[newmusic] Justin Timberlake-ի անկումը, բարի ու մեղմ գույներով Becki-ն և շաբաթվա ֆավորիտը՝ Rejjie Snow

[newmusic] Justin Timberlake-ի անկումը, բարի ու մեղմ գույներով Becki-ն և շաբաթվա ֆավորիտը՝ Rejjie Snow

Տոների հետ միասին ավարտվեց newmag-ի ոչ երաժշտական դադարը, և վերսկսում եմ ներկայացնել արդեն 2018 թվականի՝ ամեն շաբաթ լույս տեսնող լավագույն երգերն ու տեսահոլովակները՝ բնականաբար իմ խիստ սուբյեկտիվ ընտրությամբ:

 

Իրականում ոչ մի ռացիոնալ պատճառ չկա, որպեսզի Maroon 5-ի «Wait» անունով անհետաքրքիր ու ձանձրալի երգը հայտնվեր այստեղ: Այն այս ցուցակում է, որովհետև տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանված է Snapchat հավելվածի միջոցով: «Գռդո՞ն», թե՞ նորարարություն՝ ես էլ չգիտեմ, դատեք ինքներդ:

Նախորդ տեքստը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է նաև երբեմնի թոփ աստղ Justin Timberlake-ի նոր՝ «Supplies» երգին, որը ցույց է տալիս երգչի երաժշտական անկումը: Եվ այստեղ նրան չի փրկում նույնիսկ Pharrell-ի ներկայությունը: Timberlake-ը կրկին դիմում է շատ լավ ու հետաքրքիր տեսահոլովակի մեթոդին, որն, անկեղծ ասած, այս դեպքում ավելի քան աշխատում է: Իսկապես՝ շատ տպավորիչ և ակտուալ թեմաներ արծարծող տեսանյութ է ստացվել:

Իսկ հիմա անցնենք լավ երգերին: Այդպիսինն է Beck-ի «Fix Me»-ն: Ամերիկացի երգչի նոր ստեղծագործությունը, կարծես լցված լինի խաղաղությամբ և բարությամբ, իսկ մեղմ գույներով հագեցած տեսահոլովակը եռապատկում է այդ զգացողությունը: Ի դեպ՝ հոլովակը առաջին հայացքից հակասական զգացողություններ է առաջացնում, բայց չշտապեք քննադատել. այստեղ պարզապես Instagram-ի աստղեր են նկարահանված՝ առանց ենթատեքստի:

Եթե ինձ պես սիրում եք ժամանակ առ ժամանակ Country Rock միացնել և լսելիս պատկերացնել, որ կաբրիոլետով սլանում եք ԱՄՆ-ի անծայրածիր ու հարթ ճանապարհներով՝ դեպի հաջողություն ու պայծառ ապագա, ուրեմն Blackberry Smoke-ի «Flesh and Bone»-ը հենց ձեզ համար է:

Այժմ անազատության մեջ գտնվող ռեփեր Kodak Black-ի նոր «Roll In Peace»-ը արծարծում է հենց այդ թեմաները: Առաջին հայացքից «շաբլոն» այս գործը գուցե վրիպեր իմ ուշադրությունից, եթե չլիներ ֆլեյտայի հրաշալի մեղեդին, որը, կարծես, ներխուժում է ենթագիտակցության մեջ:

Amen Dunes ինդի ռոք խմբի «Miki Dora» երգը հերթական անգամ ցույց է տալիս առաջադեմ երաժշտության մեջ ալտերնատիվ մոտեցումը գործին՝ անվանումից մինչև տեսահոլովակ: Այն նվիրված է ԱՄՆ 50-60-ականների հայտնի սերֆեր Miki Dora-ին: Մոտեցումն արդեն իսկ բավականին «փախած» է, իսկ երգը՝ իր դինամիկ ընթացքի և ճիշտ պահին տեղի ունեցող կուլմինացիայի շնորհիվ ստիպում է այն լսել մեկ շնչով:

Թեև շաբաթը բավականին աղքատիկ էր երաժշտական առումով, ես կարողացա ինձ համար գտնել ֆավորիտին: Հուսամ՝ դուք էլ կկիսեք այս կարծիքս՝ կապված Rejjie Snow-ի «Egyptian Luvr» երգի հետ: Փափուկ բիթն ու երգում ներգրավված երգչուհիների գեղեցիկ վոկալն այն դարձնում են երեկոյան լավ տրամադրություն ապահովելու հրաշալի միջոց՝ ձեռքը չհեռացնելով repeat կոճակից:

 

Գրել կարծիք