Ճի՞շտ է Օլեգ Եսայանը, երբ Սոլովյովի քննադատությունն անվանում է «մենախոսություն»

Ճի՞շտ է Օլեգ Եսայանը, երբ Սոլովյովի քննադատությունն անվանում է «մենախոսություն»

Վլադիմիր Սոլովյովը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին մեղադրել է անգործության մեջ: newmag-ը վերլուծում է ռազմավարական երկրում մեր դիվանագիտական ներկայացուցչի պատասխանը:

Ռուսաստանի ամենառեյտինգային հաղորդման հեղինակ, ռուսական հեռուստաաշխարհի կարևորագույն իդեոլոգ, ռուսական մեծապետական գաղափարախոսության N1 պրոպագանդիստ, հայտնի հեռուստառադիոմեկնաբան Վլադիմիր Սոլովյովն օրերս Երեւանում խիստ քննադատության ենթարկեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանին: Հայերի, Հայաստանի ու Արցախի հանդեպ բացառիկ դրական տրամադրված, Հայոց ցեղասպանության, հայոց պատմության, հայկական  մշակույթի հանդեպ մշտապես խիստ ընդգծված հարգանքով ու բարյացակամությամբ արտահայտվելու համար Սոլովյովը վաղուց Ալիևի և ադրբեջանցիների աչքի փուշն է դարձել:

Ի պատասխան, Սոլովյովը երբեք էքսպերտի կարգավիճակով հյուր չի կանչում որևէ ադրբեջանցի գործչի, մինչդեռ իր հաղորդումներում սուպերէքսպերտի կարգավիճակով մշտապես ակտիվորեն ներկա են «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Շահնազարովը, ՌԴ քաղաքական գործիչ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, պաշտոնաթող գնդապետ Սեմյոն Բաղդասարովը, խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ, քաղաքագետ, «Ժամանակի էությունը» շարժման լիդեր, Россия հեռուստաալիքի եթերում մինչև 2012թ. «Պատմական պրոցես» քաղաքական թոք-շոուն վարած, թատերական ռեժիսոր Սերգեյ Կուրղինյանը, որոնց հայտնած յուրաքանչյուր միտք արժանանում է Սոլովյովի հաղորդման հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

Սոլվոյովը Երևանում հայտարարեց, որ ՀՀ դեսպանին ոչ ոք չի ճանաչում՝ ոչ ՌԴ-ում, ոչ էլ ՀՀ-ում: Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլիին բոլորը ճանաչում են, այս մեկին՝ ոչ: Նա ասաց, որ Ապրիլյան պատերազմի օրերին դեսպանը տոտալ անգործության էր մատնված և ոչինչ չարեց Հայաստանի տեսակետը ռուսական լսարաններին հասցնելու համար: Սոլովյովի այս հայտարարությանը չհավատալու հիմքեր չկան, քանի որ հայկական մամուլն էլ այդ օրերին տարակուսում էր, թե Ռուսաստանի հայությունն ինչու որևէ ձայն չի հանում: Ի պատասխան Սոլովյովի սթափ գնահատականի, ՌԴ-ում ՀՀ դեսպանը (պարզվեց՝ Օլեգ Եսայանն էր) իր պաշտոնավարման նախավերջին օրը մի կայքի հարցմանն ի պատասխան քրթմնջաց, թե մեկ տարի շարունակ դիվանագիտորեն անուշադրության է մատնել Սոլովյովի քննադատությունը. Եսայանի ձևակերպմամբ՝  «նպատակային  մենախոսությունը»:

Ի՞նչ է ակնարկում՝ ՌԴ N1 հեռուստադեմքից փիս նեղացած Եսայանը: Ինչո՞ւ է նա Սոլովյովի քննադատությունը որակում «նպատակային», ընդհանրապես ի՞նչ ասել է՝ «նպատակային»,  ինչո՞ւ դեսպանը չի համարձակվել այդ 1 տարում Սոլովյովի այսպես ասած՝ «մենախոսությունը» վերածել կոնստրուկտիվ երկխոսության (հրապարակային կամ ընկերական): Եվ ի՞նչ կարող էր անել Հայաստանի դեսպանը՝ Ապրիլյան պատերազմի օրերին: Իրականում՝ ոչինչ:


[Իրականում` ոչ]


Ի՞նչ կարող էր անել դեսպանը մի երկրում, որի վաճառած զենքով են սպանում հայրենակիցներիդ: Այդ ի՞նչ պետք է աներ դեսպանը Ռուսաստանում, որ չի արել: Մի՞թե պիտի դիմեր ՌԴ արտգործնախարարին կամ ՌԴ նախագահին: Մի՞թե պիտի միտինգների հրահրեր Մոսկվայի և Ռուսաստանի հայերին, որոնք ավելի շատ են, քան Հայաստանի հայերը: Մի՞թե պիտի կանչեր «Ռուսաստանի հայրի միության» շեֆին ու հրահանգեր բողոքի ակցիաներ կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան, ՄԱԿ-ի մոսկովյան գրասենյակի, ԵՄ առաքելության շենքի առջև, Մոսկվայում գործող արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների դռների մոտ: Մի՞թե նա իր բան ու գործը թողած, պետք է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդին հորդորեր հանդիպել Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքին, որպեսզի 2 քրիստոնյա, քույր եկեղեցիները խաղաղության ձայն հնչեցնեին ու սաստեին ագրեսորին: Մի՞թե նա պիտի իր շուրջ հավաքեր Ռուսաստանի մշակութային, հասարակական, գիտական շրջանակներին ու հանրային մեղադրանքի ալիք բարձրացներ ագրեսորի դեմ: Մի՞թե սա է դեսպանի դերը, առաքելությունը, նպատակը, գործունեության էությունը: Իհարկե՝ ոչ: Նա վստահաբար զբաղված էր ՀՀ ԱԳՆ ավելի կարևոր հանձնարարությունները կատարելով:

Օլեգ Եսայանը չէր կարող օգտագործել Պետդումայի հայ պատգամավորների, սենատորների, նույնիսկ ամենակարող Արա Աբրահամյանի ներուժը, որովհետև Ռուսաստանում ամեն բան կատարվում է մեկ հոգու թելադրանքով: Դումայի հայ պատգամավորի մեկ անցանկալի ելույթից հետո նույնիսկ նրա անձեռնմխելիությունը նրան չէր փրկի: Չէր էլ հասցնի հայրենական կայքերում իր հայրենանվեր արարքի բերկրանքն ապրել, երբ կհայտնվեր փողոցում: Բազմահազար հայերով միտինգն էլ չէր իրականանա: Ռուսաստանը միտինգի երկիր չէ, այնտեղ նույնիսկ յուրայինների միտինգը չեն ներում, ուր մնաց՝ «վրատվածներինը»:

Բայց՝ Ճի՞շտ էր արդյոք Օլեգ Եսայանը. Իրականում՝ ոչ:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը որևէ փաստարկով չի հակադարձում ռուս պրոպագանդիստին: Չի հակադարձում, որովհետեւ չի կարող դժգոհել Ռուսաստանից, իսկ այ հեռուստամեկնաբանին կարող է համարել կողմնակալ: Այդպես ավելի անվտանգ է: Եվ պաշտոնավարման վերջին օրը այդ համարձակությունը ձեռք բերելը նույնպես ավելի պրագմատիկ է:

Օլեգ Եսայանը ճիշտ չէր, որովհետեւ ռուս հեռուստամեկնաբանի խոսքը փաստարկված է: Նա հստակ գործողություններ է մատնանշում, որոնք կարող էր անել դեսպանը, բայց չի արել: Շատ արդարացի է հնչում Սոլովյովի հարցը՝  «Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Տեսեք` որքան շատ են էթնիկ հայերը Պետդումայում։ Իրադարձություններ են ծավալվել։ Ո՞ւր են Պետդումայի քննարկումները, ո՞ւր է դեսպանի ակտիվությունը, ո՞ւր են այն մարդիկ, որոնք պետք է գեթ մի խոսք ասեն` իրենց երկրի շահերը պաշտպանելու համար»:

Իրոք, Ռուսաստանում Հայաստանի դեսպանը պետք է ամեն տեղ լիներ, պետք է ահազանգեր, պետք է կոչ աներ, որ հարցերը լուծվեն ի՛ր երկրի օգտին։ Անկախ նրանից, որ Ռուսաստանն է զենք վաճառում Ադրբեջանին, անկախ նրանից, որ ռուսները կարող էին նրանից շատ ավելի լավ տեղյակ լինել Շփման գծում տիրող վիճակին: Դեսպանն ուրիշ ինչի՞ համար է: Որ Մոսկվայի լավագույն ռեստորանում իր վարորդի հետ ընթրելիս ենթադրի, թե բոլորն ամեն ինչ գիտեն, եւ ոչ մեկին ոչինչ ասելու կարիք չկա՞: Դեսպանը միայն հայկական կառավարական պատվիրակություններին ընդունելու ու ճանապարհելու համա՞ր է: Այո՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Օլեգ Եսայանի անունը ոչ ոք չլսեց, լրահոսում նա չի եղել, նրա գործողությունները եղել են պրոֆեսիոնալ անգործություն:

Հիմա՝ Ճի՞շտ էր արդյոք Օլեգ Եսայանը

Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, եւ այդ երկրում պետք է նշանակվեն պրոֆեսիոնալ դիվանագետներ: Մասնագետնե՛րը պետք է աշխատեն, ոչ թե կոնյուկտուրային դեմքերը: Դեսպանի պաշտոնը ամենեւին էլ հին ընկերոջ լավություն չէ, ամենեւին էլ թոշակի անցնելու վայր չէ, ամենեւին էլ շնորհակալություն չէ՝ նախկինում արածների համար: Դիվանագիտական ձախողումը կարող է զրոյի հավասարեցնել մարտի դաշտում հազարների կյանքի ու հերոսության գնով ձեռք բերած ռազմական հաղթանակը: Դեսպանի պաշտոնը ծանր առաքելություն է, ինտելեկտուալ տքնանք, ամենօրյա սևագործ աշխատանք, որը վատ անելու դեպքում գնդակահարությունն էլ քիչ է:

Գրել կարծիք