Սիրուշո․ «Չկա որևէ նախապայման. պիտի լինես այնպիսին, ինչպիսին կաս»

Սիրուշո․ «Չկա որևէ նախապայման. պիտի լինես այնպիսին, ինչպիսին կաս»

Սիրուշոն newmag-ին պատմել է երաժշտությամբ աշխարհը փոխելու և երազանքների մասին

newmag-ն ու աշխարհահռչակ «MATTEL» կորպորացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Մարլի» ընկերությունը սկսում են բացառիկ  մի նախագիծ, որը հայ փոքրիկներին ու նրանց ծնողներին առաջարկում է իրագործել երազանքները Barbie-ի հետ: Հիմնական գաղափարն ուղղված է ոգևորելու և ներշնչելու երիտասարդ աղջիկներին, որպեսզի վերջիններս հետևեն իրենց երազանքներին: Նախագծի համար ընտրվել են  իրենց ընտրած մասնագիտություններում հաջողության հասած կանայք, ովքեր իրենց փորձով օրինակ են ծառայում դեռահաս աղջիկների համար և ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել այն, ինչ երազում է: Նախագծի համար ընտրված են նաև մեծ երազանքներով դեռահաս աղջիկներ: Մեր առաջին հերոսուհին 12-ամյա Սոֆա Հակոբջանյանն է, ով երազում է երգչուհի դառնալ և խորհուրդներ է վերցնում իր մասնագիտության մեջ կայացած երգչուհի Սիրուշոյից։


-Երգչուհի Barbie ունեցե՞լ եք:

-Barbie տանն եմ ունեցել, այն էլ կենդանի Barbie: Մայրս իմ և, կարծում եմ, շատերի համար եղել է Barbie` իր կազմվածքով, իր գեղեցկությամբ, իր ժպիտով…

Հետաքրքիր է՝ երբեք «վարդագույնը», փայլփլունը սիրող աղջիկներից չեմ եղել: Տրամաբանական կլիներ, եթե Barbie-ներն ինձ դուր չգային, բայց այնպես է ստացվել, որ շատ սիրել եմ այդ տիկնիկներին: Barbie-ների մեծ հավաքածու ունեմ՝ ավելի քան 40 տիկնիկ: Այդ տարիներին Հայաստանում դժվար էր Barbie ձեռք բերելը, բայց հաշվի առնելով այն, որ ծնողներս հաճախ հյուրախաղերի էին մեկնում տարբեր երկրներ՝ ինձ համար բերում էին։ Իմ բոլոր տիկնիկներն այսօր փաստորեն վինտաժային են համարվում. դրանք այլևս չեն արտադրվում:

Ի դեպ, առաջին ձայնասկավառակիս շապիկին նկարահանվել եմ մի հագուստով, որի վրա կարել էի Barbie-ներիս կոշիկներն ու կոճակները: Այդ ժամանակ դեռևս 13 տարեկան էի:

-Ի՞նչ եք կարծում. Barbie-ն կարո՞ղ է ազդել երեխաների երազանքների վրա:

-Կարող է որոշակի ազդեցություն ունենալ։ Շատերի համար առաջինը հենց տիկնիկի արտաքին տեսքն է տպավորվում, ու օրինակ՝ նման կազմվածք ունենալը կարող է դառնալ երազանք ու ձգտում։ Պատահում է, երբ, օրինակ, նման կազմվածք չունենալով, մարդիկ տխրում են, բայց պետք է հասկանալ, որ Barbie-ն տիկնիկ է: Ամեն դեպքում իմ կյանքում Barbie-ները դրական դեր են ունեցել:

-Սիրուշո՛, երաժշտությամբ հնարավո՞ր է փոխել աշխարհը:

-Իհարկե, երաժշտությամբ շատ բաներ է հնարավոր իրականացնել և փոխել աշխարհում։ Հիանալի երևույթ է այն, որ ինչ ստեղծվում է մեկ մարդու գլխում, մի փակ սենյակում, կարող է հետո դառնալ միլիոնավոր մարդկանց շատ թանկ մի բան՝ սիրո արտահայտման ձև, պայքարի դրդող կանչ, ինքնահաստատմանն օգնող միջոց, ոգեշնչում` նոր աշխատանքներ ստեղծելու: Աշխարհը նաև այդպես է կերտվում:

 

 

 

 

 

 


-Ինչպե՞ս երեխաներին ավելի մոտ դարձնել արվեստին:

-Պետք է հաճելի դարձնել նրանց համար, ոչ թե պարտադրել: Կարծում եմ, որ պետք չէ ստիպել. ամեն երեխա իրենն ունի, անպայման չէ` բոլորը մշակույթով կամ սպորտով զբաղվեն: Այն ժամանակ ընդունված էր, որ երեխաները պետք է պարտադիր երաժըշտական որևէ գործիքի տիրապետեն կամ սպորտի որևէ ճյուղում վարպետանան։ Կարծում եմ` ամեն մարդ պիտի զգա, թե ինչն է իր և իր երեխայի համար ավելի հոգեհարազատ:

-Ո՞րն է միջազգային շոու բիզնեսում հաջողության հասնելու գլխավոր պայմանը: Ի՞նչ պետք է իմանան սկսնակները:

-Չկա որևէ նախապայման. պիտի լինես այնպիսին, ինչպիսին կաս: Եթե լավն ես, հետաքրքիր ես, քեզ կսիրեն, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Իսկ հետաքրքիրն ու լավը լինելու համար պետք է տեղեկացված լինել, ընթերցանությամբ զբաղվել, սովորել, մարդկանց հետ շփվել։ Այսօր ինֆորմացիան այնքան հասանելի է, որ տանը նստած էլ կարող ես իմանալ, սովորել այն, ինչ ուզում ես։

-Մի փոքր պատմե՛ք «Արմատ»-ի և նոր նախագծերի մասին:

-«Արմատը» մի ձայնասկավառակ է, որը, ոգեշընչված լինելով հայկական ռիթմերից և էլեմենտներից, ստեղծվել է ժամանակակից ոգով, շնչով և մեկնաբանությամբ։ Բացառությամբ «Գինի լից» երգի՝ ձայնասկավառակում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները նոր են գրվել։ Եվ ուրախ եմ, որ այդ ձայնասկավառակով կարող եմ մարդկանց և հատկապես քո տարիքի երեխաներին ծանոթացնել հայկական ռիթմերին։ «Արմատ»–ը, ձայնասկավառակ լինելուց բացի, նաև մի ամբողջ նախագիծ է, որը վերածվելու է համերգաշարի և տեսահոլովակների, ինչի վրա էլ աշխատում ենք այսօր։


Կարդացեք նաև․


-Ո՞րն է Ձեր ամենամեծ վախը։ Կարողանու՞մ եք արդյոք հաղթահարել այն։

-Չհասցնելը։ Ինչպես նաև «կախվածությունը» հարազատներիս առողջությունից։ Այդ վախը հաղթահարել չեմ կարողանում։

-Ո՞րն է Ձեր կյանքի մեղեդին:

Իմ կյանքի մեղեդիներն ամեն օր ծնվում են. ես ամեն օր գրում եմ իմ կյանքի մեղեդին։

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր վախենում են հետևել իրենց երազանքներին:

Փորձել։

-Ո՞վ է Ձեզ ոգևորել Ձեր երազանքներն իրականացնելու ճանապարհին:

Հանդիսատեսը, մարդիկ, ովքեր ամեն օր են ինձ ոգևորում իրենց խոսքերով, նամակներով, նրանց հավատն իմ մեջ, հույսը, որ կապում են ինձ և իմ երաժըշտության հետ. դա շատ պարտավորեցնող է: Ես էլ ուզում եմ այնպես անել, որ իմ աշխատանքով իրենց միշտ հպարտ զգալու առիթ տամ:

Գրել կարծիք