[newstory] Կնոջ կյանքը. «Աննան»

[newstory] Կնոջ կյանքը. «Աննան»

newmag-ի խմբագրություն ընթերցողի ուղարկած պատմվածքը: Կինը, որը չհասցրեց հասկանալ երբ սկսեց ապրել, արդեն ստիպված էր պարել որդու հարսանիքին:

Աննան ամուսնացավ երկրորդ կուրսից: Կիսատ թողեց համալսարանն ու ամուսնացավ: Սարգիսը տան միակ արու զավակն էր` մոր և երեք քույրերի` Ալինայի, Զարուհու և Հերիքնազի պարտադրված սիրո ու ուշադրության մեջ մեծացած:

Սկեսուրը` տիկին Գայանեն, աշխարհում ամենից շատ որդուն էր սիրում: Սարգիսն իրեն չզրկեց տղա ունենալու բերկրանքից, ամոթով չթողեց ամուսնու ու նրա տոհմի առաջ: Ալինայի ու Զարուհու` մեկ տարվա տարբերությամբ ծնունդներից հետո շտապեց լույս աշխարհ բերել երրորդ զավակին` վստահ, որ սա տղա է լինելու: Ասում են` Հերիքնազի լույս աշխարհ գալու օրը ծննդատնից վերադարձած ամուսինը այնպիսի ուժով է խփել տան դուռը, որ վերևի հարևանները վեր են թռել ու արձագանքել.

-Ամա՜ն, Գայանն էլի աղջիկ ունեցավ:

Հերիքնազի ծնվելու օրը ոչ ոք չի հարբել, ոչ ոք աչքալուսանք չի տվել, ոչ ոք շամպայն չի բացել: Անունն էլ դրել են Հերիքնազ` իբր` հերիք է նազելիներ ծնվեն…Գայանեն գլխիկոր տուն է վերադարձել վարդագույն բարուրով ու սպասել հաջորդ հրաշքին:

Հաջորդ հրաշքը երկար սպասեցրեց: Ասում էին` բժիշկներն ասել են` տղա ունենալու համար ամուսինները պիտի բուժվեն: Բուժվեցին, թե անխախտ հավատով վառած մոմերը օգնեցին, թե սուրբ Սարգսի` Գայանեին երազում հայտնվելը հրաշք գործեց, երրորդ աղջկանից տասը տարի անց ծնվեց Սարգիսը: Սարգսի ծնվելուց բացեցին ծնողների նշանդրեքի սինիի կոնյակը, ամբողջ գիշեր հայրը տուն չեկավ ու հարբեց…

Սարգսի ծնվելուց հետո տունը աշխուժություն ստացավ. կարծես Սարգիսը տան ոչ թե միակ արու զավակն էր, այլ ընտանիքի միակ երեխան` չորս մայրիկներով: Սարգիսը ելակի կոմպոտ է սիրում, Սարգիսը ճաշն առանց սոխի է սիրում, Սարգիսը գառան միս չի ուտում, Սարգիսը… Ու ամեն ամառ մառանում իրար կողքի շարվում էին ելակի կոմպոտները, ճաշը եփում էին քիչ սոխով, Սարգսի ափսեի միջից էլ մայրը կամ քույրերից մեկը պարտավոր էր մանրակրկիտ դուրս հանել սոխի մանր շերտիկները, իսկ գառան միսն ընդհանրապես արգելվեց խոհանոցում:

Ալինան, Զարուհին և Հերիքնազը նման էին իրար: Գուցե նման չէին: Ում հոգսն էր կտրվել զանազանություն փնտրել քույրերի միջև, ճաշակ, տարբերություններ գտնել: Մինչև Սարգսի ծնվելը ընտանիքը մի հոգս ուներ` տղա ունենալ, իսկ Սարգսի ծնվելուց հետո` ուրիշ հոգս` միակ տղային խաս պահել: Սարգիսը մեծանում էր քույրերի ու ծնողների պարտադրված ու խեղդող սիրո մթնոլորտում:

Աղջիկները մեծացան եղբայր ունենալու պարտադրված երազանքով (ոչ ոք իրավունք չուներ այլ բաներ երազել մինչև Սաքոյի ծնունդը), նրա ծնվելուց հետո էլ մի հոգս ունեին` հետևել, որ տղան միշտ կուշտ լինի և տաք հագնված: Նախաճաշի և ճաշի, ճաշի և ընթրիքի արանքում պիտի տղայի բերանը խցկեին որևէ բան` կեղևահան խնձոր, բանան, շաքարավազով կարագ (որպես պաղպաղակ) ու ելակ: Բակ դուրս գնալիս հեծանիվը ավագ քույրն էր քարշ տալիս, միշտ մաքուր գնդակը միջնեկ քույրը, ժակետը` փոքր քույրը: Ու թե հանկարծ երեխան խաղալիս վայր ընկներ, մայրը շնչակտուր հասնում էր ու.

-Վա՜, բա դուք ինչի՞ համար եք, էրեխաս ընկա՜վ, տունս քանդվեց…

Աղջիկների դպրոցական հանդեսներին, ծնողական ժողովներին, վերջին զանգին երբեք մայրը չէր մասնակցում, ոչ ոք չէր մասնակցում, քանի որ հանդեսներից, ծնողական ժողովներից և վերջին զանգերից առավել կարևոր և անվիճելի կարևոր բան կար` եղբայրիկ ունենալու փափագն ու ջանքերը, ապա՝ Սարգիսը` այդ նորածին, դպրոցական, զինվոր, ուսանող երեխան…

Ծառայության տարիները այդ ընտանիքի համար անցան սգի ու աղոթքի մեջ, մինչև որ քսանութամյա Հերիքնազն էլ այնքան մերժեց փեսացուին, իրենց նշանը հետաձգեց` ընտանիքը սիրտ չունի նման բաների, մինչև որ նա էլ մյուս քույրերի նման մնաց տանը…

Քսանամյա Սարգիսն ամուսնացավ զորացրվելուց անմիջապես հետո` առաջին կուրսում` ապագա լեզվաբան Աննայի հետ: Աննա կիսատ թողեց ուսումն ու ամուսնացավ:

Շնորհալի տանտիրուհու և քույրերի շնորհիվ ամեն ինչ շքեղ էր` և́ ֆուրշետի սեղանը, և́ ընդհանուր դիզայնը…

Երբ հարսանիքն ավարտվեց, Աննան շփոթված կանգ առավ նոր կյանքի, մի կույտ գործերի և չորս հմուտ տանտիրուհիների առջև` ինչպես դպրոցական աղջնակ: Ու չգիտեր` ում պիտի գոհացներ: Ումից սկսեր: Ով է ավելի ազդեցիկ: Ասենք նրան չվստահեցին էլ Սարգսի հետագա խնամքը հատկապես այն առավոտից հետո, երբ Աննան խաշած ձու և եռման թեյ դրեց ամուսնու առջև:

-Ամա՜ն, քոռանամ ես, էրեխուս բերանը կվառվի, ձուն էլ կլպած չի, կարագով տրորած չի…

-Ձուն կճպե՞մ, մինչև թեյը սառչի,-կմկմաց Աննան:

-Չէ, նախ թեյը երկու անգամ հովան արա:

Աննան, քանի որ չգիտեր` ինչպես են թեյը հովան անում, սկեսուր մայրիկը պահարանից վերցրեց ևս մեկ բաժակ և երկու անգամ լցնելով դատարկ բաժակները` իդեալական ջերմաստիճան ստացած թեյը դրեց սեղանին…

