Թոնի Ֆադել․ «Ես չեմ աշխատում մարդկանց համար, ես աշխատում եմ մարդկանց հետ»

Թոնի Ֆադել․ «Ես չեմ աշխատում մարդկանց համար, ես աշխատում եմ մարդկանց հետ»

Հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանի հարցազրույցը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի 8-րդ դափնեկրի հետ: Թոնի Ֆադելը լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար է, որը հիմնադրել է «Նեսթ Լաբս» ընկերությունը, ստեղծել IPod ապրանքանիշը:

Արտակ Ալեքսանյան Անհավանական է, բայց ահա Ipod-ը, որը արտադրվել է 2006 թվականին՝ այն ժամանակ, երբ դուք Apple-ում էիք աշխատում։

Թոնի Ֆադել – Ճիշտ է։ Ես այնտեղ աշխատել եմ մինչև 2010 թվականը։ Կարծում եմ, որ սա 2004-ի կամ 2005-ի արտադրության է։

Ա․ Ա․ Ոչ։ Սա 2006 թվականի արտադրության է։ Հատուկ թողարկում է։ Նվեր եմ ստացել, դրա համար շատ լավ հիշում եմ ու նաև ստուգել եմ։ Եվ հիմա հարցը․ Ipod-ի դարաշրջանը ավարտվե՞ց։

Թ․ Ֆ․ – Կարծում եմ, որ ոչ թե Ipod-ի դարաշրջանն ավարտվեց որպես սարք, այլ կարծում եմ, որ Ipad-ը փոխել է իր ձևը։ Չեմ կարծում, որ Ipod-ի դարաշրջանը կավարտվի այն իմաստով, որ մարդիկ կդադարեն լսել երաժշտություն։ Եթե անկեղծ լինենք, ապա Ձեր հեռախոսի և Ipod-ի երաժշտության որակները բոլորովին տարբեր են։

Ա․ Ա․ Այո, սա ավելի որակյալ է։

Թ․ Ֆ․ – Ճիշտ է։

Ա․ Ա․ Ինչպե՞ս եք լսում երաժշտություն։

Թ․ Ֆ․ – Ինչպես եմ ե՞ս լսում երաժշտություն։ Սովորաբար օգտագործում եմ Spotify հավելվածը։

Ա․ Ա․ Ձեր հեռախոսի վրա՞։

Թ․ Ֆ․ – Սովորաբար ոչ։ Ավելի շուտ տանը՝ ընտանիքիս հետ։ Եթե դրսում վազում կամ զբոսնում եմ, երաժշտություն չեմ լսում, փորձում եմ լինել հենց այդ միջավայրում։ Չէի ցանկանա այդ միջավայրից կտրվել երաժշտության պատճառով։

Ա․ Ա․ Երբ ուսումնասիրում էի Ձեր կենսագրությունը, նկատեցի, որ գոնե երկու անգամ հեռացել եք մեծ կորպորացիաներից, մինչդեռ զբաղեցրել եք շատ բարձր պաշտոններ։ Ֆիլիպս ընկերությունում երիտասարդ ժամանակ հասել էիք ընդհուպ մինչև փոխնախագահի պաշտոնին։ Ասացեք խնդրում եմ, ի՞նչն էր Ձեզ դրդում ամեն անգամ հրաժեշտ տալ կորպորատիվ կարիերային և սկսել Ձեր անձնական բիզնեսը։

Թ․ Ֆ․ – Լքում եմ, որովհետև այդ պահին ունեմ նոր սարքավորումներ ստեղծելու անհաղթահարելի ցանկություն, որոնք այս կամ այն կերպ չեմ կարող անել կորպորացիաներում։

Ա․ Ա․ Ինչո՞ւ չեք սիրում կորպորատիվ կարիերան։

Թ․ Ֆ․ – Որովհետև կորպորացիաներում կան բազմաթիվ մարդիկ, որոնք քեզ անընդհատ մերժում են։ Չեմ սիրում աշխատել ուրիշների համար։ Անկեղծ ասած լավ չեմ աշխատում ուրիշների համար։ Ես լավ եմ աշխատում մարդկանց հետ, բայց ոչ մարդկանց համար, և լավ եմ աշխատում նրանց հետ, որոնց հարգում եմ։ Շատ դժվար է, երբ գիտեք, որ ունեք լավ գաղափար, և մյուսները քեզ մերժում են, ասելով, որ քեզանից ավելի լավ գիտեն։ Դա չի աշխատում ինձ համար։

