Ոչ դիվանագիտական լեզվակռիվ. Ինչո՞ւ է զայրացել ԵՄ դեսպանը. Սվիտալսկին և կոնֆլիկտի պատմությունը

Ոչ դիվանագիտական լեզվակռիվ. Ինչո՞ւ է զայրացել ԵՄ դեսպանը. Սվիտալսկին և կոնֆլիկտի պատմությունը

ԵՄ դեսպանը զայրացած հայտարարել է` «եթե Հայաստանում Եվրամիության ներկայությունն այլեւս ցանկալի չէ, մենք այն չենք պարտադրի»: Պատմում ենք` ինչն է հունից հանել Պյոտր Սվիտալսկուն:

Ամեն ինչ սկսվեց հունիսի 15-ին, երբ «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարեց. «Ցանկանում եմ իմ մեծագույն գնահատականը տալ ԿԸՀ արդյունավետ աշխատանքին, բայց խնդիրը ոչ միայն փաստերն են, այլև ընկալումները: ԿԸՀ կազմում անհրաժեշտ է ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Իմ խորհուրդն է՝ ուսումնասիրեք ԿԸՀ կազմի հարցը, նաև այն, թե ինչպես կարող եք այն դարձնել հանրային վստահությունը վայելող կառույց»:

Սվիտալսկին նաև նշեց, որ եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր: Այնուհետև անդրադարձավ ընտրական օրենսգրքին՝ ընդգծելով, որ, չնայած ընդդիմության հետ քննարկումներին, լիարժեք փոխըմբռնում այդպես էլ չարձանագրվեց: «Կոնսենսուսը ընտրական օրենսգրքի շուրջ ներառել է սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որ չընդունվեցին, դա այսպես կոչված ռեյտինգային ցուցակներն էին: Հայկական կողմը պետք է որոշի՝ արդյոք այդ ցուցակները աշխատեցին, թե՝ ոչ: Եկե՛ք պատրանքներ չտածենք, սա բավականին լուրջ խնդիր է»:

Ու սկսվեց. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ի պատասխան հայտարարեց. «Տեսակետներ ներկայացնելիս կարևոր են ազնվությունն ու անկեղծությունը:Պետք չէ գույները խտացնել, շեշտադրումներ անել 1 տոկոս խափանումների վրա: Սա ծայրահեղացված մոտեցում է»:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Սվիտալսկիի հայտարարությունը որակեց միջամտություն Հայաստանի ներքին գործերին. «Եթե Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, կարծում եմ՝ դա ներքին քաղաքականության հարցին միջամտելու որոշակի փորձ է, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից՝ դա արվում է բարի, թե այլ նպատակներով»:

Արձագանքեց նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Կարծում եմ՝ Պյոտր Սվիտալսկին ավելի արդարացի կլիներ, եթե մատնանշեր այն դրական  միտումները, այն դրական բարեփոխումները, այն դրական տեղաշարժերը, որ եղել են ու այսօր էլ կան Հայաստանի ընտրական համակարգում, որ կան ժողովրդավարացման զարգացման գործում ու որն արվել  է նաև ԿԸՀ-ի մասնակցությամբ: Այլ ոչ թե  գնահատականներ հնչեցներ  մեր  ներքաղաքական կյանքի վերաբերյալ»:

5 օր անց ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտարարում է՝ ոչ թե գնահատականներ է տվել արդեն անցած ընտրություններին, այլ ապագայի մարտահրավերները վերհանելու խորհուրդներ. «Առաջին, նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը, ստուգեք, թե ինչ է ասվել, ստուգեք աղբյուրը, լսեք ձայնագրությունը, դիտեք տեսանյութը և մտածեք նախքան հապշտապ եզրակացնելը: Երկրորդ՝ հարգեք Ձեր խոսակցին»:

Սվիտալսկին հստակ հայտարարեց. ընտրատեղամասերը տեխնիկական սարքերով զինելը եղել է Հայաստանի իշխանության բաց խնդրանքը Եվրամիությանը. «Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք պարտադրում մեր ներկայությունը»:

Պյոտր Սվիտալսկին հայտարարում է՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու հարցով այլ տեղ նայեք` ակնարկելով Ռուսաստանին. «Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ, կարծիքներ, որ դա այնքան էլ ցանկալի չէ, մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ մի քայլ ձեր կամքին հակառակ չենք անելու, հարգելիներս, ոչինչ»:

Սվիտալսկիի պատասխաններին կրկին պատասխանել է  Էդուարդ Շարմազանովը.  «Ավելի արդարացի կլիներ, որ հարգարժան պարոն դեսպանը ՀՀ-ի գործընկերների գնահատականների վերլուծություն իրականացներ, այլ ոչ թե նեղացած կեցվածք ընդուներ»:

Կոնֆլիկտը շարունակվում է:

Գրել կարծիք