Էդգար Ալան Պո․ Ռոմանտիզմով արբած ու Էգ-նոգը՝ լյարդում

Էդգար Ալան Պո․ Ռոմանտիզմով արբած ու Էգ-նոգը՝ լյարդում

Նա շատ լավ գիտեր, թե երբ կարող է խմել, ու որքան ալկոհոլն է բավական իր լռին անմատչելիությունը կորցնելու համար։

Ասում են` երբ խմում ես լավ տրամադրությամբ, նշում ես կյանքիդ ևս մեկ լավ օրը։ Ու, հակառակը, տխրության մեջ խմելը նշանակում է կախվել օրդ մի փոքր ավելի լավը դարձնելու վերջին շանսից։ Սովորաբար այդ փորձերն ավարտվում են անհաջողությամբ, տրամադրությունդ էլ ավելի է փչանում, ու ի վերջո ամենամութ ու ամոթալի կողմդ կլանում է քեզ, ու ի հայտ են գալիս առաջին հերթին քեզ համար անսպասելի դրսևորումներ։ Եթե բարի այս կողմում ես, քեզ կարող է թվալ, թե մատռվակն իշխանություն ունի թույլ տալ կամ չտալ, որ մարդիկ ընկնեն մութ թախծի գիրկը։

Փաստը, սակայն, այն է, որ հնարավոր չէ նախազգուշացնել մարդուն սպառնացող վտանգի մասին, ու երբեմն միակ տարբերակը թողնելն է, որ նա սխալվի ու հետևություններ անի: Կամ մոռանալով չարաբաստիկ հետևանքների մասին՝ կրկնի նույն սխալը։ Այդպես էլ իմ այսօրվա հյուրը՝ Էդգար Ալան Պոն, շատ լավ գիտեր, թե երբ կարող է խմել, ու որքան ալկոհոլն է բավական իր լռին անմատչելիությունը կորցնելու համար։ Այնուամենայնիվ, մոռացության հասնելու ձգտումը հաճախ շատ ավելի ուժեղ էր, քան սթափ գիտակցությունը։

___________________

Էգ-նոգ՝ Պոյի բաղադրատոմսով

Ձու

Շաքարավազ

Կաթ

Խիտ սերուցք

Կոնյակ

Ռոմ

Մշկընկույզ

___________________

Էդգար Պոյի եկամտի միակ աղբյուրը գրականությունն էր։ Ու քանի որ հաջողությունն իր բնույթով շատ փոփոխական է, հաճախ նա ի վիճակի չէր լինում վճարել պարտքերն ու ընկնում էր աղքատության անդունդը։ Նրա ժամանակակիցները հեղինակի «խելացնորությունը» կապում էին հարբեցողության հետ, մինչդեռ Պոն շարունակ պնդում էր, թե իրականում խմիչքը միայն ժամանակավոր դարման էր նույն ցնորության դեմ։

Ծնված լինելով դերասանների ընտանիքում՝ նա մանկուց, նախքան կսովորեր խոսել կամ քայլել, սովոր էր զգացմունքների բուռն արտահայտմանն ու տրամադրությունների հանկարծակի փոփոխությանը։ Հերթական էմոցիոնալ պոռթկման ընթացքում Պոյի հայրը լքեց ընտանիքն ու որոշեց իր երջանկությունը փնտրել հեռուներում։ Գրողի մայրը մահացավ հաջորդ տարի։ Երեքամյա Պոն մնաց միայնակ։ Բարեբախտաբար, նրան հանդիպեցին Ֆրենսիս և Ջոն Ալանները, որոնք ստանձնեցին Էդգարի խնամքը: Ջոն Ալանը շոտլանդացի հարուստ ու հաջողակ գործարար էր, զբաղվում էր ծխախոտի, հագուստի, ցորենի, գերեզմանաքարերի ու ստրուկների վաճառքով։ Նա երազում էր որդուն ժառանգություն թողնել իր գործը, սակայն Պոն, ձգտելով նմանվել իր մանկության հերոս լորդ Բայրոնին, անկուշտ կլանում էր տան ստրուկների պատմություններն ու հյուսում էր իր երևակայական աշխարհը։

Ալանը երբեք պաշտոնապես չորդեգրեց Էդգարին, բայց մշտապես փորձում էր որդուն ապահովել ամեն անհրաժեշտով։ Նույնիսկ երբ Պոն 16 տարեկանում որոշեց ամուսնանալ Էլմիրա անունով աղջնակի հետ։ Նույնիսկ երբ Պոն նշանադրության հաջորդ տարին որոշեց ընդունվել այդ ժամանակ դեռ նոր հիմնադրված՝ Վիրջինիայի համալսարան։ Ու նույնիսկ երբ նա պարբերաբար թախծոտ նամակներ էր գրում ծնողներին՝ խնդրելով իրեն գումար ուղարկել` «ուսման ծախսերը հոգալու համար»: Թեև բոլորը շատ լավ գիտակցում էին, որ պատճառը մոլախաղի պարտքերն էին։ Պոն միջակ խաղացող էր, բայց շարունակում էր համառորեն տանուլ տալ հոր փողերը։ Նույն ժամանակ նա իր համար բացահայտեց նաև խմիչքը։

