Քաղաքական պոպուլիզմը աշխարհում և Հայաստանում

Քաղաքական պոպուլիզմը աշխարհում և Հայաստանում

Ամբոխահաճությունը նույն ամբոխի տգիտության վրա խաղալու և այդպիսով իշխանությանը տիրանալու արվեստն է: Կիրթ և հարուստ հասարակությունը սովորաբար շատ արագ բացահայտում է պոպուլիստներին: newmag-ը պարզել է ամբոխահաճության վերազգային սինդրոմները:

Խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված շաբաթներ, արդեն պարզ է, որ քարոզարշավն անցնելու է ծայրահեղ պոպուլիստական կարգախոսներով: ԱԺ հայտարարությունների ժամին դեռ անցած տարի արդեն հստակ երևում էին դրա նախանշանները, երբ քաղաքական գործիչները տալիս էին պոպուլիստական խոստումներ՝ տնտեսական բարգավաճումից մինչև աննախադեպ ցուցանիշներ:

Պոպուլիզմը միայն հայկական երևույթ չէ, համաշխարհային քաղաքական մոդա է. այն 2016 թվականի ամենագլխավոր թրենդն էր, որ շոշափելի հաջողություններ գրանցեց գրեթե բոլոր մայրցամաքներում: Եվ մեծ է հավանականությունը, որ համարժեք արդյունքներ լինեն նաև Հայաստանում:

Շատ կարճ, առանց ձանձրացնելու. ի՞նչ է պոպուլիզմը

Պոպուլիզմն ամբոխավարությունն է, երբ քաղաքական ուժը ձգտում է նվաճել զանգվածների աջակցությունը, դուր գալ նրանց: Պոպուլիստ գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով: Պոպուլիստները շահարկում են աղքատ և անխելք մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը՝ սիրաշահելով նրանց պրիմիտիվ ինքնասիրությունը:

Ի՞նչ եղավ 2016-ին

Ամբողջ աշխարհում ընտրություններում սկսեցին հաղթել պոպուլիստական ելույթներ ունեցող քաղաքական գործիչները: Դրա ամենավառ ապացույցը հենց Դոնալդ Թրամփն է: Նա խոստացավ (ու կարծես թե սկսել է) պատ կառուցել Մեքսիկայի սահմանի ամբողջ երկայնքով, իջեցնել հարկերը և «չորացնել լիբերալ այն ճահիճը», որի մեջ երկիրը հայտնվել էր Օբամայի օրոք:

Բարաք Օբամայի՝ անվտանգության հարցերի օգնական Մայքլ Մակֆոլի կարծիքով, համաշխարհային թրենդը որքան անսպասելի էր, որոշակի իմաստով նույնքան էլ կանխատեսելի էր.  «Չի բացառվում, որ մենք ականատես ենք լինում 1989 թվականի կոմունիզմի անկումից հետո լիբերալիզմի հաղթանակի հանդեպ որոշակի ռեակցիայի: Ցանկացած հեղափոխության հաջորդում է տերմիդորը, այսինքն՝ պատասխան պահպանողական ռեակցիան: Ես կարծում եմ, որ աշխարհն այսօր գտնվում է հենց այդպիսի ռեակցիոն փուլում: Ես վստահ չեմ, որ սա լիբերալ թրենդում ընդամենը օրինաչափության խախտում է, լիբերալիզմի վերջնական ձախողում և ինքնուրույն պահպանողական հոսանք: Ամենայն հավանականությամբ, մի 40 տարի հետո մարդիկ 2016-17-ի մասին կխոսեն որպես նոր գործընթացների սկզբի»:

Իտալացիները՝ քաղաքական նորաձևության հետևից

Ամերիկայում դեռ նախընտրական կրքերը չէին էլ թեժացել, երբ իտալացիներն արդեն պետք է կատարեին դժվարին ընտրություն:

Իտալիայի քաղաքական համակարգը երկար տարիներ գրեթե կաթվածահար էր եղել խորհրդարանական կառավարման բարդ հակակշիռների պատճառով: Իտալիան ունի երկպալատ խորհրդարան: Այդ երկու պալատների քաղաքական սակարկությունների պատճառով ամենակարևոր ու կենսական օրինագծերը կարող էին տարիներով քննարկվել: Սահմանադրության փոփոխության նախագիծը լուծում էր այդ խնդիրը և որոշակի առումով ուժեղացնում կենտրոնական գործադիր իշխանությունը: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ամբողջ ամառ հայտարարում էր. «Աշխարհն ունի Իտալիայի կարիքը: Բայց ես չեմ ցանկանում իմ երկիրը դարձնել թանգարան. այն պետք է լինի լաբորատորիա»:

Իտալիան հանրաքվեով մերժեց նախագիծը, Ռենցին հրաժարական տվեց: Այստեղ, սակայն, կարևոր է ոչ թե այն, թե ինչու եղավ, այլ թե ով նախաձեռնեց ՈՉ-ի քարոզարշավը: Եվ ո՞վ է Իտալիայի ընդդիմադիր այդ ուժը: Հիմնական ընդդիմախոսը «Հնգաստղանի շարժում» անունով կազմակերպությունն է, որոնց համարում են եվրոսկեպտիկներ, և որոնց առաջնորդը հումորիստ Բեպե Գրիլյոն է: Գրիլյոյի կուսակցությունը 2013-ի խորհրդարանական ընտրություններին ստացել էր քվեների ավելի քան 2 5 տոկոսը:

