[newstory] Աշնան արևը կորցրել է ժպիտը (ՄԱՍ 3)

[newstory] Աշնան արևը կորցրել է ժպիտը (ՄԱՍ 3)

Լուսաբաց էր։ Հերթական անգամ պահակակետը թվաց հարազատ, ու երիտասարդը, ով կանգնած էր գեղեցիկ բնապատկերով երկու կողմից սահմանազատված դիտաշտարակում, սկսեց զմայլվել հայրենի բնության աշնանային պատկերով։ Հաճելի պատահականությամբ աջից Մասիսներն էին, ձախից՝ Արագածը։ Առջևում փռված էին Արարատյան դաշտավայրի հիասքանչ տեսարանը, արդեն հասունացած ու հավաքված ձմերուկի դաշտերն ու խաղողի ողկույզները․ արևի շողերն աստիճանաբար տարածվեցին դաշտավայրի վրա, հասան դիտաշտարակին, սկսեցին ընկնել երիտասարդի կրակոտ ու մտածկոտ աչքերին, ու նա մի պահ կտրվեց բնապատկերից։ Ամեն անգամ, երբ փորձում էր մտքերը ցրել, մի փոքր ցրվել անցանկալի ու մշուշոտ հիշողություններից ու կանխազգացումներից, կրկին վերադառնում էր, կենտրոնանում էր անորոշ ու չհստակեցրած նպատակների ու պլանների վրա․վերջին անգամ Սոնայի զանգը փոթորկել էր հոգին ու տակնուվրա արել պլանները։ Աղջկա ամուսնությունը ավելի ու ավելի իրական էր դառնում․ խնամախոսների հերթական այցին ու հավանությանը Մանվելը պատասխանել էր ձևական անտարբերությամբ, սակայն նրանց հեռանալուց հետո Սոնայի պարզ հասկացրել, թե «որքան անհապաղ ու անհրաժեշտ իրադարձություն պիտի լինի իր ամուսնությունը», իսկ բացասական պատասխանի դեպքում առաջանալիք հետևանքների մասին ավելորդ էր ևս մեկ անգամ հիշեցնելը։ Սոնայի նկատմամբ սկսվել էր յուրօրինակ բռնատիրական ռեժիմ տանեցիներից բացի միակ մարդն, ում թույլատրում էին տեսնել՝ Նաիրին էր, Նաիրին, ով իր սիրելիի հետ ոչ մի ընդհանուր բան չուներ․ թերևս անունը միայն, որի արտաբերումն անգամ աղջկա կողմից տարբեր ձևերով էր դրսևորվում, արտաբերում՝ մեկի համար չափազանց քաղցրահունչ ու ցանկալի, մյուսի համար՝ օտար ու չձգող։ Այս օրերին Սոնայի համար միակ մխիթարությունը զարմուհու՝ Մերիի մշտական այցերը դարձան, ում հեռախոսից անգամ կարողանում էր զանգել իր զինվորին, քանզի իրենն արգելված էր օգտագործել՝ «մանվելյան» բռնի ռեժիմի պատճառով աղջկա միակ մեղքը թերևս, երջանկության անսահման ձգտումն էր, որն ուղղակի հակասում էր Մանվելի սկզբունքներին։

Ֆիզպատրաստության դասը մոտենում է ավարտին․ դասն անցկացնող նորավարտ լեյտենանտը մարտահրավեր է նետում վաշտում լավագույն վազողին, ում հետ մրցելը մի յուրօրինակ փորձություն էր դառնում սպորտային միջոցառումների ժամանակ՝ ցանկանալով վերջ դնել երիտասարդի ինքնավստահության այս դրսևորմանը՝ միաժամանակ ինքնահաստատվելով։ Կրակոտ աչքերով, միջին կազմվածքով երիտասարդն ընդունում է մարտահրավերն ու մոտենում մեկնարկին․ պարաստ՝ մա~րշ․․․ Հարյուրմետրանոց վազքուղու վրա լեյտենանտը, որ ավելի արագ պոկվելու հաշվին առջևում էր գտնվում, հանկարծ վազքուղու վերջում զիջեց դիրքերն ու հասավ վերջինը․ Արմանը հաղթեց։ Հպարտ ու ավելորդ ինքնավստահությամբ լի աչքերն ուղղեց սպային ու թեթև հեգնանքով՝․ «լավագույններին միշտ պետք է զիջել․․․ Հարգելի’ս․․․»։ Սա ավելի զայրացրեց Սահակյանին, ով առանց այն էլ՝ առիթ էր փնտրում ինքնագոհ Արամյանի հետ բախման համար։ Հարաբերություններն ավելի սրվեցին, սակայն նորանշանակ սպան ուղղակի իր ներսում պահեց սա, թեև Արամյանն իրեն երբեք չէր կորցնում նման պահերին։ Համենայնդեպս Արմանի համար ավելորդ ինքնավստահությունը հաղթաթուղթ էր գրեթե ցանկացած իրավիճակում, իսկ այժմ առավել հպարտ կեցվածք էր ընդունել՝ նկատելով ընկերների հիացական հայացքները (որոնք առավել շատ ուղղված էին նրա կեցվածքին՝ քան արժանի հաղթանակին ), սակայն նկատեց Նաիրիի բացակայությունը․ ճիշտ է՝ Տոմեյանի համար հաճելի չէին ֆիզպատրաստության ժամերը՝ առավել ևս աշնանային այս մռայլ եղանակին, սակայն բաց թողնել այս «իրադարձությունը»՝ աններելի էր ընկերոջ կողմից․ Արամյանը շատ էր կարևորություն տալիս այս հաղթանակին։ Հայացքով փնտրեց ընկերոջն, ու թերևս արդյունքը շատ չուշացավ մերկացած ծառի տակ կանգնած՝ ճյուղով ինչ-որ տարօրինակ ու աննպատակ պատկեր էր փորփրում հողի վրա առաջին հայացքից երևաց՝ այլայլված էր ու սպասում էր ինչ-որ բանի։ Արամյանն արագ հագավ վերարկուն՝ ցրտից սառած թևերը տաքացնելու համար ու շտապեց ընկերոջ մոտ մինչ կհասներ՝ լսվեց ցուցամոլ, բայց բարեսիրտ լեյտենանտ Սիրադեղյանի ցուցադրական հրամանը՝ «Շարվե’լ»։ Խոսակցությունն առժամանակ ու անժամանակ ընդհատվեց, սակայն Արմանը փոթորիկ էր կանխազգում, որ ոչ թե երկինքը, այլ Նաիրիի աչքերն էին հուշում։ Սիրադեղյանը շարեց ու սկսեց անիմաստ ու աննպատակ հրահանգավորման գործընթացը արտաքնապես շատ բարձրահասակ ու վտիտ կազմվածքով այս սպան ժամանակին որպես զինվոր էր ծառայել այս զորամասում ու այժմ, թվում է՝ չէր էլ հարմարվել իր նոր կարգավիճակին զինվորներից ոմանք (նաև Տոմեյանն ու Արամյանը) անգամ առանձին եղած ժամանակ դիմում էին ուղղակի անունով՝ «Միքո»։ Զարմանալի անիմաստ ու անհոգ աչքեր ուներ Միքոն՝ մեկ շատ հանգիստ էր ու ընկերական ենթակաների հետ, մեկ էլ հանկարծ ինքն իրեն կկատաղեր ու կցուցադրեր կոկորդի ամբողջ հզորությունը՝ դառնալով Արամյանի պարսավանքի առարկան, թեև ամեն դեպքում այս երկուսն ուղղակի ժամանակի ընթացքում մտերմացան։ Շարքը ցրվեց, գնացին լվացվելու ու ստեղծվեց խոսակցության հարմար առիթը Նաիրին մոտեցավ