Ա․ Ա․ Նախորդ ամիս, Մեծ Բրիտանիայում, հիմնադիրների ֆորումի ժամանակ, երբ որ Ձեզ հարցրին, թե տեխնոլոգիաների ոլորտում ո՞րն է հաջորդ մեծ իրադարձությունը, դուք ասացիք, որ արհեստական սինթետիկ կենսաբանությունն է, քանի որ հարց ու պատասխանը սահմանափակված էր ընդամենը մեկ բառով կամ նախադասությամբ․ դուք այդպես պատասխանեցիք։ Հիմա չկա այդ սահմանափակումը, կարո՞ղ եք ավելի մանրամասն ասել, թե ինչ նկատի ունեք։

Թ․ Ֆ․ – Ի՞նչ է հիմա կատարվում։ Հիմա ամբողջ աշխարհի արդյունաբերությունը ներգրավված է նոր տեխնոլոգիաներով։ Հատկապես կենսաբանության մեջ մենք ստեղծում ենք կյանքի տեսակներ, որոնք արհեստական են։ Այսինքն դրանք մեխանիզմներ են, որոնք համակարգչի պես են, բայց կենսաբանական մասնիկներից են բաղկացած։ Այդ օրգանիզմները կարող են զգալ ազդանշանները և դրանց արձագանքել։ Ճիշտ այնպես, ինչպես միկրոպրոցեսորներն են աշխատում։ Այսինքն արհեստական ինտելեկտից հետո ստեղծում ենք արհեստական կենսաբանական մարմիններ։ Այսինքն, երբ նանոտեխնոլոգիաների միջոցով կարողացանք ստեղծել ռոբոտներ և արհեստական ինտելեկտ, նույն մեխանիզմները կիրառում ենք կենսաբանության մեջ։ Հիմա այն փուլում ենք, երբ միկրոպրոցեսորների փուլում ստեղծվեցին տրանզիստորները։ Ի՞նչ կլինի, եթե այդ մասնիկները դառնան առանձին օրգաններ և՛ ինքնուրույն սկսեն գործել, և՛ ավելի արագ գործել։ Ի՞նչ կլինի, եթե կարողանանք դրանք ծրագրավորել։ Ահա, թե որտեղ ենք գտնվում։

Ա․ Ա․ Ձեր նոր ընկերությունը, որը կոչվում է Feuter Shape, որը ներդրումային, վենչուրային հիմնադրամ է, արդեն կատարել է 500 միլիոն դոլարի ներդրումներ, ինչպես եք որոշում, թե որտեղ պետք է այդ ներդրումները կատարեք։ Ի՞նչ պետք է անի կամ ի՞նչ տեսակի ստարտափ ընկերություն պետք է լինի, որպեսզի գրավի Ձեր ուշադրությունը և փողերը։

 

