[Շարունակությունը՝ գրքում] Սոմերսեթ Մոըմ. Երփներանգ շղարշը

[Շարունակությունը՝ գրքում] Սոմերսեթ Մոըմ. Երփներանգ շղարշը

Վեպը Անգլիայի պատմության այն շրջանի մասին է, երբ կանայք թեպետ ունեին ընտրելու իրավունք, սակայն, ըստ էության զրկված էին այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունից:

.երփներանգ շղարշը, որն ապրողները կյանք են անվանում։

ՆԱԽԱԲԱՆ

Այս պատմությունը ներշնչված է Դանտեի հետևյալ տո­ղերից.

Deh, quando tu sarai tornato al mondo, E riposato de la lunga via,

Seguite il terzo spirito al secondo, Ricorditi di me, che son la Pia; Siena mi fé, disfecemi Maremma։ Salsi colui che innanellata pria

Disposando m’avea con la sua gemma.

«Խնդրում եմ, երբ վերադառնաս աշխարհ և հանգստա­նաս երկար ճամփորդությունից, երրորդ հոգին, հետևելով երկրորդին, ասաց՝ հիշի՛ր ինձ, ես Պիան եմ։ Սիենան է ինձ ստեղծել, Մարեմման է ինձ կործանել։ Սա գիտի նա, ով նշանվեց ինձ հետ և ամուսնացրեց իր մատանիով»։

Ես ուսանող էի Սուրբ Թովմասի հիվանդանոցում և Զատկի տոնին վեց շաբաթ արձակուրդ ունեի։ Հագուստ­ ներս թեթև ճամպրուկի մեջ և քսան ֆունտ գրպանումս՝ ճամփա ընկա։ Այդ ժամանակ քսան տարեկան էի։ Գնացի Ջենովա և Պիզա, հետո Ֆլորենցիա։ Այնտեղ մի սենյակ վարձեցի Լաուրա փողոցի վրա (որի պատուհանից կարող էի տեսնել Մայր տաճարի հրաշալի գմբեթը)՝ մի այրի կնոջ բնակարանում, որն ապրում էր աղջկա հետ։ Նա ինձ առա­ ջարկեց (բավական երկար սակարկելուց հետո) օթևանի և սնունդի համար օրական չորս լիրա։ Վախենամ՝ դրանից լավ բան դուրս չեկավ, քանի որ ախորժակս հսկայական էր, և ես առանց դժվարության կարող էի մակարոնի մի ողջ սար կուլ տալ։ Կինը Տոսկանայի բլուրների վրա խաղո­ ղի այգի ուներ, և որքան հիշում եմ, նրա մոտ ճաշակածս կիանտին խմածներիս մեջ լավագույնն էր Իտալիայում։ Նրա աղջիկն ինձ ամեն օր իտալերենի դասեր էր տա­լիս։ Այն ժամանակ նա ինձ հասուն էր թվում, բայց, կար­ծում եմ, քսանվեցից ավելի չէր լինի։ Նա մի դժբախտու­ թյուն էր ունեցել. իր սիրելին, որ զինվորական էր, զոհվել էր Եթովպիայում, և աղջիկը երդվել էր կույս մնալ։ Որոշ­ ված էր, որ Էրսիլիան կուսանոց կմտնի մոր մահից հետո (մարմնեղ, սպիտակահեր, աշխույժ մայրը միտք չուներ մահանալու, մինչև որ Տերը հարմար չգտներ), բայց նա, այնուամենայնիվ, ուրախությամբ էր սպասում այդ օրվան։ Աղջիկը սիրում էր լիաթոք ծիծաղել։ Մեր ճաշերն ու ընթ­ րիքներն ուրախ էին անցնում, բայց դասավանդելիս Էրսի­ լիան շատ լուրջ էր, և երբ ես բթացած կամ անուշադիր էի լինում, սև քանոնով հարվածում էր մատներիս։ Ես պի­ տի որ սաստիկ բարկանայի, որ ինձ հետ երեխայի նման են վարվում, եթե դա ինձ չհիշեցներ հին ժամանակների վարժապետներին, որոնց մասին գրքերում էի կարդացել, և որոնք ինձ մոտ ծիծաղ էին առաջացրել։

Օրերս լեցուն էին աշխատանքով։ Ամեն օր մի քանի էջ էի թարգմանում Իբսենից, որ կարողանամ տիրապետել երկխոսություններ գրելու նրա ճարտար տեխնիկային և դյուրությանը, իսկ հետո, Ռեսքինի հատորը ձեռքիս, ուսումնասիրում էի Ֆլորենցիայի տեսարժան վայրերը։ Ըստ ցուցումների՝ ես հիանում էի Ջոտտոյի աշտարակով և Գիբերտիի բրոնզե դռներով, համապատասխանաբար՝ խանդավառվում Բոտիչելլիի կտավներով Ուֆֆիցիում և ծայրահեղ երիտասարդի արհամարհական ժեստով երես էի թեքում այն ամենից, ինչը որ վարպետը հավանության չէր արժանացրել։ Ճաշից հետո իտալերենի պարապմունք­ ներս էին, այնուհետև կրկին դուրս էի գնում՝ եկեղեցիներ այցելելու և Առնո գետի երկայնքով քայլելու ու երազելու։ Ընթրիքից հետո գնում էի արկածներ որոնելու, բայց իմ անմեղությունը, ավելի ճիշտ՝ ամոթխածությունն այնպիսին էր, որ ես միշտ տուն էի վերադառնում նույնքան պարկեշտ, որքան դուրս գնալիս էի։ Սինյորան, չնայած ինձ բանալի էր տվել, հանգիստ շունչ էր քաշում՝ լսելով իմ վերադառնալը և դուռը կողպելը (նա միշտ վախենում էր, որ ես կմոռանամ կողպել այն), իսկ ես անցնում էի գվելֆների և գիբելինների պատմության իմ ընթերցանությանը։