– Արման, դու կարծեմ Բ․․․․ գյուղից էիր, այնպես չէ՞։

– Հա, ի՞նչ կա որ։

– Նաիրի անունով երիտասարդի ճանաչում ե՞ս

-Հստակ չեմ կարող ասել, բայց դեռ կճշտեմ,- փոքր-ինչ մտքերն ի մի բերելով պատասխանեց Արամյանն ու շարունակեց,- բայց ի՞նչ կա, կասե՞ս վերջապես․․․

– Հենց նա է, ում պատճառով, պատկերացրու, արդեն մի քանի գիշեր չեմ քնել,- ծիծաղեց ու վրա բերեց Նաիրին՝ ինքն էլ զարմանալով, որ դեռ ունակ է կատակել։ Այնուհետև ամբողջ պատմությունն իմացավ նաև Արմանը վերոնշյալ Նաիրին հենց նա էր, ու արդեն պատկերացրինք՝ Սոնայի հավանական փեսացուն։ Զորանոց վերադառնալուց հետո Արմանն առանձնացավ՝ որոշակի տեղեկություններ ճշտելու համար վերոնշյալ Նաիրիի մասին Տոմեյանն անհամբեր սպասում էր Արմանի կարճատև բացակայությունը նրան թվաց ամբողջ հավերժություն, սակայն սպասել էր պետք ՍՊԱՍԵԼ և ՀՈՒՍԱԼ ։ Տվյալների ճշտումն ուղղակի կարճ ժամանակ պահանջեց Արմանից, արդյունքը խոստումնալից էր ու հուսադրող նորահրաշ փեսացուն իր անհաճո ու տկարամիտ խնամիներից մեկի հորեղբոր որդին էր, ով կյանքն անցկացրել էր Ռուսաստանում և այժմ միայն վերադարձել էր հայրենիք՝ ամուսնանալու։   Ընդհանրապես, կա հայի մի անընդունելի տեսակ, որին այս մեկը ևս պատկանում էր նրանք ողջ կյանքում ապրում ու աշխատում են օտարի հողի վրա՝ առանց հայրենիքը հիշելու անգամ ու այստեղ հայտնվում են հիմնականում երկու նպատակով՝ ամուսնանալու, և որ քսանմեկերորդ դարում առավել արդիական է դարձել՝ «թաղվելու» համար, որն իրենք անվանում են «հայրենի հողում հանգչել» ազգի կատարյալ նվիրյալներ, որոնք  հայրենիքից վերցնում են ամեն հնարավորը՝ հետագայում վերադարձնելով սեփական անպետք ու անկենդան մարմինը․․․

 Տոմեյանի աչքերից հույսը կարծես մարում էր՝ ամեն անցնող վայրկյանի հետ հաստատակամ ու վճռական այն տղան, ով օրեր առաջ կոպտում էր Սոնային՝ այժմ վախենում էր նրան կորցնելու անդառնալի ճակատագրից զանգեցին Արմանի փեսային՝ Վլադիկին (իրականում ամեն ինչ փոքր ինչ այլ էր՝ այս «փեսա» կոչվածը տարիներ առաջ փախցրել էր Արմանի զարմուհուն՝ դեռատի ու անփորձ մի աղջկա, ով ամոթից ու հասարակության բամբասանքներից վախեցած մնաց այս անհավասարակշռվածի հետ), հուսալով նրա միջոցով կապվել Նաիրիի հետ ու բացատրել իրավիճակը կարճատև խոսակցությունը կարծես ընկերների սրտով էր Վլադիկն ու Նաիրին էլ, ինչպես երևում էր, հասկացան իրենց անելիքը․․․

   Առավոտ էր «Արարատյան դաշտի՝ արդեն ուշահաս առավոտներից մեկը»․․․ անտրամադիր Երկինքը կրկին մռայլ ու անձրևոտ օր էր խոստանում, Արևը ալարկոտ ու առավոտվա համար անհասկանալիորեն հոգնած կերպով ճպճպացրեց աչքերն ու թաքնվեց ամպոտ վերմակի տակ՝ կարծես ինչ-որ մեկից նեղացած կերպով, հետո լաց եղավ՝ խոշոր արցունքներ թափելով դրան այնքան կարոտով սպասող Հողին։

