Ի՞նչ է սպասվում Պուտինին, ո՞վ է նրա իրական մրցակիցը. 2018-ից առաջ և հետո

Ի՞նչ է սպասվում Պուտինին, ո՞վ է նրա իրական մրցակիցը. 2018-ից առաջ և հետո

2018-ին Ռուսաստանում սպասվում է նախագահի ընտրություն: Իրական խնդիրն այն չէ, թե ով կլինի նախագահը, այլ այն, թե ինչ կլինի Ռուսաստանում նախագահի ընտրությունից հետո:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ո՞ր ուժը կլինի 2018-ի նախագահական ընտրության հաղթողը, գաղտնիք էլ չէ, թե ո՞վ կլինի նախագահը: Ռուսաստանն ունի մեկ ֆիգուր, ում շուրջ է պտտվում ամբողջ Ռուսաստանը: Նրան սիրում են, նրանով հպարտանում, նրանով հիանում ու միայն նրան տեսնում երկրի ղեկավար: «Լևադա» կենտրոնի հարցումների համաձայն՝ 2017-ին մարտին Պուտինի վարկանիշն իր երկրում եղել է 82 տոկոս: Ու այս իրավիճակը դժվար թե փոխվի մինչև տարեվերջ: Կփոխվի, եթե իհարկե Պուտինն ինքը հրաժարվի մասնակցությունից, կամ որոշի մեկ այլ թեկնածուի հովանավորել, ու վստահ եղեք, հենց հովանավորվողն էլ կանցնի՝ Պուտինի «օրհնությամբ» (հիշեք Մեդվեդևին): Բայց դժվար թե այս սցենարը կրկնվի, համենայն դեպս՝ ոչ 2018-ին:

Ճիշտ է, մի քանի ամիս առաջ Ռուսաստանում սկսվեց հակապուտինյան շարժում, բայց  դա երկար չտևեց, համենայն դեպս ցույցերն ու բողոքները թափ չստացան: Carnegie-ի հիմնադրամի վերլուծաբաններն այդ ժամանակ պնդում էին, որ հասարակությունը հոգնել է, բայց արմատական փոփոխությունների պատրաստ չէ: Այդպես էլ եղավ:

Ով կարող է լինել Պուտինի մրցակից

Գուցե ռուս հասարակությունը հոգնել է ռուս–ամերիկյան, ռուս-ուկրաինական, ռուս-թուրքական ու այլ ռուս-չգիտեմ էլ ինչյան հակամարտություններից, բայց այդ բոլոր մարտերում Ռուսաստանը դուրս եկավ գլուխը բարձր պահած, ավելի հզորացած ու աշխարհում իր հեգեմոն դերն ունենալու հայտ ներկայացրած: Ու դրա համար ռուս ժողովուրդը շնորհակալ է Պուտինին:

Ո՞վ կարող է լինել Պուտինի մրցակից: Ըստ Carnegie-ի հիմնադրամի վերլուծաբանների, Պուտինը չունի մրցակից: Նրանք վստահ են, որ ոչ Զյուգանովը, ոչ էլ Յավլինսկին չեն կարող մարդկանց տանել իրենց հետևից: Անգամ Ալեքսեյ Նավալնին, եթե հրաշքով հայտնվի թեկնածուների ցուցակում, չի հավակնի դառնալ ՌԴ նախագահ, քանի որ ընտրողները նրան այդ կերպարում չեն էլ տեսնում:

Իրականում այդպես է: Գրեթե 150 միլիոն բնակչություն ունեցող երկիրն այսօր Պուտինին այլընտրանք չի տեսնում: Նա իրավացիորեն հավակնում է «ռուսական ցարի» կոչմանը: ՌԴ քաղաքացիները նրա կերպարում են տեսնում ՌԴ պետությունը՝ հզոր, հավակնոտ ու ինքնիշխան: Եվ նրանք կգնան «այո» ասելու ոչ թե նախագահի թեկնածուին, այլ Ռուսաստանին:

Ինչ է սպասվում 2018-ից հետո

Իրական խնդիրն այն չէ, թե ով կլինի նախագահը, այլ այն, թե ինչ կլինի Ռուսաստանում նախագահի ընտրությունից հետո: Վերլուծաբանները վստահ են, Պուտնի առջև խնդիրներն առաջանալու են 2018-ի ընտրություններից հետո:

Ռուսաստանի բնակչությունն ակնկալում է, որ երկրի ֆինանսական վիճակը ոչ թե կվատանա, այլ գոնե մի փոքր կլավանա: Սակայն, ըստ վերլուծաբանների, ՌԴ տնտեսությանն ու երկրի բյուջեի վիճակն այդքան էլ հուսադրող չեն: ՌԴ տնտեսությունն իր ծաղկման շրջանում էր 2005-2008թթ.-ին: Հետո եկավ կայունացման շրջանը: Հիմա Ռուսաստանի տնտեսության վիճակն այդքան էլ նախանձելի չէ. Արևմուտքը պատժեց Մոսկվային Ղրիմի համար: Ճիշտ է, Պուտինը փորձեց անմիջապես հակազդել պատժամիջոցներին՝ արագացնելով Եվրասիական տնտեսական միության կազմավորումը, սակայն պատժամիջոցներն իրենց հետևանքը թողեցին ՌԴ տնտեսության ու ռուբլու արժեքի վրա: Զուգահեռաբար իջավ նաև նավթի գինը:

Ու այս ֆոնին, ՌԴ իշխանությունն ամեն քայլի դիմում է՝ հետաձգելու «բարեփոխումները», որոնք սպասվում են իր երկրի քաղաքացիներին: Ու այդ «բարեփոխումների» առաջին թիրախը կլինի կենսաթոշակը, առաջին հարվածը կզգան թոշակառուները:

Վերջին շրջանում ֆինանսական խնդիրներ ունեցող գրեթե բոլոր երկրներում ավանդույթ է դարձել հարցերը լուծել կենսաթոշակի հաշվին: Եթե պետությունը փող չունի, ուրեմն պետք է կրճատել կենսաթոշակային ֆոնդը կամ մոգոնել նոր տիպի համակարգ: Այս խնդրի առաջ է կանգնած նաև Պուտինը:

Կենսաթոշակային ֆոնդի կրճատումը ՌԴ քաղաքացիների համար կլինի շատ ցավոտ, այդ քայլը Պուտինի վարկանիշը կտրուկ կիջեցնի: Չէ որ ՌԴ նախագահի հավատարիմ ընտրողներն ու նրանով հիացողները կենսաթոշակառուներն են, այն տատիկ ու պապիկները, որոնք «За великую Русь» պատրաստ են անկողնուց վեր կենալ ու գնալ ընտրատեղամաս, ընտրել այն «ցարին, որը վերականգնել է Հզոր Ռուսաստանի համբավը»:

Դա ՌԴ նախագահը հասկանում է և Կեսաթոշակային ֆոնդի բարեփոխումը չի անի հիմա՝ ընտրությունից առաջ: Հարցի լուծումը կտեղափոխվի «հետո»՝ 2018-ից հետո:

Հարվածի տակ են նաև հարկատուները: Ենթադրվում է, որ կբարձրանան նաև հարկերը՝ հատկապես ԱԱՀ-ն, ինչն իր հետևից կբերի գների բարձրացման: Սա էլ կազդի երկրի սոցիալ-տնտեսական  վիճակի վրա ու կհանգեցնի դժգոհությունների: Սակայն որևէ երկրի իշխանություն չի համարձակվի ընտրությունից առաջ նման բարեփոխումներ անել: Սա հասկանում են բոլորն ու այս մեխանիզմը կիրառում են բոլորը:

Նմանատիպ խնդիրները շատ են, ու դրանց լուծումները կտեղափոխվեն 2018-ի նախագահի ընտրությունից հետո: Պուտինը քայլ չի անի՝ հարվածելու իր վանկանիշին, սակայն դա չի նշանակում, որ չեն գտնվի ուժեր, որոնք մինչև այդ չեն դադարի քննադատություններ հնչեցնել Պուտինի հասցեին: Սոցցանցերում էլ կհայտնվեն անիմացինոն ֆիլմեր, որոնք շրջանառության մեջ կդրվեն ու մեկ-երկու օրում կհավաքեն մոտ 500 հազար դիտում, ավելի քան 4 հազար լայք ու մոտ 10 հազար հրապարակում: Ու ամենևին էլ կարևոր չէ, թե ով է հեղինակը:

Գրել կարծիք