Ներկուսակցական աննախադեպ գզվռտոց Թուրքիայի գորշ գայլերի թիմում

Ներկուսակցական աննախադեպ գզվռտոց Թուրքիայի գորշ գայլերի թիմում

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն ընթանում է ներկուսակցական քաշքշուկներով. պատմում ենք` ովքեր են «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները և ինչ են ուզում:

Թուրքիայում սպասվող հանրաքվեն դիվանագիտական սկանդալներին զուգահեռ ամեն ինչ խառնել է նաև երկրի ներսում: Սպառնալիքներ, վիրավորանքներ, հարձակումներ. ներկուսակցական գզվռտոցը գորշ գայլերի թիմում է: Ազգայնական շարժում կուսակցությունը խորհրդարանում ունեցած իր մանդատներով օգնեց էրդողանին՝ Սահմանադրության «նրա» փոփոխությունները հավանություն ստացած մեջլիսում ու հասան հանրաքվեի փուլին: Հիմա էլ Թուրքիայի նախագահի «այո»-ի քարոզարշավին են աջակցում: Բայց սա միայն կուսակցության առաջնորդն ու նրա աջակիցները:

Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու համար Էրդողանին պետք էր խորհրդարանի համաձայնությունը՝ 330 պատգամավորների ձայներով: Նրա կուսակցությունը 317 մանդատ ունի: Ազգայնական շարժում կուսակցության  մանդատներն ու աջակցությունը որոշիչ եղան: Խնդիրն այն է, որ ազգայնականները ընդդիմադիր և Էրդողանի ընդդիմախոս էին ներկայանում:

Ազգայնականների մի խումբ ավելի ակտիվ ու ինտենսիվ Թուրքիայի քաղաքացիներն, ու հատկապես երիտասարդ ուսանողներին, համոզում են «ոչ» ասել երկրի նոր մայր օրենքին: Սա, իհարկե, ազգայնականների վերնախավը չէր կարող անարձագանք ու անհետևանք թողնել: Մեկ շաբաթում միանգամից երկու հարձակում է իրականացվել Էրդողանի ու ԱՇԿ-ի առաջնորդի դեմ քարոզող ու նրանց պայմանավորվածությանը հակառակ գործող պատգամավորների դեմ: Վերջինը Բահչեշեհիրի համալսարանում նրանց հավաքի ժամանակ էր, երբ 30 մարդ ագրեսիվ վարքով ու գոռգոռալով ներխուժեցին սրահ: Վանկարկում էին, թե կուսակցության միակ առաջնորդը Բահչելին է: Ոստիկանությունը միջամտեց: Պատգամավորները խուսափեցին մարմնական վնասվածքներից:

Ազգայնական շարժում կուսակցությունը (Milliyetçi hareket partisi կամ MHP) գործում է 1965-ից: Թուրքիայի քաղաքական համակարգի աջ-ծայրահեղական մասում: Պանթյուրքիզմի և Թուրանի աջակիցն է: Կուսակցության անդամներն իրենց կոչում են նաև գորշ գայլեր: Գորշ գայլը թուրքական ազգայնականության խորհրդանիշն է: Գաղափարախոսության  «9 լույսեր» ունեն՝ ազգայնականություն, բարոյականություն, գյուղացիականություն, հասարակություն, իդեալիզմ, գիտություն, արդյունաբերություն և տեխնիկա, զարգացում և ժողովրդականություն: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված  4 քաղաքական ուժերից մեկն է՝ իշխող Արդարություն և զարգացում AKP, Ազգային հանրապետականCHP, Ժողովուրդների հանրապետականHDP կուսակցություններից հետո: Տեղեկություն կա, որ գործունեության առաջին օրից սպանել են մոտ 5000 քաղաքական հակառակորդների:

Կատարվածից հետո մեղադրանքներ հնչեցին ազգայնականների առաջնորդի հասցեին, ինչին նա պատասխանեց, թե պետք չէ իր համբերության սահմանը հատել, դա լավ չի վերջանա: «Այդ հարձակումը մեր կուսակցությանը վարկաբեկելու նպատակով կեղտոտ խաղ է, որ հենց տուժող կոչվածներն են կազմակերպել», – հավելեց Բահչելին:  Դրանից հետո կուսակցությունից հեռացվեցին 4 անդամներ, որոնցից երեքը պատգամավորներ են (Իսմաիլ Օք՝ ընտրված Բալըքեսիրից, Յուսուֆ Հալաչօղլու՝ընտրված Կայսերիից, Նուրի Օքութան՝ ընտրված Իսփարթայից, և Սինան Օաան):

Նրանք մեղադրվում են ԱՇԿ-ի կանոնակարգի մի քանի կետերով՝ կուսակցության միասնությանն ու գործունեությանը լրջորեն վնասող, կուսակցության առաջնորդի և հերարխիայի դեմ գործողությունների և մյուսներին նման քայլերի դրդելու մեջ:  Կուսակցությունից հեռացված պատգամավորները հայտարարեցին, որ այդ որոշումն է հենց կանոնակարգի խախտում և կանոնակարգն իր շահերի համար ապօրինի օգտագործում է հենց Բահչելին: Հետևաբար նրա հետ նույն կուսակցությունը չներկայացնելն արդեն պատիվ է:


Էրդողանը` կատաղած ու անկառավարելի. Թուրք-գերմանական նոր սկանդալը կարող է դառնալ համաեվրոպական ֆլեշմոբ ընդդեմ Անկարայի


Կուսակցությունից հեռացված պատգամավորները շարունակում են ակտիվ աշխատել խորհրդարանում ու նախընտրական քարոզարշավի ամբիոններում: Թուրքական մամուլում արդեն հրապարակումներ կան, որ գորշ գայլերի այս բախումը դեռ նոր զարգացումներ կունենա:

Իրականում Ազգայնական կուսակցության ներսում լարվածությունն սկսվել է 2015-ի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո: Ձայների ընդամենը 11 տոկոսով մեջլիսում 40 մանդատ ստացան (2011-ին ստացել էին 53 մանդատ, 2007-ին՝ 71), ինչը կուսակցության ներսում մի խումբ ընկալեց որպես ձախողում: Արդեն մոտ երկու տասնամյակ կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի ձախողումը: Բահչելիի ընդդիմադիրները նույնիսկ արտակարգ նիստ գումարեցին ու փորձեցին նրան զրկել առաջնորդի պաշտոնից, սակայն նրանց փորձը տապալվեց: Նաև դատարանի միջամտությամբ:

Այս ձախողումը ազգայնականները ցավոտ ընդունեցին, որովհետև նրանց հետ մեջլիսում հայտնվեց նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Այն էլ ավելի շատ ձայներով ու մանդատներով:

Գրել կարծիք