Թ․ Ֆ․ – Առաջին հերթին դրանք գործարարներ են և ձեռներեցներ, որոնք պետք է ներկայացնեն համաշխարհային մակարդակի ապրանքներ և ծառայություններ։ Բայց, ամենակարևորը, պետք է ունենան զարգացող տեխնոլոգիաներ։ Պետք է ունենան տեխնոլոգիաներ, որոնք պետք է ամբողջությամբ փոխեն այդ ոլորտի ինդուստրիան։ Եթե նրանք առաջարկեն մի բան, որը գործողից ավելի լավն է, ավելի լավ սարք է, բայց այնուամենայնիվ նույն սարքն է, սովորաբար հաջողակ ստարտափ չէ կամ էլ ազդեցիկ չի լինի, որքան էլ, որ ավելի որակյալ լինի։ Սովորաբար ներդրումներ եմ անում այնտեղ, որը բացում է ինդուստրիայի նոր ճակատների համար դռները կամ կփոխի, թե ինչպես են բոլորը մտածում այդ արդյունաբերությունում։ Թվային երաժշտություն կամ մեծ զանգվածային էլեկտրոնային պահոցներ․ ամբողջությամբ փոխեցին արդյունաբերությունը։ Բազմահպում սենսորային էկրանները, մեծ հիշողությամբ և ինտերնետի հնարավորությամբ սարքավորումները ամբողջությամբ հեղափոխեցին, թե ինչպես ենք մենք օգտագործում ծրագրերը և սարքավորումները։ Եվ հիմա 10 տարվա կտրվածքով, չկա բջջային ընկերություն, որը այսօր սնանկ չլինի կամ դրա եզրին կանգնած չլինի ֆունդամենտալ տեխնոլոգիական առաջընացի պատճառով։ Նեսթի ժամանակ մենք տերմոստատում ներդրեցինք արհեստական ինտելեկտ և ռոբոտաշինական տարրեր, մինչև որևէ մեկը դա կարող էր անել, թեև շատերն էին դրա մասին խոսում։ Բոլորն էլ այդ ժամանակ խոսում էին ռոբոտագործության, արհեստական ինտելեկտի մասին, որպեսզի դրանք օգտագործեն կենցաղում, բայց հենց մեր տեխնոլոգիան էր, որ ամբողջությամբ հեղափոխական դարձրեց ոլորտը։ Դրանից հետո ամբողջությամբ վերաիմաստավորվեց կենցաղային տեխնոլոգիաների ամբողջ արտադրությունը։ Ես ահա այդպիսի ընկերություններում եմ ներդրումներ կատարում, որոնք կարող են հեղափոխական դառնալ։ Ընդ որում, կապ չունի ոլորտը, դա կարող է լինել բժշկություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, ֆինանսական։ Ոլորտը կապ չունի, կապ ունի մոտեցումը։ Պետք է լինեն հեղափոխական տեխնոլոգիաներ։

Ա․ Ա․ Որքա՞ն ժամանակ է Ձեզ պետք, որպեսզի որոշեք ներդրում կատարել։ Կարծրատիպ կա, որ ՏՏ ոլորտում կարող ես գաղափարդ ներկայացնել ներդրողին նույնիսկ զուգարանում, եթե նա լսելու ժամանակ ունենա, ապա կլսի և կասի՝ այո, քեզ փող եմ տալիս։ Սովորաբար ինչպե՞ս եք անում, սկզբից լսում եք, հետո նայում փաստաթղթե՞րը։

Թ․ Ֆ․ – Գիտեք, իրականում կարող են օրեր տևել կամ շաբաթներ, բայց ոչ երբեք ամիսներ շարունակ։ Եվ այդ ժամանակ մենք շատ հստակ կարողանում ենք հասկանալ՝ ընկերությունը ունա՞կ է հաջողելու, թե ոչ, որովհետև նրանք այնքան մանրամասներ չգիտեն, որոնք մենք գիտենք։ Քանի որ մերը վենչուրային հիմնադրամ է, շատ հաճախ այդ ստարտափների մասին իմ թիմը պետք է գաղափար կազմի, որովհետև ներդրողները սովորաբար գաղափար չունեն, որոնք երբեք արատադրության մեջ չեն եղել, երբեք ձեռներեցությամբ չեն զբաղվել։ Չգիտեն, թե որքան դժվար է նոր տեխնոլոգիաների գաղափար ներկայացնելը, որքան դժվար է ձևավորելը, զարգացնելը։ Սովորաբար իմ հիմնադրամն է դրանով զբաղվում։ Քանի որ ինքս ժամանակին զբաղվել եմ դրանով, մենք ուսումնասիրում և հասկանում ենք, որ գաղափարը գուցե հեղափոխական է, բայց նրանք դեռ ունեն բավականաչափ աշխատանք, բայց այս փուլում, այս մակարդակում բավարար է, որպեսզի նրանց ֆինանսավորենք կամ՝ ոչ։  Պետք է ասեմ, որ շատ հաճախ, երբ ներկայացնում են նորարար գաղափարներ, շատ հաճախ անավարտ է լինում, ամենասկզբական փուլում։ Հենց դրա համար է պետք փորձառությունը և այն անցյալը, որը ունես, երբ որ ժամանակին դու էլ էիր ստարտափ, որպեսզի հասկանաս՝ այո՛ գաղափարը հում է, այո՛ աշխատանքը անավարտ է, բայց ընդհանուր առմամբ սա մի բան է, որը կարող է աշխատել։