Ես արդեն կարդացել էի Դանտեի «Դժոխքը» (թարգ­ մանության օգնությամբ, բայց չիմացածս բառերի համար բարեխղճորեն գործածելով բառարանը), այնպես որ Էրսի­ լիայի հետ սկսեցինք «Քավարանը»։ Երբ մենք հասանք այն մասին, որը մեջբերել եմ սկզբում, Էրսիլիան ինձ պատմեց, որ Պիան եղել է ազնվականուհի Սիենայից, որին ամու­ սինը կասկածել է դավաճանության մեջ, բայց չի սպա­ նել՝ վախենալով վերջինիս ընտանիքի հաշվեհարդարից, ուստիև տարել է նրան Մարեմմայում գտնվող իր ամրո­ ցի նկուղները՝ վստահ լինելով, որ թունավոր զեռունները կսպանեն կնոջը։ Սակայն երկար է տևել Պիայի մեռնելը, և անհամբեր ամուսինը նրան դուրս է գցել պատուհանից։

Չգիտեմ, թե որտեղից էր Էրսիլիան իմացել այդ պատմու­ թյունը, քանի որ Դանտեի՝ իմ ունեցած գրքում այդ մա­ սին նշումը քիչ հանգամանալից էր, բայց պատմությունը ինչ–ինչ պատճառներով գրավեց երևակայությունս։ Այն տարիներ շարունակ պտտվում էր մտքումս, և ես ժամա­ նակ առ ժամանակ երկու–երեք օր խորհում էի դրա շուրջ։ Սովորություն ունեի ինքս ինձ կրկնելու «Siena mi fé; dis­ fecemi Maremma» տողը։ Բայց դա իմ երևակայությունը զբաղեցնող բազմաթիվ նյութերից մեկն էր, և ես երկար ժամանակով մոռացա այն։ Իհարկե, ես այն տեսնում էի որպես ժամանակակից պատմություն, սակայն չէի կարող մերօրյա կյանքում պատկերացնել մի իրավիճակ, որտեղ նման իրադարձությունները հնարավոր են: Ես այդպես էի կարծում, մինչև որ իրականացրի մի երկարատև ուղևորու­ թյուն դեպի Չինաստան և գտա այս պատմությունը։

Կարծում եմ՝ սա իմ գրած միակ վեպն է, որը սկսել եմ պատմությունով, այլ ոչ թե հերոսներով։ Դժվար է բացատ­ րել հերոսի և նյութի միջև հարաբերությունը։ Դու չես կա­ րող պատմության հերոսի մասին մտածել դատարկության մեջ. այն պահին, երբ մտածում ես նրա մասին, նա աչքիդ առջև հառնում է որևէ իրավիճակում, ինչ–որ բան անելիս, այնպես որ հերոսը և առնվազն նրա հիմնական գործողու­ թյունը կարծես երևակայության համաժամանակյա գործո­ ղության արդյունք են։ Բայց այս պարագայում հերոսներն ընտրվեցին՝ հարմարվելու համար նյութին, որն աստիճա­ նաբար զարգացավ. նրանք կազմվեցին մարդկանցից, որոնց ես ճանաչել եմ տարբեր հանգամանքներում։

Գրքի հետ կապված որոշ դժվարություններ եղան, որ­ պիսիք երբեմն պատահում են գրողի հետ։ Ես սկզբնապես իմ հերոսին և հերոսուհուն Լեյն էի անվանել, սովորական մի ազգանուն, բայց պարզվեց, որ այդ անունով մարդիկ կան Հոնկոնգում։ Նրանք դատի տվեցին այն թերթին, որ­ տեղ վեպը պարբերաբար տպագրվում էր, և այդ թերթի սեփականատերը ստիպված վճարեց երկու հարյուր հիսուն ֆունտ, ու ես ազգանունը դարձրի Ֆեյն։ Այնուհետև գա­ ղութային կառավարչի օգնականը սպառնաց դատի տալ՝ կարծելով, թե ինքն է պիտակավորվել։ Ես զարմացած էի, քանի որ Անգլիայում մենք կարող ենք բեմ բարձրացնել կամ վեպի հերոս դարձնել վարչապետին, Քենթրբերիի արքեպիսկոպոսին կամ լորդ–կանցլերին, և այս բարձրաս­ տիճան պաշտոնյաները հոնքն էլ չեն շարժի։ Ինձ համար տարօրինակ էր, որ նման անկարևոր պաշտոնը ժամա­ նակավորապես զբաղեցնողը կարծի, թե իրեն են նկատի ունեցել, բայց անախորժություններից խուսափելու համար Հոնկոնգը փոխեցի Չին–Յեն2     երևակայական գաղութի։ Գիրքն արդեն հրատարակված էր, երբ դեպքը պատահեց և արծարծվեց։ Մի խումբ ճարպիկ գրախոսներ, որ ստացել էին այն, այս կամ այն պատրվակով չվերադարձրին իրենց օրինակները։ Այժմ դրանք մատենագիտական արժեք են ձեռք բերել, կարծում եմ՝ մոտ վաթսուն օրինակ կա, որոնք գրքի հավաքորդները գնում են բարձր գնով։

Գրել կարծիք