Ինչի՞ց է կազմված Փելեշյանի Տիեզերքը

Ինչի՞ց է կազմված Փելեշյանի Տիեզերքը

Արտավազդ Փելեշյանը ներկայացրել է կյանքի գիրքը: Ռեժիսորն այն գրել է մոտ 40 տարի: newmag-ը ներկա է եղել շնորհանդեսին:

Նույն դահլիճն է: Նույն տեղում է նստած: Կողքին անբաժան տիկին Աիդան է: Ճիշտ նույն մշտական լռությամբ ընծայագրում է գրքերը: Այս անգամ ի’ր Տիեզերքի մասին:

Անցած ամռանն էր: Արտավազդ Փելեշյանը եկել էր Երևան նոր գրքով: «Դրոշմելու ժամանակը» Վարպետի ու նրա մասին հոդվածների, էսսեների, սցենարների երկհատորյա հավաքածուն էր:

«Моя вселенная и единая теория поля»՝ Փելեշյանի նոր գիրքն է: Կյանքի գիրքը: Ամենավերջին տողում այս տարեթվերն են՝ 1972-2002-17.11.2011: Հենց այսքան ժամանակում է Վարպետը գրել իր կինոֆիզիկան: 39 տարի:

Փետրվարի 22-ին լրացավ Արտավազդ Փելեշյանի 79-ամյակը:  Ու երբ Փելեշյանի հետ կապված որևէ իրադրաձություն է լինում (տարվա մեջ մեկ, առավելագույնը` երկու անգամ),  Վարպետի մեկ հայացքը, շշուկը կամ  բառը բաց թողնելն աններելի է: Նա չի խոսում լրագրողների հետ, կտրականապես դեմ է հարցազրույցներին:

-Չէ, այ մարդ: Ի՞նչ եք ուզում: Ֆրունզիկը ոնց էր ասում: НЕТ, սա ասաց անցած տարի նոյեմբերին: Մշակույթի նախարարությունում Փելեշյանի ասուլիսն էր: Այո’, հարցազրույց չտվող ռեժիսորի մամուլի ասուլիսը: Վարպետն անձամբ էր ընտրել հաշված լրատվամիջոցներին:

Նախարար Ամիրյանի հետ խոսեցին դեռ այն ժամանակ  սպասվող այս գրքի մասին: Փելեշյանն ասաց` երևի, մի նոր ֆիլմ էլ կնկարի: Չէ, «Հոմո Սափիենսը» չի լինելու: Դրա համար 50 միլիոն դոլար է պետք: Պետությունը Փելեշյանին խոստացել է հավաքել այդ գումարը: Փելեշյանը  այդ ֆիլմը ցանկանում է նկարել ամբողջ գիտակցական կյանքում: Այն ժամանակ խորհրդային ցենզուրան չէր թողնում, 90-ականներին միջոցներ չկային, հիմա միայն խոստումը կա:

Ամեն ինչ անում ենք, որ  ստացվի: Հայաստանի կինեմատոգրաֆի համար անհավանական մեծ գումարի մասին է խոսքը, – Փելեշյանի «Տիեզերքի» մասին գրքի շնորհանդեսին կրկնեց նախարար Ամիրյանը:

Փելեշյանը այս խոսքերը շատ է լսել, շատերից է լսել: Երբեք չի հավատացել, հիմա էլ չի հավատում, բայց ասում է՝ համաձայն է` կնկարի, եթե ստացվի:

– Մեզ այդ ֆիլմը շա՜տ է պետք, ջանիկս, բայց ես էլ չեմ հավատումթախծոտ հոգոցով ասում է Տիգրան Մանսուրյանը, հետո ավելացնումԱյս գիրքը Արտոյի չնկարված կինոների ամփոփումն է: Սա ունենք, սրանով երջանկանանք:

Մաեստրոն ընկերոջը մեծարելու համար չէ այսպես ասում: Փելեշյանի «Տիեզերքը» ունենալն իրո՛ք երջանկություն է: Կինոյի վարպետը այս գրքով ձեռնոց է նետում գիտությանը: Ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, անգամ առասպելաբանության լեզվով բացատրում անբացատրելին, չափում անչափելին: Փելեշյանը խառնում է ու նորից նոր դիտանկյունից է գծում Նյուտոնի, Էյնշտեյնի, մյուսների բանաձևերը:

Գրքի վերջաբանում՝ հետգրության տակ ամեն ինչ ասում է.