 Անձրևը դաժանորեն ծեծում է պատուհանը՝ կարծես ներս մտնելու պատրվակով ամբողջ գիշեր անհանգստությունից աչք չփակած աղջիկը, կանգնած պատուհանի առաջ, նայում է իր բնություն բեմադրած ֆիլմից այս հատվածը՝ հոգում զգալով մոտալուտ փոթորկի նախանշանները։ Պատուհանի առաջ կանգնած՝ նրա սլացիկ մարմինն ավելի կատարյալ է երևում այս նուրբ ամառային գիշերազգեստով, մեջքին փռված երկար, սև մազերով, ու անգամ անքնությունից ուռած աչքերն են ընդգծում նրա հմայքը վերջապես կրկին պառկեց՝ աչքերի հորձանքին ազատություն տալով անորոշությունից ,թվում է, կիսամերկ կրծքից ուր որ է՝ դուրս կթռչի սիրտն ու կհասնի Նաիրիի մոտ ավա՜ղ․․․ Արդեն հստակ որոշել է՝ հաջորդ անգամ էլ եթե այդ անզգամները գան իրենց տուն, առանձին կխոսի Նաիրիի հետ, կփորձի հասկացնել, որ իր սրտում միայան տեղ կա Նաիրիի համար, բայց այդ Նաիրին դեռ հեռու է, անհասանելի դեռևս մի քանի օրով էլ․․․ա՜խ Նաիրի՜, Նաիրի՜․․․ ինչու՞ ես դու Նաիրի․․․ ակամա ժպտաց հիշեց իրենց վերջին հանդիպումը, հետո՝ երբ առաջին անգամ Նաիրին դիպավ նրա ձեռքին որքան ջերմ էր այդ ձեռքը, որքան քնքուշ՝ իր ողջ կոշտությումբ հանդերձ․․․ կարծես էլեկտարական հոսանք լիներ առաջին հպումը։ Այժմ փակ աչքերով երազում է լինել կրկին իր սիրելիի գրկում, բայց ճակատագիրն առաջարկում է միայն այն խեղկատակին, որ լոկ իր պաշտելիի անունն է կրում։ Ի՞նչ է լինելու վերջում անորոշությունը աշխարհիս բոլոր պատիժներից վեր է․․․– հանկարծ մտքերն ընդհատվեցին՝ աստիճանաբար մոտեցող ծանր քայլերից, որոնք հասան իր սենյակի դռանն ու կատաղի  կերպով բացվեց դուռը թվում է՝ եթե այն կողպված լիներ, կպոկվեր տեղից, քանզի այդքան կատաղած էր դրա բացողը այո´, կատաղած, այլ ոչ բարկացած։ Հասկանալի է, որ Մանվելը մտավ Սոնայի սենյակ․․․ Գոռգռաց աղջկա վրա, անգամ փորձեց բռունցքի ուժն աղջկա վրա ստուգել, սակայն քիչ անց հանդարտվեց, հաստ ու անճոռնի մատներով հավաքեց մի հեռախոսահամար, չարախնդաց ու դուրս եկավ՝ միջանցքից լսելի ձայնով արտաբերելով Սոնայի համար արդեն ատելի դարձած մարդու պաշտելի անունը․․․

   Ինչպես հետագայում պարզվեց՝ Մանվելն իմացել էր, որ իր ապագա փեսան (որին նա արդեն «սեփականաշնորհել էր») չպլանավորված զանգ էր ստացել Սոնայի սիրելիից, սակայն իրականությունը Մանվելը խեղաթյուրել էր ու արդարացումներով համոզել ռուսահային, որ չկա փոխադարձ սեր, «Սոնան անգամ նորմալ չի էլ ճանաչում այդ ֆրանկին, ու այս ամենն ուղղակի նրա հիվանդ երևակայության արդյունքն է, որով փորձում է անհասանելին պահել Սոնային երկրպագուների համար»։ Մնում էր մի հարց՝ ումից Մանվելն իմացավ զանգի մասին․․․ Աղջիկը փղձկաց ու թավալվեց անկողնում, հետո հավաքեց ուժերն ու զանգեց Նաիրիին՝ իրավիճակը «զեկուցելու»․․․

Նաիրին այլայլվեց բռունցքի մի քանի հարված ու փայտե միջնապատի ճռճռոցից միայն հասկացավ, որ ձեռքը ցավում է սակայն ձեռքից առավել այժմ սիրտն էր ցավում, սիրտն ու հոգին, որ մղկտում էր անկարողությունից սկսեց վերջերս սովորություն դարձրած եղունգները կրծոտելը, երբ ներս մտավ Արմանը։ Նաիրին ներկայացրեց իրավիճակն ու վճռեցին մեկ անգամ էլ զանգել անհաջող զրուցակիցներին այս անգամ չստացվեց հանգիստ զրույց ու տեղի տված նյարդերը հանգեցրին փոխադարձ հայհոյանքների բախումն անխուսափելի էր մնում էր սպասել հարմար պահին Նաիրիից այդ պահն օրեր, թերևս պարտադրված շաբաթներ էր պահանջում, իսկ ռուսահայն ուղղակի խուսափում էր դեմ առ դեմ հանդիպումից։ Դեռ մեկ ժամ չանցած՝ զանգեց Սոնան հեկեկոցը թույլ չէր տալիս պարզ արտահայտել մտքերը, սակայն կցկտուր խոսքերից էլ պարզ դարձավ, որ տղամարդուն անվայել արարքներով հակառակորդ կողմը փորձում է առավելություն կորզել փեսացուի գլխավոր մարզիչը Վլադիկն էր։ Արմանը մի պահ անգամ սկսեց ներքին ամոթ զգալ, որ ընկերներին ասել էր Վլադիկի՝ ով լինելը, սակայն Նաիրիի հուսադրող ժպիտը հասկացրեց, որ դա արդեն գրեթե մոռացության է տրված։

Կեսգիշերն անց է Նաիրին ու Արմանը տարբեր պահակակետերում ժամապահներ են, հերթափոխի ժամանակ Նաիրին հասցրեց տեղեկացնել, որ զորամաս են հասնելու Սամվելն ու Կարենը (Սոնայի եղբայրները) պարզ էր, որ եթե նախկինում խաղաղ նպատակներով եղած հանդիպումները կողմերի միջև ավարտվել էին պայթյունավտանգ իրադրություններով, ապա այժմ ամեն բան կարող էր առավել լուրջ հետևանքներ ունենալ երկուսի համար էլ։

