[Զինուժ] Ով ինչ սիրուն շոր ունի, թող հագնի. զորամասի նախատոնական անցուդարձը

[Զինուժ] Ով ինչ սիրուն շոր ունի, թող հագնի. զորամասի նախատոնական անցուդարձը

Դե ինչ, հունվարի 28-ին մնաց մեկ օր: newmag-ը պատմում է զինծառայողների տոնական առօրյայի հետաքրքիր մանրամասները:

-Ով ինչ սիրուն շոր ունի, թող հագնի, որ սենյակից դուրս գանք, սաղ զարմանան՝ էսօր տոն ա։ 

Հունվարի 28-ի վաղ առավոտյան հնչող ամենատարածված հումորն է, վերկացի ժամին ով առաջինն է աչքերը բացում, բղավում է։ Պարզ է, չէ որ բոլորի համազգեստը նույնն է, սանրվածքը նույնպես։ Դրսում էլ հրավառություն չէ, շարահրապարակն է, գծանշումներով, կենտրոնում ստորաբաժանման հրամանատարը։ Օրակարգը նույնն է, գրաֆիկը խիտ՝ ֆիզպատրաստություն, նախաճաշ, ինքնապատրաստում, հարդարում, լսարանային դասեր, ճաշ, մարզումներ, հանգստի ժամ, դասեր, էլի մարզումներ, ընթրիք, անվանականչ, քուն։  Բանակի այս տարեդարձին հանգստի ժամերն ավելի շատ են, պատճառն ընդամենը մեկը՝ կիրակի է։

Բանակի տոնին ավելի հպարտ շրջում են 6 ամիս և ավելի ծառայած տղաները։ Նորեկներից շատերը դեռ պարփակված են, ավելի զուսպ, նոր են սկսել իրենց զինվոր պատկերացնել, նոր են կարելի համազգեստի դետալները, նոր են ձեռքը գլխին մոտեցնել սովորել՝ պատվի առնել։ Հներն ավելի պատկառելի շարժուձևով մանրազնին հարդարվում են, գնում ծխարանում կանգ առնում։ Իհարկե, բանակի օրը նրանց շնորհավորում են, ովքեր գաղտնի հեռախոս ունեն, լսում են բոլորին, ովքեր չունեն, վստահ են, որ իրենց հիշում են, հուզվում, հպարտանում։

Բանակի կազմավորման օրը զորքին ողջունում է հրամանատարը, անկախ աշխատանքային կամ շաբաթ կիրակի օրերից։ Գնդապետը գալիս է, հումորով, ընկերական ու կեսկատակ կեսլուրջ շնորհավորում է, մի քանի փոստեր անում, շնորհավորում ենթականերին։ Սիրում եմ, երբ սպաները չեն կարդում, հատկապես անձնակազմի հետ շփվելիս, սեղմ կազմի առաջ ելույթ ունենալիս։ Նորակոչիկները կամանդիրին լսում են համակ ուշադրությամբ, շունչը պահած։ Ի դեպ, զորքերում գնդապետը՝ գեներալ է, նախարար, նախագահ, ամենաուժեղ մարդը։ Պատճառները մի քանիսն են։ Առաջին հերթին զինվորները գնդապետի հաճախ չեն հանդիպում, իրենց հետ լեյտենանտներն են, կապիտանները, լավագույն դեպքում փոխգնդապետը։ Զորամասում գնդապետը մեկն է՝ որոշիչը, որից բարձր զորամասում այլևս որևէ մեկը չկա։ Մյուս կողմից գնդապետի հետ զինվորները զգուշությամբ են շփվում, քանի որ հրամանատարները հիմնականում պատերազմով անցած, կյանքի մեծ փորձ ունեցող սպաներ են, ովքեր կարող են նույնիսկ ջերմ տերմինաբանությամբ պատժել զինվորին, իհարկե խոսքը բանավոր նկատողության մասին է։

Տոնն իսկապես բարձր տրամադրությամբ կդիմավորեն ու կանցկացնեն վերադարձին սպասողները։ Շատերի երկու տարին լրանում է հենց այդ օրը, ուրախանում են, համարում տոնը պատմական իրադարձություն։ Արդեն գնացողի բարձունքից խորհուրդներ են տալիս, տեղի անտեղի կատակներ անում, զվարճացնում մի մասին, անտարբերություն հարուցում մի մասին և զայրացնում մնացածին։ Զորացրվողներին ամենադժվարը լսում են նորեկները։ Նրանց համար զորացրումը շատ հեռավոր իրադարձություն է։ Իրականում այդպես չէ, ծառայությունն իսկապես արագ է անցնում, եթե որոշում ես ընտելանալ բարքերին, կարգերին, հետևել օրենքին ու զինվորական պահանջներին։


Կարդացեք նաև.


Շնորհավորեք ձեր զինվորին։ Քոմենթում, հանրագրի տեսքով, հեռախոսով, բջջային հաղորդագրությամբ, մինչդեռ ամենամտապահվողը կլինի ձեռագիր նամակն ուղարկելը։ Նամակագրությունն այսօր պակասում է, նույնիսկ բջջային ամենահարուստ հնարավորությունների դեպքում, մի զլացեք, մի քանի տող նվիրեք ձեր եղբորը, ընկերոջը, սիրելին։ Նա կկարդա, կժպտա, խնամքով կծալի, կդնի սրտին մոտ։ Տունդարձին կբերի, առանց վնասելու ցույց կտա, կկարդա ու էլի կպահի։ Էլեկտրոնային կամ ձայնային շնորհավորանքները մնայուն չեն, ժամանակավոր են ու առանց զգայական տարրերի։ Նամակն ամբողջ կյանքում կհիշեցնի ձեզ, կհիշեցնի բանակային օրերն ու ավելի կամրապնդի կապը, նվիրումը, սերը։

Շնորհավոր տոնդ, բանակ։ Մարտական դիրքի տղերք, զորամասերում իրենց հերթապահությանը սպասող զինվորներ, չափազանց բարդ ճանապարհ բռնած սպաներ՝ Շնորհավոր։ Բանակը 26 տարեկան է, ճիշտ իմ հասակին, նույնիսկ մի քանի շաբաթվա տարբերությամբ իմ ավագն է, խաղաղություն եմ մաղթում, քեզ, մեզ, բոլորին։ Օրը խորհրդանշական է հատկապես զորամասի դրոշի կողքով անցնելիս, երբ արժեվորում ես ծառայությունդ, գիտակցում դրա կարևորությունն ու պատվի առնում՝ ասելով՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, Հայրենիքիս։

Գրել կարծիք