Մեկ տասնամյակ անց տարեցներին կխնամեն ռոբոտ-դայակները

Մեկ տասնամյակ անց տարեցներին կխնամեն ռոբոտ-դայակները

Նոր տեխնոլոգիաները հասան նաև տարեցներին: Այս դեպքում` լավ իմաստով: Խելացի ռոբոտները մոտ ապագայում կարող են փոխարինել մեծերի խնամակալ-դայակներին: Մի քանի նախատիպ արդեն ստեղծվել է:

Մարդկանց կյանքի միջին տևողության ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև խնամակալ-դայակների պահանջը: Այս մարտահրավերին օգնության են հասնում ռոբոտներն ու իրերի ինտերնետը (internet of things): Գիտատեխնիկական աշխարհի քննարկման թեման այժմ այս հարցն է՝ կկարողանա՞ն ռոբոտ-դայակաները հաղթահարել «մարդկային» դժվարությունները և ի՞նչ գնով:

80-անց տարեցներն ամենաշատը կարիք ունեն զրուցակցի, որ կօգնի նրանց նաև որոշ կենցաղային հարցերում: Գնալով ավելի շատ տարեցներ ձեռք են բերում ծերունական տկարամտությունը: Փորձագետները վստահ են, որ այս խնդրի լուծմանը կարող են օգնել ռոբոտները:

Երեք տարի առաջ պրոֆեսոր Նադյե Տալման նախագծեց Nadine ռոբոտին, որը ավտոմատ հարմարվում է մարդուն և իրավիճակին, ինչն էլ նրան դարձնում է իդեալական դայակ տարեցների համար: Այս նախատիպով, պրոֆեսորը վստահ է, որ 10 տարի անց ռոբոտները կսկսեն հոգ տանել տարեցների մասին: «Այն օժտված է մարդկանց ճանաչելու հնարավորությամբ, հիշելու կարողությամբ և կարողանում է ճանաչել անգամ էմոցիաները», — պատմում է ռոբոտի հեղինակը:

Nadine-ն հետևում է տարեցների ինքնազգացողությանը, անհրաժեշտության դեպքում զանգեր կատարում, շարունակում զրույցը և խաղում: Այն երբեք չի հոգնում և ձանձրանում: Nadine-ն ունի ունի նաև թերություններ, օրինակ, դժվարությամբ է տարբերում ակցենտները:

Ռոբոտ-դայակ է նախագծել նաև IBM-ը, նրանք ստեղծել են բազմաֆունկցիոնալ ավտոմատ օգնական Mera-ին: Այն հետևում է տարեց մարդու սրտի աշխատանքին, ռիթմին, շնչառությանը, դիմախաղին (ներկառուցված տեսախցիկի շնորհիվ): Երբ հիվանդն ընկնում է, Mera-ն ազդանշան է ուղարկում բուժանձնակազմին:

IBM-ի հետազոտական թիմի ղեկավար Սյուզան Կիոխեյնի խոսքով, հասարակությունը դեռևս պատրաստ չէ ընդունելու հիվանդներ խնամող ռոբոտներին: Մարդկանց համար անընդունելի է, որ իրենց ծնողների մասին կարող են հոգ տանել անզգա մեքենաները: Այս սկեպտիցիզմի ֆոնին IBM դիմում է իրերի ինտերնետին, որն օգնության է գալիս այն մարդկանց, ովքեր չեն վստահում ռոբոտներին: Կենցաղային իրերում կամ տան պատերում տեղադրվում են հատուկ սենսորներ, որոնք կարող են չափել մարդկանց ֆիզիկական վիճակը: Սենյակի մթնոլորտը կպատմի մարդու սովորույթների մասին (ի՞նչ է կերել նախաճաշին, զբոսնել է, թե՞ ոչ):

Եվս մեկ տարբերակ են ռոբոտ-տնային կենդանիները: Ճապոնական փափուկ փոկ Paro-ն մեղմում է դեպրեսիայի, անհանգստության և սթրեսի ախտանիշները: Այն արձագանքում է, երբ իրեն շոյում են, Paro-ն նայում է իր տիրոջ ուղիղ աչքերի մեջ: Կա վիճակագրություն, ըստ որի, Paro-ի տերերը մեկ երրորդով պակասացրել են այն դեղերը, որոնք ընդունում էին և դարձել են ավելի շփվող:

Տան աշխատողի և դայակի ֆունկցիաներ է կատարում նաև ճապոնական SoftBank Group-ի արտադրանքը՝ Pepper ռոբոտը: Այն կարողանում է միացնել հեռուստացույցը, օդափախիչը, կարող է դայակ լինել փոքրերի և մեծերի համար, իսկ մարդու ինքազգացողությունը հասկանում է անգամ ձայնով:

Դայակ-ռոբոտների կիրառման դեպքում առայժմ կա երկու մեծ մտավախություն: Դրանց տարածումը կարող է հանգեցնել տարեցների հասարակությունից մեկուսացմանը: Մյուս մտավախությունը տվյալների գաղտնիության պահպանումն է, քանի որ ռոբոտների ծառայությունների որակը կախված է այն ինֆորմացիայի ծավալից, որը նրանց փոխանցվում է:

 

Գրել կարծիք