Կրակ և Ցասում. Ի՞նչ է կատարվում Թրամփի Սպիտակ տանը

Կրակ և Ցասում. Ի՞նչ է կատարվում Թրամփի Սպիտակ տանը

Այս վերնագրով լրագրող Մայքլ Վուլֆի գիրքը ամերիկյան գրախանութներում սպառվել է մի քանի ժամվա ընթացքում: Գիրքը այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ կարող է դառնալ 2018 թվականի ներքաղաքական ամենամեծ սկանդալը Միացյալ Նահանգներում:

Գրքի հեղինակը հանրահայտ լրագրող է, որի պնդմամբ Սպիտակ տանը տիրում է քաոտիկ մթնոլորտ, որևէ մեկը նախագահին չի հարգում, բոլորը զբաղված են անձնական դիրքերի ամրապնդմամբ: Լրագրողը 200-ից ավելի հարցազրույցներ է արել, որոնց զգալի մասը Թրամփի վարչակազմի անդամների հետ: Գիրքը սենսացիոն ենթադրությունների շտեմարան է, հեղինակը պնդում է, որ Թրամփի դուստրը՝ Իվանկան, պատրաստվում է փոխարինել հորը և դառնալ ԱՄՆ առաջին կին առաջնորդը:

«Կրակ և Ցասում»-ն այնպիսի պնդումներ է անում, որոնց հավաստիությունը պարզել անհնար է: Օրինակ, հեղինակը ընդգծում է, որ Թրամփի վարչակազմը, նույնիսկ անձամբ Թրամփը երբևէ չի ցանկացել նախագահ դառնալ: Նրանք, իբր, չէին էլ պատկերացնում, որ Հիլարի Քլինթոնը կպարտվի: Իշխանության գալուց հետո էլ գաղափար չունեին, թե ինչ պետք է արվեր երկիրը կառավարելու համար:

Ամեն ինչ սկսվել էր դեռ 2016-ին, երբ Մայքլ Վուլֆը  հարցազրույց էր վերցրել նախագահի թեկնածու Թրամփից: Ապագա նախագահի թիմը գոհ էր լրագրողի աշխատանքից, և Վուլֆը առաջարկել էր գիրք գրել Թրամփի մասին: Նախագահը չի ցանկացել, բայց արգելել չէր կարող: Լրագրողը սկսել է իր հարցազրույցները վարչակազմի անդամների հետ, որոնք հարցազրույցի տեսք, որպես այդպիսին, չեն ունեցել:

Սպիտակ տանը սկանդալային գիրքն անվանել են կեղծիք, պնդում են, որ վարչակազմի անդամներին վերագրվել են խոսքեր, որոնք երբևէ չեն ասվել: Լրագրողի որոշ պնդումներ կասկածելի են, քանի որ տպավորություն է, թե հեղինակը որպես փաստ է ներկայացնում երկու այլ մարդկանց միջև խոսակցությունից ստացված իր տպավորությունները:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Սպիտակ տանը ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Մի կողմից չհաստատված պնդումներն են, մյուս կողմից անհերքելի լարվածությունը: Թրամփը հայտարարում է՝ երբևէ հարցազրույց չի տվել Մայքլ Վուլֆին գրքի համար: Վուլֆն իր հերթին պնդում է, որ Թրամփը զրույցը շփոթել է հարցազրույցի հետ և իրականում իրենք շատ են խոսել տարբեր թեմաների շուրջ, ինքն էլ ամեն ինչ հրապարակել է:


Կարդացեք նաև.


Գրքի ամենասկանդալային դրվագները կապված են Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ ռազմավարական հարցերով նախագահի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնի հետ: Նախկին պաշտոնյան, ըստ լրագրողի, դավաճան է անվանել Իվանկա Թրամփի ամուսնուն ռուս փաստաբանի հետ հանդիպման համար: Հենց այս դրվագն է բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ լրատվամիջոցները Թրամփին կասկածում են ռուսների հետ նախընտրական գործարքների, Հիլարի Քլինթոնին վարկաբեկող փաստերի փոխանակման մեջ:

Չնայած փաստին, որ գրքում ներկայացված գնահատականների մեծ մասն անհնար է ապացուցել, և որոշ դրվագներ նման են չհիմնավորված բամբասանքի, գիրքը մեծ պահանջարկ ունի ու այն այս պահին կարդում է ամբողջ Ամերիկան: Հեղինակը պնդում է՝ ներկայացրել է Սպիտակ տանը տիրող մթնոլորտը: Զրպարտության մեղադրանքով գրողի դեմ են դուրս եկել Թրամփի իրավաբանները՝ պահանջելով դադարեցնել գրքի վաճառքը և ներողություն խնդրել: Սկանդալը շարունակվում է, գրքում մեջբերված պաշտոնյաները հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հետևաբար, առաջիկայում հնարավոր են նոր, սկանդալային բացահայտումներ:

Գրել կարծիք