newstory] Աշնան արևը կորցրել էր ժպիտը․․․ (ՄԱՍ 2)

newmag-ի խմբագրությունը ընթերցողից ստացել է իրական հիմքի վրա գրված այս նովելը՝ բանակային կյանքի ու դրամատիկ սիրո անսպասելի զարգացմամբ:

Սկիզբն` այստեղ

Հետճաշյա հանգիստ․ միակ ժամանակահատվածն առավոտվանից սկսած, երբ կարելի էր կտրվել հագեցած օրվա վազվզոցից։ Տարվա ամփոփիչ քննություններն արդեն ավարտվում են, վերջինն էլ կանցնի, ու կսկսվի զորացրման սպասված գործընթացը։ Սպիտակեցրած մայթեզրերին փռված երեք ստվերները համրաքայլ շարժվեցին թեյարանի ուղղությամբ․ մեկն արդեն մեզ ծանոթ երիտասարդն է, երկուսը՝ ծառայակից ընկերները։ Թեև համատեղ ծառայությունն անհամեմատ կարճ էր տևել, սակայն ընդհանրություններն ու գաղափարական հասունությունը, ընդհանուր մտածելակերպն ու սկզբունքներն այս երեքի մեջ ձևավորել էին ամուր ընկերություն։ Առավել բարձրահասակն ու համեմատաբար նիհարը Վարդանն էր՝ մեծ քթով, ընդգծված փոքր բերանով, կրակոտ ու խորամանկ աչքերով․ աչքեր, որոնք այնքան վստահ էին թաքցնում նրա ներքին հույզերն ու ապրումները, որ հաճախ դրանք անգամ ընկերներին էին անհասանելի մնում։ Ուսումը կիսատ թողած երիտասարդն ապագա տնտեսագետ էր, ընդ որում՝ շատ հավակնոտ։ Երրորդ երիտասարդը, որ «շքախմբից» առանձնանում էր առավել ինքնավստահ քայլվածքով, Արմանն էր, ով աչքի չէր ընկնում կազմվածքային առանձնահատկություններով, սակայն գեղեցիկ դիմագծերն ու խորհրդավոր աչքերի կրակոտ արտահայտությունը հիացնող ու ազդեցիկ տպավորություն էին թողնում։ Այնուամենայնիվ Արմանը կարողանում էր հիանալի կերպով անհոգ ու անխռով տպավորություն թողնել ծառայակիցների վրա, իսկ երբեմն ցինիզմի գագաթնակետին հասնող անսպառ հումորի զգացողությունը հաճախ էր վեճերի առիթ հանդիսանում։ Թերևս Արմանի համար կարևոր էր ամեն ինչում լինել առաջինը, և օժտված բնածին լիդերության հատկանիշներով ՝ վերջինս մշտապես ձգտում էր առավելագույնին ու խանգարող հանգամանք նրա համար, թերևս, միայն ավելորդ շտապողականությունն էր։

Հերթական խոսակցությունն ընկերների մեջ քաղաքացիական կյանքի անսպառ արկածներից էր, ու Նաիրին, ով ամենից «մոտն» էր գտնվում «ազատ» կյանքին, շարունակում էր ապագայի հստակ պլանների ու անորոշության միջև կռիվը։

