Նախագահներն ու ֆուտբոլը. որքա՞նով են օգնում, ինչքանո՞վ են խանգարում ու ե՞րբ են միջամտում

Նախագահներն ու ֆուտբոլը. որքա՞նով են օգնում, ինչքանո՞վ են խանգարում ու ե՞րբ են միջամտում

Կան ղեկավարներ, որոնք պահում են միջինը. և՛ ֆուտբոլի մեջ են, և՛ դրանից դուրս: Ֆուտբոլը քաղաքականություն է, բայց արդյոք հարկավո՞ր է, որ դրան միջամտեն քաղաքական գործիչները:

Սովորաբար, նրանք կա՛մ շատ ինտեգրված են ամենամասսայական սպորտում, կա՛մ մաքսիմալ հեռու են պահում իրենց: Նախադեպերը քիչ են կամ գուցե չկան, երբ երկրի նախագահը ֆինանսական ներդրումներ կատարի ֆուտբոլի զարգացման համար: Մեծ մասամբ, ու նաեւ Հայաստանում ֆուտբոլային կառույցները ղեկավարում են օլիգարխները: Գուցե նրանց համար դա բիզնեսի մեկ այլ տարբերակ է, կամ նրանք սիրում են ֆուտբոլն ու գումար ներդնում այն զարգացնելու համար:

Սկսենք ամենաֆուտբոլային երկրից: 2016-ի ամռանը, երբ Արգենտինայի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվեց Չիլիին` ժամանակակից ֆուտբոլի «հայրը»` Լիոնել Մեսսին հայտարարեց, որ ազգային թիմում այլեւս չի խաղալու ու հագից հանում է հավաքականի մարզաշապիկը: Մեսսիի այս հայտարարությունից շատ չանցած, գործին միջամտեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիոն: Նա հեռախոսազրույց ունեցավ Լեոյի հետ, հորդորեց չլսել քննադատներին ու վերադառնալ հավաքական. Մեսսին այժմ հավաքականում է եւ վերադարձից հետո իր գոլերով բազմաթիվ հաղթանակներ է պարգեւել Ալբիսելեստեին (Արգենտինայի հավաքականի ոչ պաշտոնական դիմելաձևն է):

Զիմբաբվեի նախագահը, 2016 թվականի Օլիմպիական խաղերից հետո, հրամայեց ձերբակալել երկրի բոլոր օլիմպիականներին, այդ թվում` ֆուտբոլիստներին: Ռոբերտ Մուգաբեն խիստ դժգոհ էր իր երկրի մարզիկների ելույթներից ու ոստիկանապետին հրամայեց ձերբակալել մարզիկներին` պետբյուջեի գումարներն անիմաստ վատնելու համար: Մուգաբեի զայրույթը հասկանալի էր. Զիմբաբվեն Ռիո-2016-ում ներկայացված էր 31 մարզիկներով, որոնցից ոչ ոք ոչ մի մեդալ չէր նվաճել:

«Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» դիմակայության վատագույն հանդիպման հեղինակը Ֆրանսիսկո Ֆրանկո գեներալն է: Խաղի օրն անվտանգության համար պատասխանատու անձինք ներս մտան «Բարսայի» հանդերձարան եւ սպառնացին, որ եթե նրանք չպարտվեն «Ռեալին»` կսպանեն ֆուտբոլիստների հարազատներին: 1930-ականներին ամբողջ Իսպանիան գտնվում էր նրա տիրապետության տակ եւ Ֆրանկոյի 36 տարվա անսասան իշխանությունն ու հեղինակությունը հասնում էր բոլոր, այդ թվում` ֆուտբոլի բնագավառներին: Գեներալ Ֆրանկոն «Ռեալն» ընկալում էր որպես իսպանական ֆուտբոլի հիմնաքար եւ «արքայական ակումբի» կյանքն ավելի հեշտ դարձնելու համար օգտագործում էր իր իշխանությունը:

Ամենաթարմ դեպքը, երբ ֆուտբոլին միջամտեց երկրի նախագահը. Եվրո-2016-ի ժամանակ Իսլանդիայի նախագահ Գվյունդի Յոուհանեսոնը ամբողջ մեկ ամիս ապրեց ֆուտբոլով, հրաժարվեց VIP օթյակից եւ քառորդ երափակչի` Ֆրանսիայի հետ խաղը դիտեց տրիբունայից` համերկրացիների հետ: Հագին ազգային ընտրանու մարզաշապիկն էր, երգում, ուրախանում եւ հայհոյում էր բոլորին հավասար:

