[newmusic] 8 նոր երգ. Portugal. The Man-ի տարօրինակ տեսահոլովակը, գեղեցիկ ծտեր U.S. Girls-ից և շաբաթվա ֆավորիտը՝ СЛАВА КПСС

[newmusic] 8 նոր երգ. Portugal. The Man-ի տարօրինակ տեսահոլովակը, գեղեցիկ ծտեր U.S. Girls-ից և շաբաթվա ֆավորիտը՝ СЛАВА КПСС

Այս շաբաթ հերթական անգամ համոզվեցի, որ Maroon 5-ը աշխարհի ամենաանհեթեթ խմբերից է: Նրանց նոր երգի մասին նույնիսկ բացասական քողի ներքո չեմ ուզում գրել, քանի որ դրա փոխարեն ձեզ համար կբացահայտեմ առնվազն մի քանի որակյալ կատարողների ու ոչ պակաս որակյալ տեսահոլվակներ:

Այս տեսահոլովակի դեպքում բացահայտում էր ոչ այնքան բուն երգը, այլ այն փաստը, որ արևային Ճամայկան ունի բոբսլեյի հավաքական: Տրամաբանական է, որ նման համադրության դեպքում պետք է նաև հավաքականին նվիրված երգ թողարկել՝ այդ փաստն էլ ավելի հայտնի դարձնելու համար:

Kendrick Lamar, Sza: Այս հրաշալի համադրությանը միացնում ենք ֆանտաստիկ գեղեցիկ ու էսթետիկ տեսահոլովակ, և, թվում է, պետք է ստացվեր երաժշտական կատարյալ նորույթ, սակայն 10-ից 8 բալ՝ արդեն հոգնեցրած Autotune-ի ու մի փոքր բանալ երգի համար:

Ամերիկյան Portugal. The Man տարօրինակ անվանումով խմբի ոչ պակաս տարօրինակ «Keep On» տեսահոլովակը դիտելիս մտքիս եկան անգլերեն WTF արտահայտության հայերեն համարժեքները: Չեմ կարող ասել, որ դրանք դրական ենթատեքստ էին կրում, բայց այն, ինչ կդիտեք, առնվազն հետաքրքիր է:

JUNGLEPUSSY անունով ամերիկուհի ռեփերը բավականին երկար դադարից հետո շարունակում է իր ճանապարհը դեպի հիփ հոփ Օլիմպոսի գագաթը և շարունակում է բավականին հաստատուն ու որակյալ քայլերով: «State Of The Union»-ը այքան ճաշակով ու ճիշտ տևողությամբ է, որ մի քանի անգամ լսելու ցանկություն կառաջացնի՝ մինչև հաջորդ երգերին անցնելը:

King Tuff-ին հայտնաբերեցի այս շաբաթ: Գրված էր, որ նա վերադարձել է երկար ու անորոշ դադարից հետո: Ճիշտն ասած՝ դեռ չեմ հասցրել ծանոթանալ նրա (կամ նրանց, սա էլ է առանձին պատմություն) նախորդ գործերին, բայց «Psycho Star»-ի հետ ամեն ինչ կարգին է:

Հերթական անգամ MGMT-ին, որի պոպուլյարությունը սկսում է թափ հավաքել նաև Հայաստանում, որոշել է զարմացնել ոչ միայն լավ երգով, այլև օրիգինալ տեսահոլովակով: Հենց սկզբում խմբի տղաները հայտնաբերում են իրենց երգի ռուսական տարբերակը և որոշում են այն «գողանալ»:

U.S. Girls-ի նոր՝ «Rosebud» տեսահոլովակում նկարահանվել են գեղեցիկ ծտեր, և սա այն դեպքերից է, երբ «գեղեցիկ ծիտը» այլաբանություն չէ: Պարզվում է՝ կարելի է ընդամենը թռչունների շարժը վանդակում Slow Motion-ով ներկայացնել, սակայն արդյունքում ստանալ շատ ոճային տեսահոլովակ:

Շաբաթվա հերոսն է СЛАВА КПСС-ը, նույն ինքը Соня Мармеладова-ն, նույն ինքը Валентин Дядька-ն և, վերջապես, հանրահայտ Гнойный-ն, որը ռեփ մենամարտում հաղթեց արքա Qxxxymiron-ին, տարածեց Антихайп-ը, սակայն հետո գնաց իր կողմից ատելի հեռուստատեսություն և նստեց Ֆիլիպ Կիրկորովի կողքին՝ որպես ժյուրիի անդամ: 

Եվ ահա, այս բուռն կենսագրությունով, բայց երիտասարդ կատարողը թողարկել է առաջին հայացքից շատ «պոպսա», բայց նրան ճանաչողների համար՝ շատ սարկաստիկ և միևնույն ժամանակ հիթային մի երգ:

 

Գրել կարծիք