Զգուշացում. Вконтакте-ի Синий кит խաղով դեռահասներին ու երեխաներին դրդում են ինքնասպանության

Զգուշացում. Вконтакте-ի Синий кит խաղով դեռահասներին ու երեխաներին դրդում են ինքնասպանության

VK-ի Синий кит խաղի համակարգողը թակարդն է գցում թույլ հոգեբանությամբ երեխաներին ու դեռահասներին` դրդելով սուիցիդի: Հոդված-զգուշացում, քանի այս վիրուսը չի հասել Հայաստան:

2015-ից Ռուսաստանում սկսվեց դեռահասների տարօրինակ ինքնասպանությունների շարք: Իրավապահ մարմինները չէին հասցնում նույնիսկ հասկանալ առաջին դեպքի մանրամասներն ու դրդապատճառները, երբ ստանում էին նոր ահազանգ, հետո էլի մեկը, հետո մյուսը և այդպես շարունակ: Առաջին աղմկահարույց ինքնասպանությունը16-ամյա դպրոցական Ռիմա Պալենկովայինն էր: Մահից մեկ օր առաջ VK-ի իր էջում նա լուսանկար էր հրապարակել՝ բեռնատար գնացքի ֆոնին: Հենց հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 10-ին գնացքի ռելսերի վրա հայտնաբերեցին նրա դին: Աղջիկը գլուխը դրել էր ռելսերին, որպեսզի գնացքն անցի վրայով: Մինչև  իրավապահները փորձում էին բացահայտել այս և մյուս, առաջին հայացքից ոչ մի տրամաբանական բացատրություն ու կապ չունեցող ինքնասպանությունները, հոգեբանները հայտարարեցին, որ 16-ամյա դպրոցականին ինքնասպանության են դրդել պսիխոդելիկ հոլովակները, որոնք նայել էր իր սոցիալակն էջում՝ #f57  հեշթեգով: VK սոցիալական կայքի ուսումնասիրությունից հետո պարզ դարձավ, որ դեռահասների մեծ մասը, ինքնասպանությունից առաջ ներգրավված են եղել տարօրինակ անվանումներով խմբերում ու խաղերում, որոնք էլ հենց դրդել են սուիցիդի:

#f57-ի արգելափակումից հետո կարծես կրքերը հանդարտվեցին: Բայց դա ժամանակավոր էր: Ինքնասպանությունների նոր ալիքը սկսվեց 2016-ի վերջից և շարունակվում է մինչև օրս: Նմանատիպ խաղերից ամենատարածվածը  «Синий кит»-ն է: Կան նաև «тихий дом», «разбуди меня в 4.20» և այդպես շարունակ: Ներգրավվելու համար հարկավոր է միայն սոցկայքի սեփական էջում գրել #синийкит, #явигре #разбудименяв4.20 հեշթեգները և քեզ հետ կկապվի խաղի համակարգողը և կսկսի հանձնարարարություններ տալ: Դրանք մոտ 50-ն են, որոնց վերջնական արդյունքը նույնն է՝ ինքնասպանություն: Ամեն օր համակարգողը երեխային արթնացնում է առավոտյան 4.20-ին և տալիս հերթական հանձնարարությունը, օրինակ՝ ածելիով ձեռքին գրել f57, երակի երկարությամբ (ոչ խորը) ածելիով գրառում կատարել, բարձրանալ վերամբարձ կռունկի վրա, գիշերվա կեսին գնալ որևէ լքված շենքի տարածք: Հաճախ հանձնարարում են մութ սենյակում նայել որևէ սարսարփ ֆիլմ կամ լսել երաժշտություն՝ համակարգողի նախասիրությամբ: Հաճախ դա միստիկ ինստրումենտալ երաժշտություն է, որը տպավորվող դեռահասների մոտ կարող է ձևավորել մելանխոլիկ բնավորություն, հաճախ հանգեցնել ընկճախտի: Բայց լինում են և ավելի վախենալու երգեր՝ ռուսական ռեպ:

Հաջորդ քայլը հանձնարարված հղումներով անցնելն է: Այ էստեղ էլ գտնվում է լավ պատրաստված ծուղակը: Հղումները հատուկ կարգավորված վիրուս են, որով անցնելուց հետո խաղի համակարգողներին հասանելի են դառնում խաղացողի համակարգչի IP հասցեն և մնացած անձնական տվյալները: Եվ երբ դեռահասը փորձում է դուրս գալ խաղից, նրան շանտաժի են ենթարկում՝ հայտնելով, որ գիտեն իր հասցեն, և եթե փորձի դուրս գալ խաղից, կգան և գրողի ծոցը կուղարկեն իր հարազատներին: Անցնելով բոլոր 49 հանձնարարությունները 50-րդը միշտ մեկն է՝ նետվել որևէ բարձրահարկ շենքի տանիքից:

Ինչո՞ւ Синий кит

Կաթնասուններից միակն է, որ ինքնասպանություն է գործում՝ նետվելով ափ: 2016-ին Ռուսաստանում ձերբակալվեց այդ պրոեկտի ստեղծողներից մեկը՝ Ֆիլիպ Բուդեյկինը, Լիս մականունով: Իր տված ցուցմունքի համաձայն, խաղը նա սկսել է, որպեսզի հավաքի հնարավորինս շատ հետևորդներ և «լայքեր»: Սակայն նրա ձերբակալումով հարցը չլուծվեց: Նման ցնցող «հաջողությունից» հետո Ֆիլիպն այժմ ունի միլիոնավոր հետևորդներ: Սա էլ դեռ ամենը չէ: Խաղը սկսել է դուրս գալ Ռուսաստանի և VK-ի սահմաններից: Այժմ նման հեշթեգներ հանդիպում են նաև ինստագրամում: Նման ինքնասպանություններ գրանցվում են նաև Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղզստանում:

Հայաստանում դեռ նման ինքնասպանությունների դեպքեր չեն գրանցվել, բայց, հաշվի առնելով VK  և  instagram սոցկայքրի տարածվածությունը, չի կարելի մեզ դրանից ապահովագրված համարել: Առավել ևս, որ մի հեշթեգի, խմբի կամ խաղի արգելափակումից հետո ծնվում են բազմաթիվ նորերը:

Հարցը ոչ խաղն է և ոչ էլ սոցիալական կայքը: Բոլոր, բացառապես բոլոր երեխաները եղել են անառողջ ընտանիքներից՝ ամուսնալուծված, թմրամոլ, ալկոհոլային կախվածությամբ ծնողների երեխաներ, որոնք պարզապես դուրս են մնացել ուշադրությունից: Թե հոգեբանները, թե իրավապահները և թե մեդիափորձագետները մեկ բան են խորհուրդ տալիս՝ դաստիարակեք ձեր երեխաներին հատկապես այդ տարիքում, ուշադիր եղեք, թե ինչ են անում նրանք սոցկայքերում և որևէ անծանոթ կամ տարօրինակ գրառման հանդիպելիս, զրուցեք նրա հետ, ձեռքից վերցրեք համակարգիչը կամ պլանշետը: Նրանց ինքնասպանության է դրդում ոչ թե խաղը կամ համակարգողը, այլ հենց ծնողը՝ իր անուշադրությամբ:

Գրել կարծիք