Ա․ Ա․ Այս հուլիսին, երբ խոսում էիք Լոնդոնի դիզայնի թանգարանում, ասել եք, որ երբեմն արթնանում ենք սառը քրտինքով, մտածելով, թե Աստված իմ, ի՞նչ բերեցինք աշխարհ։ Նկատի ունենալով այս բոլոր սոցիալական ցանցերը և սարքերը, որոնք այժմ վնասում են նոր սերնդին։ Ավելի ուշ բացատրել էիք, որ այն ժամանակ, երբ Ձեր սերնդի մարդիկ ծրագրում կան նախագծում էին այդ սարքավորումները, 20 տարեկան էին և չունեին երեխաներ։ Չէին կարող ծրագրել, որ այդ ամենը կարող է բացասաբար ազդել իրենց երեխաների վրա։  Ի՞նչ եք կարծում, սոցիալական ցանցերը, նոր ֆաբլեթները կստեղծեն միայնակների սերո՞ւնդ կամ սերունդ, որը այլևս ֆիզիակապես չի՞ շփվում։

Թ․ Ֆ․ – Փոխվում է ոչ միայն նոր, այլև հին սերունդը։ Այն ազդում է բոլորի վրա։ Թվային տեխնոլոգիաները ազդեցություն ունեն բոլորի վրա։ Գիտեք, մտածեք այսպես՝ զուգահեռը ալկոհոլն է․ կարող եք ալկոհոլ խմել ցանկացած ժամի, բայց որոշում եք չանել, որովհետև սովորել եք կառավարել և ծրագրել ալկոհոլի սպառումը, նույնը պետք է սովորենք սարքավորումները օգտագործելիս։ Պետք է սովորենք, թե երբ պետք է օգտագործենք, երբ պետք է անջատենք։ Եթե Ձեր անկողնու կողքը դնեք մեկ շիշ ալկոհոլ, դա լա՞վ բան է։ Եթե վատ է, ինչի՞ համար եք պահում անկողնու կողքը։ Ճի՞շտ բան եմ ասում։

Ա․ Ա․ Այո։

Թ․ Ֆ․ – Երբ մարդիկ ռեստորանում սեղանի տակ հեռախոսի վրա են։ Դա լա՞վ է։ Իմ ասածը հետևյալն է, պետք է վերաիմաստավորենք սոցիալական վարքի նորմերը։ Հիմա բոլորը մտածում են, որ նորմալ է զրույցի ժամանակ չնայել մարդու դեմքին, զբաղված լինել հեռախոսով, որովհետև բոլորն են այդպես անում, բայց պետք է սովորենք նոր սոցիալական նորմեր, որպեսզի ասենք՝ սա պետք չէ անել։ Ճիշտ այնպես, ինչպես առավոտյան չենք խմում ալկոհոլ, թեև կարող ենք։

Ա․ Ա․ Կարծում եմ, որ սոցիալական մեդիաների և նոր սարքավորումների ոգևորությունն անցել է, հիմա արդեն ժամանակն է հետևանքների դեմ պայքարել։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող են մեդիաները փրկել իրենց՝ հաշվի առնելով համաշխարհային կեղծ լուրերի ֆենոմենը։ Օրինակ, Ռոյթերզը վերջերս հետազոտություն էր հրապարակել, որը ասում էր, որ նոր սերունդն իր լուրերի մեծամասնությունը՝ մոտ 80 տոկոսը,  ընթերցում է սոց․ ցանցերից։ Նոր սերունդը կարող է ասել լուրի վերնագիրը, բայց չի կարող մատնանշել լուրի սկզբնաղբյուրը, այն լրատվամիջոցը, որտեղ կարդացել է։ Հենց դա էլ բերում է ինֆորմացիոն մանիպուլյացիաների, երբ մարդիկ մեդիագրագիտության առումով չեն կարողանում տարբերել պրոֆեսիոնալ լրատվությունը մանիպուլյատիվ և կեղծ լրատվությունից։ Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կլինի ժամանակ, երբ մարդիկ կլինեն մեդիագրագետ։

