[Վենետիկ-2017] Կինոփառատոնի գլխավոր թեման` երջանկության որոնումը, Ալեքսանդր Փեյնի և Գիլիերմո Դել Տորոյի նոր, հակասական ու հավակնոտ ֆիլմերում

[Վենետիկ-2017] Կինոփառատոնի գլխավոր թեման` երջանկության որոնումը, Ալեքսանդր Փեյնի և Գիլիերմո Դել Տորոյի նոր, հակասական ու հավակնոտ ֆիլմերում

Օգոստոսի 30-ին սկսվեց La Biennale di Venezia-ն կամ Վենետիկի կինոփառատոնը: newmag-ի կինոքննադատը դիտել է փառատոնի երկու ֆավորիտ և ամենակարևոր ֆիլմերը:

Այս տարի մրցութային ծրագրում ներկայացված է 21 ֆիլմ, որոնցից երկուսը՝ Աելեքսանդր Փեյնի «Փոքրացումն»  ու Գիլիերմո Դել Տորոյի «Ջրի կերպարանքը» համարվում են ֆավորիտներից ամենակարևորները: Փառատոնը բացեց երկակի Օսկարակիր, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Փեյնի «Փոքրացում»  ֆիլմը, որն արդեն համարվում է գալիք Օսկարի պոտենցիալ մասնակիցներից մեկը: Սատիրիկ ֆանտաստիկայի, տրագիկոմեդիայի և հակաուտոպիայի ետևում ընկած է փոքր մարդու ճակատագիրն ու «ամերիկյան երազանքի» միֆը, որն, ըստ ռեժիսորի, գոյություն չունի:

Փոլ Սաֆրանեքն (Մեթ Դեյմոն) ու նրա կինը՝ Օդրին (Քրիսթին Ուիգ) երազում են Փոլի հայրական հինավուրց տնից տեղափոխվել ավելի մեծ առանձնատուն, բարերում խմվող սովորական գարեջրի և take away ուտելիքի փոխարեն սնվել շքեղ ռեստորաններում և չմտածել ֆինանսական դժվարությունների մասին: Փառք Աստծո, գոյություն ունեն նորվեգացի գիտնականները, որոնք ստեղծել են մարդկային փոքրացումը, ինչի արդյունքում սովորական մարդիկ դառնում են ընդամենը տասներկու սանտիմետրանոց էակներ, այնպես որ յուրաքանչյուր ցանկացող կարող է դիմել նման վիրահատության ու դառնալ փոքր։ Գործողության հիմնական գաղափարը, ինչպես գովազդում են այն հենց Downsizing-ի ստեղծողները, եղել է բնական ռեսուրսների, գլոբալ տաքացման և այլ էկոլոգիական խնդիրների լուծումը․ փոքր մարդիկ, փոքր կարիքներ, քիչ քանակի աղբ: Սակայն փոքրացված, ուտոպիստական, բարեգութ և կատարյալ թվացող աշխարհը ոչ մի բանով չի տարբերվում իրական, մեծ ու վտանգավոր իրականությունից: Այստեղ նույնպես ապրում են փասխտականներն ու աղքատները, անտուններն ու հիվանդները, որոնք ոչ ոքի չեն հետաքրքրում, իսկ հնարամիտներն ու հեռատեսները, ինչպես Փոլի էքսցենտրիկ ու խարիզմատիկ հարևանը՝ սերբ փլեյբոյ Դյուժանը (ինչպես միշտ աննման Քրիսթոֆ Վալց) ստեղծում են իսկական մեծ սիգարներից փոքրերը՝ նախատեսված փոքր մարդկանց համար և այդ կերպ հարստանում:

Փոլ Սաֆրանեքը, գոգոլյան կամ չեխովյան կասկածամիտ ու վախեցած հերոսի պես վազում է ստանդարտացված երջանկության ետևից, դեպի իդեալական թվացող տնակ և նոր տեսակի երջանկություն, որը սակայն մեծ հաշվով աղոտ է․ Փոլը չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ է իրեն հարկավոր, մինչև կողքինները չեն հրում իրեն ապագայի գիրկը: Արդյունքում նա գտնում է իր իդիլիան այնտեղ, որտեղ ակնկալում էր ամենաքիչը՝ վատ անգլերենով խոսացող, մի ոտնանի վիետնամացի քաղաքական ակտիվիստուհու գրկում:

Փեյնի մարդկային փոքրացումը խոսում է արդի ամենամեծ թեմաների մասին, թեև թաքնվում է կենցաղային արտիբուտիկայի ետևում, շատերը կտեսնեն այստեղ ռասիստական, հոմոֆոբ կամ սեքսիստական ենթատեքստեր: Նրա գլխավոր հերոսը փորձում է գտնել իր տեղը սկզբից մեծ, այնուհետև փոքր, արհեստական աշխարհում, սակայն, դիտումից հետո չի լքում տպավորությունը, որ Փեյնի պատմության գաղափարն ավելի մեծ է, քան հենց ֆիլմը և թվում է, թե նույնիսկ քո կոշիկները քեզ փոքր են, հագուստը` նեղ և դրանք անհրաժեշտ է հանել և Սաֆրանեքի պես ազատվել բարդույթներից, սակայն ուշադիր զննելով շուրջբոլորդ տեսնում ես, որ կողքդ բացակայում են և սերբ փլեյբոյները, և վիենտամացի անկոտրուն կանայք:

