Ամաչում եմ իմ պետության համար. թուրքերի խոստովանությունները Ծիծեռնակաբերդում

Ամաչում եմ իմ պետության համար. թուրքերի խոստովանությունները Ծիծեռնակաբերդում

Ծպտյալ այլազգիներ, լիբերալ թուրքեր, ինքնությունը վերագտած հայեր՝ ապրիլքսանչորսյան հիշատակի օրը Ծիծեռնակաբերդում էին նաև Թուրքիայից ժամանած պատվիրակություններ: newmag-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:

Ալևիներ, քրդեր, զազաներ, հայեր, թուրքեր. այսպես բոլորի ազգությունը Թուրքիայում չեն ասում: Թուրքիայում բոլորը թուրք են՝ անձնագրով. սա պետական քաղաքականություն է: Երևանում և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նրանք ոչ միայն իրենց, այլև ազգություն էին ներկայացնում: 

«Ես, որպես Թուրքիայի քաղաքացի, որպես թուրք, ամաչում եմ իմ պետության համար, որը շարունակում է ժխտել բացահայտ իրականությունը: Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի մի օր մեր փոխարեն այստեղ Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը լինի», – ասում է Սելայ Էրթանը: Նա Ֆրանկֆուրտում է ապրում. այնտեղ և Եվրոպայի այլ քաղաքներում է հասարակական գործունեություն ծավալում Ցեղասպանությունը ժխտողների դեմ:

Երեք ինքնությամբ՝ ալևի, քուրդ, ղզլբաշ Մահմութ Ուզունը Թուրքիայում քաղբանտարկյալ էր: Լոնդոնում տաքսի է վարում: Երևանում, ասում է, պարտավոր էր լինել . – «Զգացմունքները կոկորդս խեղդում են: Արդեն երրորդ տարին անընդմեջ այս օրն այստեղ եմ: Եվ ամեն տարի եմ այստեղ լինելու՝ հայ եղբայրների հետ այս ճանապարհն անցնելու ու նրանց ցավը կիսելու: Սա իմ բարոյական պարտքն է»:

Իլգուն Քայան Բայազետից՝ Արարատի ճիշտ հակառակ կողմից, և առաջին անգամ էր Հայաստան եկել: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասնելու ճանապարհն արդեն տպավորել էր: Առաջին տեսարանից՝ շունչը պահեց: Բոլոր հարցերը միայն մի պատասխան էին ստանում. «Շատ եմ ամաչում, ներողություն եմ խնդրում»: Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո այստեղ այլևս ոչ մի զսպված զգացմունք: Արցունքները հոսում են: Նույնիսկ չհասցրեց դուրս գալ հուշահամալիրից: Ասում է՝ ինքն էլ խոնարհվեց ճիշտ 12 սալերի պես. «Ներողություն եմ խնդրում, որ ավելի շուտ չեմ եկել այստեղ: Ներողություն եմ խնդրում ամեն ինչի համար, որ իմ նախնիներն են արել: Այս ինչ զգացմունքներ են, անհնար է դիմանալ: Այսքան հայ կա այստեղ. նշանակում է՝ այդ դուք հաղթեցիք»: 

«Բարև ձեզ, ինչպես եք, շնորհակալություն». Գաֆուր Թուրքայը կամ Օհանես Օհանյանը հայերեն միայն այս մի քանի բառը գիտի: Նրանց մասին ասում են՝ դուրս են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից: Նրանք պատմական հայրենիքի այսօրվա բնակչներն են: 102 տարի առաջ բռնի իսլամացած ու փրկված, այսօր՝ նորից քրիստոնյա հայերը: Դիարբեքիրից Երևան մեքենայով է հասել՝ 13 ժամում՝ առանց մեկ րոպե դադարի: որ հենց ապրիլի 24-ին այստեղ լինի: «Դիարբեքիրում ամենաքիչը 150 հայի եմ ճանաչում, որ ինձ պես իմ տարիքում են բացահայտել իրենց հայ լինելն ու հիմա վերադարձել են քրիստոնեության, պաշտոնապես՝ անձնագրում նշել են դա՝ վերադարձնել իրենց ինքնույունը», – պատմում է Օհանես Օհանյանը:

Դիարբեքիրն Էրդողանի սահմանադրության փոփոխություններին դեմ քվեարկած ամենախոշոր նահանգներից է: Այնտեղից եկած հայն ասում է՝ քրդերի մի մասն իրականում կողմ քվեարկեց նոր սահմանադրությանը. այս հարցում որոշիչը Թուրքիայի նախագահի քարոզած իսլամն էր, որ սահնուն կերպով քաղաքականություն բերվեց: Եթե նրանք հանրաքվեի ժամանակ «ոչ» քվեարկեին, հիմա բոլորովին այլ Թուրքիա կլիներ:

Զազա գրող Էրդալ Շահինն ասում է՝ Թուրքիայում հիմա նոր ժամանակներ են, բայց սա փոփոխությունների միայն սկիզբն է. «Դեպի ապագա նայող մարդը Էրդողնին չի նայի: Մարդիկ իրենց հույսը չեն կորցնում: Փոփոխությունները անհրաժեշտ են և կլինեն»:

Նրանք համոզված են՝ հիմա Թուրքիայում ապրող ոչ թուրքերին դժվար ժամանակներ են սպասվում: Էրդողանն ընդամենը լեգիտիմացրեց արդեն երկու տասնամյակ շարունակվող իր բռնապետությունը, սակայն հիմա քչերն են համարձակվելու ընդդիմանալ: Նորից քողարկվելու ժամանակն է:

Գրել կարծիք