Աստծո սիրույն. ինչպե՞ս է Քսենիա Սոբչակն առաջադրվել նախագահի թեկնածու, և ո՞վ է մասնակցում քարոզարշավին

Աստծո սիրույն. ինչպե՞ս է Քսենիա Սոբչակն առաջադրվել նախագահի թեկնածու, և ո՞վ է մասնակցում քարոզարշավին

Հեռուստահաղորդավար, L’Officiel Russia ամսագրի գլխավոր խմբագիր Քսենիա Սոբչակը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՌԴ նախագահի` 2018-ի ընտրությանը:

 Այդ մասին վերջին 1.5 ամսում շատ էին խոսում, բայց հեռուստահաղորդավարուհին տեղեկությունն անվանում էր ստահօդ: Ի՞նչ ծրագրով է Սոբչակը գնալու ընտրության, և ո՞վ կընդգրկվի նրա շտաբում. առայժմ քիչ բան է հայտնի: Հստակ է, որ կոլնսուլտանտը լինելու է քաղտեխնոլոգՎիտալի Շկլյարովը:

ժամանակակից երիտասարդ կնոջ կերպարը

Տեղեկությունը, որ Սոբչակը կարող է առաջադրել իր թեկնածությունեը, հրապարակվեց սեպտեմբերի 1-ին: «Ведомости»-ն գրել էր, որ նախագահի աշխատակազմը կին է փնտրում` քարոզարշավին մասնակցելու համար, և քննարկում է Սոբչակի տարբերակը` այլ թեկնածուների մեջ` որպես Պուտինի հնարավոր մրցակից:

«Իդեալական տարբերակը ժամանակակից, երիտասարդ կնոջ կերպարով Սոբչակն է, որը քաղաքականություն մտնելու  ցանկություն ունի. խելացի, վառ, հետաքրքիր, բայց տիպիկ ռուս կնոջ կերպարին ոչ ամբողջությամբ համապատասխանող:  Հարցն այն է` նա կհամաձայնի՞, թե՞ ոչ», – գրում էր թերթը` հղում անելով Կրեմլի աղբյուրներին:

Սոբչակը նյութի հրապարակումից վրդովվել էր, Ինստագրամում գրել, որ լրագրողները նույնիսկ հարկ չհամարեցին իր մեկնաբանությունը ստանալ:

 «Ես անկախ մարդ եմ, երբեք ոչ մի կարգի կապերի մեջ չեմ եղել, ինչով շատ հպարտ եմ, – հայտնեց նա: – Թե ով ինչ է քննարկում աշխատասենյակներում` չգիտեմ, բայց վաղուց եմ ուշադիր հետևում մեր քաղաքական  լանդշաֆտին: Ախտորոշումը մեկն է. ձեր այսօրվա քաղաքականությունը տրտում քաք է, պարոնա՛յք: Ձանձրալի և նողկալի»: Նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը` մեկնաբանելով կնոջ հնարավոր մասնակցությունը ընտրությանը, նշել է. «Կրեմլում այդ մասին չեմ մտածել»:

Այդուհանդերձ, Սոբչակի առաջադրվելու թեմայի քննարկումը շարունակվում էր: Մի քանի օր անց տեղեկությունը Պուտինը մեկնաբանեց երկու բառով`«Աստծո սիրույն»: Նշեց, որ հարգանքով է վերաբերվում Քսենիայի հորը` Անատոլի Սոբչակին, նրան համարում է ռուսաստանյան ժամանակակից պատմության հռչակավոր  գործիչ, բայց «երբ խոսքը նախագահի թեկնածու առաջադրվելու մասին է, անձնական բնույթի այդ կարգի տվյալները առանցքային ոչ մի դեր խաղալ չեն կարող»: (Պուտինն իր քաղաքական կարիերան սկսել է Ս.Պետերբուրգի ղեկավար Սոբչակի աշխատակազմում):  Պուտինն ավելացրեց, որ առաջադրվելու դեպքում Սոբչակի արդյունքը մյուս թեկնածուների պես կախված կլինի նրանից, թե ինչպես կկառուցեն իրենց քարոզարշավը: «Ե՛ս չպետք է որոշեմ, թե ով է որպես առաջնորդ նախընտրելի ռուս ժողովրդի համար: Դա ընտրությունների արդյունքում է որոշվում», – վստահեցրեց Պուտինը:

Երկու շաբաթ անց լուր տարածվեց, որ Սոբչակը նախընտրական շտաբի ղեկավար է փնտրում: Նշվում էին «Дождь» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևայի, նույն հեռուստաընկերության նախկին գլխավոր խմագրի, «Սպիդ.Կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Անտոն Կրասովսկու, լրագրող Ռոման Սուպերի անունները: 