Աշնանային հերթական անցնող օրն ավելի մոտեցրեց զորացրմանը․ հերթական օրվա բացակայելն օրացույցից՝ լիովին ձեռնտու է տան մասին կարոտով հիշող ու վերադարձի փափագը սրտում պահող զինվորի համար․ տարօրինակ է, սակայն կամովին ցանկություն է առաջանում, որ կյանքիցդ այդ երկու տարին պոկվի ու անհետ հեռանա, երկու տարի, մի ամբողջ կյանք, որ լիովին բավական է երջանիկ անցկացնելու, սիրելու ու սիրվելու, վերելքների ու ձեռքբերումների համար։ Համենայնդեպս, այդ երկու տարին ոչ բոլորի համար է անցնում հետաքրքիր ու  ցանկությունը՝ դրանցից շուտ ազատվելու, ավելի երկար է թվացնում այդ տարիները․ համենայնդեպս, երկամյա ծառայությունը ոչ այլ ինչ է, քան ինքնահաստատման ու գոյության պայքար․ դպրոցից դուրս եկած երիտասարդների մի անկանոն բանակ, որի՝ կյանքի հորձանքներին  պատրաստելու բարդ ու տևական պրոցեսը դրված է սպայական անձնակազմի վրա․ անձնակազմ, որից շատերն ուղղակի անփութորեն ու անզգուշորեն չեն հասկանում  սեփական գործի լրջությունն ու սեփական շահերի բարձրացման համար տրորում, ճզմում են մանր օղակներն ու սեփական ճանապարհն ազատում անցանկալի «երևույթներից», որոնց դերում հաճախ հայտնվում է անփորձ ու զինվորական կյանքին անպատրաստ երիտասարդը։ Իհարկե, կան նաև սպաներ, որոնք ուղղակի հասկանում են սեփական գործի պատասխանատվությունն ու դերի նշանակությունը, սակայն, որպես կանոն, նրանց վերելքները լինում են հազվադեպ ու ընթանում դանդաղ։

Չշարունակենք զինվորական հոգեբանության դասընթացն ու վերադառնանաք Երրորդ ԻՍՎ[1], որտեղ «առավոտյան վերկաց»-ից հետո Նաիրին հերթական անգամ արթնացավ ուռած աչքերով ու քանի դեռ չէր անցել նախավարժանքի ժամը, երիտասարդի դեմքից զգացվում էր, որ նրա համար գիշերն ահավոր երկար էր եղել․ հերթական անքուն ու մտացնոր գիշերը։ Օրվա սկիզբը գտավ նաև տրամաբանական շարունակություն․ նոր էին նախաճաշից վերադարձել, երբ Նաիրիի հեռախոսը զանգեց․ Արմանն ու Վարդանը շտապեցին պարապունքների՝ թույլ տալով երիտասարդին վայելել հեռվից հնչող քաղցրահունչ ձայնը․ հարազատ հեռախոսահամարի՝ այս ժամին զանգելը ներքին անհանգստությnւն առաջացրեց Նաիրիի մոտ․․․

Թողնելով ընկերոջը զորանոցում՝ Արմանն ու Վարդանը հեռացան։ Առաջին դասի դասամիջոցի հնչելն ուղղակի առիթ հանդիսացավ լսարանի հեղձուցիչ օդից ազատվելու համար․ Արմանը դուրս եկավ ու առանձնացավ․ նրա մեջ ինչ-որ խորհրդավոր բան կար, մի բան, որ չէր նկատվում մյուսների մոտ․ ընդհանուր առմամբ ինտելեկտը նրա գլխավոր զենքն էր, սակայն երբ սկսեց հոդվածներ խմբագրել պատի թերթի համար, սկսեց աչքի ընկնել նաև քաղաքական սուր լեզվով, որը սպայական անձնակազմի մոտ առաջացրեցին հակասություններ ու սկսվեցին անցանկալի հետևանքները․ այդպիսի հոդվածներից մեկի համար նրան առհասարակ սկսեցին առանձնակի ուշադրությամբ վերաբերվել, ու երբ արդեն կես տարուց քիչ ժամանակ էր մնում զորացրմանը՝ Արմանին անգամ հազվադեպ էին թույլ տալիս զենքով ծառայություն անցկացնել։ Ամեն անգամ, երբ թվում էր՝ ամեն բան արդեն բավական հարթ է, ու Արմանը հարմարվել է ծառայությանը, հայտնվում էին արհեստածին խոչընդոտներ, որոնք ուղղակի խանգարում էին երիտասարդին։ Միշտ լիդերության ձգտող, խրախուսանք ու գովասանք պահանջող շարքային  Արամյանի համար զենք չստանալն ամենամեծ վիրավորանքն էր դառնում ու հաճախակի ընդհարումների տեղիք տալիս սպայական անձնակազմի հետ։ Դեռևս մանկուց  ուներ տարբեր նպատակներ ու երազանքներ․ Կորտեսի[2] երկրպագու, հետագայում՝ Հին Ամերիկայի պատմության մասնագետ դառնալ ցանկացող երիտասարդն առայժմ ցանկանում էր դառնալ ջոկի հրամանատար, քանզի հետախուզական դասակում չստացվեց ծառայել․ վերջին նպատակը ևս չիրականացավ, ու այժմ միայն տուն հասնելն էր բանակի հետ կապված։

