[Շարունակությունը՝ գրքում] Մելինդա Նադյ Աբոնի. Աղավնիները  թռչում են

[Շարունակությունը՝ գրքում] Մելինդա Նադյ Աբոնի. Աղավնիները թռչում են

Մելինդա Նադյ Աբոնին գրավիչ և զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան: Գերմաներենից թարգմանեց Գայանե Գինոյանը

Տիտոյի ամառը

Երբ մեր ամերիկյան մուգ շագանակագույն, ավելի ճիշտ, շոկոլադավուն «Շևրոլետով» վերջապես մտանք քաղաք, արևն իր ճառագայթներն անգթորեն ուղղել էր գյուղաքաղաքին և համարյա անմնացորդ կլանել տների ու ծառերի ստվերները։ Մենք քաղաք մտանք կեսօրին և շարունակ պարանոցներս ձգում էինք՝ տեսնելու, թե տեղն էր դեռ ամեն բան, և արդյոք ամեն ինչ անցյալ ամառվա նման էր, կամ էլ՝ ինչպես ամառվանից առաջ. մենք ամեն տարի այնտեղ էինք գնում։

Մենք սլանում ենք բարձրուղեշ բարդիներով եզերված փողոցով՝ ծառուղիով, որը գյուղաքաղաքի մուտքն է ազդարարում։ Ես երբեք ոչ ոքի չեմ ասել, որ երկինք ձգվող այդ ծառերն ինձ մոտ գլխապտույտ են առաջացնում՝ նման այն վիճակին, որ զգում եմ Մատեոյի հետ (գլխապտույտն առաջանում է, երբ ես ու Մատեոն պտտվում ենք գյուղին մոտիկ անտառի ամենագեղեցիկ բացատում, մտերիմ, ճակատ ճակատի, յուրահատուկ սառնությամբ լեզուն լեզվին։ Նա սև մազեր ունի, որ կարծես անմնացորդ նվիրվել են մաշկին ու նրա պայծառ և ճերմակ գեղեցկությունն ավելի են ընդգծում)։

Երբ անցնում ենք բարդիների կողքով, այդ շողքն ինձ խելքահան է անում։ Մեր շոկոլադավուն նավն անաղմուկ սահում է մի ծառից մյուսը, ծառերի արանքից տեսանելիորեն շողշողում է հարթավայրի օդը, ես տեսնում եմ այդ օդը, որն այս պահին անշարժ է, քանի որ արևն անխնա այրում է։ Օդափոխիչի աղմուկի միջից հայրս ցածրաձայն ասում է.

— Ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել, բնավ ոչինչ։

Մտքումս հարցնում եմ՝ գուցե հորս հմուտ այգեգործների մի բանակ է պետք, որ գոնե այս ծառերի ճյուղերը շտկի և նրանց վայրի աճին քաղաքակրթություն հաղորդի կամ էլ ժամանակակից տեխնիկայով գյուղաքաղաքի մուտքն ազդարարող բարդիները մեկընդմիշտ կտրի։ (Իսկ մենք կնստենք այդ կոճղերից մեկի վրա՝ հայացքներս ուղղած միջօրեի տոթով ներծծված հարթավայրին, հայրս նույնիսկ կոճղին կբարձրանա, տեղում պտույտ կգործի, իսկ հետո դառնացած այն մարդու ձայնով, որն ուշացումով, բայց լավ է ուշ, քան երբեք, իրավունք է ստանում ասելու. «Վերջապես այդ անիծյալ փոշոտ ծառերն անհետացան»)։

Ոչ ոք չի էլ պատկերացնում, թե ինչ նշանակություն ունեն այդ ծառերն ինձ համար, ծառերի արանքում խաղացող օդը, որ հնարավոր է պարզ տեսնել։ Ծառերը ոչ մի տեղ այդքան խոսուն չեն, որքան այստեղ՝ այս հարթավայրում, որտեղ նրանք ազատ սփռվել են, ես ուզում եմ կանգ առնել, հենվել ծառերի բներին, հայացքս վեր հառել ու կախարդվել տերևների արագ ու մանրիկ շարժումներով, բայց հայրիկիս չեմ խնդրում կանգ առնել, քանի որ նրա «ինչո՞ւ» հարցին պատասխան չունեմ, դրա համար ստիպված կլինեմ շատ բան պատմել, անկասկած՝ նաև Մատեոյի մասին, բացատրել, թե ինչու եմ ուզում կանգ առնել հենց այստեղ՝ ուղևորության նպատակակետից ոչ շատ հեռու։


