Նոր Արեշից՝ ԱՄՆ պետդեպ. ո՞վ է Հայաստանում ծնված ամերիկացի առաջին դիվանագետը

Նոր Արեշից՝ ԱՄՆ պետդեպ. ո՞վ է Հայաստանում ծնված ամերիկացի առաջին դիվանագետը

Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը Հայաստանում ծնված ամերիկացի առաջին դիվանագետն է: newmag-ին նա պատմել է, թե ինչպես է կարողանում աշխատել՝ իր հայկական ինքնությունը համադրելով ամերիկյան դիվանագիտության հետ:

Ռուբեն Հարությունյանը «և՛… և՛» բանաձևի կենսունակության օրինակ է: Ծնվել է Երևանում, 9 տարեկանում ՝ մոր հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Որպես ամերիկացի դիվանագետ Հայաստանում պաշտպանում է Վաշինգտոնի շահերը: Միևնույն ժամանակ դե ֆակտո աշխատում է նաև ի նպաստ Հայաստանի: Պնդում է, որ բացի ամերիկյան ու հայկական առանձին շահերից՝ կան նաև հայ-ամերիկյան միացյալ նպատակներ, ինչն էլ մեծ սիրով առաջ է մղում ՝ աշխատելով ԱՄՆ դեսպանությունում. «Հայաստանում առաջ տանելով ԱՄՆ շահերը՝ առաջ եմ տանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ապագան՝ հայերի համար ստեղծելով լուսավոր ու պայծառ հնարավորություններ»,- ասում է Ռուբենը: Նա համարում է, որ Միացյալ Նահանգները շատ լուրջ ներդրումներ է արել Հայաստանում՝ հարթելով ճանապարհ այլ հավանական ներդնողների համար:

Ռուբենի խոսքով, անցած 25 տարիներին ԱՄՆ-ն Հայաստանի հետ գործակցում էր որպես օգնություն տրամադրող երկիր, իսկ այժմ փոխում է գործակցության տրամաբանությունը. «25 տարի անց որոշել ենք շեշտը չդնել աջակցության վրա, այլ համատեղ աշխատելով՝ տնտեսական աճ ապահովենք: Եվ այս վերջին տարվա ընթացքում Հայաստանում ունենք կես միլիարդ դոլարի ամերիկյան ներդրում, որը երբևէ եղած ամենամեծ ներդրումն է: Բայց, իհարկե, ամերիկյան ներդրումներ գրավելու մեր ջանքերը պետք է խարսխվեն հայաստանյան իշխանությունների հստակ և ակնառու հանձնառության վրա՝ ստեղծելու այնպիսի բիզնես մթնոլորտ, որը չի հանդուրժում կոռուպցիան, և որտեղ արդարադատության համակարգը հանդես է գալիս որպես ներդնողի իրավունքների անկախ և արդյունավետ երաշխավոր ՀՀ օրենսդրության ներքո»:

Ռուբեն Հարությունյանը եղել է պետքարտուղարներ Հիլարի Քլինթոնի և Ջոն Քերիի հատուկ օգնականը, կազմակերպել է նրանց արտասահմանյան այցերը: Երբ նա օգնում էր կազմակերպել Քերիի այցը Օման, դեռ չգիտեր, թե ինչ պատմական միջոցառում է սպասվում: Պարզվեց, որ դա հենց այն հանդիպումնէր, որտեղից սկսվեցին ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հանգելով պատմական համաձայնության՝ «Գործողությունների համատեղ համապարփակ պլանի»:

«Իմ վերջին աշխատանքային օրն էր Ջոն Քերիի հետ: Նա գեղեցիկ ավանդույթ ուներ. անձամբ հանդիպում էր ոչ միայն այն մարդու հետ, որն իր օգնականն է եղել, այլև նրա ընտանիքի բոլոր անդամների հետ»,- ասում է Ռուբենը՝ ցուցադրելով Ջոն Քերիի ու իր ընտանիքի միացյալ լուսանկարը:

Ռուբենի աշխատասենյակի ամենայուրօրինակ հատվածը գրքերի համադրությունն է: Գրեթե բոլոր գրքերը կենսագրականներ են: Ռուբենը հենց այդպիսի պատմություններն է կարևորում: Նա համարում է, որ հանրահայտ դիվանագետների անձնական փորձի մասին տեղեկությունները պրակտիկ հմտություններ են տալիս: Բենջամին Ֆրանկլինի, Ռոբերտ Քենեդիի և Հիլարի Քլինթոնի մասին գրքերի կողքին Պարույր Սևակն է: Ռուբենն ընդգծում է՝ հենց դրանով էլ տարբերվում է ամերիկացի մյուս դիվանագետներից:

newmag-ի հետ Ռուբեն Հարությունյանն այցելել է նաև մանկության բակ՝ Նոր Արեշի 24-րդ փողոց, որտեղ անցել է նրա գրեթե ամբողջ մանկությունը: Շուտով մեկնելու է: Նոր նշանակումը՝ Ալժիր: Խոստանում է, որ ԱՄՆ պետքարտուղար դառնալուն պես անպայման կայցելի Արեշ: Այցն այս անգամ կկազմակերպեն ի՛ր օգնականները:

newmag #79

Գրել կարծիք