Թ․ Ֆ․ – Կարծում եմ, որ մարդիկ այնուամենայնիվ պետք է կրթվեն։ Նաև սոցիալական ցանցերի հարթակներ տրամադրողների պատասխանատվությունն է մարդկանց կրթելը, որպեսզի դադարեցնեն կեղծ լուրերը կամ մարդկանց տեղեկացնեն, թե որքանով է այս լուրը ճշտված, թե ոչ։ Կամ էլ պետք է մարդիկ իմանան, որ կարդում են չստուգված լուր, հետևաբար վտանգներ է պարունակում, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ գնում են ծխախոտ, որը զգուշացնում է հետևանքների մասին, գնում են ալկոհոլ, որտեղ նույնպես կա  զգուշացում հետևանքների մասին։ Կարծում եմ, որ այսպիսի զգուշացումներ կլինեն, եթե մեդիակազմակերպությունները չկարողանան ինքնակարգավորվել։ Գիտեք, մեծ հաշվով կարող եք չօգտվել սոց․ ցանցերից, կարող եք դրանք անջատել։ Մարդիկ օգտագործում են, որովհետև մտածում են, որ դրանք միշտ լավն են։ Հիմա սովորում ենք դրանց ոչ մտածված, բայց վատ հետևանքները։ Հիմա մոդելավորում ենք մեր վարքագիծը թվային երևույթների նկատմամբ։ Հետո կամաց-կամաց կհասկանանք և կմարսենք սոց․ ցանցերի բումի երևույթի վատ հետևանքները և դրա սպառման չափավոր միավորները։ Սոցիալական մեդիան ընդամենը 6 տարեկան է։ Սա շատ նոր է հասարակության համար։ Անհրաժեշտ է ևս 10 տարի, որպեսզի հասարակությունը հասկանա, մարսի և կարգավորի սոցիալական մեդիան, տա գործիքներ, և ,ամենակարևորը, հասարակությունը կսահմանի նաև կարգավորումները։ Մենք կունենանք գործիքներ, ինֆորմացիա և օրենսդրական կարգավորումներ՝ հասկանալու և օգտագործելու սոցիալական ցանցերը։ Այդ երեքը միասին կկարգավորեն ամբողջ ոլորտը։ Դրանք յուրաքանչյուրին հնարավորություն կտան, որպեսզի ինքը որոշի, թե ինչ է ակնկալում սոցիալական ցանցերից։

Ա․ Ա․ Դուք անսովոր ամերիկացի եք։ Այն իմաստով, որ բնակվում եք Փարիզում։ Ես հիշում եմ, որ ուսանող ժամանակ իմ ամերիկացի ընկերները, եթե ինչ որ բան չէին հավանում կամ ինչ-որ մի սարք չէր աշխատում, ասում էին, որ հավաբանար ֆրանսիական է։ Մինչդեռ դուք մշտապես տեղափոխվել եք Ֆրանսիա։

Թ․ Ֆ․ – Այո, տեղափոխվել ենք, բայց չէի ասի մշտապես, ամբողջ կյանքի համար։

Ա․ Ա․ Ընտանիքով որևէ տեղ ապրելը։

Թ․ Ֆ․ – Այո, սա արդեն երկրորդ անգամ է։

Ա․ Ա․ Դուք բայց ոչ միայն տեղափոխվել եք, ապրում և աշխատում եք, այլև փորձում եք Փարիզը դարձնել նոր Սիլիկոնային հովիտ։

Թ․ Ֆ․ – Չէի ասի, որ Փարիզը, կասեի, որ ես դեռ ուսումնասիրում եմ։ Փորձում եմ ստեղծել միջավայր, որը որ չկա։ Իմ ամբողջ կարիերայի ընթացքում գնացել եմ տեղեր, որտեղ մյուսները չէին գնում։ Կարող ես տեսնել միջավայրը ապագա հնարավոր հաջողության համար։ Ես Փարիզում եմ, ուսումնասիրում եմ, փորձում եմ մի մասը դառնալ։ Փորձում եմ ունենալ կյանք, որը շատ տարբեր է այն կյանքից, որը սիլիկոնային հովտում եմ անցկացրել 25 տարի։ Բայց մինչև սիլիկոնային հովիտը, ես ապրել եմ Միացյալ նահանգերի բազմաթիվ նահանգներում։ Ուզում եմ կյանքս ապրել որպես գլոբալ աշխարհի քաղաքացի։ Ինձ համար հետաքրքրված եմ, կցանկանայի, որ իմ երեխաներն էլ լինեն շատ հետաքրքրվող և գլոբալ աշխարհի քաղաքացի։ Այն ինչ հիմա անում ենք, լայնացնում ենք մեր մտահորիզոնը, բացում ենք մեր աշխարհայացքը։ Սա ուղղված չէ ընդդեմ Սիլիկոնային հովտի։