[Շարունակությունը` գրքում]


Մեր մեքենան, կարծես խորհրդավոր ուժերից առաջ մղվելով, գրեթե անտարբեր ճանապարհի անհարթությունների նկատմամբ, առաջ է ընթանում, և մինչև տեղ հասնելը մենք նորից ենք կրկնում. «Ոչինչ չի փոխվել»։ Քաղաքակրթությունը պետք է ևս մեկ անհաջողություն, այլ կերպ ասած՝ լճացում ապրի։ Մենք՝ երեխաներս, դեմքներս ձախ կողմից սեղմում ենք մեքենայի ապակուն, որը զարմանալի սառն է, աչքներիս չհավատալով՝ նայում մարդկանց, որոնք ապրում են աղբի բլրի մեջ։

— Ոչինչ չի փոխվել,— ասում է հայրս։

Ծուռումուռ թիթեղաշեն, պլաստմասսայե խրճիթներ, գզգզված մազերով երեխաներ, որ խաղում են ավտոմեքենաների ջարդոնների ու կենցաղային աղբի արանքում, կարծես դրանից ավելի հաճելի բան չկա։ «Ի՞նչ կպատահի այս ջարդոններին,— ուզում եմ հարցնել ես,— ի՞նչ կպատահի, եթե մութն ընկնելիս, երբ գիշերն իր հունի մեջ մտնի, երբ ստվերները շարժվեն, երբ բոլոր այս իրերը, որ անմխիթար խառնաշփոթի մեջ թափված են այստեղ, կենդանանան»։ Եվ մի պահ մոռանում եմ բարդիները, Մատեոյին, լույսի շողքը, «Շևրոլետը», ու հարթավայրի սև գիշերը պարուրում է ինձ իր միանգամայն կործանարար ուժով, ես չեմ լսում գնչուների երգերը, մորմոքող, զարմանալի երգերը, ես մթության մեջ միայն անվերջանալի ստվերներ եմ տեսնում, որոնց չի քշում փողոցային լապտերների լույսը։

Իսկ հայրս աչքերը կկոցում ու պատուհանից դուրս է նայում, օրորում գլուխը, հազում իր չոր հազով և այնքան դանդաղ է վարում, կարծես ուզում է մեքենան մի քանի վայրկյանից կանգնեցնել։

— Ապա նայե՛ք,— ասում է նա՝ ցուցամատով խփելով կողային ապակուն։

Ես հիշում եմ կրակը, որի ծուխը ոլորվելով բարձրանում էր, ես տեսնում եմ ցեխից քարացած դեմքերը, ծակող հայացքները, ցնցոտիները, քրջերը, աղբի բլրի վրա առկայծող լույսը, շարունակում եմ նայել ավելի հեռուն, կարծես պետք է ընկալեմ ամեն ինչ, ընկալեմ մարդկանց այս պատկերները. այդ մարդիկ ներքնակ չունեն, դե իսկ մահճակալի մասին երազել անգամ չեն կարող, այդ պատճառով էլ գիշերը գուցե հողի մեջ են թաղվում, թանձր, սև հարթավայրի մեջ, որն ամռանը լի է արևածաղիկներով, իսկ ձմռանը ամայանում է այնպես, որ մարդ ինքն իր նկատմամբ խղճահարությամբ է լցվում, և այնտեղ բացի հողից ոչինչ չկա, հող, որին ձմռանը ճնշում է հազարավոր ցենտներ կշռող երկինքը, և որը, երբ երկինքը նրան հանգիստ է թողնում, դառնում է ծով, անդորրավետ ծով։

Ես երբեք չեմ ասել, բայց սիրում եմ այս հարթավայրը, որ բարակում ու դառնում է աննշան մի գիծ, դառնում ոչինչ։ Մարդ լրիվ մենակ է այս հարթավայրում, ոչինչ չի կարող վերցնել, կարող է միայն լայն տարածած թևերով պառկել հողի վրա, և դա է միակ պաշտպանությունը, որ հարթավայրը ապահովում է մարդու համար։

