Լրագրողները ընդհատել են Թիլդա Սուինթոնի և Ջեք Ջիլենհոլի մասնակցությամբ Netflix-ի ֆիլմի ցուցադրությունը

Լրագրողները ընդհատել են Թիլդա Սուինթոնի և Ջեք Ջիլենհոլի մասնակցությամբ Netflix-ի ֆիլմի ցուցադրությունը

Պատմում ենք, թե ինչո՞ւ էին ֆրանսիացի լրագրողները վրդովվել կորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Օկջա» ֆանտաստիկ արկածային դրամայի փրես սքրինինգի ժամանակ:։

Կաննում կայացավ կորեացի ռեժիսոր Պոն Ջուն- հոյի «Օկջա» ֆանտաստիկ արկածային դրամայի փրես սքրինինգը։ Թիլդա Սուինթոնի և Ջեք Ջիլենհոլի մասնակցությամբ ֆիլմն արժանացավ սկանդալային ֆիդբեքի։

Netflix-ը, որը և հանդիսանում է ֆիլմի ստեղծողը, ցուցադրել է այն իր օգտատերերին՝ չվաճառելով ֆիլմը համաշխարհային կինովարձույթում։ Ըստ ֆրանսիական կինոյի օրենքի ֆիլմը կարող է հայտնվել համացանցում միայն 36 ամիս անց՝ կինոթատրոնային պրեմիերայից հետո։ Դա, իհարկե, դուր չեկավ ֆրանսիական մամուլին, որն առաջին իսկ վայրկյաններից սկսեց սուլել, բղավել, սրամտել սթրիմինգ հսկայի հասցեին։ Արդյունքում մոտ տասը րոպե անց կինոմեխանիկները դադարեցրին ցուցադրությունը,  ֆիլմի ցուցադրությունը վերսկսվեց որոշ ժամանակ  անց։

Պարզվեց սխալ կար նաև էկրանային համաչափության հարցում։ Երկու ժամ անց, մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսորն արձագանքեց սկանդալին. «Լրագրողները դիտել են բացումն երկու անգա՞մ։ Շատ լավ։ Դե ինչ, դա կարևոր և գեղեցիկ բացում է»: Թիլդա Սուինթոնը, որը ոչ միայն գլխավոր դերակատարներից է, այլ նաև ֆիլմի պրոդյուսերներից մեկը, շտապեց հստակեցնել՝ թիմը չի եկել Կանն մրցանակների հետևից, նրանք ուղղակի ցանկանում են ցուցադրել ֆիլմը կինոփառատոնի շրջանակներում։ Եվ առհասարակ, նորմալ է, որ արդեն հունիսի 28-ից այն կհայտնվի կայքում, չէ որ ոչ բոլոր փառատոնային ֆիլմերն են բարձրանում մեծ էկրան։ Ասուլիսին ներկա էին բոլոր աստղային դերասանները՝ Պոլ Դանոն, Ջեյք Ջիլենհոլը, Լիլի Քոլինզը և, իհարկե, Սուինթոնը։


[ԿԱՆՆ – 70]


«Օկջան»՝ հսկա խոզի և բեգեմոտի արտաքինով արհեստական լաբորատոր պայմաններում ստեղծված կենդանի է, որը տասը տարի ապրել է Միչո անունով աղջկա ծոցը։ Բանն այն է, որ կենդանուն ստեղծած կորպորացիան, որը գլխավորում է Սուինթոնի հերոսուհին, ցանկանում է ստեղծել իդեալական համ ունեցող միս, իսկ դրա համար կենդանիները պետք է սնվեն մաքսիմալ բուսաբնական պայմաններում։ Սակայն «Օկջայի» միակ մտերիմ ընկեր Միչոն տեղյակ չէ այդ մասին, և շուտով անտառային բնակավայրում հայտնվում են կազմակերպության ներկայացուցիչները ու ֆիրմայի դեմքը՝ էքսցենտրիկ բժիշկ Ջոննին (Ջիլենհոլ): Տեղափոխում են հրաշք խոզին Նյու Յորք՝ ռեստորանային ապագայի նախապայմանով։ Այստեղ աղջկան և կենդանուն օգնության է հասնում Կենդանիների ազատագրման ֆոնդը՝ հմայիչ առաջնորդ Ջեյի (Պոլ Դանո) գլխավորությամբ։

Իրականում «Օկջան» տեղ-տեղ կատակերգական և արկածային, բայց հիմնական մեսիջի առումով ազդեցիկ վեգան-ֆիլմ է, փրկության կոչ։ Դաժան և նոնկոմպրոմիսային նատուրալիզմով Պոն Ջուն-հոն խոսում է այն մասին, թե ինչ էտապներով են անցնում մեր սառնարանների լանգետներն ու կոտլետները։ Իհարկե, սա միակ խնդիրը չէ. Միչոն անմեղության և հավատարմության մարմնացուն է, նրա չորքոտանի ընկերուհին՝ մարդկային դաժանության և բիզնես ամբիցիաների զոհը։ Եվ պետք է նշենք, որ խոզավարի են այստեղ իրենց պահում միայն մարդիկ։

Գրել կարծիք