Նա վախենում էր սեքսից և կրում էր զինվորական սաղավարտ. 7 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին`

Նա վախենում էր սեքսից և կրում էր զինվորական սաղավարտ. 7 փաստ Վիրջինիա Վուլֆի մասին`

Մեր օրերի ամենաինքնատիպ պոետը` Հասմիկ Սիմոնյանը կամ ինչպես ընթերցողներին է հայտնի` ուղղակի հս-ն newmag-ի համար կազմել է փաստերի յոթնյակ անգլիական գրականության Մեծ տիկնոջ` Վիրիջինիա Վուլֆի մասին:

ա. Փոքր ժամանակ Վիրջինիա Վուլֆին ասում էին «այծիկ», նա կրում էր տղամարդու զինվորական մեծ սաղավարտ և պաշտում էր թղթին գրել կապ չունի, թե ինչ: Նա փորձարկում էր տարբեր գրիչներ՝ հույսով, որ կգտնի այն լավագույնը, որով գրելը անբացատրելի հաճելի կլինի:

բ. 22 տարեկանում առաջին ինքնասպանության փորձն արեց՝ փորձելով նետվել պատուհանից: Բարեբախտաբար, պատուհանը շատ բարձր չէր, և Վիրջինիային հաջողվեց ողջ-առողջ մնալ:

գ. Մի անգամ ամռանը, երբ խելագարության նոպաները կրկին սաստկացել էին, Վիրջինիան պնդում էր, որ թռչունները ծլվլում են հին հունարեն, իսկ մոտակա թփի տակից Էդուարդ 7-րդ արքան ցածրաձայն անիծում է:

դ. 27-ում խոստովանեց, որ սեքսից վախենում է: Նաև վախենում էր մարդկանց աչքերի մեջ նայելուց, իսկ երբ փորձում էին լուսանկարել, ատում էր համ լուսանկարչին, համ էլ, ենթադրում եմ, լուսանկարը:

ե. Ինքն իրեն համարում էր տգեղության մարմնացում, իսկ ստամոքսն ու բերանը՝ հրեշային, քանի որ ուտելիքի պահանջմունք ունեին:


զ. «Սեփական սենյակը» հայտնի էսսեն մտածեց գրել այն ժամանակ, երբ պառկած էր լոգարանում: Իսկ պառկելուց զատ նա սիրում էր մագլցել լեռներ ու սարեր, իսկ օրեկան քայլում էր 8 մղոն:

է. Գրելուց հետո դեպրեսիաներն անխուսափելի էին: 1941թ. մարտի 28-ին Վիրջինիան վերջացրեց իր գիրքը, նամակ գրեց ամուսնուն, դուրս եկավ քայլելու դեպի գետը: Օրեր առաջ գետի մոտ ռումբ էր պայթել, ու փոքրիկ լիճ էր առաջացել, ինչն էլ գրավել էր ջրային թռչունների ուշադրությունը: Նա գրպանները քարով լցրեց ու քայլեց դեպի հոսող ջուրը: Մարտի 28-ն էր: Վիրջինիայի արմինը գտան ապրիլի 18-ին:

Կազմեց Հասմիկ Սիմոնյանը

հս-ի բլոգին ծանոթացեք այստեղ

 

Գրել կարծիք