[Զինուժ] Առաջին օրը բանակում. Ի՞նչ պետք է սովորել և հասցնել

[Զինուժ] Առաջին օրը բանակում. Ի՞նչ պետք է սովորել և հասցնել

newmag-ը պատմում է նորակոչիկների առօրյայի, դժվարությունների և անսովոր, բայց հետո սովորական դարձող երևույթների մասին

Նորակոչիկները զորամասերում են: Մինչև այնտեղ հասնելը նրանք զինակոչիկ են, մտնում են զորամաս՝ փոխվում է կյանքը, կարգավիճակը, անվանումը: Սովորաբար և հիմնականում նրանք հավաքակայանից զորամաս են հասնում երեկոյան, գիշերը, կեսգիշերն անց: Դիմավորում են հերթապահ սպաները՝ զորամասի հրամանատարը կամ տեղակալներից մեկը, փոքր ստորաբաժանումների սպաները՝ լեյտենանտներ, կապիտաններ: Հրամանատարները նորեկներին ողջունում են ջերմորեն, հետո դանդաղ ու աստիճանաբար տոնը փոխվում է սիրալիր բարևին հաջորդում է զինվորական ելույթը: Ամառային զորակոչի ժամանակ նորակոչիկներին շարում են դրսում, խրատում բաց երկնքի տակ, ձմեռայինի դեպքում՝ ուղեկցում են դահլիճ կամ գումարտակի սենյակներից ամենամեծը: Այստեղ ակտիվ ու պասիվ տղաներ չկան, բոլորը հավասար են, լուռ լսում են, հետո լարվածությունը մի կողմ թողնելով անհանգիստ քնում են: Սա այն ժամանակահատվածն է, երբ զորամասը նորեկներին դրախտավայր է թվում, դպրոցի, բուհի պես:

Առավոտյան բոլորը հասկանում են՝ սա Բանակ է: 06.30-ին արթնանում են, լվացվում, սափրվում, կիսատ հագնվում, դուրս գալիս: Այդ ժամանակ էլ լույս աչքով են տեսնում զորամասը, շենք-շինությունները, հրամանատարների երեսը, լսում նրանց թավ ձայնը: Մարզվում են, վազում: Նույնիսկ նրանք, ովքեր երբեք սպորտով չեն զբաղվել, նույնիսկ նրանք, ովքեր մինչև կեսօր անկողնում են եղել: Այստեղից էլ զգում են բանակի շունչը: Հետո գնում են սնվելու: Տղաներից շատերի համար անսովոր է, իրենք առավոտյան չեն նախաճաշել, բավարարվել են մեկ բաժակ սուրճով, մեկ գլանակ վառելով կամ անկողնում հեռախոսը փորփրելով, սոցցանցերում ակտիվանալով: Այո, բանակում սա օրակարգի մեջ չի մտնում, ուտողն էլ, չուտողն էլ հավասար են, պետք է համակերպվեն՝ նախաճաշի ժամին, սնվեն սիրով ու հավեսով, այլապես մինչև կեսօր քաղցած կանցկացնեն: Հիմա կասեք զորամասերում թեյարաններ կան, արագ սնունդ կա: Գուցե, սակայն դրա համար գումար է անհրաժեշտ: Նորակոչիկները զորամաս մտնելիս գումար ունեն, ծնողները գրպանն են դրել, ուղարկել, գուցե դրանով առաջին օրերին լրացնի պահաջը, մինչդեռ հնարավոր չէ 2 տարի գումար պահանջել ծնողից ու ճաշարան չմտնել: Ընդ որում ճաշարաններն այժմ նախկինի պես չեն, մենյուն պատին փակցված է, զինվորի բաժին հասանելիքով:

Նախաճաշից հետո սկսվում են դասերը: Նորակոչիկին այդ պահին թվում է, թե շուտով մութը կընկնի, մինչդեռ ժամացույցը 09.00 է ցույց տալիս: Շաբաթների ընթացքում կվարժվեն արթնանալ բոլորից վաղ ու քնել բոլորից առաջ: Զորամասերում քնելու ժամը 22.30-ն է: Իհարկե, առաջին օրերին բոլորը չեն քնի, կզրուցեն, կկատակեն մինչև լույս: Օրերի ու ակտիվ մարզումների ընթացքում մեխանիկորեն կփակեն աչքերը, կքնեն խորը, որ կարողանան առավոտյան առույգ լինել:


Կարդացեք նաև.


Նորակոչիկների համար անսովոր է նաև կարուձևը: Համազգեստի շեվրոները կարելը, ենթաօձիքն ամրացնելը, անձնական հիգիենային կանոնադրությամբ հետևելը: Չէ որ քաղաքացիական կյանքում սա պարտադիր չէ, զինծառայության մեջ անհրաժեշտ է խիստ հետևել արտաքինին, մաքրությանը: Շատերը նույնիսկ առաջին անգամ այդ ժամանակ են թելուասեղ վերցնում, կարում, արդուկում, դարակները դասավորում, պարագաները խնամքով ու հաշվարկված օգտագործում: Համազգեստը տրվում է 8 ամսով: Սա նույնպես զինվորական կարգ է: Նորակոչիկներն էլ պիտի զգույշ լինեն՝ այն վնասել, պատռել, կորցնել չի կարելի, այլապես նկատողություն կստանան կամ էլ ծնողներին ծախսի տակ կգցեն, որ խանութներից գնեն, ուղարկեն, պակասը լրացնեն:

Նորակոչիկները պետք է ընկերասեր լինեն, մեկը մյուսի կողքին: Առաջին հերթին միասին ապրում են, սնվում, հանգստանում: Կա ևս մեկ պատճառ՝ մեկը մյուսի մազերը պետք է կտրեն, օգնեն, դժվարությունները հաղթահարեն:

Սրանք նորակոչիկների կյանքի գլխավոր փոփոխություններն են, մյուսների մասին կպատմեմ հաջորդ անգամ: Հատկապես երբ շուտով նրանք երդում կտան: Սա այլ օպերա է, որի մասին կխոսենք մեկ շաբաթից:  

 

Գրել կարծիք