Թրամփ vs Կիմ Չեն Ըն. Մեծ պատերազմի իրական վտանգը

Թրամփ vs Կիմ Չեն Ըն. Մեծ պատերազմի իրական վտանգը

Աշխարհը միջուկային պատերազմի ռեալ վտանգի առաջ է: Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը «մկանների ցուցադրության» պատերազմ են սկսել:

Միջուկային Հյուսիսային Կորեայի ափերին է մոտեցել ամերիկյան ծովային հարվածային խումբը ատոմային Կարլ Ուինսոն ավիակիրի գլխավորությամբ: Պատճառը մեկն է՝ հետախուզության տվյալով, Կիմ Չեն Ընը մտադիր է փորձարկել ևս մեկ միջուկային ռումբ արդեն այս շաբաթ: Հարավային Կորեայում և Ճապոնիայում այսքան մտահոգ դեռ չէին եղել, ամերիկացիների անակնկալ ակտիվությունը ավելի է սրել իրավիճակը: Ռազմանավերին ուղեկցում են սուզանավեր, որոնք զինված են Տոմահավկ թևավոր հրթիռներով:

Դոնալդ Թրամփը արդեն երկու շաբաթ է խոսում է ընդգծված ռազմական հռետորաբանությամբ: Ամեն ինչ սկսվեց Սիրիայից, երբ Թրամփի հրամանով Միջերկրական ծովից ամերիկյան ռազմանավերը 59 Տոմահավկերով հրթիռակոծեցին սիրիական օդանավակայանը: Թրամփը խոստացավ այդքանով չսահմանափակվել, ու օրեր անց ամերիկյան օդուժը Դեր Զորում պայթեցրեց ահաբեկիչների քիմիական գործարանը:


Քիմիական ռեակցիա Սիրիայում. Ինչու ԱՄՆ-ը ռմբակոծեց սիրիական ավիաբազան և ինչ է սպասվում հիմա Ասադին


Այս շաբաթ եղավ երկրորդ անակնկալը, Թրամփը ռմբակոծեց Աֆղանստանում թաքնվող ահաբեկիչներին՝ կիրառելով 9,5 տոննա կշռող հսկայական ռումբ, որն անվանում են «Ռումբերի Մայրը»: Սա միջուկային ռումբից հետո ամենահզոր զենքն էր:  

Ու գրեթե միաժամանակ ամերիկյան հարվածային խումբը մոտեցել է Հյուսիսային Կորեային: Եթե շաբաթ օրը Կիմ Չեն Ընը փորձարկի ատոմային զենքը, ապա միջուկային բախումը կդառնա գրեթե անխուսափելի:

Թրամփի ակտիվ քայլերին զուգահեռ Հյուսիսային Կորեան առաջին անգամ երկիրը բացեց միջազգային լրատվամիջոցների առջև: Առիթը՝ Փհենյանի բնակելի նոր թաղամասի բացումն էր: Տասնյակ հազարավոր հյուսիսկորեացիներ ողողել էին մայրաքաղքի փողոցները, գովեստներ էին ձոնում իրենց առաջնորդին ու միաբերան պնդում, որ պատերազմի դեպքում կհաղթեն Ամերիկային:

Իրավիճակը բարդանում է հատկապես այն պատճառով, որ Հյուսիսային Կորեան կարող է հեշտությամբ ռմբակոծել Ճապոնիան ու իր սահմաններին մոտեցած ամերիկյան ռազմանավերը, ընդ որում՝ միջուկային զենքով: Բացի այդ, այս տարվա մարտին Կիմ Չեն Ընի բանակին հաջողվել է ստեղծել հեռահար հրթիռ, որը կարող է միջուկային ռումբը հասցնել նույնիսկ ամերիկյան ափ: Այնպես որ, գերլարված հակամարտությունը կարող է պայթել արդեն այս շաբաթ՝ վերածվելով միջուկային աղետի առնվազն հյուսիս-արևելյան ամբողջ Ասիայի համար:

Գրել կարծիք