Եթե ասեմ, որ սիրում եմ Մատեոյին (նա սիցիլիացի   է, ամառային արձակուրդներից մի քանի շաբաթ առաջ հայտնվեց մեր դասարանում, ciao, sono Matteo de Rosa!, և իսկույն սիրվեց բոլորի կողմից՝ բացի ուսուցչից), այդ դեպքում գուցե շատերն ինձ հասկանան, բայց ինչպե՞ս ասեմ, որ հարթավայր եմ սիրում, բարդիներ, փոշեպատ, անտարբեր, հպարտ ու վեհատեսիլ բարդիներ և ծառերի արանքի օդը։ Ամռանը, երբ հարթավայրը մի հարկ բարձրության է հասնում, ամենուրեք, ուր էլ նայես, արևածաղկի, եգիպտացորենի ու հացահատիկի դաշտեր  են։ Պատմում են, որ մարդիկ շարունակ անհետանում են այս անծայրածիր դաշտերում, ու եթե ուշադիր չլինես, այդ հարթավայրը կճանկի քեզ ու ամբողջությամբ կխժռի։ Ասում են, սակայն ես չեմ հավատում, բայց հավատում եմ, որ այս հարթավայրը ծով է իր սեփական օրենքներով։

— Այս խեղճե՜րը,— հառաչում է մայրս։

Մենք կարծես հեռուստացույց ենք դիտում ու փոխանակ ալիքը փոխենք, անցնում ենք նրանց կողքով, շարժվում առաջ մեր հով արկղով, որը մեզ վրա մի կլորիկ գումար է նստել և լայնքով այնպես է տարածվում, կարծես փողոցը մեզ է պատկանում։ Հայրս միացնում է ռադիոն, որպեսզի երաժշտությունը այդ ցածրակարգ դասը վերածի պարային ռիթմի և մի ակնթարթում բուժի իրականության այդ արատը.

Ինձ մո՛տ արի, մի՛ հեռացիր, այստե՛ղ արի, սրտի՛կս, ու մի համբո՛ւյր տուր ինձ…

Աղմուկով, որի մասին չարժե նույնիսկ խոսել, անցնում ենք ռելսերի վրայով, ծուռումուռ ու ժանգոտ ցուցանակի կողքով, որի վրա հին ժամանակներից գրված է գյուղաքաղաքի անունը։

— Մենք տեղում ենք,— ասում է իմ քույր Նոմին՝ ցույց տալով գերեզմանոցը, որտեղ աչքի զարնող անարդարություն է տիրում։ Ամենուր գերեզմաններ են, որոնց մասին ոչ ոք հոգ չի տանում, մոլախոտով ծածկված, հազիվ նշմարելի փայտե խաչեր, տարեթվեր, տառեր, որոնք արդեն գրեթե անհնար է վերծանել։

— Մենք տեղում ենք,— կրկնում է Նոմին։

Նրա աչքերում երևում է վախը, որ վաղը կամ մյուս օրը գերեզմանոց պիտի այցելի, անօգնական կանգնի գերեզմանների կողքին, ամաչի ծնողների արցունքների համար, ինքն էլ ցանկանա լաց լինել՝ պատկերացնելով, որ այնտեղ՝ գետնի տակ, հորական կամ մորական տատի դագաղներն են, որոնց մենք՝ Նոմին ու ես, երբեք չենք տեսել, այնտեղ են նաև պապի ու տատի եղբայրներն ու քույրերը։ Նման պահերին ձեռքերը խանգարում են, եղանակը անհարմար է։ Եթե լաց լինես, գոնե գիտես, թե ձեռքերն ինչի համար են։ Գերեզմանների կողքին թրաշուշաններ են ու քնքուշ վարդեր, գերեզմանների վրա՝ շիրմաքարեր, մահացածների անունները փորագրված են քարերին, որ ընթեռնելի լինեն եկող սերունդների համար, շիրմաքարեր, որ ինձ դուր չեն գալիս, քանի որ ճնշում են հարթավայրի հողը և խանգարում իրենց տակ գտնվող հոգիներին՝ հեռու թռչելու։

Զանգակ Հրատարակչություն

Գրել կարծիք