Սկզբում պարզապես երիտասարդական զվարճանք էր. ծնողներից ազատություն ստացած ուսանողներն անհագ ծարավով նետվում էին հարբեցողության գիրկը, ճանաչում էին ափիոնի թմբիրն ու աբսենտի՝ ուղեղը պատող մշուշը։ Երեկույթները հաճախ ավարտվում էին վեճերով ու կրակոցներով։ Ուսանողների մեծ մասն արագ գիտակցում էր այդ ժամանցի կործանարար ազդեցությունը, մինչդեռ Պոն, լինելով բոլոր ոլորտներում ծայրահեղ, այդպես էլ չկարողացավ գտնել կանգ առնելու ճիշտ պահը։ Նրա դասընկերը պատմում էր, որ Պոն հաճախ «վերցնում էր լիքը բաժակը՝ առանց ջրի կամ շաքարի, ու մի մեծ կումով դատարկում այն»։ Խոսքն աբսենտի մասին էր։

Ժամանակի ընթացքում պարտքերն աճում էին, ու նույնիսկ բարձր գնահատականները չէին փրկում Պոյին։ Երբ մի օր նրա հայրը որոշեց այլևս չհոգալ Պոյի ծախսերը, ապագա գրողը հայտարարեց, որ ամենի պատճառն այն է, որ հայրն իրեն այդպես էլ մինչև վերջ չընդունեց որպես որդու։ Նրանց հարաբերությունները շարունակեցին լարված մնալ մինչև Ջոնի կնոջ՝ Ֆրենսիսի մահը, երբ հայր ու որդի ընտանեկան հարաբերությունները բարելավելու վերջին փորձն արեցին։ Սա էլ, սակայն, անհաջողությամբ ավարտվեց, և նրանց հարաբերություններն առհավետ սառեցին։

Բայց դա ավելի ուշ էր: Նախքան այդ Էդգար Պոն թողեց համալսարանը։ Մի պատճառն այն էր, որ իր սիրելի Էլմիրան, որին նա իր սիրտը խոստացել էր դեռ մինչև համալսարան գնալը, ամուսնացավ ուրիշի հետ՝ դրժելով հավերժ սիրո խոստումը։ Տարիներ անց Պոն նորից կհանդիպի այրիացած Էլմիրային, ու նրանք կվերականգնեն իրենց երբեմնի սերը։


Կարդացեք նաև․


 

Համալսարանից հետո Էդգարը կատարեց հերթական փորձարկումը. դիմեց «Վեսթ Փոյնթ» ռազմական ակադեմիա, սակայն այստեղ էլ իրեն չգտավ։ Նա տարիքով մեծ էր մյուս սաներից, շատ ավելի կարդացած, քան նրանց մեծ մասը, ֆիզիկապես թույլ, ինչը, սակայն, բնական էր՝ հաշվի առնելով, որ մինչև այդ նա տարիներ շարունակ ֆիզիկական վարժությունների փոխարեն զբաղված էր ռոմանտիզմի պոետներին կարդալով ու ազատ ժամանակն անցկացնում էր սիրախաղերի մեջ։

Պոյի սիրային կյանքը միշտ լի էր իրադարձություններով։ Էլմիրայի հետ առաջին անհաջողությանը հաջորդեցին բազմաթիվ բուռն սիրավեպեր, որոնց մեծամասնությունը, սակայն, պատմության մեջ չի պահպանվել։ Հայտնի է, որ 26-ամյա Պոն ամուսնացավ իր 13-ամյա զարմուհու հետ։ Բնականաբար, այս ամուսնությունն իրավաբանական ուժ չէր ունենա, եթե Պոն չդիմեր խարդախության ու իր նորաթուխ հարսնացուի համար չպատրաստեր ծննդյան կեղծ վկայական, համաձայն որի՝ նա 21 տարեկան էր։ Ու չնայած ընդունված է համարել, որ ստի վրա կառուցված ընտանիքը դատապարտված է տապալման, այս զույգն ունեցավ համերաշխ համատեղ կյանք, որը, դժբախտաբար, ընդհատվեց Վիրջինիայի երկարատև ու տանջալից հիվանդությամբ ու դրան հաջորդած տրագիկ մահով։ Կնոջ հիվանդությունն ավելի սաստկացրեց գրողի հարբեցողությունը։ Հիշելով այդ ժամանակները՝ Պոն ասում էր, որ «գրեթե կորցրել էր հույսը, որ երբևէ դուրս կգա ալկոհոլի թակարդից, երբ այդքան անսպասելի կողմից եկավ փրկությունը՝ կնոջ ազատագրող մահը»։

Հեղինակ՝ Սոնա Գասպարյան

Գրել կարծիք