Նրանցից ոչ ոք պաշտոնապես չի հաստատել, որ Սոբչակը դիմել է իրեն: BBC-ի ռուսական ծառայությունը` հղում անելով հենց այդ անձանց, գրել է, որ նախագահականում են Սոբչակին հուշել առաջադրվելու միտքը: Նախագիծը Սոբչակին դուր է եկել, բայց նրան բյուջե չի հատկացվել: «Հանդիպմանը նա պատմում էր, թե որքան կարևոր է, որ կինն է պայքարում նախագահի աթոռի համար: Եվ ինչքան կարևոր է դա երկրի զարգացման համար, – ասում էր BBC-ի զրուցակիցը: – Միևնույն ժամանակ Սոբչակն ընդգծում էր, որ իր քարոզարշավը քաղաքական չպետք է լինի»:

«Ես միայն լրագրողներից եմ լսում իմ առաջադրման մասին: Անձամբ ես ոչ մեկի ոչինչ չեմ ասել,-հայտնում է Սոբչակը,- իմ առաջադրվելու լուրը սադրանք է»: Այդ կարգի սադրիչ լուրերը նա կապում է «այլ նախագծի հետ»: «Ես լրագրողական նախագիծ ունեմ, որը նաև քաղաքականության հետ կապ ունի», – նշում է Քսենիան` ընդգծելով, որ այն քննարկել է Սիդնեևայի հետ: Ավելի ուշ նա հաստատեց, որ իրոք դիմել է հայտնի մի քանի մարդկանց, «բայց տարբեր հարցերով` իր նոր, մեծ ու կարևոր նախագծի կապակցությամբ»: «Հիմա արդեն ռիսկ կա, որ այդ պրոյեկտը չի կայանա` իմ շուրջ իրավիճակը շատ սրվեց», -նշում է Սոբչակը: The Bell հրատարակչությունը ենթադրում է, որ խոսքը  քաղաքական հեռուստաշուի մասին է:

Մարդակերներն ու մարիոնետները

Սոբչակի առաջադրվելուն վերաբերող հարցերին քննադատորեն մոտեցավ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին, որն անձամբ է նախընտրական քարոզարշավ սկսել (պետությունը չի պլանավորում նրա մասնակցությունը մինչև 2028-ը` դատական գործի պատճառով): Նավալնին ասում էր. «Լինելով վառ, ճանաչված ու հմայիչ անձնավորություն, Սոբչակը մարդակերի հայացքներ ունի քաղաքականության ու տնտեսության հարցում»: «Դատելով Սոբչակի մաներաներից, նա առաջադրվելու ցանկություն ունի», – ասել է Նավալնին և Սոբչակին կոչ է արել չմասնակցել «Կրեմլի նողկալի խաղերին»: Նավալնիի  քարոզարշավի ղեկավար Լեոնիդ Վոլկովն իր հերթին գրեց Սոբչակի առաջադրման մասին. «Այն, ինչ սկզբում թյուրիմացություն էր թվում, հետո` հումոր, սրընթաց դառնում է փաստ: Շատ հիմար բան է ստացվելու»: 

Նավալնու քննադատությանը պատասխանելով` Սոբչակը հայտնել է, որ ինքը չափավոր աջ-լիբերալ է, ոչ թե մարդակեր: Հայտնել է նաև, որ ինքը մարիոնետ չէ, և նշել` վերջերս այնքան են խոսում իր մասնակցության մասին, որ կամա թե ակամա սկսել է մտորել այդ մասին:

«Պայմանագրային մրցաշարից» հրաժարվելու կոչ է արել նաև «Եվրոկապ»-ի նախկին ղեկավար Եվգենի Չիչվարկինը: Նա բացատրել է, որ դա լավ ավարտ չի ունենում, Սոբչակը «լեգիտիմացնում է Պուտինին ու վնասում Նավալնիին»: Գործարարն օրինակ է բերել միլիարդեր Միխայիլ Պրոխորովին, որը մասնակցել է ընտրությանն ու մանիպուլյացիայի ենթարկվել»: «Ես ստիպված եմ քեզ և քո թիմին ս***** անել, եթե անես այդ քայլը: Խնդրում եմ, այդպես մի՛ վարվիր», – գրել է Չիչվարկինը: «Դո՛ւ ս***** եղիր», – պատասխանել է Սոբչակի ամուսինը` դերասան Մաքսիմ Վիտորգանը:  

Հոկտեմբերի 10-ին հրապարակվեց Սոբչակի հարցազրույցը Glamour ամսագրին: Հրապարակման մեջ նրա առաջադրումը քննարկվում էր որպես որոշված հարց: «Հիմա արդեն` որպես պոտենցիալ թեկնածու, ասեք` Ձեր շոու-բիզնեսային անցյալը չի՞ խանգարի»,- Glamour-ի գլխավոր խմբագրի հարցին Սոբչակը պատասխանել է. «Որոշներին կարող է խանգարել, իսկ ինձ գուցե օգնի: Պարզապես ես «Մրջնաբույն» տորթի պես մարդ եմ. շերտերը շատ են, բայց տորթը մեկն է: Ես շատերի հետ եմ շփվում, ուզում եմ ամեն ինչ իմանալ, ամեն ինչին մասնակցել, ամեն վայրկյան սովորել` դա է իմ կյանքը»:

