«Թուրքական մարշ». Ստամբուլում կայացել է ամենամարդաշատ հանրահավաքը. 2 միլիոն մարդ

«Թուրքական մարշ». Ստամբուլում կայացել է ամենամարդաշատ հանրահավաքը. 2 միլիոն մարդ

Թուրքիայի պատմության մեջ ընդդիմության ամենամեծ հավաքին մասնակցել է 2 միլիոն մարդ

Հունիսի 15-ին Թուրքիայի ընդդիմադիր գլխավոր ուժի՝ ժողովրդահանրապետական կուսակցության նախաձեռնությամբ Անկարայից սկսվեց քայլերթ դեպի Ստամբուլ: 450 կիլոմետրը ակցիայի մասնակիցները հատեցին 25 օրում: Ընթացքում քայլերթին էին միանում հարակից գյուղերի ու քաղաքների բնակիչներ և, ի վերջո, Ստամբուլում կայացած հանրահավաքին մասնակցեց մոտ 2 միլիոն մարդ:

Սա Թուրքիայի պատմության մեջ ընդդիմության ամենամեծ հանրահավաքն էր: Քեմալականները 10 պահանջ են ներկայացրել: Ամբողջ իմաստը՝ սահմանափակել Էրդողանի ավտորիտար իշխանությունը:

Երթի և ցույցի առիթը պատգամավոր Էնիս Բերբերօղլուի ձերբակալությունն ու 25 տարվա ազատազրկում էր: Սա այն մարդն էր, որ բացահայտել էր Էրդողանի կապը Սիրիայում կռվող ահաբեկիչների հետ: Հենց նա էր կանգնած այն տեսանյութի թիկունքում, որից պարզ է դառնում՝ Էրդողանը հետախուզության միջոցով զինում է ահաբեկիչներին: Որպես պետական գաղտնիք գաղտնազերծած պատգամավոր՝ նրան դատապարտեցին քառորդ դար ազատազրկման:


Կարդացեք նաև.


Իրականում ցույցի մասնակիցների թիվը կուտակված դժգոհության արդյունք էր: Թուրքիան հետևողականորեն մերժում է քեմալիզմը, ամրապնդում է նախագահի իշխանությունը, որն արդեն թելադրում է դատավճիռներ: Էրդողանի հրամանով պարբերաբար ձերբակալում են  հազարավոր մանկավարժների, գիտնականների, ոստիկանների, զինվորականների և ուսանողների՝ բոլորին, ում կասկածում է նախագահը:

Էրդողանն արդեն պատասխանել է ընդդիմության 10 պահանջներին: Ծաղրել, հեգնել, սպառնացել է: Երկրում գործող արտակարգ դրությունը չի չեղարկելու: Ամենայն հավանականությամբ, ընդդիմության անհավանական մեծ հանրահավաքի հետևանքը կլինեն նոր՝ հազարների հասնող ձերբակալությունները: Բայց դժգոհության ծավալը շարունակելու է աճել: «Արդարություն» քայլերթը դրա ապացույցն էր:

 

Գրել կարծիք