Գրիլյոյի կենսագրությունը և քաղաքական բառապաշարը շատ նման են Թրամփին. ակնհայտ և պարզունակ կարգախոսներով, ամենևին չհիմնավորված խոստումներով ու վտանգավոր ազգային առաջնահերթություններով շարժվող Գրիլ յոն, այնուամենայնիվ, կարողացավ տապալել սահմանադրության բարեփոխումը: Ու սա այն դեպքում, որ Իտալիայի ՀՆԱ-ն վերջին 12 տարում անընդհատ իջնում է, գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում գրեթե վատագույնն է Եվրոպայում, պետական պարտքով Իտալիան զիջում է միայն Հունաստանին:

Բայց միայն հանրաքվեն տապալելը չէ Իտալիայի խնդիրը: Հումորիստ Գրիլ յոյի շարժումը իսկապես վայելում է ժողովրդական մեծ աջակցություն, և իտալացի դիտորդները կանխատեսում են նրա հաղթանակը 2018-ի ընտրություններում: 2016-ին շարժումն արդեն հաղթել է Հռոմի և Թուրինի քաղաքապետի ընտրություններում, և եթե կազմակերպությունը խուսափի մեծ սկանդալներից, կարող է իշխող կուսակցության և ընդդիմադիրների հետ կոալիցիա կազմել:

Անգլո-ֆրանսիական պոպուլիզմ

Քաղաքական պոպուլիզմն արդեն հանրային իրողություն է եվրոպական ամենահին ժողովրդավարություններում՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: Բրեքզիտը դրա ամենավառ օրինակն էր, Լը Պենը՝ դրա ամենավառ ներկայացուցիչը:

Հետաքրքրական է, որ երկու դեպքում էր հռետորաբանությունը կառուցվում է ընդդեմ քաղաքական և տնտեսական վերնախավի՝ դիրքավորվելով փոքր ու միջին դասի ներկայացուցիչների շարքերում:

Արդեն մի քանի տարի պոպուլիզմի պատանդ է դարձել Հունգարիան, որ ի կիսամաֆիոզ, կիսագողական նախագահ Օրբանը ոչ միայն փակեց իր դռները փախստականների առջև, այլև դարձավ Եվրամիության գլխավոր գլխացավանքը՝ չկատարելով ԵՄ հանձնառությունները, մսխելով ԵՄ-ի տրամադրած փողը և, այդքանով հանդերձ, շարունակելով հաղթել ընտրություններում:

Եվրապոպուլիստների մեծ մասն իր հռետորաբանության շեշտը դնում է ազգային հպարտության և ազգային առաջնահերթությունները լուծելու վրա: Այդ պատճառով ազգայնականության և պոպուլիզմի հետևանքները տեսած Գերմանիայում, որտեղ Մերկելի կուսակցությունը նորից կհաղթի, այնուամենայնիվ, առաջին անգամ խորհրդարան կանցնի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը բոլոր գնահատականներով պոպուլիստական ազգայնական քաղաքական միավոր է: Հենց այս կուսակցությունն է, որ թիրախավորում է գերմանական մամուլին և լրագրողների դեմ բռնություն գործադրելն անվանում համարժեք պատասխան «ստող մամուլին»:

Գլոբալացման անկումը

Ակնհայտ է, որ քաղաքական այս արկածախնդրության պատճառը վատ տնտեսական ցուցանիշներն են: Դրա պատճառով են մարդիկ հիասթափվել գլոբալացման գաղափարից, այդ պատճառով են բրիտանացիները ցանկանում պարփակվել իրենց կղզում, այդ պատճառով է Թրամփը բղավում՝ նախ՝ Ամերիկան, նախ՝ Ամերիկայի համար:

Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի բոլոր իշխանություններն այս հարցերին պատասխանել են գրեթե նույն կերպ, լավ կամ վատ՝ նույն դաշնակիցների հետ երկխոսությունը վարել են նույն տրամաբանությամբ: Հետևաբար քաղաքական ընտրարշավին պետք է պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ո՞վ կարող է տնտեսական ավելի լավ ցուցանիշներ ապահովել:
  • Ո՞վ կարող է պայքարել կոռուպցիայի դեմ:
  • Ո՞վ կարող է իսկապես պատժել տնտեսական հանցագործներին:

Այս ընտրություններում պոպուլիզմը կդրսևորվի իր ձևով, բայց բովանդակությամբ տարբեր կլինի: Կմնան բաց հետևյալ հարցերը.

  • Ո՞վ կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը:
  • Ո՞վ կարող է նոր ուղղություն մտցնել երկրի արտաքին քաղաքականության մեջ:
  • Ո՞վ կարող է ապահովել երկրի անվտանգությունը:

Բայց կարո՞ղ են քաղաքական ուժերն այս կարգախոսներով հանդես գալ: Իհարկե, ո՛չ: Որովհետև ընտրությունները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դարձել են թանկ, շատ թանկ կամպանիա: Հետևաբար անհրաժեշտ են մեծ գումարներ, որոնք ունեն գրեթե բոլոր կուսակցություններում առաջին հինգ տեղերը զբաղեցնող փողատերերը, որոնք հարստացել են իշխանությանը սերտաճած լինելու շնորհիվ, հարկային կասկածելի պարտաճանաչությամբ և շուկայում մենաշնորհային դիրքով: Հետևաբար կուսակցական ցուցակներում այդ մարդկանց ներկայությունը նշանակում է, որ 3 կարևորագույն հարցերը մնալու են անպատասխան: Այդ դեպքում ի՞նչ է մնում:

Մնում է միմյանց վիրավորելը: Ավելի շատ ձայն կհավաքի նա, ով կկարողանա ավելի ուժեղ ու գռեհիկ հայհոյել մրցակցին և ավելի անպատասխանատու խոսել ժողովրդի անունից: Այս իմաստով 2017-ի քաղաքական սեզոնի պոպուլիստները չեն հրաժարվելու ծանոթ այն բառապաշարից, որը հաջողությամբ գործածել են վերջին տարիներին:

 

Գրել կարծիք