Այս տարվա մրցութային ծրագրի մյուս ֆավորիտը՝ մեքսիկացի հեքիաթասած Գիլիերմո Դել Տորոն ևս խոսում է երջանկություն փնտրող հերոսի անունից: Սակայն եթե Փեյնի Փոլ Սաֆրանեքը պարզապես չգիտի, թե ինչ է ցանկանում, ապա Դել Տորոյի Էլայզան (Սալի Հոքինս) ավելի վճռական է և նպատակասլաց, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Նա ապրում է կինոթատրոնի վերնահարկում, սիրում է սև ու սպիտակ մյուզիքլները, ավտոբուսում ննջելն ու իր հարևան՝ համասեռամոլ նկարիչ Գիլսին (Րիչարդ Ջենքինս): Եվ եթե Գիլսի գողտրիկ բնակարանում, որտեղ Էլայզան անցկացնում է իր օրերը, շրջում են կատուները, մոլբերտների վրա տեղադրված են վինտաժային նկարազարդումները, իսկ գետնին շարված են տասնյակ գրքերը, ապա այնտեղ՝ դրսում, իսկական աշխարհում, Սառի պատերազմն է, ռուս լրտեսները և ամերիկյան ռազմավարությունը, որը թաքցնում է գորշ լաբորատորիաներից մեկում ամենաիսկական մարդ-ամֆիբիային: Էլայզան աշխատում է հենց այդ լաբորատորիայում, գիշերային հերթափոխի մաքրուհի է և ամենակարևորը՝ Էլայզան համր է, սակայն լսում է ամեն ինչ և միաժամանակ ոչ ոքի, խոթում է իր քիթն այնտեղ, որտեղ հարկավոր չէ․ հայտնաբերում է ամֆիբիային և սիրահարվում ջրային հրեշին:

Հրաշապատման հիմքում միշտ ընկած է գեղեցկուհի-դև կամ, օրինակ, գորտ դարձած արքայադուստրի և արքայազնի պատմությունը, որտեղ հերոսներից մեկը փրկում է մյուսին իրական սիրո, համբույրի կամ որոշակի մոգական բարդությունների հաղթահարման շնորհիվ: Դել Տորոյի մոտ այդպես չէ․ ինչպես նշեց ռեժիսորն անձամբ, ֆիլմի մամլո ասուլիսի ժամանակ, կան երկու տեսակի սիրային հարաբերություններ՝ երբ սիրահարները զբաղվում են սեքսով և երբ չեն զբաղվում: Իր ֆիլմը երկրորդ տարբերակն է: Այստեղ կան ոչ միայն սեքս ու մաստուրբացիա, համասեռամոլներ ու անկողնային ֆեթիշներ, այլև ամենակենցաղային լանչը, խմորեղենի համտեսը և վինիլային սկավառակների վայելքը․ պարզ մարդկային ուրախությունները: Թեև ֆիլմ խիստ էսթետիկ է, վառ ընդգծված գունային ներկապնակով, Դել Տորոն խոսում է երբեմն վուլգար, կենդանական լեքսիկոնով, ինչը դարձնում է ֆենթեզիաշունչ մթնոլորտը դիսոնանսային: Գլխավոր չարագործը (Մայքլ Շենոն) միզում է առանց առնանդամին դիպչելու, կանանց ներկայությամբ, փիլիսոփայում է զուգարան գնալուց ձեռքեր լվանալու ընթացքից և երազում է, որ սեքսի ժամանակ ոչ մեկ ոչինչ չխոսի: Իսկ Էլայզան պարզապես յուրաքանչյուր նոր օր սկսում է լոգարանային ինքնաբավարարմամբ, մի քանի րոպեն բավական է, մինչև խոհանոցում կեռան լանչի համար նախատեսված ձվերը:

Դել Տորոյը հեքիաթը հիշեցնում է այդպես էլ չմեծացած, կատակասեր դեռահասի էրոտիկ ֆանտազիան: Այն Միխալկով ազգանվամբ ռուս լրտեսների և «Կադիլակ» վարող սադիստ ամերիկացիների, անպաշտպան փոքրամասնությունների և սեփական չորս պատերում պատսպարված թույլերի մասին է, որոնք վաղ թե ուշ կկանգնեն ոտքի: Այստեղ առկա է և այսօր կրկին արդի ռուս-ամերիկայն պատերազմական մրցակցությունը, և իշխանական էգոն, և սեփական ցանկությունների հանդեպ վախը: Իսկ Էլայզան եզակի մարդ է, ով ոչնչից չի վախենում․ չէ որ լոգարանում նա այլևս միայնակ չէ:

Գրել կարծիք