Ա․ Ա․ Բազմաթիվ Ամերիկացիներ հենց այդպես էլ ընկալում են, որովհետև հրապարակային տեղափոխվել եք Փարիզ, հանդիպել եք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Կա խոսակցություն, որ Փարիզը կարելի է դարձնել Եվրոպայի տեխնոլոգիական մայրաքաղաքը։

Թ․ Ֆ․ – Չեմ ասել, որ Փարիզը Եվրոպայի տտ նոր մայրաքաղաքն է։ Ասել եմ, որ Փարիզը ունի բոլոր հնարավորությունները բազմաթիվ Ստարտափներ հյուրընկալելու համար, որոնք կարող են փոխել աշխարհը, գուցե Եվրոպան։ Մի խոսքով, ես գնում եմ տարբեր տեղեր, որպեսզի սովորեմ տարբեր բաներ և որոշակի մասնակցություն ունենամ այդ միջավայրի փոփոխությանը։ Հուսով եմ դա կլինի։ Գուցե լինի, գուցե չէ։ Եկեք խոսենք այդ մասին 10 տարի անց։

Ա․ Ա․ Շատ բարի։ Եկեք հիմա խոսենք Հայաստանի մասին։ Ի՞նչ կարող են անել Հայաստանի նման երկրները ՏՏ քարտեզին հայտնվելու համար։ Հայտնի է, որ Խորհրդային միության տարիներից սկսած ունենք շատ լավ ֆիզիկամաթեմատիկոսների սերունդ, որի ավանդույթները մինչև հիմա պահպանված են։ Շատ լավ խաղում ենք շախմատ, մեր մտածողությունը ընդհանուր առմամբ շատ մաթեմատիկական է։ Արդյոք դա բավարա՞ր է, որպեսզի մեծ թռիչք ապահովենք։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, այն իմաստով, որ պետք կառավորությունը ինչ-որ քայլեր անի, որը ազդանշաններ կտա ՏՏ ոլորտին, թե այդ ոլորտը ինքն իրեն կինքնակարգավորվի։

Թ․ Ֆ․ – Գիտեք, այս թեմայով զրուցել եմ Ձեր վարչապետի հետ։ Զրույցի ընթացքում հատկապես կարևորել եմ, որ երեք բան պետք է անել առողջ տնտեսություն և բարենպաստ միջավայր ունենալու համար։ Առաջինը կրթությունն է։ Արդեն ասացիք, որ ունենք մաթեմատիկա, ֆիզիկա ունեցող շատ լավ սերունդ։ Սրանք ամենահանգուցային նախապայմաններն են։ Առաջիկայում սպասվող արհեստական ինտելեկտի մեքենաշինության, ռոբոտագործության սերնդի համար։ Դուք դրանք ունեք։ Պետք է պարզապես խնամեք և ծաղկեցնեք։  Շատ երկրներ դա չունեն։ Դուք արդեն լավ վիճակում եք։ Նույն պատճառով ես Եվրոպայում եմ, որովհետև այնտեղ էլ ավանդաբար մաթեմատիկոսների լավ սերունդ է լինում։ Եվրոպական դպրոցներում շատ լավ սովորեցնում են մաթեմատիկա, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա։ Դուք լավ տեղում եք և այդ կրթական որակը պետք է պահպանել։ Սա միայն չի վերաբերում բուհական կրթությանը, այլև միջնակարգ կրթությանը։ Երկրորդ․ կառավարությունը պետք է հայտարարի և աջակցի ոլորտին, որպեսզի ցույց տա աշխարհին, ստեղծի նպատաստավոր պայմաններ  ընկերությունների համար, օգնի նրանց զարգանալ, պարարտ հող ստեղծի նոր ընկերությունների ստեղծման համար։ Եվ երրորդը, իհարկե, ներդրողներին և ընկերություններին թույլատրել գալ Հայաստան։ Այն իմաստով, որ ցույց տա նրանց, որ այստեղ կա համայնք, որին կառավարությունը փորձում է օգնել, վերացնել բոլոր խոչընդոտները։ Արդեն գոյություն ունեցող ընկերությունները, կառավարությունը, ֆինանսական հատվածը, բանկերը, հնարավորություն են ստեղծում զարգանալու համար։ Չեմ ասում, որ պետք է հրաժարվել հարկերից, չկարգավորել ոլորտը։ Խոսքը վերաբերում է բոլոր պատերը վերացնելուն, բոլոր հնարավոր փողերը ներդնել ոլորտի զարգացման համար, օգտագործել ռեսուրսներ ոլորտի համար։ Ճիշտ այնպես, ինչպես նույնը անում է Չինաստանը, նույնը անում է Ֆրանսիայի կառավարությունը։ Վերջինս վերացնում է բոլոր հնարավոր խոչընդոտները ՏՏ ոլորտը զարգացնելու համար։ Վերացնում է բոլոր հնարավոր պատերը, բոլոր հնարավոր տանիքները, որպեսզի արևը ընկնի այս սերմերի վրա։ Նրանց մատուցում է ջերմություն, պարարտանյութ, ջուր, որպեսզի հենց այդպիսի միջավայրում սերմերը տան մեծ արդյունքներ։ Տեսնենք, թե ինչպես դա կլինի։


