Առևտրային պայքար Ղազախստանի ու Ղրղզստանի միջև. Ո՞ւր կտանի այն՝ ժամանակին բարեկամ, իսկ այսօր թշնամի պետություններին

Առևտրային պայքար Ղազախստանի ու Ղրղզստանի միջև. Ո՞ւր կտանի այն՝ ժամանակին բարեկամ, իսկ այսօր թշնամի պետություններին

Այն, որ Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերություններն ավելի կսրվեին, եթե Ղրղզստանի նախագահ դառնար Սոորոնբայ Ժեենբեկովը, դա արդեն պարզ էր մի քանի ամիս առաջ:

Ղրղզստանի և Ղազախստանի միջև հարաբերությունները վատթարացան շատ ավելի վաղ, քան նախագահի ընտրաշավի սկսելը: Պարզապես այդ ժամանակահատվածն առիթ դարձավ՝ ամեն ինչ ջրի երես հանելու: Իսկ ամեն ինչ սկսվեց ԵԱՏՄ-ի կազմավորման ժամանակ, երբ Ղրղզստանին Տնտեսական Միության մեջ ընդգրկելու համար հարևան ու բարեկամ Ղազախստանը պարտավորվեց տրամադրել 100 միլիոն դոլարի օգնություն: Դա բավարար չէր, Ղազախստանը զրկվեց երկաթուղային գծից ստացվող 49 մլն դոլար եկամուտից: Հանուն ԵԱՏՄ-ի՝ նման չափի եկամուտ կորցնելն այդքան էլ Նորսուլթան Նազարբաևի սրտով չէր, սակայն բացահայտ դեմ գնալ ԵԱՏՄ որոշումներին ու խառնել Մոսկվայի խաղաքարտերը, Նազարբաևն, ըստ էության, չցանկացավ կամ, գուցե և, չհամարձակվեց:

Եվ ահա այս ֆոնին Ղրղզստանը պատրաստվում էր նոր նախագահի ընտրությանը: Նազարբաևն իր մոտ է կանչում Ղրղզստանի ընդդիմության թեկնածու Օմուրբեկ Բաբանովին: Իր պաշտոնավարման ժամկետը լրացրած Ալմազբեկ Աթամբաևն իմանում է, որ հակառակորդ, ընդդիմության թեկնածու Բաբանովը հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ, և դիվանագիտական սկանդալը պատրաստ է: Ղրղզստանը բողոքի նոտա է հղում Ղազախստանին:

Եթե Ղրղզստանում նախագահական ընտրություններ չլինեին, գուցե և Աթամբաևն այդքան էլ սրտին մոտ չընդուներ Նազարբաևի քայլը: Սակայն Նազարբաևից վիրավորված Ալմազբեկ Աթամբաևը հայտարարեց, որ Ղազախստանը փորձում է միջամտել Ղրղզստանի ներքին գործերին: Այս հայտարարությամբ Աթամբաևը կանգ չառավ. նա մտնելով հարևան երկրի իշխանավորների գրպանը՝ հաշվարկեց ու հայտարեց, թե նրանք թալանում են սեփական ժողովրդին՝ անձնական գրպանները լցնելու համար: Ավելին, Աթամբաևը Ղազախստանը բառացիորեն անվանեց Նուրսուլթանստան:

Ահա այս հայտարարությունն էր, որ Ղրղզստանին չներվեց: Հայտարարությունից ընդամենը 3 օր հետո Ղազախստանի իշխանություններն ուժեղացրին հսկողությունը երկու երկրների սահմանային անցակետերում: Արդյունքում Ղրղզստանի կողմից բեռնատարների ու մարդկանց մեծ կուտակումներ առաջացան: Ավելին, Ղազախստանը նաև հիշեց իր 100 միլիոն դոլարի օգնությունը: Երկու բարեկամ ու հարևան երկրների միջև եղբայրությանը վերջ դրվեց:

Բիշքեքն ու Աստանան ավելի են սրում իրենց առանց այդ էլ լարված հարաբերությունները: Հիմա էլ Ղրղզստանի խորհրդարանն է չեղարկել ԵԱՏՄ շրջանակում Ղազախստանի հետ հենց այն համաձայնագիրը, որով Ղազախստանը 100 միլիոն դոլարի օգնություն պետք է տրամադրեր Ղրղզստանին` ԵԱՏՄ-ին ինտեգրվելու համար:


Կարդացեք նաև․


Ըստ վերլուծաբանների, Ղազախստանը կարող է առաջ անցնել ու ավելի «նեղը գցել» Ղրղստանին. արգելել հարևան երկրի գյուղմթերքի ներմուծումն իր երկիր, խստացնել քաղաքացիների մուտքն ու ելքը, և ամենակարևորը՝ Չինաստանից ներմուծվող ապրանքի վրա արգելք դնել: Չէ որ հայտնի է՝ Չինաստանից Ռուսատան ու ԵԱՏՄ երկրներ մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ապրանքների տարանցիկ երկիրը Ղրղզստանն է: Ու Ղրղզստանի պաշտոնյանների ուղիղ վերահսկողության տակ է այդ բիզնեսը: Իսկ Ղրղզստան մտնում է մեկ այլ տարանցիկ երկրով՝ Ղազախստանով: 

Չինաստանից ներմուծվող ապրանքի խիստ վերահսկողությունն արդեն ուղակիորեն կհարվածի Ղրղստանի որոշ պաշտոնյաների գրպաններին, գուցե և հենց նույն Աթամբաևի, ով արդեն նախկին նախագահ է, բայց դեռ իշխանությունն իր ձեռքում է պահում՝ գործող նախագահ Ժեենբեկովի միջոցով: Ահա այս խաղաքարտն է, որ ունի Նազարբաևը: Կօգտագործի՞ այն, թե ոչ՝ պարզ կդառնա շատ շուտ: Բայց մի բան ակնհայտ է՝ ԵԱՏՄ-ն դեռ մինչև վերջ չկայացած՝ բախվում է առաջին, բայց բավական լուրջ խնդրի հետ՝ պետականա-անձնականացված շահ. չէ որ Արևելքում անձնական շահը պետականին վաղուց ներծծված է:

Գրել կարծիք