«Վստահո՞ւմ եք մարդկանց». շվեդ ռեժիսորի ուղիղ հարցադրումը Կաննի հանդիսատեսին

«Վստահո՞ւմ եք մարդկանց». շվեդ ռեժիսորի ուղիղ հարցադրումը Կաննի հանդիսատեսին

Շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի ֆիլմը սատիրիկ և սուր հարցադրումներով ահազանգ է իդեալական հասարակությանը. իսկ դուք իսկապես պատրաստ եք օգնել դիմացինին:

Ռուբեն Էստլունդը շվեդական նոր կինոյի եթե ոչ հույսն է, ապա գոնե ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ 43 ամյա ռեժիսոր-սցենարիսը քննարկվել է հայրենիքում և ստացել է, օրինակ շվեդական «Ոսկե բզեզը», և առաջադրվել է Օսկարի իր ամենահայտնի ֆիլմերով՝ «Զբոսաշրջիկ»-ով և «Կամավոր-ստիպողաբար»-ով։Այլ համաշխարհային կինոփառատոնաշուկայական արժանիքներից՝ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք», Բեռլինալեի «Ոսկե արջ», Մոսկվայի կինոփառատոնի Ֆրիպրեսսի մրցանակներ։

Այս տարի Էստլունդը Կաննում ներկայացրեց The Square-ը, որը կրում է բառի երկու բացատրություններն էլ՝ «քառակուսի» և «հրապարակ»։ Ֆիլմը հայտնի և հարուստ թանգարանային համադրող Քրիսթիանի մասին է, ում շուրջ և ծավալվում են սատիրիկ և աբսուրդի հասնող իրադարձությունները՝ խոսելով շվեդական բարքերի, պոլիտկորեկտության և անօգնության մասին։ Տղամարդը քայլում է փողով, երբ ինչ-որ մեկից փախչող կինն օգնություն է խնդրում։ Քրիսթիանը և մեկ այլ անցորդ օգնում են կնոջը, սակայն մի քանի վայրկյան անց պարզվում է, որ սա ոչ թե պատահական միջադեպ էր, այլ պլանավորված գողություն. անհետացել են Քրիսթիանի դրամապանակն ու հեռախոսը։ Այս պահից սկսած հերոսն ընկնում է սոցիալական ակտիվ զարգացող փոխհարաբերությունների կծիկի մեջ, որի հոսանքապտույտը հանգեցնում է կարևոր փիլիսոփայական հարցերի, իսկ պատասխանների շուրջ հանդիսատեսը դեռ երկար կարող է խորհել։


[ԿԱՆՆ – 70]


Ֆիլմի ենթատեսքտի հետ կապված Էստլունդը հարցազրույցներից մեկում նշում է, որ երբեմն մենք դառնում ենք bystander effect- ի(կողմնակի դիտորդի էֆֆեկտ) զոհը. փողոցում տեղի են ունենում դրամատիկ դեպքեր, իսկ մենք ոչ մի կերպ չենք արձագանքում։ Խնդիրը սառնասրտության և անտարբերության մեջ չէ: Շատ հաճախ մենք պարզապես չգիտենք ինչպես արձագանքել։ Ֆիլմում կան թերևս երկու կարևոր հարցեր, որոնք ռեժիսորը տալիս է ուղիղ. արդյոք դուք վստահու՞մ եք մարդկանց և ի՞նչ կլինի, երբ դուք մեկից բարձրաձայն օգնություն խնդրեք։

Շվեդական մոխրագույն, իդեալական ինտերիերների մեջ Էսթլունդը տեղավորում է թանկ կոստյում կրող իդեալական տղամարդու, որի առջև տեղադրված են մի քանի կոնֆլիկտային դեպքեր։ Առանձին բացատրության և վերլուծության է արժանի ռեստորանի դրվագը. երեկոյան զգեստներով և կոստյումներով շքեղ հյուրերը արժանանում են փերֆորմանսի՝ կիսամերկ ռուս տղամարդը հանդես է գալիս կապիկի դերում։ Նա շրջում է սեղանների կողքով, հոտոտում և կպնում կանանց, կռվի կանչում տղամարդկանց և մնում է առաջադրված դերի մեջ մինչև վերջին պահը՝ համբերությունը կորցրած պոլիտկորեկտ և համբերատար շվեդերը հարձակվում են «գազանի» վրա։

The Square-ում կան բազում զվարճալի դրվագներ, սրամիտ երկխոսություններ և ֆելետոնի աբսուրդիզմի հասնող նկատողություններ, որոնք ռեժիսորն անում է «իդեալական» հասարակությանը։ Չմոռանալով նշել՝ պետք եղած ժամանակ բոլորը կարող ենդուրս գալ ափերից, իսկ հանդարտվելիս պետք չէ մոռանալ ներողություն խնդրել։ Գուցե դա կփրկի հիվանդ սոցիումը և փխրուն մարդկային հոգիները բազմաթիվ վարակներից։

Գրել կարծիք