Աննային չվստահեցին նաև ամուսնությունից ինն ամիս անց ծնված երեխայի խնամքը: Հինգ մայր ունեցող երեխան մեծացավ հատուկ, չէ, գերհատուկ պայմաններում: Մինչև երկու տարեկանը չէր քայլում: Փառք Աստծո, բնածին, արատ չուներ, ուղղակի քայլելու պետք չկար, հետն էլ մայրերը մտահոգություն ունեին` բա որ ընկնի՞: Ոչ մի կոշտ սնունդ, ոչ մի երկու անգամ տաքացրած ճաշ, ոչ մի անկլեպ միրգ…

Իսկ երբ Աննան բերում էր փոխելու երեխայի թաց տակաշորիկն ու վարտիքը, նույն վայրկյանին չորս մայրիկները միաբերան հրահանգում էին.

-Մի հատ էդ երեխու շորերը փոխի, հա՛, թաց են. չմրսի-հիվանդանա…

Հոր մահից հետո Աստծո ողորմածությամբ մեկ տարվա մեջ երեք քույրերի բախտը բացվեց. Ալինան ամուսնացավ մեծ զավակներ ունեցող հորաքրոջ վաղամեռիկ տալի ամուսնու հետ, Զարուհին ընկերուհու միջնորդությամբ գնաց Ուկրաինա` կիսառուս-կիսահայ Վալտերին կնության, Հերիքնազը ամուսնացավ Ռուսաստանում «ցեխեր ունեցող» Գուրգենի հետ, և կարճ ժամանակ անց իրենց մոտ կանչեցին նաև Սարգսին: Սարգիսը չգիտեր, որ մեռնում է ռուս կանանց ճեփ-ճերմակ մաշկի և անբռնազբոս վարքի համար, Ռուսաստանի համար, ուր ոչ ոք իր սիրով ու գուրգուրանքով չի խեղդում, չի ճնշում, ընդարմացման չի մատնում…Իմացավ ու հաճույքով ընկղմեց այս նոր կյանքի մեջ` իր կյանքից հաճելիորեն այնքան տարբեր ու հրապուրող…

Գայանեն, Աննան ու փոքրիկ Ռուբենչիկը մնացին միասին: Մեծ տունը միանգամից դատարկվեց: Օրվա հոգսը մնաց Սարգսի զանգի ու ուղարկված ռուբլիների սպասումը, որոնք քիչ-քիչ պակասեցին, ապա լրիվ կտրվեցին: Աննան, երբ փորձում էր գանգատվել, բողոքել, գոնե մի անգամ սիրտը հովացնող խոսքեր ասել, կարոտած մայրը հարսին հանգստացնելու, թե որդուն պաշտպանելու համար ասում էր.

-Բալա ջան, սաղ երկիրն ա էդ օրի.Սիրանի մարդը չգնա՞ց, բա Կլարան ի՞նչ ասի. տարվա մեջ մենակ երեք ամիս ա մարդու էրեսը տեսնում, ըհը́, եղբորս տղան. նոր ամուսնացան, ու գնաց…

Բայց Աննայի բողոքն ուրիշ էր: Նա գիտեր, որ Սարգիսը ո́չ Սիրանի մարդն է, ո́չ Կլարայի, ո́չ էլ սկեսուրի եղբոր տղան: Սարգիսը Սարգիսն է` փափկասուն ու գիրգ կյանքով մեծացած Սարգիսը, վայրի ազատության համը տեսած Սարգիսը…

Միակ ու սիրելի որդուց մոռացված լինելու վշտից սիրտը չդիմացած սկեսուր մայրիկի թարմ հողաթմբի առջև կանգնած՝ լաց էր լինում Աննան ու չգիտեր` լքած ամուսնու, տանտիրուհու իրավունքները կորցնելու վշտից, թե իր` կյանքից բան հասկանալ չհասցնելով` որդուն ամուսնացնելու ուրախությունից…

Հեղինակ` Արմինէ Գ. Գաբրիէլեան

Գրել կարծիք