«Կարծում եմ, չեմ խուսափի գիտնականների չար «խղճահարությունից» և ոչ գիտնականների «խայթոցներից»: Հիշենք` ինչպես էին սկզբում արհամարհում ու ծաղրում Էյնշտեյնի ու Նյուտոնի տեսությունները: Սակայն մեզ շրջապատող աշխարհի մասին նրանց ֆունդամենտալ բացահայտումների նոր բացատրությունը  ունի և կունենա ապագա գիտության համար մեծ նշանակություն: Համոզված եմ, որ եթե նրանք հիմա ողջ լինեին, առաջինը կաջակցեին ու կշնորհավորեին իմ թեորեմական մտքերն ու գաղափարները: Ես էլ նրանց կասեի. «Ինչ լավ է, որ դուք կաք»:

Փելեշյանը այս գրքով աշխարհին նայում է տիեզերական բարձրությունից: Բայց նրա միտքը մեծ է անգամ Տիեզերքից: Էնցիկլոպեդիա բառը տեղին չէ, մենագրություն էլ չէ, կիոնգիտություն` առավել ևս, ոչ փիլիսոփայություն է, ոչ էլ գիտական թեզ: Սա Փելեշյանն է ու վերջ:

Այսպես հանպատրաստից խոսափողի մոտ է, անցած անգամվա պես՝  անկեղծ, հումորով ու իմաստուն.

Ես ի՞նչ պիտի խոսեմ:

Ես մեծ հաճույքով հարցի իրավունք կտամ դահլիճին, – առիթից օգտվում է  հանդիսավարը, – սկզբի համար ես մի հարց տամ. ըստ Ձեր գրքի՝ ժամանակը ծնվում է

Մի բան ասեմ՝ ես ինտերվյու չեմ տալիս: Դիահերձմա՛ն ես չեմ մասնակցում:

Լավ, չենք դիահերձում:

Դե լավ, ես փորձեմ մի քանի խոսք ասեմ: Դեռ սովետական կարգերի ժամանակ մեր երկրում կար թերթ «Литературная Газета»: Էնտեղ բաժին կար՝ «Физики смеются»: Գիտնականները վերցնում էին արվեստի գործերը և քննարկում էին՝  լիներ կինո, թատրոն, կերապվեստ, երաժշտություն, մինչև հիմա հիշում եմ Ալիխանյանի հոդվածը այդ թերթում Միխայիլ Ռոմի ֆիլմի մասին՝ «Մի տարվա ինը օրը»: Ֆիլմը նվիրված էր միջուկային ֆիզիկայի պրոբլեմներին: Իմ մոտ հարց էր առաջացել՝ բա ինչո՞ւ չկա բաժին «Лирики смеются», որպեսզի արվեստի մարդիկ կարողանան գիտության մասին ինչոր բան ասել: Թող գիտության մարդիկ ինձ ներեն, իմ կարծիքով` արվեստը ուժեղ բան է և առջևում է գտնվում, որովհետև այն, ինչ գիտությունն անում է, անում է նաև արվեստը, բայց այն, ինչ անում է արվեստը, գիտությունը չի կարողանում անել:

Այստեղ գիտնականռեժիսորի մտքի թելը կտրվում է: Փելեշյանը նայում է դահլիճին: Լռություն է: Մի քանի վայրկյանից արդեն փելեշյանական մանկություն ենք տեղափոխովում.

