Ինչպես Բիրմինգեմը դարձավ Բրիտանիայի ջիհադիզմի մայրաքաղաքը. այդ կապը պատահական չէ

Ինչպես Բիրմինգեմը դարձավ Բրիտանիայի ջիհադիզմի մայրաքաղաքը. այդ կապը պատահական չէ

Բրիտանական մամուլը փորձում է հասկանալ, թե ինչպես մեկ գետտոն կարող է ազդել մի ամբողջ երկրի ճակատագրի վրա:

Hyundai 4×4-ը, որ վրաերթի ենթարկեց մարդկանց Լոնդոնի կենտրոնում, այստեղ էր հասել 160 կիլոմերտ հեռավորությունից` Բիրմինգեմից: Ահաբեկիչը մեքենան վարձակալել, նաև վարձով ապրում էր հենց Բիրմինգեմում: Ահաբեկչությունից հետո հենց այստեղ սկսվեցին ոստիկանական ստուգայցերը:

Չնայած տարբեր հանգամանքներին, այլևս անհնար է պնդել, որ սա պատահականություն է: Վերջիվերջո, մեքենան ինչ-որ տեղից պետք է հայտնվեր, մարդասպանն ինչ-որ տեղ պետք է բնակվեր: Մեծ Բրիտանիայի երկրորդ քաղաքի ոչ վաղ պատմությունը վկայում է, որ ահաբեկչության հետ քաղաքի կապը շատ ավելին է, քան պատահականություն: Սոսկալի վիճակագությունը ցույց է տալիս, որ Բիրմինգեմի և հատկապես Սպարքբրուք թաղամասի յուրաքանչյուր 10-րդ բնակիչը կապված է իսլամիստ ահաբեկիչների հետ: 


Թեմայի վերաբերյալ կարդացեք


Սա երկրի ամենախիտ իսլամաբնակ 5 թաղամասերից մեկն է, որտեղից դուրս են եկել 269 բրիտանացի բացահայտված ջիհադիստներից 26-ը: Այս ամիս Հենրի Ջեքսոնի անվան վերլուծական կենտրոնը հրապարակել էր 1000 էջանոց վերլուծություն: Իսլամիստ ահաբեկիչներից 39-ը գրանցված են Բիրմինգեմում: Սա ավելին է, քան իսլամաբնակ բրիտանական այլ քաղաքներում գրանցված ահաբեկիչների ընդհանուր թիվը:

Լոնդոնյան ահաբեկչության հեղինակ Խալիդ Մասուդը բնակվել է Բիրմինգեմի այն թաղամասում, որը լի է քաբաբի խանութներով, ասիական էժան ուտելիքներ վաճառող կրպակներով, որոնց պատուհանները սովորաբար կոտրված են: Բիրմինգեմի այս արվարձանն ի սկզբանե ներկայացվում էր որպես միջմշակութային հասարակության օրինակ: Իրականում, այն դարձել է գետտո, որտեղ հանցավորության և գործազրկության մակարդակը չափազանց բարձր է, և որտեղ ազգությամբ բրիտանացիներն արդեն միայն մի քանի տուն ունեն:


Ահաբեկիչների մասին կարդացեք


Ընդամենը մեկ սերունդ առաջ այստեղ տներ էին կառուցում տեղացիները և Իռլանդիայից ժամանած ընտանիքները, որոնց գրավում էին էժան բնակարաններն ու երաշխավորված աշխատանքը: 1960-ականներին ժամանեցին առաջին ներգաղթյալները, և սկսվեցին փոփոխություններ, որոնք ի վերջո վերածվեցին անկառավարելի միգրացիայի: Այսօր Սփարքբրուքում` Բիրմինգեմի արվարձանում, բազմամշակութայնությունը նշանակում է այլ բան: Դա այն է, երբ պակիստանցի մուսուլմանը կողք-կողքի բնակվում է բանգլադեշցի մուսուլմանի հետ:

Հետազոտության համաձայն, այս շրջանում ապրող մարդկանց 30%-ը Մեծ Բրիտանիայում չի ծնվել, այստեղի բնակչության զգալի մասը նույնիսկ անգլերեն չի խոսում, բայց ունի 22 մզկիթ, ու սա միայն Սփարքբրուք արվարձանում: Լոնդոնի ահաբեկչության հեղինակը 52-ամյա Խալիդ Մասուդն էր` Քենթում ծնված երեք երեխաների հայր: Նա միայնակ է գործել, բայց դա չի նշանակում, որ գործել է մեկուսացված: Ամենամեծ հեգնանքն այստեղ այն է, որ Մասուդն իսլամ ընդունած` նախկինում անգլերենի ուսուցիչ էր և ուներ կապեր Բիրմինգեմում: Ահաբեկչությունից հետո ոստիկանները հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են 8 մարդու, որոնցից 7-ը Բիմինգեմից են:


Կանայք ընդդեմ ահաբեկիչների թեմայով կարդացեք


2002 թվականին Ալ-Կաիդայից ոգևորված բրիտանացի առաջին ահաբեկիչ Մեյնուլ Աբեդինը Բիրմինգեմի իր տունը վերածել էր պայթուցիկներ արտադրող գործարանի: Հենց նրա արտադրած պայթյուցիկների նման ռումբեր էին կիրառվել 2005 թվականի լոնդոնյան ահաբեկչությունների ժամանակ: Նրան դատապարտել էին 20 տարվա ազատազրկման, բայց նա վերջերս ազատ է արձակվել և այժմ բնակվում է Բիրմինգեմում: 2008 թվականին բրիտանացի զինվորականին գլխատած Փարվիզ Խանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա Բիրմինգեմից էր: 2013 թվականին Իրֆան Խալիդը, որը պատրաստում էր ահաբեկչություն և որը կարող էր ավելի քան 2 հազար մարդու կյանք խլել, նույնպես բնակվում էր Բիրմինգեմում, հենց այն թաղամասերում, որտեղ նախօրեին ոստիկանական շրջայցեր էին տեղի ունենում: 

Լոնդոնյան վերջին ահաբեկչության գործիք դարձած մեքենան վարձակալվել էր Բիրմինգեմի այն թաղամասում, որտեղ 3 տարի առաջ մի քանի մուսուլմաններ նկարահանել էին, թե ինչպես են Փեյնթ-Բոլ խաղում: Սա խաղ է, բայց իրենց մատուցմամբ` ջիհադի նախապատրաստություն: Այդ խաղի մասնակիցներից մեկը հետագայում մեղադրվել է ահաբեկչական կապերի մեջ, մյուսը` ձերբակալվել է Սիրիա մեկնելու ճանապարհին, երրորդը` ձերբակալվել էր Բրյուսելի ահաբեկչության հետ կապված մարդկանց գումար տալու համար: Իսկ խաղի չորրորդ մասնակիցը` Իսլամական պետության կազմում այժմ կռվում է Մերձավոր Արևելքում:


Ահաբեկիչների նախահայրերի մասին կարդացեք


Ինչու է Բիրմինգեմը դարձել Մեծ Բրիտանիայի ահաբեկչության մայրաքաղաք: Անվտանգության հարցերով փորձագետները նշում են, որ Բիրմինգեմում բնակվող շատ մուսուլմաններ իրենց ինքնությունն ասոցացնում են բաժանված Քաշմիրի հետ, որը տարածքային վեճ է Պակիստանի ու Հնդկաստանի միջև: 90-ականներին քաշմիրցիները պատերազմում էին անկախության համար: Հենց այդ մարտիկներն էլ ժամանել են Բիրմինգեմ գումար և կամավորներ հավաքելու համար: Եվ այդ մարդիկ նաև համալրում են Ալ-Կաիդայի շարքերը:

Բայց սա միակ պատճառը չէ, որ Բիրմինգեմը դարձել է ծայրահեղականության հոմանիշը: Բիրմինգեմն այսպես կոչված «Տրոյական ձիու» սկանդալի կենտրոնն է, երբ մի քանի տարի առաջ մուսուլման զինյալները փորձեցին մուտք գործել քաղաքի դպրոցներ իսլամիստական գաղափարներ տարածելու համար: 2014-ին սա հանգեցրեց հետաքննության, բայց քննող մարմինը իրեն հեռու պահեց այս իրադարձություններից ռասիզմի մեջ չմեղադրվելու համար: Մյուսները, այդ թվում կոշտ քաղաքականության կողմնակիցները, տեղական իշխանությանը մեղադրում էին ծայրահեղականության վրա աչք փակելու մեջ, քանի որ մուսուլմանների մեծ մասը ընտրում է իրենց` լեյբորիստներին:

Բիրմինգեմի քաղաքային խորհրդի նախկին անդամ Մուհամմեդ Աֆզալը նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնին անվանել էր իսլամաֆոբ և հայտարարել, որ քաղաքում բռնությունների պատճառը միայն քրիստոնյաներն են, քանի որ նրանք շատ են խմում: Աֆզալը միաժամանակ նաև Բիրմինգեմի կենտրոնական մզկիթի իմամն է: Այս ամենի քննադատները պնդում են, որ Բիրմինգեմում քաղաքական կառավարումը, կամ դրա բացակայությունը, հանգեցնում է ծայրահեղականության սփռմանը:Ահա, թե ինչու նրանք հավատում են, որ լոնդոնյան ահաբեկչության հետ Բիրմինգեմի կապը շատ ավելին է, քան պատահականություն:

Գրել կարծիք