[Զինվորի օրագիր – 3] Ամբողջ ճշմարտությունը զինճաշարանների մասին, Քամյուն և օրապահը

[Զինվորի օրագիր – 3] Ամբողջ ճշմարտությունը զինճաշարանների մասին, Քամյուն և օրապահը

Առաջին կռիվը, զինվորական ճաշացանկը, սպասված քաղցրավենիքն ու զորամասի գրադարանը. Դավիթ Դավթյանը շարունակում է զինվորական օրագիրը newmag-ում:

Թեժ վիճեցինք, բայց բանը բռունցքների չհասավ, համեմատաբար հասուն էինք, գիտակցում էինք, որ յուրաքանչյուր կապտուկի ահազանգը ռազմականի տղերքին կհասներ րոպեներ անց: Բավարարվեցինք իրար խեթ նայելով, հասկացնելով, որ «զադնի» չենք դնելու, հեռացանք արհամարհանքով: Հետո ընկերացանք: Բանակում այդպես է, չես կարող քեզ հեռու պահել, օրվա ինչ-որ պահի խաչվում եք, ճաշում, ավելի ուշ կատակում:

Բանակում շատ անեկդոտներ սովորեցի, ծիծաղելի ու ծիծաղեցնող: Այդ առումով անտաղանդ եմ, հումոր անել հազվադեպ է ստացվում: Ընկերներս ծիծաղում էին չնեղացնելու համար, մինչդեռ իրենք գործի իրական վարպետ էին, այնպես էին վերարտադրում հրամանատարի ու տեղակալների շարժուձևը, կարծես հենց նրանք էին դիմացս: Հարուստ ննջասենյակ ունեինք` կողքիս դերասան էր քնում, մյուս կողմում երգիչ, երաժիշտ: Զարմացա, երբ տեսա, որ տղաներից մեկը Նիցշե է կարդում, Բախ է լսում, ավելի ճիշիտ վայելում: Ինձ թվում էր, բանակում միայն ռաբիս է հնչում:

– Քայլ առ առաջ, քայլերդ շիտակ…

Դասականից զինվորական մեկ քայլ չէ, սակայն իմանալը պարտադիր է: Շարահրապարակում, ճաշարանի ճանապարհին մեր վաշտն իր երգն ուներ, համատարած բաղաձայն էինք, բայց լավ էինք երգում, լսել էր պետք: Առաջին օրերին բերանս բացում փակում էի, չէի համակերպվում, որ պիտի հրամայեն ու ես երգեմ:
Հետո անտեղի հպարտությունս վերացավ ու ինքս էի ոգևորում անձնակազմին: Երգում էինք նույնիսկ ազատ ժամանակ, ինքնաբուխ, ուս ուսի: Սա միջավայրը ջերմացնելու ամենաօգտակար միջոցն էր:

Ճաշարանում

– Ահավոր հոտ է գալիս:

– Մեջից ճանճեր ենք հանել, կամ էլ կերել:

– Ամանները պարզաջրում են, չեն լվանում:

– Էնքան քիչա, չենք էլ ուտում, դրսից ենք առնում:

Առաջին օրերին ճաշարան մտա հազարավոր պատմություններ աչքիս առաջ հիշելով: Վետերան ծառայածների ինքնավստահ պատմությունները հիասթափեցրել էին: Նախապաշարումով մոտեցա սեղանին, ինքս ինձ հոտ էի առնում, մի տեսակ զզվանքով նայում շուրջ բոլորս: Նստարանը սեղանի տակ էր, տասը հոգով ետ բերեցինք, գլխարկները կախեցինք ու սկսեցինք: Բոլորն ակտիվ սնվում էին:


[ Զինվորի օրագիր ]