Մի հիշողություն դպրոցական իմ տարիներից: Դիրեկտորը հետաքրքիր մարդ էր: Միաժամանակ մեզ դաս էր տալիս: Չարաճճի երեխա էի, խանգարում էի դասերին: Տնօրենը երեխայի պես նեղացել էր ինձնից ու խռովել: Չէր խոսում հետս, այ մարդ: Ուրեմն՝ մատյանը վերցնում էր, ներկաբացակա էր անում, հասնում էր ազգանունիս, վրայից թռնում էր, չէր կարդում: Էդ ձևի մարդ էր: Ֆիզիկայի քննությունն էր: Մենք չենք խոսում դիրեկտորի հետ: Եկել է, էդ քննությանը տեսնի, թե ես էդ առարակայից ինչ եմ ասում: Տոմսը հանեցի, երկու հարց էր, պատասխանեցի, դիրեկտորը առաջին անգամ խոսեց: Բառաբան կար, սպեկտորի յոթը գույնն էր վրան նկարած: Պտտեց ու ինձ հարց տվեց՝ ի՞նչ գույն է ստացվում: Ես օրենքը պետք է ասեի, որ խոսքը սպիտակ գույնի մասին է: Փոխարենը սկսեից ռակուրսներ ընտրել, հետաքրքիր նայում եմ բառաբանին, թե ինչ գույն  է ստացվում: Նորից կրկնեց՝ ի՞նչ գույն է: Ես էլ նայեցի, նայեցի, ասացի՝ մկան գույն է: Որտեղ կանգնած էի, եկավ էդտեղ կանգնեց, դասատուին ասեց՝ Նադիրյան, հլը բառաբանը ֆռացրու: Նադիրյանը պտտեց: Սա նույնպես իմ նման ռակուսներով նայեց, նայեց, վերջում ասեց՝ ոչ սպիտակ է, ոչ էլ մկան գույն: Նադիրյան, սրան երեքից ավել չդնես: Էդ մեր դպրոցն էրՀետարքիր դպրոց էր, հետարքիր ժամանակներ էին: Անցան շատ տարիներ

Վերադառնանք գիտությանը: Փելեշյանի թվերի տեսությունը, մարդկային կյանքի տևողության բանաձևը, լույսի արագությունից ավելի արագ տեսանելիության բացահայտումը ահա, թե ինչպես է բացատրում Վարպետը.

Բնության մեջ անվերջանալի թվեր չկան: Վերջանո՛ւմ են թվերը: Թվերը սկսում են, մեծանում,մեծանում են ու մի կետում աննկատ կերպով, անսպասելի հետ են դառնում: Որտե՞ղ է էդ կետը, ես չգիտեմ: Դա ի՞նչ ֆորմուլա է, ես չգիտեմ: Բայց համոզված եմ, որ թվերը այդպիսի ունակություն ունեն:

Էս էլ ասեմ. կան, օրինակ, երևությներ բնության մեջ, որ  երկու անգամ մեծ են իրենք իրենցից: Դժվար հասկացություն է: Մի օրինակ բերեմ: Իրականության հետ չի համընկնում, բայց լրիվ արտացոլում է իմ մտքերը: Այն, ինչ ուզում եմ ասել: 0 պահին, ենթադրենք, ծնվում է մարդը, նրա մահը պայմանականորեն նշանակենք X:  0 –ից X գիծ տանենք և տեսնենք՝ ինչ է կատարավում էս գծի հետ: Մարդը ապրում է  մի օր, մի ժամ, մի ամիս, մի տարի, ուրեմն գրում ենք գծի վրա 0+1: Ի՞նչ է կատրավում X-ի հետ էդ պահին՝ X-1: Հիմա ինչ է ստացվում մարդը, անելով մի քայլ առաջ, երկու քայլ կարճացնում է իր ընդհանուր ճանապարհը: Եթե մարդուն  տրված էր 90 տարվա կյանք, էդ սխեմայով ստացվում է` 0 պահին, երբ նա ծնվեց, իր ծրագրում դրված էր 180 տարի կյանք: Եվ աստեղ է, որ ասում են՝ ինքը երկու անգամ մեծ է իրենից: Էս է իմ բանաձևը: Զրոյից մինչև մահ եթե նշանակենք R տառով, ուրեմն կլինի  R=2R:

Էյնշտեյնը կյանքի վերջին 30-40 տարին աշխատեց, որ գտնի  դաշտի միասնականության տեսության բանաձևը: Չհաջողվեց: Ըստ իս՝  թույլ տվեց մի սխալ, որը ես անուղղելի եմ համարում: նախօրոք ասեմ՝ ինքը մեղք չուներ: Ո՞րն էր սխալը: Բոլոր մոլորակները տիեզերքում պլյուս-մինուսով ձգում են միմյանց: Եթե մինչև վերջ ձգեն, կբախվեն իրար, կվերջանան: Դրա համար Էյնշտեյնը էդ բանաձևի մեջ մտցրեց կոսմոլոգիկ մշտական նշան՝ կոնստանտը: Դա հեռու էր պահում մշտական ձգողականությունից: Բայց 20 –ականներին Էդվին Հաբլը հայտնաբերեց տիեզերքի լայնացումը ու Մեծ պայթյունը: Լայնացման պատճառով Էնշտեյնը հրաժավեց կոնստանտից և դրա մտցնելը համարեց իր կյանքի ամենամեծ սխալը: Բայց ես համարում եմ նրա սխալը ոչ թե այդ նշանը դնելն էր, այլ այնոր դրանից հրաժավեց, որովհետև Էդվին Հաբլի լայնացող տիեզերքը շփոթեցրեց Էյնտշեյնին:

Մի միտք էլ ասեմ: Բնության մեջ մինչև օրս հայտնաբերված չէ որևէ բան, որը գերազանցի լույսի արագությունը: Գիտնականնեը փորձում են գտնել: Անհնար է, չկա: Կխնդրեմ, օգնեք ինձ, մի հարց ունեմ, որի պատասխանը չեմ գտնում: Ես համարում եմ, որ լույսից արագ է տեսողությունը, կամ ճիշտ բառը՝ տեսանելիությունը և արտացոլումը: Ես ուզեցի իմանալ՝ ինչ է դա նշանակում, ինչից է բաղկացած: Ինտերնետում չգտագրականության մեջ էլ: Կարծես թե մասնագետները խուսափել են էդ հարցի պատասխանից: Բոլոը խոսում են աչքի և ուղեղի հնարավորության մասին, որը տեսնում է, բայց հարցս դրա մասին չի:  Տեսանելիությունը ինչ է` նյութակա՞ն է, թե՞ ոչ:  Ես դրա անունը դրել եմ բիոիմպուլս: Կարող է՝ սխալվում եմ; Խնդրում եմ` ասեք ի՞նչ է:    

Ոչ ոք այդպես էլ ոչինչ չասաց: Լռեցին անգամ դահլիճում նստած ֆիզիկոսներն ու աստղագետները, փիլիսոփաներն ու քաղաքական գործիչները: Փելեշյանը, պատասխան չստանալով, ավարտեց մոնոլոգը: Շնորհակալություն հայտնեց ու իջավ բեմից: Մինչև կհասներ իր շարքին, տիկին Աիդան նստարանին հավաքված ծաղկեփնջերն ու նվերները մի կողմ դրեց, որ միասին որերո՛դ անգամ դիտեն «Կյանքը», որ բոլորից աննկատ բռնի ամուսնու ձեռքը, որ Փելեշյանն այդպես զգա իր Տիեզերքի ահռելիությունը, որտեղից այդ դահլիճը, ծափահարող հանդիսատեսը, աչք կուրացնող ֆոտոխցիկները փոքրանան, գրեթե անէանան, որ մենք նորից կարոտ մնանք Փելեշյանի զուսպ ժպիտին ու հանպատրաստից խրթին խոսքին:

Գրել կարծիք