 Լուսինը մռայլ էր, աստղերի ամենօրյա պարն էլ հետաձգվեց, նույնիսկ փորձ չեղավ երկնակամարը կարծես դատարկվել էր ամենօրյա լուսատուներից, շվարած Լուսինը թախծոտ հայացքով ներքև էր նայում՝ կանխատեսելով ճակատագրական բախում ամպերի անկանոն բանակները հարձակում գործեցին միայնակ Լուսնի վրա, Լուսինը տեղի տվեց։ Մեքենան մոտեցավ զորամասի անցակետին մոտենալուց առաջ Կարենը զանգեց Նաիրիին և վերջինիս կողմից հրավիրվեց պահակակետ, որը հեռու էր զորամասի տարածքից և համեմատաբար ապահով էր երկուսի համար էլ, սակայն Կարենը, հասկանալով, որ դեպքերի անհաշվենկատ զարգացման պարագայում միայնակ ու հուսալքված ժամապահն արդեն ի վիճակի կլինի գործի դնելու ավտոմատը՝ առաջարկեց եղբորը սառը դատել ու սպասել Նաիրիի զորացրվելուն սակայն Սամվելի գլխում այժմ այլ պլաններ էին հյուսվում համաձայնեց եղբոր առաջարկին ու որոշվեց Նաիրիին հանդիպել մի քանի օր անց՝ հավասար պայմաններում՝ որպես ազատ քաղաքացիներ․․․ Նաիրին երկմտանքի մեջ է, մի՞թե հասկացել էին իր դիտավորությունը պահակակետ էր հրավիրել ստահակներին, քանզի այնտեղ միակ տեղն էր, որտեղ կկարողանային հանգիստ խոսել, իսկ եթե չստացվեր․․․ եթե չստացվեր, իր պահակակետում հայտնված երկու կարգազանցներին կկարողանար պատժել ․․․․ավտոմատով։ Սակայն, գուցե բարին էլ հենց սա էր։ «Իսկ Սոնան չզանգեց․․․»։

 Սոնան դեռևս քնած չէ, Նաիրիի կայքից հեռացնում էր իրենց նկարները, քանզի հայրն ինչ-որ նկարների մասին էլ ակնարկեց «փեսայի» հետ խոսելիս՝ ասելով, որ դրանք Սոնայի ու համադասարանցու նկարներն են․․․

 Լուսաբաց է պահակայինների համար ամենաանտանելի ցրտերն աստիճանաբար սկսում են ընթանալ, ու այսպես՝ մինչև մարտ-ապրիլ։ Դիտաշտարակը ցնցվում է քամու ամեհի ընթացքից Նաիրին ցրտից կուչ եկած՝ մատներն է տաքացնում ու պատկերացնում մեկ ամիս անց․․․պառկած է տանը՝ Սոնայի կողքին, ջերմանում է նրանով ու արբենում նրա սիրուց, Սոնան արդին իր կինն է ու․․․«Մի՞թե սկսում եմ դառնալ ռոմանտիկ»․․․ակամա ժպտում է։ Սակայն պարզվում է, որ կյանքն ունի իր ընթացքն ու տրամաբանությունը, ու այն հեշտ չէ փոխել։  

Աշնան Արևը բացեց աչքերը, փորձեց ժպտալ կրկին չստացվեց։ Արմանը կանգնած է՝ սառը դիտաշտարակի կողափայտերին հենված ու փորձում է «քաղել» արևի նորընծա ջերմությունը։ Թեև վերջերս միայն տարված էր Նաիրիի հարցերով, սակայն իր անձնականը ևս անուշադրության մատնել չէր կարելի։ Տանեցիներից բացի Արմանին սրտատրոփ սպասում էր Անին, որ շուրջ մեկ տարի է՝ Արմանի ընկերուհին էր նախկին համակուրսեցի, որին ուղղակի չէր նկատում լսարանում, սակայն Անիի համար նա հենց այն երանելին էր, ով պիտի լիներ իր կողքին։ Լսարանում Արմանը չէր էլ նկատում Անիի ջերմ հայացքները (եթե անկեղծ՝ շատ ուրիշ հայացքներ էր նկատում կամ փորձում կենտրոնացնել իր վրա)։ Անգամ շատ սառը վերաբերվեց այն փաստին, որ նույն թաղամասում ապրող աղջիկը մի անգամ խնդրեց իրեն տուն ուղեկցել։ Սակայն ամեն բան արագորեն փոխվեց, երբ մահացավ աղջկա մայրը այդ ժամանակ Արմանն արդեն ծառայում էր, սակայն սկսեց պարբերաբար զանգել Անիին, քանզի հուսահատության պահերին Արմանը կարողանում էր լինել հուսալի ու օգտակար զրուցակից ժամանակն անցավ ու Արամյանն ուղղակի հասկացավ, որ այդ զրույցների կարիքն այժմ ինքն էլ ունի, ու աղջկա մեջ կար այն անթաքույց հմայքը, որն ինքն անուշադրության էր մատնել այդ անհնազանդ երկար-սև մազերը, այդ ջինջ-հրեշտակային աչքերն ու ցանկալի վարդագույն շուրթերը․․․ սիրու՞մ էր- Անին այժմ առավել լուրջ ու կարևոր էր դարձել իր համար սակայն այդքանը միայն․․․