Հոկտեմբերին լուր տարածվեց, որ Սոբչակը հանդիպել է Պուտինի հետ: Հանդիպումն անցել է Անատոլի Սոբչակի կյանքին ու կարիերային նվիրված ֆիլմի նախապատրաստության շրջանակում. Քսենիան այն նկարահանում է հոր 80-ամյակի առիթով:

«Ենթադրվում է, որ Վլադիմիր Պուտինը կլինի ֆիլմի բանախոսներից մեկը», – նշել է Սոբչակի մայրը` Լյուդմիլա Նարուսովան:

Սոբչակն ընտրությունների մասնակցելու է առաջին անգամ: Ակտիվ քաղաքականությամբ սկսել է զբաղվել  2011-12-ի ցույցերից հետո: Սոբչակը կոչ էր անում չփորձել իշխանությունը փոխել: «Ամենակարևորը` ազդել իշխանության վրա, ոչ թե պայքարել իշխանությունը վերցնելու համար», – հայտարարում էր նա մի ցույցի ժամանակ:


Կարդացեք նաև


Սոբչակն ընդդեմ բոլորի

Իր առաջադրման մասին Սոբչակը հայտնել է նամակում, որը հրապարակել է ՎԵԴՈՄՈՍՏԻ-ն` հոկտեմբերի 18-ին: Նա գրում է, որ ընտրություններին մասնակցելը անհամաձայնությունն արտահայտելու լավագույն լեգալ միջոցն է, և դա արհամարհել չի կարելի, նույնիսկ եթե Նավալնիին չգրանցեն: Սոբչակի խոսքով, քվեաթերթիկում «բոլորին դեմ» սյունակն է իր տեղը, որպեսզի իրեն ձայն տան բոլոր նրանք, ովքեր Պուտինին, Յավլինսկուն, Զյուգանովին և ավանդական մասնակիցներին դեմ են: Սոբչակը խոստացել է ընտրութուններն օգտագործել որպես քարոզչության հարթակ` երկրի վատ վիճակը ներկայացնելու համար:  

«Մեդուզայի» զրուցակիցը, որը Սոբչակի քարոզարշավի մասնակիցն է, պատմում է, որ Չոբչակի քարոզարշավին ներքաշված է Խոդորկովկսու հովանավորությամբ գործող «Բաց Ռուսաստան»-ը: Սակայն Խոդորկովկսու մամուլի քարտուղարը դա հերքում է. «Մենք որևէ կերպ ներգրավված չենք Սոբչակի առաջադրմանը: Եթե մեր աշխատակիցը կամ ակտիվիստը ցանկանա մասնակցություն ունենալ, պայմանները կլինեն նույնը, ինչ` Նավալնիի դեպքում. մենք դեմ չենք, մասնակցեք, բայց ձեր անունից»: Խոդորկովսկին  Թվիթերում հայտնել է, որ Սոբչակի տեսաուղերձի մեջ «ինչ-որ բան կա», և նա կարող է օգել, որ մարդիկ հասկանան «ընտրություն առանց ընտրության» երևույթի էությունը:

Ալեքսեյ Նավալնին ու նրա շտաբի ղեկավար Վոլկովը հիմա կալանքի տակ են` անօրինական բողոքի ակցիաներին մասնակցելու կոչեր տարածելու համար:  

Սոբչակի մամուլի քարտուղարը հայտնել է, որ առայժմ չի հրապարակելու նախընտրական շտաբի անդամների անունները: Այդ մասին կհայտարարվի հոկտեմբերի 24-ին` ասուլիսում:  Նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը նշում է. «Քսենիան տաղանդավոր մարդ է, որն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրության պահանջներին: Վերջին տարիներին փորձ է ձեռք բերել տարբեր ոլորտներում, բայց քաղաքականության մեջ պետք է զրոյից փորձ ձեռք բերի: Քաղաքականությունը տարբերվում է շոու-բիզնեսից ու լրագրությունից: Եթե Քսյուշան ի վիճակի լինի արձագանքել մարդկանց կամարտահայտմանը, քաղաքականության մեջ շանս կունենա»:

Առաջադրվելու հայտարարությունից ամիջապես հետո Սոբչակը  հարցազրույց տվեց «Дождь»-ին, որտեղ աշխատում է, և հայտնեց, որ եթե Նավալնիի թեկնածությունը գրացեն, նա իր թեկնածությունը կհանի Նավալնիի օգտին: «Լևադա կենտրոնի» տվյալով, Սոբչակի հակառեյտինգը 8 տոկոսային կետ է` Նավալնիից մեկով պակաս:  

MEDUZA

Գրել կարծիք