Ապագայի նախարարը, որ դարձավ հիշողությունների տիրակալ. Վատիկանի գլխավոր գրադարանավարի ու արխիվավարի մոնոլոգը

Ապագայի նախարարը, որ դարձավ հիշողությունների տիրակալ. Վատիկանի գլխավոր գրադարանավարի ու արխիվավարի մոնոլոգը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի հրավերով Ժան-Լուի Բրյուգեն Հայաստանում էր: Նա հիշողության ու գրքերի մասին հատուկ դասախոսություն է ներկայացրել  Գևորգյան ճեմարանի սաներին:

Մի ժամանակ, երբ իմ պատասխանատվության տակ էին Վատիկանի կրթական հաստատությունները, այնտեղ հաճախող երեխաների ծնողներին ներկայանում էի՝ որպես ապագայի նախարար: Հետո, երբ Բենեդիկտոս 16-րդն ինձ նշանակեց արխիվների և գրադարանի պատասխանատու, ես դարձա հիշողության նախարար:

Կա՞ արդյոք անմիջական կապ ապագայի և անցյալի հիշողության միջև:

Քրիստոնեությունն այն կրոնն է, որը խարսխված է իրական պատկերի վրա: Եվ մենք մեզ միշտ հարց ենք տալիս՝ ինչպե՞ս հասնել մեր եկեղեցու հիմնադրին: Դրա համար եկեղեցին գործադրում է հիշողության չորս միջոցները:

Առաջինը ես կոչում եմ «տեղի՝ վայրի հիշողություն»: Մենք գնում ենք այն վայրերը, որտեղ եղել է Քրիստոսը:

Մենք ուզում ենք տեսնել այն լույսը, որը տեսել է Քրիստոսը, շնչել նույն օդը, զգալ նույն համը:

Երկրորդը՝ «մոտ լինելու, զգալու» տարբերակն է: Մենք կարիք ունենք ձեռք տալու, շոշափելու,  որպեսզի զգանք: Օրինակ՝ գնում ենք ուխտագնացության, որտեղ կարող ենք զգալ սրբերին, որոնք դիպել են Քրիստոսին:  

Երրորդը՝ «Սուրբ խորհրդի հիշողության» գործառույթ: Հենց այդ խորհուրդների միջոցով  եկեղեցին մեր մեջ ապրեցնում է Քրիստոսին:

Հիշողության չորրորդ ձևը գիրն է, որի մասին ավելի երկար կխոսեմ: Այն, որ միշտ զարմացրել է պատմաբաններին, քրիստոնյաների՝ ամեն ինչ գրի առնելու ցանկությունն է: Նրանք նկարագրել են առաջին քրիստոնյա համայնքների կյանքը, գրել են առաջին եկեղեցիների մասին:

Պապերը իրենց առանձնասենյակների թաքստոցներում պահում էին բոլոր գրվածքները:

Դրա շնորհիվ այսօր մենք ունենք առաջին պատարագների տեքստերը, նահատակների պատմությունը: Այդպես մենք պահպանել ենք նաև Հռոմի պապի և թագավորների, իշխանավորների միջև դիվանագիտական ամբողջ գրագրությունը: Բայց պետք էր սպասել մինչև 1611 թվական, մինչև Հռոմի պապերից մեկը տարբեր գրադարաններից ու գրապահոցներից կհավաքեր բոլոր արխիվները ու կբերեր Վատիկան:

Պարզից էլ պարզ է՝ մարդկության ոչնչացման համար, առաջին հերթին,  մարմինն են սպանում:  Բայց երբ ուզում են ոչնչացնել նրա հոգին, արխիվներն ու գրադարաններն են վառում:

Եթե հարցնեք, թե քանի գիրք ու փաստաթուղթ կա այսօր իմ տնօրինության տակ, ես կասեմ՝ չգիտեմ: Բայց հստակ կարող եմ ասել՝ Վատիկանի գրադարակները ձգվում են 87 կմ, որից 54-ը գրադարանինն են: Եվ մի բան էլ: Ուզում եմ զայրույթս արտահայտել Դեն Բրաունի հանդեպ: Նա, որ այդքան շատ գրում է մեր արխիվների մասին, կյանքում ոտք չի դրել այնտեղ:

Հայաստան գալիս խնդրել էի ինձ համար հանեին Հայաստանին վերաբերող փաստաթղթերը: Մենք այդպիսի 15 շատ կարևոր փաստաթուղթ ունենք: Ամենահինը թվագրվում է 1080 թվականով՝ 11-րդ դարով: Ունենք նամակներ, որոնք փոխանակել են Հռոմի պապերը և որտեղ խոսվում է Հայաստանի մասին և քննարկվում է Հայկական հարցը: Մենք ունենք նաև 1351 թվականի կոնդակը՝ ուղերձ հայ կաթողիկոսին: Մեր արխիվներում են Ցեղասպանության ժամանակ Հռոմի պապի նամակները՝ ուղղված Թուրքիայի իշխանությանն ու հայերին:  

Իմ պատասխանատվության տակ գտնվող երկրորդ կարևոր հաստատությունը գրադարանն է: Երբ Բենեդիկտոս 16-րդ պապն ինձ նշանակեց այդ պաշտոնում, ասաց, որ ինքն էր ուզում լինել արխիվի և գրադարանի տնօրեն, բայց կարդինալներն այլ որոշում կայացրին: Նա ասաց՝ Ձեզ եմ տալիս մեր եկեղեցու գանձերը:

Ուշադիր եղեք, դրանք եկեղեցու մեջ են, բայց պատկանում են ամբողջ մարդկությանը:  

Ամեն տարի Վատիկանի գրադարանում 15 հազար գիտնական ենք ընդունում: Երջանիկ կլինեմ, եթե այդ 15 հազարի մեջ լինեն նաև հայ գիտնականներ: Եկե՛ք մեզ մոտ՝ Վատիկան, աշխատե՛ք հայկական ֆոնդերում: (Խոսքն ուղղում է Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներին ու պատասխանատուներին) Եթե ձեր մեջ գտնվի այդ խիզախը, որը կուզենա գալ և աշխատել մեզ մոտ, ես նրան ցույց կտամ առանձնացված գրական ֆոնդեր՝ «Բորջիանի Արմենի» և «Վատիկանի Արմենի», որտեղ դեռ ամեն ինչ չէ, որ դասակարգված է և ուսումնասիրված:

Սուրբ Աթոռի գրադարանն աշխարհի ամենահարուստ շտեմարաններից է:

Մենք հարյուր հազար ձեռագրեր ունենք: Երբեմն հարցնում են ամենահին փաստաթղթի մասին: Պետք է ասեմ, որ մեր ունեցած ամենահին փաստաթուղթը մեզ է հասել ընդամենը 10 տարի առաջ: Դա պապիրուսի վրա գրված է Ղուկասի ավետարանի վերջին մասն է և Հովհաննեսի ավետարանի սկիզբը: Այն համարվում է աշխարհի ամենահին ավետարանը: Մի ամերիկաշվեյցարական բողոքական ընտանիք է այն մեզ փոխանցել:

Եվ վերջում իմ եզրակացությունը: Այն անձը, որը կորցրել է իր հիշողությունբը, չի կարող նույնականացնել իրեն և քայլել դեպի ապագա: Դա ճիշտ է նաև ժողովուրդների՛ համար, դա ճիշտ է նաև պետությունների՛ համար: Ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն կրկնելուն:

Գրել կարծիք