Նաիրին առայժմ խոսում էր՝ վերջերս երկուսի համար էլ առաջնային մտահոգության թեմայի շուրջ․ Մանվելի քրոջ՝ Հասմիկի ծանոթներն էին եկել Մոսկվայից՝ որդուն ամուսնացնելու նպատակով։Հայկական ավանդական սովորության համաձայն՝ սկսվել էր ծանոթ-բարեկամների մեջ հարսնացու փնտրելու «բարդ ու պատասխանատու» գործընթացը, հավանական հարսնացուների հետզհետե նեղացող շղթան էլ կանգ էր առել Մանվելի աղջկա վրա։ Հոր պլաններին լիովին համապատասխանող սցենարը Սոնային ուղղակի սպանում էր, անօգնական ու վհատված իրավիճակում նրա կարծիքն անգամ հայրը հաշվի չէր առնի, ու թերևս միակ փրկությունը իրադրությունը ձգձգելն էր՝ մինչև Նաիրիի զորացրվելը։ Ճակատագրի հեգնանքով կամ երջանիկ պատահականությամբ, փեսացուի անունը ևս Նաիրի էր․․․Համենայնդեպս երկուսն էր անհանգիստ դեպքերի հնարավոր արագ զարգացումից, միայն սպասում էին՝ ի վիճակի չլինելով որևէ լուրջ քայլ կատարել։

Մութ զորանոցի պատուհաններից լուսնի աղոտ շողերը լուսավորում են անկողնու վրա համազգեստով պառկած երիտասարդի դեմքը․ աղոտ լույսից երևացող դիմագծերն անգամ թույլ են տալիս նկատել երիտասարդի դեմքի մտահոգությունը։ Երիտասարդը կիսաքուն-կիսարթուն երազ է տեսնում․ եկեղեցու խորանի առաջ կանգնած են ինքն ու հարսնացուն․ հարսանացուի դեմքը տխուր է, ու երբ քահանան, օրհնելով զույգի միությունն ու երջանկություն մաղթելով, թույլ է տալիս քողը հետ տանել ու համբուրել արդեն իսկ իր կնոջը՝ Նաիրին զարմանքից վեր է թռնում․ Սոնան հանկարծակի անհայտանում է՝ բարձր ու անբռնազբոսիկ ծիծաղով․․․ Երիտասարդը վեր թռավ քնից, ականջներում զնգում է աղջկա ծիծաղը, ինքն էլ պատվել է քրտինքով։ Մի պահ Սոնային պատկերացրեց ուրիշի կողքին, աննկարագրելի էին հավանական կորստի երկյուղն ու ցավը․ ցավ, որ միայն ինքը կարող էր հասկանալ, որ միայն իրեն էր հասու։ Այսքան պայքարից հետո կորցնել Սոնային ճակատագրի քմահաճույքո՞վ․ սա անկարելի է ու անընդունելի։ Հնգամյա ընկերություննից հետոնահանջի ճանապարհ չկար, Սոնան պետք է լիներ իր ճակատագրական նվերը․ սիրում էր, գժվում էր Սոնայի համար։ Իսկ եթե այնուամենայնիվ Սոնան ամուսնանա՞․․․ Հանվեց, պառկեց անկողնում ու ստուգեց հեռախոսը․ մեկ նոր հաղորդագրություն․ «Քնելուց առաջ ևս մեկ անգամ հիշեցնեմ՝ սիրում եմ քեզ ու սպասում»։ Քնեց՝ հերթական գիշերը ջնջելով ծառայողական կյանքից ու մոտենալով անորոշ ապագայի մշուշոտ պատկերին․․․

Շարունակելի

Հեղինակ`Ալբերտ Ավագյան

_______

[1] Ինժեներասակրավորային վաշտ
[2] Իսպանացի նվաճող․15-րդ դարի վերջին նվաճեց Մեքսիկան։

Գրել կարծիք