Դիվանագիտական և սպորտային աժիոտաժ Փհենչանում. ՕԽ-ի բացման արարողության գլխավոր ինտրիգները

Դիվանագիտական և սպորտային աժիոտաժ Փհենչանում. ՕԽ-ի բացման արարողության գլխավոր ինտրիգները

Սպորտային առումով` ռեկորդային, քաղաքական առումով` սկանդալային եւ առեղծվածային օլիմպիական խաղերի մեկնարկը տրված է:

Փհենչհան-2018-ին մասնակցում է 92 երկրի 2925 մարզիկ, որոնք կպայքարեն 7 մարզաձեւերում եւ կխաղարկեն մեդալների 102 հավաքածու: Ձմեռային Օլիմպիական խաղերի համար սա ռեկորդային ցուցանիշ է:

Հայաստանը բացման շքերթին դուրս եկավ 42-րդը` ըստ կորեական այբուբենի: Դրոշակակիրն էր դահուկորդ Միքայել Միքայելյանը, նրա հետ` մեր մյուս օլիմպիականներ Աշոտ Կարապետյանն ու Կատյա Գալստյանը:

Ձմեռային օլիմպիական խաղերում ամենամեծ պատվիրակությունն ուներ Միացյալ Նահանգները` կազմված 242 մարզիկից: Ամենաքիչ ներկայացուցիչն ուներ Հարավաֆրիկյան հանրապետությունը` ընադմենը մեկ մարզիկ: Ռուսաստանցի մարզիկները շքերթին մասնակցեցին օլիմպիական դրոշով, դրոշակակիրը կամավորական էր: Ռուս մարզիկները ներկայացվեցին որպես «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»:

Բացման արարողության ընթացքում` օլիմպիական ավանից դուրս, Փհենչանում բողոքի ակցիաներ էին: Հարավկորեացիները զանգվածային ակցիա են անցկացրել` բողոքելով Հյուսիսային Կորեայի պատվիրակության ժամանման դեմ: Ցույցի ժամանակ այրել են Հյուսիսային Կորեայի դրոշը, նախագահ Կիմ Չեն  Ընի նկարները եւ Միացյալ Նահանգներից պահանջել են միջուկային հարվածով խոցել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքը:


Կարդացեք նաև․


Այնուամենայնիվ, փողոցային կրքերը ստադիոն չհասան: Արարողության գլխավոր ինտրիգը Կորեայի երկու հանրապետությունների համատեղ մուտքն էր: Թեեւ Հարավային Կորեան եւ Հյուսիսային Կորեան պատերազմում են` օլիմպիական պատվիրակությունները շքերթին մասնակցեցին մեկ դրոշով: Դրոշը պահում էին մեկական մարզիկ երկու պետություններից:

Փհենչհան-2018-ում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը: Նրանք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին:

Ահա ժամանակացույցը.

  • Կատյա Գալստյան – սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)
  • Միքայել Միքայելյան – սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05
  • Կատյա Գալստյան – 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30
  • Միքայել Միքայելյան – 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00
  • Աշոտ Կարապետյան – հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15
  • Աշոտ Կարապետյան – հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15

Գրել կարծիք