[Զինվորի օրագիր-29] Նորակոչիկներն այդ օրը չեն քնում․ զինվորական երդմնակալությունից առաջ ու հետո՝ բոլոր մանրամասները մեկ հոդվածում

[Զինվորի օրագիր-29] Նորակոչիկներն այդ օրը չեն քնում․ զինվորական երդմնակալությունից առաջ ու հետո՝ բոլոր մանրամասները մեկ հոդվածում

Զինվորի օրագիրն այս անգամ կպատմի երդմնակալության օրվա, տպավորությունների ու թերությունների մասին, ի՞նչ են զգում զինվորներն օրը դեռ չսկսված և ինչպե՞ս են հրաժեշտ տալիս ծնողները առաջին իսկ հանդիպմանը

Նորակոչիկներն այդ օրը չեն քնում, գրեթե: 40 օր է զորամասում են, տանջվել են, հարմարվել ու առաջին հնարավորությունն է ծնողներին տեսնելու, կարոտել են, ուժերը հավաքել, որ ցույց տան, որ անպարտելի են և աննահանջ: Մեկ օր առաջ արդեն րոպեներն են հաշվում, ճիշտ զորացրմանը սպասող զինվորի նման: Երեկոյան տասին պարկում են, կատարում հրամանը, բայց այդպես էլ չեն քնում: Աչքերը փակվում են լուսադեմին, ժամը 4-ին, 5-ին կամ ավելի ուշ և անմիջապես լսում են ամենաանցանկալի հրամանը՝ «Վերկաց»:

Դժվարությամբ աչքերը բացում են, նստում մահճակալին ու հիշելով օրվա ուրախությունը միանգամից դառնում են առույգ և պատրաստ ծառայությանը: Սովորականի պես շարվում են, անսովոր դեմքի արտահայտությամբ գնում սափրվելու, լվացվելու: Սովորաբար այս գործընթացը դանդաղում է, մինչև որ ճանապարհին ուշքի են գալիս, սթափվում, ածելին անօգտակար վերուվար անում: Չէ, այսօրն ուրիշ է, սափրվում են մանրակրկիտ, զգույշ, հայելու մեջ իրենք իրենցով հպարտանալով:

Երդման օրվա առավոտն էլ ընկերանում են, մեկը մյուսին օգնում է, շտկում թերությունները, կատակում են, անեկդոտներ պատմում, բոլորի ուրախությունը մեկն է՝ առաջին անգամ պիտի դուրս գան զորամասից: Մինչև այդ շարահրապարակը սպասում է, փորձերը սկսվում են կարծես ավարտը շաբաթներ հետո է լինելու: Սերժանտներն ու լեյտենանտներն իրենց մեջ վաստակաշատ մանկավարժի տեսնելով չարչարում են նորեկներին, հրամանը տալիս են, հետո նկատողություն անում, կրկնում ու այդպես մինչև որ արևը գլխավերևում չհայտնվի: Եվ ամենածանր զգուշացումը:

  • Որևէ մեկը շարքի միջից ձեռքով չանի, չնայի ծնողների կողմ, չծիծաղի:

Սա օրինական պահանջ է, զորքն իսկապես պետք է կանգնի մեկ դիրքով, հայացքը դեպի մեկ ուղղության, ուշադրությունը՝ կենտրոն: Իհարկե ցանկացած զինվորի անսպասելի պոռթկումը անտեղին է, այդպես կարելի է պատկերացում կազմել զորամասի կարգուկանոնի, բարքերի մասին: Այնուամենայնիվ լինում են տղաներ, որ չեն զսպում ծիծաղն էլ, հուզմունքն էլ, վերջույթներն էլ: Նրանց մասին հետո կխոսենք, երբ վերադառնան զորամաս:

Եվ այսպես, գալիս է ամենակարևոր ակնթարթը, պիտի յուրաքանչյուրը շարքից երեք քայլ դուրս գա և վազքով մոտենա հրամանատարին, երդման տեքստը կարդալու համար: Գալիս են, կարդում են, բայց թե ինչպես, հիմա կպատմեմ: Մեկ ամիս նրանք սովորել են շարային պատրաստություն, աջ դարձ, պատվի առնել, ճիշտ արտասանել ընդամենը մեկ նախադասություն: Այս ամենն անթերի հիշում և կատարում եմ ամեն օր, բայց այս օրից: Երդմանը նախորդող և հաջորդող օրերին ստուգելով կհամոզվեք, այդ օրը շփոթվելը ընդունված ավանդույթ է:

Շարքով հարյուրից ավելի զինվոր է կանգնած, զգաստ, հպարտ, իր հերթին սպասելով: Մինչև այդ հետևում են մյուսներին, առանց լարվածության: Լսում են ազգանունը թե ոչ, միանգամից կերպարանափոխվում են, դառնում են անծանոթ՝ միջավայրին, կազմին, անելիքին: Վայրկյանների ընթացքում վերադառնում են իրականություն, պարզապես սա այն ժամանակն է, երբ ընթերցում են տեքստի արդեն վերջին բառը «ԵՐԴՎՈՒՄ ԵՄ»: Ասում են, ստորագրում ցանկում իրենց անվան դիմաց, վերադառնում շարք: Սա բացառիկ դեպքերից չէ, բոլորիս հետ է պատահում, հետո արդեն հիշում ես ծիծաղելով ու ավելի ինքնավստահ կեցվածքով:

  • Մի ուշացեք, ճանապարհ ընկեք ևս մեկ ժամ շուտ:

Սա հորդոր է ծնողներին: Քիչ չեն դեպքերը, երբ ծնողը զորամասին է մոտենում, երբ որդին դարպասների առաջ իրեն է սպասում: Անկախ զորամասի հեռավորությունից, շարժվեք ժամանակից շուտ, հաշվարկելով տևողությունը, հեռավորությունը, հնարավոր վտանգներն ու խնդիրները: Երդում տալիս են մեկ անգամ և մի քանի րոպեում, հետևաբար այդ ակնթարթներն անդառնալի են, նկատի ունեցեք:

Երդման արարողությունը տևում է մոտ մեկուկես ժամ, արևի տակ, շարահրապարակում: Որոշ զորամասերում այլ կերպ են վարվում, երդվում են խորհրդանշական վայրում՝ եկեղեցիների բակում, հաղթական հուշակոթողների առաջ: Հրամանատարը ելույթ է ունենում, հոգևորականը աղոթում, ազատամարտիկները ճառ են ասում և վերջում գրագետ զինվորներից մեկին բարձրացնում են ամբիոն, որ մի քանի տող կարդա, այն մասին, որ պարտավորվում են հպարտությամբ ծառայել, կատարել բոլոր խնդիրները:


Զինվորի օրագրից․․․

  1. Բաղնիքդ անուշ, կամ ինչպիսինն են հիգիենիկ պայմանները զորամասերում
  2. Բօզի Կալգոտկա կամ Մեխակի պոստ․ հայկական դիրքերի անվանումներն ու դրանց առանձնահատկությունները
  3.  Ի՞նչ է կատարվում սահմանին լիալուսնի գիշերը և ո՞վ է Ճուտոն, որից այդքան սարսափում է հակառակորդը
  4. Անհավանական, բայց իրական պատմություններ զորակոչի մասին, և բոնուս, ո՞վ է զորամասի Մարիոն
  5. Զորակոչին ընդառաջ` օգտակար խորհուրդներ ծառայող տղաներից նորակոչիկներին. ինչ անել ու չանել, ասել ու լռել հավաքակայանից մինչև զորանոց

Միջոցառումն ավարտվում է կեսօրին, 12-ին: Ժամկետայիններին զորամասը տալիս է ազատ արձակման թերթիկներ, մինչև ժամը 17.00, հեռավոր զորամասերում մեկ ժամ ավելի: Քիչ է, թե շատ, այլ հարց է, բայց կարևորը այդ ժամանակը նպատակային կազմակերպելն է: Անհրաժեշտ է նախապես ընտրել վայրը, որտեղ բերելու են որդուն, սեղան են գցելու, զրուցելու են ծառայության առաջին շաբաթների մասին: Ցանկալի է, որ այդ վայրն այնքան էլ հեռու չլինի զորամասից:

Մի առաջարկեք ձեր որդիներին ալկոհոլ: Նրանք այդ օրը գուցե և մի քանի բաժակ փորձեն խմել, թույլ մի տվեք, հատկապես երբ սնունդը կարող է չմարսվել ու այդպես շարունակ: Խորհուրդներ տվեք, ոչ թե արկածախնդիր հորեղբայրների, թաղային ընկերների պես՝ կռիվներ անելու, «չեպեներ» հավաքելու վերաբերյալ, այլ փորձեք հորդորել, որ շատ կարդա, օգտվի գրադարանից, չկորցնի ստացած գիտելիքն ու կրթությունը, լեզուներ սովորի: Բանակում զինվորները հոգնում են, բայց նաև ունենում են ժամանակ լիցքավորվելու, հետևաբար լավագույն բանաձևն ընթերցանությունն է:

ԵՎ գլխավորը՝ զինվորին ժամանակին վերադարձրեք զորամաս: Ուղիղ 17.00-ին: Գոնե տասը պակաս: Չէ որ այդ տասը րոպեները ձեզ ոչինչ չեն տա, մինչդեռ զինվորին կտան վստահություն, հավատ, հակառակ դեպքում, կհայտնվի պայմանական սև ցուցակում՝ ուշացողների ու հրահանգը թերի կատարելու համար: Երբ բոլորը վերադառնում են զորամաս՝ մեկը շուտ, մեկ ուրիշը նույնիսկ 20 րոպե ուշանալով, բոլորն էլ նույն պատիժն են կրում, ամբողջ օրվա հմայքը կորցնում են, վազում են, վարժություններ կատարում, որ հաջորդ անգամ նույն սխալը թույլ չտան: Խուսափեք վտանգավոր սնունդ ուղարկել զորամաս, առավել ևս ալկոհոլային խմիչք: Իհարկե սա խրախուսելի չէ, բայց լավագույն օգնությունը ծխախոտն է, եթե նույնիսկ նորակոչը ծխող չէ, ծխողներ հաստատ կհայտնվեն և շատ ավելի, քան պատկերացնում ենք:

Մի տվեք հեռախոսներ, անվտանգ չէ: Գուցե առաջին անգամները չնկատեն, կամ ցույց չտան, որ նկատել են, մինչդեռ կրկնելու դեպքում կվերցնեն, նկատողություն կտան, շարունակելու դեպքում պատիժն ավելի խիստ կլինի: Մի մոռացեք նրան հիգիենայի պարագաներ տանել, գլխավորը սա է, որ զինվորն իրենց օտար չզգա ու առավել ևս հայտնվի զրույցների առանցքում: Տղերք ձեզ էլ բարի ծառայություն, մեկնարկը տվեցիք, մնում է իրականացնեք այն ինչ կարդացիք Երդման տեքստում, ժամեր առաջ:

Գրել կարծիք