Անկողնում պառկած Սոնան սրտատրոփ սպասում է հերթական այգաբացին արդեն որերորդ գիշերն անցավ առանց քնելու, ու դեռ որքան են լինելու նման գիշերները․․․ Ալարկոտ քայլերով բարձրացավ անկողնուց ու մոտեցավ պատուհանին կարճ գիշերազգեստն ընգծում էր նրա վայելուչ մարմինը, և երբ բացեց պատուհանը՝ արևի շողերը վայրկենաբար սկսեցին անկշտորեն հիանալ նրա ճերմակ մարմնի գեղեցկությամբ, սակայն անշպար դեմքը կաթի գույն էր ստացել, իսկ անքնությունից աչքերն ուռել ու զրկվել էին կենարար փայլից։ Պատուհանից նկատեց բակում կանգնած մեքենան եղբայրները տանն էին։ Վերջերս սկսել էր նաև նրանցից խուսափել, առավել ևս՝ Կարենից։ Անկողինը հավաքեց ու դուրս եկավ սենյակից, սանդուղքներով իջավ հյուրասենյակ, այնուհետև անցավ խոհանոց, որտեղից իրեն էր հասնում առավոտյան սուրճի արթնացնող բույրը։ Խոհանոցում արհամարհական հայացք գցեց աթոռին փռված Կարենի վրա, ով անփութորեն վայելում էր սուրճը։ Քրոջը նայեց գող շան հայացքով, այնուհետ հազաց ու դուրս եկավ։ Սոնան անգամ չհասցրեց տալ այն հարցը, որն այնքան տանջել էր իրեն երեկվանից, սակայն գուցե ամենաճիշտն այժմ ցավոտ ու բարկացնող հարցեր չտալն է․․․ Այնուհանդերձ խոսակցությունը կայացավ ներս մտավ Սամվելն ու խոսեց իր համար այնքան տհաճ թեմայի շուրջ, սակայն իրականությունը ներկայացվեց խեղված ու անիրական քողի ներքո այնուհանդերձ այս անգամ ճառը եղավ տպավորիչ ու արգասաբեր։

 Արդեն երեկոյան յոթն անց էր։ Առաջին անգամն էր, որ առանց պատճառի՝ Սոնան չզանգեց։ Նաիրին անհամբեր սպսաում էր սիրելիի զանգին՝ անհանգստությունից սեղմելով հեռախոսի կոճակները այնուհանդերձ չդիմացավ ու զանգեց սառն ու անտարբեր ձայնը` հեռախոսից այն կողմ, խնդրեց այլևս չզանգել «Զարմանալի է՝ ինչպե՞ս ինձ թողեցիր այսքանից հետո․․․ այլևս չզանգես ինձ, մեր սերը չկա այլևս, կյանքս էլ արդեն անիմաստ է»։ Ասելիքն ավարտելուց հետո անջատեց հեռախոսը՝ ասես այդպես էլ պետք է լիներ, ասես այն հինգ տարին, որ անցկացրել էին միասին՝ ուղղակի ժամանակի անիմաստ պարպում է եղել։ Նաիրին անգամ բառ չհասցրեց արտաբերել սկսվեց տվայտանքների հորձանուտը, փլուզված սիրո հորձանուտը։

 Նոյեմբերի վերջին տասնօրյակն է, աշնան եզրափակիչը լարված է ու չի ուզում շուտ կայանալ: Մի երիտասարդ, որ լիովին կորցրել է իր տեղին ու դիրքին վայել տեսքը՝ խառը, թափթփված մազերով, երկու օրվա չսափրած մորուքով, մթագնած ու անքնությունից փոս ընկած աչքերով, քայլում է այս ու այն կողմ երկու օրից իր համար հարազատ դարձած, նույնիսկ սիրելի աղջկա հարսանիքն է, Ամալյան ամուսնանում է։ Այժմ հասկանացավ ու գիտակցեց շիկահեր ու կապուտաչյա աղջնակի դերն ու արժեքն իր կյանքում, գնահատեց, բայց արդեն ուշացել էր։ Մի բան հաստատ էր՝ անգամ Անիի գոյությունը չի սպանել իր մեջ Ամալյայի հանդեպ ունեցած զգացմունքները։ Երկար ու հերթական անքուն գիշերը մի կերպ տեղը զիջեց աշնանային արևի ուշացած շողերին։ Արմանի համար օրը կրկին սկսվեց՝ դեռ չավարտած նախորդը։ Արձակման թերթիկ ստանալու հավակնությունը ստիպեց ալարկոտությամբ կարգի բերել արտաքին տեսքը, սակայն արձակման դուրս գալուց հետո համարձակությունը չբավականացրեց գնալ մի վերջին անգամ էլ Ամալյային տեսնելու, որոշեց զանգել՝ զորամաս վերադառնալուց հետոզորամասին մոտ գտնվող հարմարավետ հյուրանոցում մատչելի գներով հնարավոր էր օգտվել այն բոլոր վայելքներից, որ հնարավոր էր արձակման կարճ ժամանակահատվածում, իսկ աղջիկների պակաս՝ չկար։

 Արձակումից վերադարձավ բավական լիցքաթափված, սակայն զորամասի միատոն ու անգույն մթնոլորտը, որոշ բութ ու աննպատակ տարրերի առկայությունն ու ձևական կարգուկանոնը ստիպեցին վերադառնալ իրականություն։ Նաիրին սովորականի պես պառկած էր մահճակալին՝ լուռ ու սովորականից ավելի հուսահատված թվում էր՝ հարմար առիթի էր սպասում պոռթքալու համար։ Արմանի զարմանքը կրկնապատկվեց՝ երբ ընկերն իր հետ ընդհանրապես բառ չփոխանակեց։ Վարդանի խոսքերից պարզ դարձավ, որ Սոնան արդեն նշանվել էր Արմանն այնուամենայնիվ փորձեց խոսել, ընդհանուր ելք գտնել, սակայն միակ բանը, որ հստակ էր՝ Սոնան միանգամից փոխվեց, երբ եղբայրները «այցելեցին»  զորամաս այս «վարկածը» հաստատեց նաև Մերին։ Պետք էր նոր բան մտածել։ Արմանն իրեն մեղավոր էր զգում՝ Վլադիկի սրիկայությունների համար ու ամեն կերպ փորձում էր որևէ հնարավոր ելք գտնել։ Վլադիկի կնոջից որևէ տեղեկություն ստանալ հնարավոր չէր, իսկ ահա վերջինիս քույրը՝ Գայանեն, աչքաբաց ու աշխույժ աղջիկ էր, ով կարող էր շատ բան իմանալ միակ տարբերակ։ Իմանալով, որ քրոջն արգելված է Արմանին որևէ տեղեկություն հաղորդել՝ Գայանեն ինքն է ճշտում անհրաժեշտ որոշ տվյալներ ու տեղեկացնում Արմանին։ Որոշ արժեքավոր տեղեկություններ հասցնում էր նաև Մերին։ Ըստ Մերիի պատմածի եղբայրների հետ խոսելուց հետո էր Սոնան հիասթափվել Նաիրիից, բայց թե կոնկրետ ինչ էին ասել քրոջը Կարենն ու Սամվելը, անգամ Մերիին չէր հաջողվել իմանալ, սակայն ճշտել էր, որ նույն օրը Մանվելը զանգել էր նախընտրելի Նաիրիին ու տվել համաձայնությունը։ Որոշ ճշտումներ արդեն կային, սակայն մի բան կար, որ անհասկանալի էր ի՞նչ կարող էին ասած լինել Սոնային։ Գայանեի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Նաիրին ու Սոնան հրավիրված էին Ամալյայի հարսանիքին հարսանիք, որը կրկին Արմանին ստիպեց ընկնել հիշողությունների գիրկը։ Սակայն այժմ առավել կարևոր էր կազմակերպել Նաիրիի ու Սոնայի հանդիպումը սա միակ հնարավորությունն էր։ Նաիրին հստակ պլանավորեց մի բան միայն, վաղն անպայման գնալու էր, պետք էր սպասել միայն հերթական երկար գիշերը։