Մավրիտանիայի նախագահը հրամայեց դադարեցրել խաղը եւ հաղթողին որոշել հետխաղյա 11 մետրանոցների միջոցով: Մոհամեդ ուլդ Աբդել-Ազիզին ձանձրացրել էր երկերի սուպերգավաթային հանդիպումը, նրա հրամանով 63-րդ րոպեին` 1-1 հաշվի ժամանակ, խաղը դադարեցվեց:

2010 թվականին ֆուտբոլը կապող օղակ հանդիսացավ Իրանի եւ Բոլիվիայի համար: Երկու երկների նախագահները հանդիպեցին Թեհրանում, խաղացին ֆուտբոլ, որին մասնակցեցին նաեւ այդ երկների ազգային հավաքականների ֆուտբոլիստները: Խաղն ավարտվեց «նախագահական» թիմի հաղթանակով, վերջին 11 մետրանոցն իրացրեց Իրանի նախագահը: Զվարճանքից հետո Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը համագործակցության 5 պայմանագիր ստորագրեցին: Եւ հետաքրքիր է` դրանցից ոչ մեկ ֆուտբոլի կամ սպորտի հետ կապ չուներ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆուտբոլային ակումբներից ստիպեց վճարել 75 տոկոս հարկ: 2013-ին օրենք ընդունվեց, որ Ֆրանսիայում մեկ միլիոն եվրոյից ավելի եկամուտ ունեցող անձինք պետք է վճարեն 75 տոկոս հարկ: Իսկ Ֆրանսիայում ակումբների մեծամասնությունն ունի այդքան եկամուտ: Ֆուտբոլային ակումբները բոյկոտեցին երկրի առաջնությունը եւ գործադուլ հայտարարեցին, քանի որ հարկի կիրառման դեպքում ակումբները կարող էին սնանկանալ, բացի այդ` ներդրողների արտահոսք կլիներ: Օլանդի որոշումը չփոխվեց:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվեց մեկնել Անթալիա եւ դիտել ԹուրքիաՌուսաստան ընկերական հանդիպումը: Պուտինին անձամբ հրավիրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թաիպ Էրդողանը: Սակայն ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ նախագահը չի կարող ներկա գտնվել խաղին, քանի որ ամսվա գրաֆիկն արդեն կազմված է: 2015 թվականի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռի խոցումից  հետո դա կարող էր լինել Պուտինի առաջին այցը Թուրքիա: Գուցե սա եւս քաղաքականություն էր` թե՛ Էրդողանի, թե՛ Պուտինի կողմից:

Հայաստանի նախագահը հայկական ֆուտբոլում դիտորդի դերում է: Հնարավորություն դեպքում նա տնային խաղերը դիտում է ստադիոնից, այցելում ֆուտբոլային ակադեմիաների բացման: Երկրի ղեկավարը չի միջամտում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի աշխատանքին:

Այս առումով Հայաստանում կարծիքները տարբեր են. մի մասը ցանկանում է, որ նախագահը միջամտի և ուղղակի մասնակցություն ունենա հավաքականի համար կարևոր որոշումների կայացմանը: Մյուս մասը կարծում է, որ նախագահը պետք է շարունակի այնպես, ինչպես եղել է մինչև այժմ` չի միջամտել, բայց աջակցել է, երբ անհրաժեշտ է եղել:

Սովորաբար, Սերժ Սարգսյանն առավել ներգրավված է այն մարզաձեւերում, որոնց տիրապետում է առավելագույնը: Հայաստանում շախմատային մեծ միջոցառում առանց շախմատի ֆեդերացիայի ղեկավարի չի անցնում: Նրա մասնակցությունը նկատելի է միշտ, հետեւողական եւ ուշադիր է շախմատի նկատմամբ: Հետևաբար, պետք է ենթադրել, որ, ի տարբերություն շախմատի, ֆուտբոլի նկատմամբ նախագահը որդեգրել է հետևելու, բայց չմիջամտելու քաղաքականությունը:

Գրել կարծիք