Քաշված էի, ցամաք հաց կերա, չնայեցի ճաշին ու մյուս ափսեներին: Հացի խմորը 30 րոպե պտտեցի, պլաստիլինի պես քանդակեցի, մինչև որ ժամանակը սպառվեց: Դուրս եկա բոլորի հետ ու կարծես բոլորից գոհ: Մեկ շաբաթ անց, երբ վերջնականապես քաղցած մտա ճաշարան, արդեն մոռացել էի և հոտերը, և հին պատմությունները: Մի լավ ճաշեցի: Չգիտեմ զորացրվածների պատմածները որ զորամասին կամ որ տարիներին էր վերաբերում, պարզվեց մեր զորամասում ամեն ինչ մաքուր էր ու խնամված, համեղ էր ու տնական, շատ էր ու կշտացնող: Համոզվեցի. պիտի քո աչքով տեսնես, որ գնահատես:

Ամեն ինչ, բացի Ռոմենից

Երկու ամիս անց զգում էի` ձուկը ջրում, զինվորների հետ ընկերական էինք, սպաների հետ` շատ լավ, դիստանցիան կար, բայց հարգանքն էլ, փորս կուշտ էր, տակս չոր, շուրջս` նախանձելի համերաշխություն, մինչև որ չսկսվեցին իմ զորակոչի տղաներից մեկի արկածները` ուշանալ, ժամանակավոր անհետանալ: Պարզվում էր Ռոմենը տարածքում էր, բայց մոտակայքում չէր, առանձնանում էր ու ինքնուրույն մարզվում, մինչև գտնում էինք, գործը հասնում էր բոլորիս շարելուն, նախատելուն:

Կարոտում էի: Երբ ամեն ինչ կարգին էր, ուշք ու միտքս տունն էր, ծնողներս, Հռիփսիմեն: Բանակում` կարոտը կրկնապատկվում է, դառնում ես ավելի զգացմունքային ու ավելի թախծոտ: Հետո սովորում ես: Զորամասում հատուկ հեռախոս կար, որ սպային խնդրում էինք, զանգարահարում, կարոտներս առնում էինք:

Ընկերներս պատմում են, որ իրենց զորամասերում ավելի ծայրահեղ դեպքեր են գրանցվել, երբ զինվորն արտասվում էր` կարոտն էր խեղդում, հատկապես, երբ իրենց տանը քեֆ էր կամ ընկերուհուն, քրոջն ինչ-որ մեկը նեղացրել էր ու ինքն անկարող էր մասնակցել: Բանակն այդպիսին է, օրենքով ու կարգով, եթե չես ենթարկվում, պատժվում ես, ենթարկվում ես, պիտի որոշ ժամանակ կտրվես արտաքին աշխարհից:

Շարքային Դավթյանս

– Պարոն փոխգնդապետ, թույլ կտաք զեկուցել, զորամասի հերթապահի օգնական շարքային Դավթյան:

Սա առաջին անգամ էր: Վերակարգ էի, պիտի փոխարինեի հերթապահին, պատասխանեի հեռախոսազանգերին և զեկուցեի յուրաքանչյուր դեպքի մասին: Ինձ թվում էր ամեն րոպե կարող է ինչ-որ բան պատահել: Մի քանի ժամից լարվածությունն անցավ, հետո դարձավ սովորական ու զինվորական առօրյայի մի մասը:

Զորամասում յուրաքանչյուրն իր պարտականություններն ունի, զբաղվածությունն ու առաջադրանքը` ճաշարանը կարգի բերող անձնակազմից մինչև զորամասի տարածքը կանաչապատողներ, ընդ որում այս ամենը վոլեյբոլի պես է, շրջանաձև, մի օր մի խումբը, հետո մյուսը, այսինքն հերթով` բոլորը:

Մտորումներս պահում էի ծխարանում, մի քանի սիգարետը բավական էր մտովի տուն գնալու, վերադառնալու, խորհելու ու սթափվելու համար: Առաջին շաբաթներին շատ էի ծխում, հետո քչացրի, հետո սկսեցի չհասցնել ծխել, ծառայությունն ընկել էր հունի մեջ, հատկապես երբ բանակում այնքան գումար չես ստանում, որ ամեն օր 20 գլանակ ոչնչացնես, ոչ էլ այն տարիքում ես, որ զանգես տուն, ընկերոջդ խնդրես:

Ի դեպ շարքայինի «պալըչկա»-ն 3600 էր, սերժանտներն ավելին էին ստանում, որպես կրտսեր հրամանատարներ: Այդ գումարով առաջին մեկ շաբաթը քեֆ էինք անում, օրը երկու զինվորի գումարով քաղցրավենիք էինք գնում, վայելում: Այդ ժամանակ հասկացա, ինչ էին ասում ընկերներս, որ բանակում քաղցրը գնահատում ես: Հիշում եմ, որքան էինք ուրախացել, երբ ավագ ընկերս երեք տոպրակ շոկոլադ էր բերել, լցրեցինք մահճակալի վրա, լուսանկարեցինք ու պահեցինք: Մինչև շաբաթավերջ դարձել էի սենյակի պահեստապետը, օրը փաթեթներից մի քանիսը բաժանում էի, մնացածը խնամքով դարսում, որ շուտ չվերջանար:

Ծառայության երրորդ ամսին վերսկսեցի կարդալ: Գրադարանի մասին այնքան էլ բարձր կարծիք չունեի: Գրադարանավարուհին 40-անց քաղաքացիական հագուստով կին էր: Խնդրեցի, որ մի քիչ շրջեմ շարքերով: Հետո երկու գրքով վերադարձա ննջարան` ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք և Ալբեր Քամյուի «Օտարը»: Տարբեր ժանրի ու բովանդակության գրքեր էին, մեկը շատ զինվորական ու օրենսդրական, չոր ու սահմանումներով, մյուսը շատ զգացմունքային ու նկարագրումներով:

Զինվորական ձեռնարկներն ուսումնասիրում էի կեսօրին, ազատ ժամերին, որ իրավունքներս ու պարտականություններս տեսականորեն սերտեի: Գեղարվեստական գրքերը կարդում էի երեկոյան, քնելուց առաջ, որ կտրվեի ծառայողական անցուդարձից: Ննջում էի հենց այդ պատկերացումներով, կիսատ թողած պատմվածքն ու վեպը շարունակելով երազում:

Օրապահը խելացի չէր, բայց խելոք տղա էր, լսող էր, համեստ էր, մի խոսքով փոքր էր, շատ բան չգիտակցելով, չիմանալով ու չպատկերացնելով վտանգը: Նա կանգնում էր մեր շինության մուտքի ներսում, հեռախոսի կողքին: Քնել էր, որը մահացու մեղք չէ, բայց կարող էր լիներ: Յուրաքանչյուր ազդանշանի, զանգի դեպքում կամ բարձրաստիճան սպայի մտնելուն պես պիտի գոռար: Հրամկազմից եկան, տեսան ու բարկացան:Իրեն պատժեցին, մեզ էլ զգուշացրին:

Ոչինչ անել չէինք կարող, զինվորը գիտակցեց սխալը, մենք էլ գլուխներս ցնցելով գնացինք քնելու: Հետո սովորություն դարձավ կեսգիշերին օրապահին ստուգելը, տղա է, պարապ կանգնած, բոլորը քնած են, հենվում է մի ոտքի վրա, հետո ձեռքով պահում գլուխն ու … աստիճանաբար հանգչում: Դժվար էր, բայց այդ փուլն էլ անցանք, բացատրում էինք. «համարիրի, որ դու ոչ թե շենքում ես, այլ պոստում: Սահմանին քնես, կգան մեզ կմորթեն, զենքը կտանեն, քո կասկային էլ կգրեն` təşəkkür (շնորհակալություն, ադրբեջաներեն)»:

Հոկտեմբերը կիսվեց, ցրտերն ընկան, հաջորդ առավոտ շարվեցինք: Մենք ստանում էինք ձմեռային համազգեստը, երբ լսվեց զորամասի տագնապի ազդանշանը:

Գրել կարծիք