ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ի վերջո կփակվի. բայց ինչո՞ւ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ի վերջո կփակվի. բայց ինչո՞ւ

Բաքվի վետոյի պատճառով փակվում ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Պատմում ենք` առհասարակ ինչպե՞ս է գործում ԵԱՀԿ-ն և ինչո՞ւ է Ալիևը հիմա հիշել ԵԱՀԿ այդ «սեղմակի» մասին:

ԵԱՀԿ-ն ստեղծող երկրները 1970-ականներին ունեին կոնկրետ նպատակ.բացառել անկառավարելի ու անկանխատեսելի քաոսը միջուկային գերտերությունների միջև ու իրենց շուրջը: Հարևանության կանխատեսումն ու հակասությունների կառավարումը պետք էր բոլորին: Սառը պատերազմի ժամանակ ամենակարևորը անհամաձայնությունների մասին համաձայնության հասնելն էր: ԵԱՀԿ-ն, իր սկզբունքներով, պետք էր բոլորին:

Կոնսենսուսի սկզբունքը ԵԱՀԿ ողնաշարն է: Որոշումները կայացվում են միաձայն, կամ չեն կայացվում: Սա թույլ էր տալիս մեկտեղել բոլոր հարցերը, որոնց շուրջ ԱՄՆ-ԽՍՀՄ հակասություն չկար: Հետևաբար, սա ստեղծում էր գործակցության բացառիկ խողովակ՝ մեղմելով անխուսափելի լարվածությունը: Տառապանքը փորձ ուներ՝ Կարիբյան ճգնաժամ:

Բայց ԵԱՀԿ-ն ստեղծած ամենակարևոր գործոններից մեկը 15 տարի անց դադարեց գոյություն ունենալ: ԽՍՀՄ-ն փլուզվեց, ու կառույցի անդամ դարձան նորանկախ երկրներ, որոնք ընդունեցին ԵԱՀԿ սկզբունքները, ոմանք՝ առանց հասկանալու դրանց էությունը:

Ապրիլյան ագրեսիայից հետո Ադրբեջանի պահվածքը ԵԱՀԿ-ում ընդգծեց այդ երկրի արտառոց էությունը: Տպավորություն էր, թե Բաքուն նոր է հասկացել, թե ինչ է նշանակում կոնսենսուս: Օգտվելով դրանից, Ադրբեջանը դեմ դուրս եկավ բյուրոկրատական, վարչարարական, ձանձրալի որոշումներին, որտեղ հակասություններ լինել պարզապես չեն կարող: Ստեղծեց տեխնիկական խոչընդոտներ՝ փորձելով ստանալ բովանդակային առավելություն: Ոչինչ չստացվեց:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու համաձայնություն այդպես էլ չեղավ: Ադրբեջանը զարմացրեց բոլորին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, նախորդող, գործող ու հաջորդող նախագահություններին՝ Գերմանիային, Ավստրիային, Իտալիային: Բաքվի պատվիրակները ԵԱՀԿ-ում բացահայտ առևտրով էին զբաղվում՝ փորձելով ժամկետանց ապրանքը վաճառել որակը գերակա ընդունող գնորդներին:

ԵԱՀԿ հիմնարար սկզբունքը դարձավ ԵԱՀԿ թուլությունը: Չնայած ամբողջ կառույցը ամեն ինչ արեց երևանյան գրասենյակը պահելու համար, բայց չստացվեց: Բաքվում, միգուցե, սա հաղթանակ են համարում՝ հաղթել են քաղաքակրթությանը, իր իսկ սկզբունքով:

Իրականում դիվանագիտական տեքստերի տողատակերից կարելի է եզրակացնել, թե ինչ պատասխան է ստանալու Ադրբեջանը: Ամերիկյան առաքելությունը հայտարարել է.

«Միացյալ Նահանգները ցավում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Մենք ցավում ենք, որ կորցնում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը, քանի որ այդ գործունեությունն անգնահատելի օգնում էր հյուրընկալող երկրներին ամրապնդել հանձնառությունը ԵԱՀԿ սկզբունքներին և կառույցի նկատմամբ ստանձնած պարտավորություններին՝ հնարավորություն տալով երկխոսություն ստեղծել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև»:

Ալիևը, ավելի վաղ, փակել էր ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում՝ կասկածելով հեղափոխություն կազմակերպելու մեջ: Գրասենյակը, սակայն, փորձում էր օգնել Ադրբեջանին ժամկետանց պետությունից անցնել ժամանակակից հասարակության: Ինչպես և սպասվում էր՝ չստացվեց: Հիմա, Ալիևը օգտագործում է քաղաքակիրթ աշխարհի սկզբունքները բռնապետական կառավարումը արտահանելու համար: Ամերիկյան առաքելության տեքսից պարզ է դառնում, որ սա կարմիր գծի հատում է: Լինելու են հետևանքներ:

Գրել կարծիք