 Օրվա վերակարգը հայտնելուց հետո կարծես ճակատագիրը նվեր մատուցեց Նաիրին ու Արմանը ընդգրկված չէին պահակակետերում։ Երկուսի համար էլ կարևոր ու ճակատագրական օր է թվում մեկը հավերժ կորցնում է իր սիրելիին, մյուսը փորձում է ամուր կառչել վերջին հնարավորությունից։

 Երեկոյան յոթն անց էր արդեն, բոլոր սպաները գնացել էին՝ բացի պատասխանատուներից ու հերթապահներից։ Նաիրին աննկատ դուրս եկավ զորամասից, ընկերը նախօրոք պայմանավորվածության համաձայն՝ քաղաքացիական հագուստ էր բերել ու մեքենա, որով Նաիրին հասավ մինչև հարսանյաց սրահ։

 Կերուխումը կլանել էր հարսանյաց սրահում հավաքված հասարակությանը, շատերն այստեղ էին ուղղակի քաղաքավարության կանոններից ելնելով, շատերը՝ կեղծ ժպիտներով, մի մասն էլ արդեն լակած ու կոնծած։ Առաջին հայացքից աչքի էր ընկնում գեղեցկուհի հարսը՝ երկար, ոսկեգույն ալիքաձև մազերով, երկար թարթիչները գեղեցիկ ներկած, կապույտ աչքերը՝ երջանկությամբ լի սքանչելի էր հարսնացուն, նախանձել կարելի էր փեսային։ Սրահ մտան երկու երիտասարդ ու աննկատ տեղավորվեցին ազատ մնացած աթոռներին պատահականորեն, կամ որպես ճակատագրի նվեր այստեղ էր նաև Հովիկը՝ արդեն զորացրված նախկին ծառայակիցը։ Նաիրին անհանգիստ հայացքով այս ու այն կողմ էր նայում՝ փնտրելով հարազատ դեմքը վերջապես տեսավ սիրելիին՝ ծիրանագույն-ոսկեթել վերարկուն ու կարճ, սև շրջազգեստը համեստորեն ընդգծում էին նրա գեղեցկությունը անընդհատ ժպտում էր՝ սառն ու դատարկ ժպիտով ու թևանցուկ էր արել իր նշանածին։ Որքան էլ Նաիրին մինչև այժմ ցավով նայել էր նրանց՝ միասին արված լուսանկարները, այժմ ամեն ինչ թվաց ավելի անդառնալի։ Սրտում դատարկություն տիրեց, ուղեղը մթագնեց ու բանականությունը աստիճանաբար զիջեց հարմար պահը երկար սպասեցնել չտվեց Սոնան մի պահ մենակ մնաց, երբ փեսացուն անցավ Նաիրիի կողքից, վերջինս հազիվ զսպեց գրպանում սեղմած բռունցքը «անմեղ զոհին» հասցնելու անսպառ ցանկությունը։ Նաիրին փորձեց մոտենալ եթե միայն Սոնան գար իր հետ, եթե միայն ժպտար իրեն գոնե մեկ անգամ՝ առանց մտածելու կտաներ նրան այստեղից անգամ կարևոր չէր, որ տանելու տեղ չուներ։ Որքան շատ էր սիրում։ Սեր մարդկային արժեքներից ամենամեծն ու վտանգավորը, որի չափման միավորն ու ոչնչացման շառավիղները անչափելի են։

 Սոնան նկատեց անկյունում կանգնած հարազատ դեմքը հասկացավ, որ իր մեջ դեռ չի մարել սերը բայց ինչո՞ւ է Նաիրին այստեղ այժմ պետք չէ տրվել զգացմունքներին, այժմ պետք է սթափ դատել ու գործել վերցրեց հեռախոսն ու զանգեց եղբայրներին։ Նաիրին աղջկա անտարբեր հայացքից հասկացավ, որ անիմաստ է նրա հետ խոսելը հասկացավ, որ հեռանալ է պետք․․․

 Մթության մեջ մեքենաների անկանոն աղմուկն ու քամու սուլոցը խլացնում են մնացած ձայները։ Նաիրին անհանգստությունից եղունգներն էր կրծոտում՝ հոգու խորքում պահելով այն հույսը, որ Սոնան կզանգի սպասում էր՝ հուսալով․․․

 Չստանալով ցանկալի զանգը՝ Նաիրին հիշեց սրահում հանդիպած Հովիկին ու զանգեց հին ընկերոջը՝ տեղեկանալու իրադարձությունների հետագա զարգացումից։  Հովիկը պատմեց, որ տարօրինակ որևէ բան տեղի չէր ունեցել՝ չնայած որ Նաիրիի հեռանալուց րոպեներ անց սրահի մոտակայքում հայտնվել էին  ոչ այնքան տոնական հագնված երկու երիտասարդ նկարագրական մասի ավարտից հետո Նաիրիի համար պարզ էր, որ նրանցից մեկը հաստատ Կարենն է եղել մշուշն աստիճանաբար ցրվեց, շուտով կհասնեին զորամաս։