Հարցազրույցների շարքից կարդացեք նաև․


Ա․ Ա․ Դուք երբևէ լսե՞լ եք Հայաստանի մասին կամ ունեցե՞լ եք որևէ կապ Հայաստանի հետ։

Թ․ Ֆ․ – Հայաստանի մասին արդեն գիտեմ 40 տարի։ Որպես լիբանանյան արմատներով ամերիկացի, լսել եմ տարածաշրջանի մասին, բայց նաև Հայաստանի մասին լսել եմ Սիլիկոնային հովտում հանդիպած իմ ընկերներից։ Հանդիպում եմ բազմաթիվ հայերի, որոնք խոսում են իրենց հայրենիքի մասին, պատմել են, թե ինչ է կատարվում տարաշրջանում։ Ինքս մասնակցություն եմ ունեցել։

Ա․ Ա․ Ի դեպ երկիրն ու քաղաքը։ Ես գիտեմ, որ շատ կարճ ժամանակով եք այստեղ, բայց հասցրե՞լ եք տպավորություն կազմել երկրի մասին։

Թ․ Ֆ․ – Նախևառաջ մարդիկ այստեղ շատ ջերմ են։ Տեսնում եմ, որ երկիրը զարգանում է, կա կյանքի բարելավում։ Սովորաբար առավոտյան վազում եմ։ Այսօր առավոտյան ժամը 6-ին, երբ որ վազում էի Երևանով, նկատեցի, թե որքան քիչ են անօթևան մարդիկ։ Օրինակ Սիլիկոնային հովտում ահավոր շատ են անօթևանները։ Երկրորդ բանը, որ նկատեցի, առավոտյան քաղաքի մաքրման աշխատանքներին մասնակցում են տարեց մարդիկ, դա ինձ համար գոնե շատ ոգևորիչ է, որ տարեց մարդիկ իրենց մասնակցությունն են ունենում և աշխատանքի համար։ Նաև նկատում եմ բազմաթիվ նոր բիզնեսներ, տեսնում եմ, որ փորձում եք բոլոր հնարավոր հաջողակ մարդկանց, այդ թվում ինձ բերել Հայաստան։ Անգլերենը շատ կարևոր է աշխարհի հետ հաղորդակցվելու համար և կարծես թե այստեղ  բոլորն են խոսում այդ լեզվով։ Եվ այն կանխակալ կարծրատիպը, որ կարող էի ունենալ երկրի մասին, 180 աստիճանով փոխվեց՝ լավ իմաստով։

Ա․ Ա․ Դուք 40 տարեկան եք, բայց շատ երիտասարդ տեսք ունեք։ Ինչպե՞ս  եք Ձեզ պահպանում ։

Թ․ Ֆ․ – Առաջինը՝ առողջ սնունդ։

Ա․ Ա․ Դուք բուսակե՞ր եք։

Թ․ Ֆ․ – Այո, ես բուսակեր եմ։ Եվ ամեն օր մարմամարզությամբ եմ զբաղվում։

Ա․ Ա․ Ամեն օ՞ր։

Թ․ Ֆ․ – Շաբաթը՝ 6 օր։

Ա․ Ա․ Պարզ է։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։

 

Գրել կարծիք