Ռուսերենն այսօր Վրաստանում. ո՞ւմ և ինչի՞ համար է պետք

Ռուսերենն այսօր Վրաստանում. ո՞ւմ և ինչի՞ համար է պետք

Ռուսերենը մոռացության մատնելը հավանաբար կբարդացնի շփումը տարածաշրջանում, և վրացիները դժվարությամբ կշփվեն հարևանների հետ:

Ռուսերենի տարածման արեալը Վրաստանում վերջին 20 տարիների ընթացքում տարեցտարի նեղանում է: Այսօր ռուսաց լեզվի իմացությունը կարիերային աճի համար պարտադիր պայման չէ: Դրան գումարվում է երկու երկրների միջև հարաբերությունների քաղաքական լարվածությունը, ինչպես նաև տնտեսական, մշակութային և կրթական կապերի խզումը:

Հնարավոր է, որ վերջին տարիներին Ռուսաստանից եկող զբոսաշրջային հոսքը Վրաստանին վերադարձնի ռուսաց լեզվի հանդեպ նախկին հետաքրքրությունը, սակայն առաջին օտար լեզվի կարգավիճակը ռուսաց լեզուն հավանաբար էլ չի կարող վերականգնել:

***

«Ամիրիանի» կինոթատրոնում ցուցադրվում է Ջոան Ռոուլինգի սցենարով նկարահանած «Ֆանտաստիկ արարածները» ֆիլմը:

13-ամյա Աննան ու նրա համադասարանցի Մարիամը, մեծ քանակությամբ ադիբուդիով և կոկա-կոլայով զինված, զբաղեցնում են դահլիճի լավագույն տեղերը: Նրանք Ջոան Ռոուլինգի և Հարի Փոթերի երկրպագուներ են և վաղուց էին սպասում այդ ֆիլմին:

Ֆիլմը սկսվում է: Մոտ տասը րոպե անց աղջիկները վեր են կենում և զգուշությամբ, որ չսայթաքեն, լքում են մութ դահլիճը:

«Ֆիլմը ռուսերենով է: Գրեթե ոչինչ հասկանալի չէ», – ասում է Աննան: Թվում է՝ մի քիչ էլ, և լաց կլինի:

Աննան սովորում է Թբիլիսիի հանրակրթական դպրոցներից մեկի 8-րդ դասարանում: Նրա սիրած գիրքը Հարի Փոթերն է: Կախարդի մասին պատմությունների ողջ սերիան նա կարդացել է անգլերենով, որը միանգամից է ըմբռնում: Օտար լեզվի դասերն ամեն օր են: Բացի այդ, նա անգլերենի մասնավոր պարապմունքների է գնում: Այս տարի պատրաստվում է անգլերենի օլիմպիադային մասնակցել:

«Ուզո՞ւմ եք զվարճալի պատմություն լսել, – ծիծաղելով առաջարկում է Աննան, – երբ մայրս ու տատս իմ ներկայությամբ գաղտի խոսում են, սկսում են ռուսերեն խոսել, սակայն երբ ես ու մայրս ենք տատիցս ինչ-որ բան ուզում թաքցնել, անցնում ենք անգլերենի»:

Աննան դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության հարցում, սակայն երազում է Օքսֆորդի համալսարանում սովորելու մասին:

Աննայի ու Մարիամի ռուսաց լեզվի դասերը շաբաթն ընդամենը 2 անգամ են: «Ես ռուսաց լեզուն նույնպես սովորում եմ, սակայն այնքան էլ լավ չեմ տիրապետում, ռուսաց լեզուն միայն դպրոցում է պետք: Իսկ անգլերենով ֆիլմեր էլ եմ նայում, գրքեր եմ կարդում: Համացանցում էլ է ամեն ինչ անգլերենով»:

«Քիմիայի դասերի համար փորձերը Youtube-ում ենք փնտրում, և դրանք նույնպես անգլերենով են: Ծնողներս պահանջում են, որպեսզի ռուսերեն սովորեմ, և այնուամենայնիվ ինչ-որ բան սովորում եմ», – ասում է Աննան:

Աննան ու Մարիամը ծնվել են 2003թ-ին: Դա Վրաստանի համար զգալի փոփոխությունների տարի էր: Նոր իշխանությունները, որոնք եկան վարդերի հեղափոխությունից հետո, խիստ արևմտյան ուղղվածություն որդեգրեցին: Իսկ Ռուսաստանի հետ և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերություններն ավելի շատ փչացան: Այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարում էր, որ խորհրդային անցյալին հրաժեշտ տվող և եվրաինտեգրման պլաններ ունեցող երկրին իր առջև կանգնած գլոբալ մարտահրավերները լուծելու համար միջազգային լեզվի իմացություն է անհրաժեշտ իրեն աշխարհին արժանավայել ներկայացնելու համար:

2011թ-ից Վրաստանի հանրակրթական դպրոցներում անգլերենը պարտադիր առարկա դարձավ, որը սկսում են ուսումնասիրել առաջին դասարանից. պետական ծրագրով Վրաստան եկավ անգլերենի մի քանի հազար կամավոր մանկավարժ, որոնք սկսեցին աշխատել հանրակրթական դպրոցներում:

Պլաններն ավելի վիթխարի էին, քան արդյունքները: Դպրոցներում անգլերենի ուսուցման որակն այնքան էլ բարձր չէր, սակայն տենդենցը փոխվեց. այսօր կարելի է խոսել այն մասին, որ անգլերենը վրացական դպրոցներում զբաղեցրեց ռուսերենի տեղը՝ դառնալով համար մեկ օտար լեզու:

Խորհրդային Վրաստանում ռուսաց լեզուն մրցակցում էր վրացերենի հետ: Թեկուզև այն ամենօրյա օգտագործման լեզու չդարձավ և այնքան էլ ակտիվ չէր օգտագործվում, այնուամենայնիվ, այն երբեմն գերիշխում էր պետական գերատեսչություններում, գիտական հաստատություններում, վրացական ինտելիգենցիան սիրում էր իր կարծիքն ու մտքերը ռուսերենով արտահայտել: Ռուսաց լեզվի իմացությունը կարիերային աճի անհրաժեշտ պայման էր:

Այսօր ռուսաց լեզուն կորցրել է այդ գործառույթը, ինչը երկու պատճառներով է պայմանավորված: Մի կողմից՝ քաղաքական գործոնը, մյուս, ավելի կարևոր կողմից՝ պրագմատիկ նկատառումները:

Նելի Կիկվաձեն ռուսաց լեզվի 40 տարվա ստաժ ունեցող մանկավարժ է: Այսօր նա թոշակի է անցել, տանը մասնավոր պարապում է աշակերտների հետ:
«Աշակերտների պակասից չեմ բողոքում: Ինձ մոտ պարապում են հիմնականում ունևոր ընտանիքների երեխաներ, որոնք ռուսաց լեզու են ուսումնասիրում որպես երկրորդ օտար լեզու: Գրեթե բոլոր իմ աշակերտները ռուսերենին զուգահեռ անգլերեն են ուսումնասիրում… Ընդ որում, նրանցից ոչ ոք չի պատրաստվում ուսումը Ռուսաստանում շարունակել: Բոլորի մտքում Եվրոպան ու Ամերիկան են», – ասում է Նելի Կիկնաձեն:

Նրա կարծիքով, այսօր ռուսաց լեզվի գլխավոր խնդիրն այն է, որ այն ապագայի և կարիերային աճի համար անհրաժեշտ չի համարվում: Վրացական երիտասարդությունը չի ձգտում ռուսական բուհեր ընդունվել:

«Երբ կառավարությունում նոր նախարար է նշանակվում, ապա նրան ներկայացնելիս առաջին հերթին ընդգծվում է, որ նա սովորել է Եվրոպայում կամ Ամերիկայում: Դա այսօր մեծ առավելություն է համարվում: Դա բնականաբար տեսնում են նաև երիտասարդները, և նրանց ծնողներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց երեխաներն անգլերեն ուսումնասիրեն և արտասահմանում կրթություն ստանան, ինչը նրանց թույլ կտա կյանքում ինչ-որ բանի հասնել»:

Մարքեթինգային ընկերության անցկացրած հետազոտության տվյալների համաձայն, հարցված թբիլիսցիների միայն 36%-ն է նշել, որ լիովին տիրապետում է ռուսաց լեզվին: Իսկ դա նշանակում է, որ 64%-ն «անհարմարություն» է զգում ռուսերենի հետ կապված: Ռուսաց լեզուն շրջաններում ավելի քիչ գիտեն: Էթնիկ վրացիներն ամենօրյա իրենց խոսքում, հազվադեպ բացառությամբ, այն չեն օգտագործում:

Վրացական ազգային հեռուստաընկերությունները փաստացի ռուսերենով կրկնօրինակած ֆիլմեր չեն ցուցադրում: Իսկ ռուսական հեռուստաալիքները հասանելի են բնակչության այն քիչ հատվածին, որն օգտվում է մալուխային հեռուստատեսության ծառայություններից:

Այն հանգամանքը, որ վրացական կինոթատրոններում ֆիլմերի մեծ մասը ցուցադրվում է ռուսերենով, վկայում է միայն տեղական կինոինդուստրիայում առկա ֆինանսական խնդիրների մասին և ոչ ավելին, սակայն հաստատ բնակչության շրջանում ռուսերենով ֆիլմերի պահանջի մասին չի վկայում:

Ճիշտ է, ռեստորաններում և երթուղային տաքսիներում այսօր հաճախ կարելի է լսել ռուսական էստրադա և շանսոն, իսկ մալուխային հեռուստաընկերություններում գերակշռում են ռուսական ալիքները, սակայն թվարկված ծառայությունների սպառողները, որպես կանոն, ավագ սերնդի ներկայացուցիչներն են, որոնք ապրել են Խորհրդային Միությունում: Իսկ նոր սերունդը հեռու է այդ մշակույթից և գրեթե ծանոթ չէ դրան:

Ռուսաստանը զբոսաշրջային տեսանկյունից նույնպես չի գրավում վրացական երիտասարդությանը: Նրանք միայն ծնողներից ու տատիկ-պապիկներից են լսել դեպի Մոսկվա 37 ռուբլի արժողությամբ ավիատոմսերի և այնտեղ անցկացրած անմոռանալի ժամանակի մասին: Վրաստանի քաղաքացիների համար, որոնք ամեն օր սպասում են եվրոպական երկրների հետ առանց վիզայի ռեժիմին, ռուսական վիզա ստանալն ավելի բարդ է, քան որևէ եվրոպական երկրի: Հետևաբար, Ռուսաստան են մեկնում հիմնականում նրանք, ովքեր այդ երկրում բարեկամներ ունեն: Վրացական հայտնի զբոսաշրջային օպերատորներից և ոչ ոք, ում հետ մենք շփվեցինք, դեպի Ռուսաստան տուրեր չի առաջարկում:

«Առաջին հերթին, մեծ խնդիր է վիզան: Երկրորդը, քաղաքականությունն իր գործն անում է: Վրացական երիտասարդությունը կարծում է, որ Ռուսաստանում անհարմար կզգա իրեն, քանի որ այնտեղ վրացիներին չեն սիրում», – ասում է զբոսաշրջային օպերատորներից մեկի ներկայացուցիչ Նաթիա Լաբարտկավան:

Ի՞նչ կկորցնենք և ձեռք կբերենք, եթե ռուսաց լեզուն ավելի մեծ տարածում ունենա:

Քաղաքագետ Գիորգի Ցխադայան կարծում է, որ ռուսաց լեզվի դիրքերի զիջումը լիովին ընդունելի է, քանի որ «տարիներ շարունակ ռուսական մշակութային տարածության մաս կազմած խորհրդային հանրապետություններն աստիճանաբար վերադարձնում են իրենց ինքնատիպությունը»:

«Սա շատ կարևոր հարց է, որը մեր տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց անկախ ինքնատիպ մշակույթը, այլ ոչ թե Ռուսաստանի կցորդ կամ ռուսական մշակույթի լրացում լինել», – կարծում է Ցխադայան:

Ռուսաց լեզվի գերիշխող ուղեծրից դուրս գալը ձեռնտու է նաև քաղաքական տեսանկյունից, կարծում են Վրաստանում: Համատարած ռուսաց լեզվով խոսող երկիրը լավ թիրախ է ռուսական «փափուկ ուժի» և տեղեկատվական պրոպագանդային համար, կարծում է Թբիլիսին: Այն դեպքում, երբ անգլերենը երկրին ավելի մեծ բացություն և տեղեկատվության մեծ հոսք, Եվրոպայի և եվրոպական արժեքների հետ ավելի շատ կապեր է ապահովում, ինչը կօգնի նաև հետխորհրդային մտածողության փոփոխությանը:

Չնայած որ այս հարցը հակառակ կողմ էլ ունի:

Վրաստանի բնակչության 13%-ից ավելին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Նրանց մեծ մասն ապրում է Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում: Այդ շրջաններում բնակվող հայերի և ադրբեջանցիների 90%-ը պետական վրացերեն լեզվին չի տիրապետում, և նրանց ինչպես շարքային վրացիների, այնպես էլ պետական կառույցների հետ կապող միակ լեզուն ռուսերենն է: Ռուսաց լեզուն նաև Վրաստանի քաղաքացի աբխազների և օսերի հետ շփման միակ լեզուն է:

Ռուսաց լեզուն մինչ այսօր շարունակում է lingua franca լինել ողջ կովկասյան տարածաշրջանի համար: Վրացիները տարածաշրջանային հարևանների՝ հայերի, ադրբեջանցիների, ուկրաինացիների, ղազախների հետ շփվում են հենց ռուսերենով: Ռուսերենը մոռացության մատնելը հավանաբար կբարդացնի շփումը տարածաշրջանում, և վրացիները դժվարությամբ կշփվեն հարևանների հետ:

Կարևոր է նաև այն, որ չնայած երկրի կյանքից ռուսաց լեզվի դանդաղ «հեռանալուն», անգլերենն անվերապահորեն դրա տեղը չի զբաղեցնում: Որպես արդյունք, սերունդներ կան, որոնք լիարժեք տիրապետում են միայն մեկ լեզվի:

Այդ խնդիրը հատկապես դրամատիկ արտահայտում ունի բուհերում: Լրացուցիչ դասագրքերի և ձեռնարկների մեծ մասը թարգմանված չէ վրացերեն, այդ պատճառով էլ միայն վրացերենին տիրապետող ուսանողները կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զրկված են:

Արդյո՞ք ռուսաց լեզուն Վրաստանում շանս ունի

Չնայած շրջադարձին դեպի անգլերենը, անզեն աչքով էլ է երևում, որ Վրաստանում ռուսաց լեզվին տիրապետող մարդիկ զգալիորեն ավելի շատ են, քան անգլերեն խոսողները: Դա մեծ մասամբ բացատրվում է իներցիայով և ավանդույթներով:

Վրաստանում ռուսաց լեզուն այսօր արտոնյալ պայմաններ չունի, սակայն այն արգելված էլ չէ, և դրանով խոսելը բացարձակ չի արգելվում: Այն նույն վիճակում է, ինչ այլ օտար լեզուները, և մարդիկ անհատական կարգով են որոշում, թե որ լեզուն ուսումնասիրել:

«Փոքր ազգերն ընտրություն չունեն, քան որքան հնարավոր է շատ լեզուներ իմանալը: Մեկն ակնհայտորեն բավարար չէ: Այդ պատճառով էլ ռուսաց լեզուն լուրջ շանս ունի երկրորդ օտար լեզու դառնալու: Նման կարգավիճակի համար նրա հետ դեռևս չի կարող մրցակցել ոչ մի այլ լեզու, քանի որ ռուսերենն այսօր շարունակում է տարածաշրջանում կապի կարևոր լեզու մնալ և կմնա դեռ շատ երկար», – կարծում է քաղաքագետ Գիա Նոդիան:

Իսկ ամենակարևոր և պրագմատիկ գործոնը, որով պայմանավորվում է ռուսաց լեզվի չանհետանալը, զբոսաշրջությունն է: Վրաստանը կարևոր զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություններ ունի: Ընթացիկ և նախորդ տարվա վիճակագրությունը վկայում է, որ ամենաշատ զբոսաշրջիկներ Վրաստան են այցելում ռուսախոս երկրներից, հետխորհրդային հանրապետություններից: Դա հաշվի առնելով՝ ռուսաց լեզուն կարևոր պրակտիկ նշանակություն է ձեռք բերում: Վրաստանի զբոսաշրջային ոլորտում աշխատանքի հավակնողների համար ռուսաց լեզվի իմացությունը պարտադիր պայման է:

Զբոսաշրջային ոլորտը ճիշտ պահին զգաց տենդենցները, և հայտնի զբոսաշրջային գոտիներում տեղակայված սրճարաններում ու հյուրանոցներում վրացերենին և անգլերենին զուգահեռ սկսեցին գրառումներ արվել նաև ռուսերենով, ճաշացանկերն էլ թարգմանվեցին ռուսերեն:

«Ես ռուսերենը օկուպանտների լեզու չեմ անվանում: Այս տարի իմ հյուրանոցում հանգստացողների 90%-ը ռուսներ և ուկրաինացիներ էին: Եկող տարի ավելի շատ այցելու եմ սպասում: Երեխաներս և՛ անգլերեն, և՛ ռուսերեն են ուսումնասիրում: Երբ մեծանան, կսկսեն ինձ օգնել այս ոլորտում», – ասում է Թբիլիսիի հին թաղամասներից մեկում տեղակայված հյուրատան տեր Նուկրին:

Ռուսաց լեզվի տարածման արեալը Վրաստանում վերջին 20 տարիների ընթացքում տարեցտարի նեղանում է: Այսօր ռուսաց լեզվի իմացությունը կարիերային աճի համար պարտադիր պայման չէ: Դրան գումարվում է երկու երկրների միջև հարաբերությունների քաղաքական լարվածությունը, ինչպես նաև տնտեսական, մշակութային և կրթական կապերի խզումը:

JAMnews

Գրել կարծիք