 Նաիրին զորամասում է։ Չխոսելով ընկերների հետ՝ եկավ ու քնեց։ Քնեց խորն ու անհագ քնով թվում էր՝ հոգնածությունից ազատվելու համար նրան մի քանի օրվա երկար քուն էր պետք, սակայն հոգնածությունը նրա հոգու մեջ էր, այլ ոչ ֆիզիկականի։ Հեռախոսն անընդհատ զանգում էր ծանոթ ու անցանկալի էր համարը Կարենն էր։ Թող մտածի՝ քույրն է չափազանցնում, տրամաբանորեն ինքը չէր կարող տվյալ ժամին սրահում հայտնված լինել, իսկ այժմ զորամասում քնելու ժամ էր։

 Ի՞նչ էր կատարվել իրականում։ Հուզված աղջիկը, անելիքը չիմանալով՝ շտապողականությունից զանգեց եղբայրներին այո, եղբայրներին, քանզի նշանածի նկատմամբ դեռևս չուներ բավականաչափ վստահություն զանգեց էր ու փոշմանեց Նաիրիի գնալուց հետո իր մեջ առաջացել էր սիրելիի հետ մի վերջին անգամ խոսելու ցանկություն։ Իջավ հարսանյաց սրահի բակ, շրջեց դատարկ մեքենաների մոտով ուամեն մեկի կողքից անցնելիս սպասում էր՝ ուր որ է՝ Նաիրին մեկնումեկի միջից դուրս կգա, ու թեև հայրը երդվել էր սպանել Նաիրիին, չնայած Կարենի պատմածի համաձայն՝ զորամասում Նաիրին ասել էր, որ Սոնան միայն զվարճալիք է եղել, ու ինքն այժմ «բարի բախտ» է ցանկանում Սոնային, այնուամենայնիվ Սոնայի գլխում մտքերի փոթորիկը վերսկսվեց։ Ինքն ամեն բան պատրաստ էր թողնել հանուն մեկի, ում համար ինքն ուղղակի խաղ, զվարճալիք է եղել, խաղ, որ ձգվեց հինգ տարի, որ անցավ գրեթե բոլոր կանոններն ու եղավ իր համար ճակատագրական։ Արդեն երկու օր է, ինչ տանը չի գիշերել, այլ փեսացուի հայրական տանը։ Ի՞նչ է գտել այս Նաիրիի մեջ (չնայած՝ հայրն այնքան էլ մեծ ընտրության հնարավորություն չէր թողել), ոչ մի ընդհանրություն իր Նաիրիի հետ, իր սիրելիի, իր համար արդեն իդեալականացված անձնավորության։ Մտքերով տարված՝ Սոնան չնկատեց Նաիրիի մոտենալը, իսկ երբ նկատեց, մեծ եղավ հիասթափությունը, քանզի իր երազի անունն էր միայն կրում մոտեցողը։

 – Ցուրտը վրադ չի՞ ազդում, սիրելի´ս ։

 – Ուղղակի ուզում էի առանձնանալ ներսի ճնշող միջավայրից, գնա ներս, ուզում եմ մենակ մնալ,- դրսի օդի պես սառը պատասխանեց Սոնան։

 – Շատ անտարբեր ես, դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս առհասարակ, անունս էլ չես տալիս, ի՞նչ կա մեջս այդքան վանող։

 – Իսկ գուցե կհարցնեիք, սիրելիդ իմ «ամուսին», թե արդյո՞ք կա մի բան, որ Ձեր մեջ ինձ ձգում է։ Չե՞ս մտածել երբևէ, որ բավական օտար ես՝ կողքիս այսքան մոտ լինելու համար, չե՞ս մտածել, որ գուցե ինձ ընդհանրապես դուր չես գալիս։

 – Կարևորն այստեղ իմ զգացմունքներն են, կարևորը, որ սիրում եմ քեզ․․․

 – Վե´րջ, բավական է կարևորություն տաս քեզ այնքան, որքան արժանի չես անգամ հարցնում ես ինչո՞ւ եմ սառը, ինչդ է վանող՝ դու չես էլ պատկերացնում՝ ինչքան դժվար է կոչել քեզ մեկի անունով, ով այժմ պետք է լիներ քո փոխարեն։ Ինձ չես էլ ճանաչում ու ինձնից լավ գիտես, որ մեր ամուսնությունն ուղղակի գործարք է՝ քո ու ընտանիքիս միջև, ու  քանի որ, ինչպես ինքդ ասացիր, սիրում ես՝ արի շարունակենք փոխպայմանավորվածությունը իրար հանդեպ պարտավորություններ չունենանք, իրար գոնե առաժմ, ոչինչ չխոստանանք։

 – Լա´վ,- կարճ կապեց Նաիրին,- իսկ այժմ բարձրանանք վերև՝ քանի դեռ տարօրինակ չի թվացել մեր երկար բացակայությունը․․․

 Բարձրացան վերև։

 Մառախուղը ցրվեց վաղորդյան արևը դադարել էր պատուհաններից ներս թափանցելն ու մերկ ծառերի անկանոն ճյուղերին եղյամ հետքեր էին նկատվում։ Ձմռան շունչն արդեն սառեցնում էր, այն իմաց էր տալիս իր մոտալուտ գալստյան մասին։ Նոյեմբերն իր տարերքի մեջ է՝ անկողնային հիվանդի պես, որն ամեն վայրկյան պատրաստ էր լքել անկողինն ու հավիտենական քուն մտնել։ Նաիրին արթնացավ տարօրինակ գլխացավից շուտով վերկացն է, հերթական պարտադիր վերկացը, որոնցից այնքան հոգնել էր, որոնցից ուզում էր օր առաջ ազատվել։

