Շուշի – 25. Ամփոփ՝ ինչ պետք է իմանալ բացառիկ ռազմական գործողության մասին

Շուշի – 25. Ամփոփ՝ ինչ պետք է իմանալ բացառիկ ռազմական գործողության մասին

Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել:

Ռազմական գործողությունը իրականցվել է 1992-ի մայիսի 8-9-ին: Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը,  Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը:

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ:

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ ևն) հետաձգվել էր: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, հետևյալ մանրամասներով.

1. Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ:

2. Մեր խնդիրը՝

ա. Ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում.

բ. Ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում, գրավել Շուշին և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը).

գ. Հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից:

3. Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով:

Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել № բարձունքը և դիրքավորվել այնտեղ: Ուժերի վերախմբավորումից հետո նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.

ա. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,

բ. «26»-ի (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,

գ. Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Ս. Բաբայան,

դ. Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Ս. Օհանյան: Պահեստազորի հրամանատար՝ Յու. Հովհաննիսյան:

Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել № բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին:

4.Մարտակարգը.

ա. Հարավային ուղղությունում գործում են 2-րդ և 3-րդ վաշտերը, Բերդաձորի, Չանախչիի, Սղնախի, Կարաբուլաղի, Տումիի, Քարինտակի, աֆղանցիների, դաշնակցականների, Քիրսի ջոկատները, ինժեներ-սակրավորների, կապավորների խումբը, դաշտային հոսպիտալը, ՀՕՊ-ը:

բ. Հյուսիսային ուղղությունում՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և հետախուզական վաշտերը, «ՄՄ-21» և «Դ-30» մարտկոցները, հատուկ «Ֆ» հետախուզական խումբը, Կոռնիձորի, Հրազդանի, Սևանի, Ստեփանավանի ջոկատները, «ԱԲ» խումբը, 1-ին գրոհային ջոկատը, սակրավորների, կապավորների, բժիշկների խմբերը: գ. Արևելյան ուղղությունում՝ 1-ին վաշտը, Շոշի, Դաշուշենի, Քռասնիի, Արարատի, «Կամուրջ», «Ա» ջոկատները, հետախուզական խումբը, դաշնակցական ջոկատը, Վ. Ստեփանյանի, Արարատի, Փոքր Հարութի դասակները, ականանետային գումարտակը, սակրավորների, կապավորների, բժիշկների խմբերը, հրամկետը, ՀՕՊ-ը: դ. Քյոսալարի ուղղությունում՝ Բադարայի, «Կումայրի», Բալլուջայի, Դաշբուլաղի, Մեհտիշենի, Խնածախի, Դահրազի, «Գ» և «Դ» ջոկատները, դիվերսիոն հետախուզական խումբը, նյութական մատակարարման վաշտը, սակրավորների, կապավորների, բժիշկների խմբերը, ՀՕՊ-ը:

5.Հրամայում եմ՝

ա. Շոշի ուղղությունում՝ հարձակումը զարգացնել ելման սահմանագծից՝ Մխիթարիշեն գյուղի մոտից՝ քաղաքի ծայրամասում կանաչներին ոչնչացնելու և այնտեղ (բանտ և հիվանդանոց) ամրանալու նպատակով:

բ. «26»-ի ուղղությունում՝ գրավել № բարձունքները և ամրանալ խաչմերուկի սահմանագծում, ապա պահեստազորի ներգրավումով՝ գրավել Շուշիի ծայրամասը:

գ. Լաչինի ուղղությունում՝ զարգացնելով հարձակումը Զառսլուի և Լիսագորի վրա՝ միաժամանակ հարվածել ուղեկալին և գրավել Շուշիի հարավարևմտյան ծայրամասը:

դ. Քյոսալարի ուղղությունում՝ հարձակումը զարգացնել երկու ուղղությամբ՝ նախ հակառակորդին շեղելու նպատակով, իսկ հարձակման հաջող զարգացման դեպքում, գրավել Կարգյավը և Ջանհասանը:

ե. Բոլոր ուղղություններում՝ պահեստային ուժեր ընդգրկել միայն առաջնահերթ խնդիրը լուծելուց հետո, իսկ անհրաժեշտաբար՝ իրադրության բարդացման դեպքում:

6. Մարտական մեքենաները գործում են հիմնական կրակային դիրքերում՝ անհրաժեշտության դեպքում փոխելով կրակային դիրքերը, հիմնականում հրետանային պատրաստությունից հետո, հարկ եղած դեպքում՝ հակառակորդի հենակետերի խորքերում:

7. Կրակային դարաններ սարքել. Ղայբալու-Բաշքենդ, Քյոսալար-Ջանհասան, Ջանհասան-Կարագյավ, Շուշի-Լաչին ճանապարհներին»:

Հրամանը վավերացված է հրամանատար, գնդապետ Ա. Տեր-Թադևոսյանի և հրամանատարի տեղակալ Ռ. Գզողյանի ստորագրություններով: Ռազմական գործողությունը զարգացել է նշված 4 ուղղություններով.

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ. թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից ու Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ Աժ-ն 1994-ին սահմանել է « Շուշիի ազատագրման համար » մեդալ:

Hystory of Armenia

Գրել կարծիք