Ստեֆան Քոչոյան. ձոն ջազի, կյանքի ու Երևանի

Ստեֆան Քոչոյան. ձոն ջազի, կյանքի ու Երևանի

newmag-ը երևանյան ջազային մի երեկո է անցկացրել ֆրանսահայ երաժշիտ, պրոդյուսեր Ստեֆան Քոչոյանի հետ:

Ջազային ինդուստրիայում այսօր աշխարհում հայտնի և ամենաազդեցիկ մարդիկ Երևանում ջազ են վայելում հենց փողոցում տարածված սրճարան-ներում: Երևանը փոխել է դեմքը. հռչակավոր անհատականությունները հայտնվել են մեր կողքին, գուցե հարևան սեղանի մոտ են: Պետք է պարզապես ճանաչել նրանց ու հաճելի շփման առիթը բաց չթողնել

Կողքիս հայտնի արգենտինացին չէ, բնականաբար, բայց հարևան սեղանին ջազային աշխարհի ազդեցիկ մարդկանցից մեկն է, հուշում են ծանոթներս: Ո՞վ է: Լրագրողական հետաքրքրությունս անմիջապես գործի է անցնում: Ընդգծված շրջանակներով ակնոցի տակից ուշադիր ուսումնասիրում է սմարթֆոնի էկրանը, որը պարբերաբար թրթռում է նոր հաղորդագրության լույսից:

Զբաղված է: Մինչև կազատվի, ես եմ քրքրում ինտերնետը. Ստեֆան Քոչոյան անվան տակ ամենահաս «Google»-ը բերում է տասնյակ հղումներ՝ հիմնականում ֆրանսերեն: Ծնվել է Ֆրանսիայում՝ Նիմում, որտեղ էլ սովորել է դաշնամուր, հետագայում՝ անցել փողային նվագարանների՝ սաքսոֆոն, կլարնետ: Աշխատել է Ժան-Մարկ Պադովանիի հետ: Միասին կազմավորել են «Gibraltar» բենդն ու 80-ականներին ֆրանսիական ջազ տուրերով հասել մինչև անգամ ջազային ակունքներ՝ Աֆրիկա: Հիմա Ստեֆան Քոչոյանը «Académie du Jazz»-ի անդամ է: 90-ականներից մինչև այսօր զբաղվում է պրոդյուսինգով: Եղել է Վիեննայի, Մարսելի ջազ փառատոների տնօրեն: Քոչոյանը ներկայացնում է հայտնի ջազմենների՝ Սքոթ և Թոնի Թիքսերներին, Դանիել Հյումենին, Ստեֆան Գրապելիին, Վուդի Շոունին, Նեթ Ադերլենին, Ալդո Ռոմանոյին, Ժան-Ֆիլիպ Կոլարին, Միշել Բերոֆին:

Մսյո՛ Քոչոյան, հայկական ջազն ուրիշ է, ասում են,- սմարթֆոնից նրա ուշադրությունն արդեն երևանյան բացօթյա բեմի կողմն է:

Ներկայանում եմ. զրույցն ինքն է շարունակում:

– Ի՜նչ ափսոս, որ սրա մասին աշխարհում շատ չգիտեն,- ասում է, մի պահ նորից կլանվում բարձր հնչող երաժշտությամբ, հետո ավելացնում.- ախր միայն Տիգրանը քիչ է: Թեպետ պետք է խոստովանել, որ Համասյանի նման տաղանդներ հարյուր տարին մեկ են ծնվում:

– Ջազն այն է, ինչ պատահում է մեզ հետ ամեն օր: Ջազը կյանքն է հենց՝ փոթորկոտ, մեղմիկ, բարկացած, քնքուշ,– շրջվում է հարևանությամբ նվագող երաժիշտների կողմն ու շարունակում.- ah, merde alors, այսպես է Երևանում, Փարիզում, Օռլեանում. ջազը մեզ «կազմաքանդում է» դանդաղ, կրքով, քաղցր շշնջոցով մեզ քարշ տալիս բուրումնավետ ծաղիկներով փողոցներով, նստեցնում խշխշան սպիտակ սփռոցներով ծածկված սեղանների շուրջ ու վերջում մեզ վրա թողնում գինու անջնջելի հետք:

Ջազի այս նկարագրությունն անսպասելի է ճիշտ այս հանդիպման պես, իսկ այդ ընթացքում օրկեստրը մոտենում է իր մեղեդացանկի ավարտին. երեք, չորս, հինգ. նոտան թռչում է վեր, շրմփոցով ընկնում գետնին:

– Ի՜նչ սիրուն են երևանյան երեկոները: Դրանք այնքա՜ն առատաձեռն են, ամեն ինչ այստեղ հավատ ու հույս է ներշնչում: Ես գալիս եմ Հայաստան՝ ջազ «ներարկվելու», գիտե՞ք»:

Ջազային ինդուստրիայում այսօր ազդեցիկ մարդու այս խոսքերը լսելը երևի հաճոյախոսություն կլիներ նույնիսկ Փարիզի համար: Բայց մսյո Քոչոյանը դա ասում է իր Երևանին: Համերգն ավարտվում է կեսգիշերին մոտ, մեր զրույցն էլ: Իսկ դրսում մաղում է անձրևը, հոսում է ժամանակը:

  • Ah, merde alors (ֆր.) – Գրողը տանի

Գրել կարծիք