 Առավոտվա ձմեռային շնչառությունը զիջեց կեսօրվա մեղմ եղանակին ամեն դեպքում՝ աշունը կենդանության վերջին նշաններն էր ցույց տալիս։ Զորանոցի մուտքի մոտ երկու երիտասարդ դեմ դիմաց նստած են՝ լուռ ու տխրադեմ երկուսի մտքում էլ նույն թեման է, նույն օրվա պատկերը մեկի մոտ՝ հիշողության, մյուսի մոտ՝ երևակայության տեսքով։ Մեկը մտածում էր երեկվա հարսի մասին, որն արդեն ուրիշի կինն էր դարձել, մյուսը՝ կորցրած հարսնացուի, որը շուտով ուրիշի կինն էր դառնալու։ Գայանեն զանգեց ճշտել էր կայանալիք հարսանիքի կոնկրետ օրն ու ժամը, ինչպես նաև հարսանյաց սրահի հասցեն։ Թանկարժեք տեղեկությունները կարող էին դեռևս օգուտ տալ եթե միայն Նաիրին կարողանար երկու բառ խոսել Սոնայի հետ, եթե միայն․․․

 Արդեն մեկ շաբաթ էր անցել անցանկալի բաժանումից, արդեն մեկ շաբաթ Նաիրին չէր լսել ցանկալի ու հարազատ ձայնը, կենսական ծիծաղը, որ իր ամենօրյա ռեժիմի մի մասն էր դարձել, անգամ հեգնանքին ու հանդիմանությանն էր կարոտել։ Նաիրին նիհարել էր, աչքերի շրջանակներն ավելի էին ընդգծվել, այտոսկրերն օր օրի ցցվում էին, անգամ ծիծաղն էր փոխվել շատ անբնական էր։ Սովորականից շատ ծխելն ու աննորմալ քնելը վերջերս նրա առօրյայի հիմնական մասն էին դարձել, թեև հենց մի փոքր խորն էր քնում, հայտնվում էր ամենօրյա երազը՝ անցանկալի գովազդային ընդմիջման նման երազում Սոնան էր՝ հարսի ճերմակ զգեստով ու երջանիկ ժպիտով։ Որքան էր ուզում հավերժ համբուրել այդ ցանկալի ժպիտն իրեն պարգևող ցանկալի շուրթերը, ընդմիշտ գրկել ու բաց չթողնել Սոնային․․․

 Նոյեմբերի վերջին կիրակին է ցուրտ ու անարև մի օր։ Այսօր էլ Արևը ժպտալ չէր ուզում, այսօր էլ շատերի սրտում ուրախություն չկար՝ թեև հարսանիք էր, ճոխ ու առատ սեղաններով, թանկարժեք նվերներով ու էժանագին մասնակիցներով։ Սոնան երկար, սև մազերը հարդարել էր ու հարսի քող դրել գլխին, ճերմակ, ձյան նման փայլող ու ճչացող զգեստով կանգնած էր գնային առումով հարսի զգեստին չզիջող կոստյումով ու հպարտ ժպիտը աչքերի անիմաստ արտահայտությամբ լրացրած Նաիրիի կողքին։ Վերջ ամեն բան ավարտվեց, սկսվեց մի նոր կյանք, մի նոր սկիզբ դրվեց Սոնայի համար այժմ ինքը կունենա նոր ընտանիք, ամուսին՝ անցանկալի, բայց և այնպես, արդեն իր ամուսինը, ում փոխել, հրաժարվել, դեն նետել չի կարող։ Անկախ ներքին պայմանավորվածությունից՝ այս գիշեր ինքը կդառնա այս անցանկալի երիտասարդի կինը կին կդառնա ու կլինի դժբախտ սա այն էր, ինչն իր համար պատրաստել էր հայրը, ավելի լավ նվեր այլևս իրեն պետք չէր։  Այս նոր սկիզբը վերջ դրեց իր թվացյալ երջանկությանը, հայրական տան դուռն ընդմիշտ փակվեց իր առաջ, սիրելի Նաիրիի սրտում էլ իր համար տեղ չկա այլևս։ Եկեղեցում ներկաները երկար սպասեցին անհանգիստ քահանան մեկ անգամ ևս կրկնեց ճակատագրական հարցը՝ «Հնազանդ ե՞ս»։ Սոնան նայեց շուրջբոլորը, նայեց հետ, մի պահ տատանվեց ու երկմտեց հայրը կատաղությունից շառագունել էր չլինի՞ վերջին պահին մի հիմարություն անի։ Հնչեց երկար սպասված պատասխանը, հնազանդ էր։ Հնազանդ էր՝ չխայտառակելու հորը, հնազանդ էր՝ չբարկացնելու եղբայրներին, հնազանդ էր՝ փեսայի ծախսերը ջուրը չլցնելուն վերջին հաշվով, Նաիրին շատ բան չուներ կորցնելու՝ բացի ծախսերից։ Հնազանդ էր՝ նոր կյանք սկսելուն, հնազանդ էր՝ իր և Նաիրիի տառապանքներին․․․

  Նաիրին նստած է վաշտի լսարանում, որտեղ լեյտենանտը ոգևորված դաս է անցկացնում՝ դիտմամբ ձայնը բարձրացնելով, որ հրամանատարությունը լսի՝ ծառայում է։ Մի կողմից՝ անկանոն աղմուկն ու ծառայակիցների տխմար ու անջատված դեմքերի աննպատակ արտահայտությունը, ինչպես նաև լեյտենանտի՝ Չեբուրաշկային հիշեցնող ականջները, մյուս կողմից՝ պատուհանագոգից փչող ցուրտ քամին նյարդայնացրին Տոմեյանին ականջակալները դրեց ու գլուխը հենեց սեղանին՝ արտաքին աղմուկից կտրվելու համար բայց աղմուկը չդադարեց, այն դրսից չէր, այն իր ներսն էր տակնուվրա անում։ Ամեն բան վերջացավ, տարան իր սիրելիին, տարան իր գանձը(վերջերս Սոնայի համար նոր մակդիր էր հնարել) ու ինքն անզոր եղավ, ուրիշը տարավ այն գանձը, որ միշտ մտածում էր, թե շատ խորն է պահել, թե երբևէ ոչ մեկն այն չի գտնի սխալվել էր՝ այս գիշեր այդ գանձն ուրիշին էր պատկանելու, այլևս՝ անվերադարձ։

    Աշնան Արևը հուզված էր սաստիկ, Աշնան Արևը կորցրել էր ժպիտը․․․

Հեղինակ՝ Աբրահամ Ավագյան

Գրել կարծիք