Ճամփորդական հաճելի անհանգստություններ. նախապես պատվիրե՞լ, թե՞ տեղում կողմնորոշվել

Ճամփորդական հաճելի անհանգստություններ. նախապես պատվիրե՞լ, թե՞ տեղում կողմնորոշվել

newmag-ի թղթակիցը կիսվում է իր ճամփորդական փորձով: Ի՞նչ պլանավորել և ինչպե՞ս կողմնորոշվել տեղում: Նոթեր՝ խուճապի չմատնվելու և ամեն ինչ հասցնելու մասին:

Ճանապարհ ընկնելուց առաջ մի լավ տնտղել քարտեզն ու երկիրը. ճամփորդական առաջին կանոնս է: Զբոսաշրջային գործակալությունների օգնությամբ ճանապարհորդելն իմ նախընտրած հանգստի ձևը չէ: Սիրում եմ ինքնուրույն կազմակերպել ամեն ինչ: Այդպես հետաքրքիր է, արկածներն ու ադրենալինն ավելի շատ:  

 

 

 

 

 

Իտալիա մեկնելուց առաջ, սովորության համաձայն, կարդացի՝ ինչ հնարավոր էր ու ժամանակն էր ներում, թանգարաններն անգիր արեցի՝ իրենց մուտքի ու ելքի ժամերով (հասնել Իտալիա ու չմտնել գոնե մի քանի թանգարան, մեղք է): Օրինակ՝ եթե բաց թողնեի Սիքստինյան կապելլան (Վատիկան) կամ Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» (Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ), կամ էլ Միքելանջելոյի «Դավիթը» (Ֆլորենցիա, Գեղարվեստի ակադեմիա), հաստատ չէի ների ինձ:

 

 

 

Նախնական ուսումնասիրություններս ցույց տվեցին, որ միջնորդ կայքերը տոմսերն առաջարկում են գրեթե կրկնակի գնով: Եթե ուզում եք նախապես ձեռք բերել տոմսն՝ օնլայն եղանակով, գտեք տվյալ թանգարանի կամ պատկերասրահի պաշտոնական կայքն ու այնտեղից գնումն արեք: Այդպես որոշ գումար կխնայեք:

 

 

 

 

 

 

 

 

Եթե օնլայն գնումը չի հաջողվում, ինչպես ինձ մոտ եղավ (տեխնիկական խնդիր էր), խուճապի մի մատնվեք, ինչպես ես արեցի: Եթե իմ չափ անհանգիստ եք, մինչև տեղ հասնելը մեկ տարբերակ էլ կա: Հենց Երևանից զանգահարեք, օրինակ՝ Ֆլորենցիա և ամրագրեք տոմսերը: Այդպես ավելի ապահով է. եթե հանկարծ գնացք բաց թողնեք և ուշանաք պլանավորած ժամից, ինչպես ինձ հետ պատահեց, գումար չեք կորցնի, առավելագույնը՝ ամրագրման համարը:

 

 

 

 

 

 

Բայց, ինչպես սեփական փորձով համոզվեցի, ամենահարմար տարբերակը տոմսը տեղում գնելն է: Երբեք չգիտեք, թե ճանապարհին ինչ կպատահի ու երբ կհասնեք ձեր ծրագրած վայրը: Բացի այդ, տեղում միշտ հնարավոր է տոմս գնել ավելի շահեկան պայմաններով ու ավելի քիչ գումարով:

 

 

 

 

 

Եթե ձեզ վախեցնում են հերթերով, թե զուր ժամանակի կորուստ է լինելու, մի ամբողջ օր կսպասեք ու այդպես էլ ձեր ուզածը չեք տեսնի, մի հավատացեք: Այո, հերթեր կան (ո՞վ չի ուզում տեսնել արվեստի ամենահայտնի գործերը), բայց դրանք կանոնավոր են ու շատ արագ են անցնում: Չեք էլ նկատի, թե ինչպես կհայտնվեք ձեր ուզած կտավի առաջ: Ի վերջո, գոյություն ունեն նաև «skip the line» («առանց հերթի») կոչված տոմսերը: Ամեն ինչ տեղում և առանց խուճապի:

 

 

 

 

Թանգարանների հետ կապված ևս մեկ կարևոր կետ, որին արժե հետևել: Նախապես կարդացեք, թե տվյալ թանգարանում ինչպիսի դրեսկոդ է ընդունված: Օրինակ՝ Վատիկանի թանգարաններ և Սիքստինյան կապելլա մուտք գործելու համար պետք է փակ հագուստով լինել: Ու սա ամենևին էլ կատակ չէ: Սիքստինյան կապելլա և Սուրբ Պետրոսի տաճար մուտք գործելուց առաջ ձեզ կմոտենան հսկիչներն ու կխնդրեն ծածկել ուսերն ու ծնկները, չէ՞ որ սուրբ վայր եք մուտք գործում: Ավելին, նրանք կհետևեն, որ ներսում էլ պահպանեք ընդունված դրեսկոդը:

 

 

Գրել կարծիք